• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2013

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից

Հետխորհրդային տարածքի բնակիչներից շատերի հիշողության մեջ թարմ է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վերաբերյալ խորհրդային դարաշրջանում հայտնի բնորոշումը` «ինտերնացիոնալ քաղաք»: Խորհրդային Բաքվում, իրոք, բնակվում էին տարբեր հավատքների և ազգությունների մեծ համայնքներ, ինչը նկատելի էր նաև նախախորհրդային` ցարական շրջանում: 1913թ. «Մարքսիզմը և ազգային հարցը» հոդվածում Ստալինը Բաքուն բնորոշում էր որպես «ժողովուրդների խճանկար»:

Բայց ինտերնացիոնալ բնորոշումը կարող է ունենալ նաև մեկ այլ, թաքնված ենթատեքստ. ինտերնացիոնալ, ըստ էության, նշանակում էր նաև «ոչ ադրբեջանական»: Բաքվի ինտերնացիոնալ դիմագիծը գալիս էր այն պատմական էվոլյուցիայից, որով անցել էր ապշերոնյան տարածաշրջանը: Այստեղ առանցքային տեղ ունի այն հանգամանքը, որ ադրբեջանցի ժողովրդի ձևավորման գործընթացը, սկսվելով 20-րդ դարում, ընդհուպ մինչև դարավերջ, ըստ որոշ չափորոշիչների, դեռ չէր ավարտվել: Ուստի, խորհրդային Բաքուն չէր կարող լինել ադրբեջանական քաղաք այն պարզ պատճառով, որ ադրբեջանցի հասկացությունը դեռ անավարտ, «խմոր» վիճակում էր:

1918թ. հռչակված մուսավաթական Ադրբեջանի առաջին մայրաքաղաքը Բաքուն չէր, այլ Գյանջան, որը մայրաքաղաք հռչակվեց 1918թ. մայիսի 28-ի անկախության հռչակագրից հետո: Ընդ որում, մուսավաթականների իշխանությունը չէր տարածվում Գյանջայի մերձակա բնակավայրերից շատ հեռու` հաշվի առնելով, որ դեպի հարավ և արևմուտք Հայաստանն ու Արցախն էին, իսկ արևելքում, մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Գյոյչայից մինչև Բաքու, հեղափոխական Ստեփան Շահումյանի իշխանությունն էր: Բաքուն, ուր հայկական և քրիստոնեական ներկայությունն ավելի ընդգծված էր, քան մահմեդականը, ոչ մի տրամաբանությամբ չէր հանդիսանալու մուսավաթական երկրի մայրաքաղաք: Եվ դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ Բաքվի կարգավիճակը Խորհրդային Միության կազմում, եթե 1917թ. նոյեմբեր-1918թ. սեպտեմբեր ժամանակահատվածում Բաքվի կոմունայի ղեկավար Շահումյանը կարողանար հետ մղել երիտթուրք Նուրի փաշայի առաջնորդած իսլամական բանակի հարձակումները ևս մոտ մեկ ամիս: Նուրին գրավեց Բաքուն սեպտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի պայմանագրի 11-րդ կետով օսմանյան բանակը սկսեց նահանջել Կովկասից, Կարսից, Արդահանից: Ընդ որում, որ օսմանցիները հետ են քաշվելու՝ հայտնի էր արդեն սեպտեմբերից. Արամ Մանուկյանի օգնական և Երևանի պարետ Արշո Շահխաթունին գրում է, որ սեպտեմբերին, այցելելով Երևան, այս մասին գաղտնի խոսակցության ժամանակ Արամին հայտնել էր Կարսում թուրքական կայազորի հրամանատար Խալիլ փաշան1: Այսպիսով, օսմանյան բանակը Բաքուն գրավեց Կովկասում գտնվելու վերջին ժամանակաընթացքում:

Պատմությունը «եթե»-ներ չի ընդունում, սակայն պատմությունը որոշակի տրամաբանություն ունի: Միանգամայն հավանական է թվում, որ Նուրի փաշայի Ապշերոն չհասնելու դեպքում թերակղզին ավելի ուշ դառնար ոչ թե Ադրբեջանի, այլ Խորհրդային Ռուսաստանի մասը՝ որպես ֆիզիկական շարունակություն Դաղստանի երկրամասի, և հաշվի առնելով, որ տեղում արդեն գործում էր դեպի Ռուսաստան կողմնորոշված Բաքվի կոմունան, որի 26 կոմիսարներից, ի դեպ, միայն մեկն էր մահմեդական: Թերևս, պակաս կարևոր չէր նաև, որ Ռուսաստանն ինքը նավթի կարիք ուներ և մեկ դարից ավելի արդեն իշխել էր Ապշերոնում:

Այսպիսով, 1918թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին երիտթուրք պարագլուխները գծեցին այն խառնարան-լաբորատորիայի սահմանները, որի տարածքում հաջորդող մոտ մեկ հարյուրամյակում պետք է ձուլվեր ադրբեջանցի մակնիշի ժողովուրդը:

Առաջ անցնենք մինչև 1939թ.: Ստալինյան ԳՈՒԼագը էթնիկ առումով նույնքան խայտաբղետ էր, որքան Խորհրդային Միությունը, և 1934-ից սկսած՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը, (ՆԳԺԿ, հայտնի НКВД-ն) ԽՍՀՄ իշխանությունների համար ամենամյա զեկույցներ էր պատրաստում ազատազրկված քաղաքացիների էթնիկ պատկերի վերաբերյալ: Ընդհուպ մինչև 1939թ. (!) ՆԳԺԿ զեկույցներում բացակայում էր «ադրբեջանցի» էթնոնիմը: Այս ցանկում հնարավոր էր հանդիպել անգամ ճապոնացիների կամ կորեացիների, սակայն ոչ ադրբեջանցիների2:

Ռուս պատմաբան Վիկտոր Զեմսկովը 1991թ. հրատարակած «ԳՈՒԼագ. պատմական և սոցիոլոգիական տեսանկյուն» հոդվածաշարում ներկայացնում է ԳՈՒԼագ-ում և ազատազրկման այլ վայրերում արգելափակված քաղաքացիների էթնիկ կազմը: Կցված աղյուսակը, որ վերցված է հետազոտողի հոդվածից, պարզորոշ ցույց է տալիս, որ «ադրբեջանցի» տերմինն առաջին անգամ տեղ է գտել միայն 1940թ., իսկ նախորդ տարիների մասին Զեմսկովը նշել էր. «ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ չկան»` հավելելով, որ մինչև 1939թ. ադրբեջանցիներին գրանցում էին «այլ ժողովուրդներ» սանդղակի ներքո:

Ռուսական կայսրության Բրոքգաուզի և Եֆրոնի 43 հատորանի հռչակավոր հանրագիտարանում (19-րդ դարավերջ - 20-րդ դարասկիզբ) «ադրբեջանցի» էթնոնիմը չկա: 1913թ. «Մարքսիզմը և ազգային հարցը» հոդվածում Կոբա-Ջուղաշվիլի-Ստալինը 11 անգամ հիշատակում է կովկասյան թաթարներին, բայց ոչ մի տեղ չի գրում «ադրբեջանցի»3: 1917թ. նոյեմբերի 20-ին Արևելքի մահմեդականներին ուղղված կոչում Լենինը նույնպես չի հիշատակում ադրբեջանցիներին, այլ գրում է «Կովկասի թյուրքերի և թաթարների» մասին4: Նույն ժամանակաշրջանում ամերիկյան մամուլում ադրբեջանցիներին անվանում էին «թարթար». «Նյու Յորք Թայմսը» «Բաքվի հայերը ոչնչացվում են» հոդվածում կիրառում է «հարար» տարբերակը5: Սպիտակգվարդիական հրամանատար Անտոն Դենիկինն իր հուշագրություններում մուսավաթական Ադրբեջանն անվանում է արհեստական երկիր` անունից սկսած6:

1926թ. Խորհրդային Միությունում տեղի ունեցավ առաջին մարդահամարը: Հաշվառված ազգությունների թվում կրկին չկան «ադրբեջանցիները»: Մարդահամարի արդյունքները նշում էին այնպիսի ժողովուրդների մասին, ինչպիսիք էին յակուտները, մորդովացիները, բուրյաթները, վայնախները, պերմյակները, բայց ոչ ադրբեջանցիները: Ցանկում տեսանելի է «թյուրքեր» էթնոնիմը, որի անվան տակ մասամբ արձանագրեցին այն, ինչ հետագայում կոչվեց ադրբեջանցի: 1929թ. Թիֆլիսում լույս տեսած «Անդրկովկասը թվերով» վիճակագրական պաշտոնական տեղեկատուում կրկին բացակայում է «ադրբեջանցի» էթնոնիմը: 1936թ. հունվարի 21-ին, Կրեմլում ընդունելով Խորհրդային Ադրբեջանի պատվիրակությանը՝ Վյաչեսլավ Մոլոտովն Ադրբեջանում բնակվող ժողովուրդների մասին նշում է` «ռուսներ, հայեր և թյուրքեր»: Ադրբեջանցիներ բառը ԽՍՀՄ կառավարության ղեկավարն այդ շրջանում դեռ չգիտեր: «Հռչակավոր Բաքվի նավթից օգտվեցին ոչ միայն ռուս, հայ և թյուրք կապիտալիստները, այլև օտարները: Ցարական տիրապետության շրջանում Ադրբեջանը և նրա թյուրք ազգաբնակչությունն ապրում էին ճնշված»,- հայտարարել էր այն ժամանակվա ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահը (վարչապետը)7: Ուշագրավ մեջբերում կուսակցական ղեկավարներ Միրջաֆար Բաղիրովի և Հյուսեին Ռախմանովի հետ հանդիպմանը ԽՍՀՄ ծանր արդյունաբերության նախարար Սերգո Օրջոնիկիձեի նույն օրվա ելույթից. «Այսօր սարսափով եմ հիշում 1920թ. մայիս ամսին մեր Շուշի մտնելու դրվագը: Գեղեցկագույն հայկական քաղաքը քանդվել էր, հիմնովին քարուքանդ եղել: Ջրհորներում կանանց և երեխաների դիակներ տեսանք»։ Օրջոնիկիձեի խոսքը մեջբերում է նույն թվականի փետրվարին Բաքվում հրատարակված «Էդեբիյաթ գեզեթի» թերթը8:

Նկատենք, որ մահմեդական պատվիրակության հետ հանդիպմանն Օրջոնիկիձեն Շուշի բերդաքաղաքը հստակ կոչում է հայկական: Իր խոսքում Օրջոնիկիձեն մի տեղ, այնուամենայնիվ, գործածում է ադրբեջանցի բառը, և նույն նախադասության մեջ նշում է «Ադրբեջանի թյուրքերի» մասին: Ըստ էության, «ադրբեջանցի» այս փուլում նշանակում էր «Ադրբեջանի բնակիչ», սակայն չէր արտահայտում էթնիկ պատկանելություն, ինչպես, օրինակ, կովկասցի կամ ասիացի բառերը չունեն էթնիկ իմաստ:

1939-ից աստիճանաբար սկսվում է այն անցումային ժամանակաշրջանը, երբ ադրբեջանցիների մասին որպես էթնոս խոսում էին ԽՍՀՄ որոշ պետական ատյաններում, մինչդեռ այլ ինստիտուտում ադրբեջանցի հասկացությունը դեռ տեղ չուներ: Ինչպես նշվեց, 1939թ. ՆԳԺԿ զեկույցներում ադրբեջանցի էթնոնիմը բացակայում էր, սակայն նույն տարվա մարդահամարում, ի տարբերություն 1926թ., արդեն կային ադրբեջանցիները: Այս իրարամերժ վիճակը շարունակվում է ևս մոտ տասը տարի:

Մասնավորապես, 1944թ. և 1947թ. վիճակագրության մասին նշելով` Զեմսկովը նկատում է, որ ադրբեջանցիների թիվը ԳՈՒԼագ ճամբարներում մի քանի անգամ զիջում էր հայերին և վրացիներին: «Մեր կարծիքով, պատճառն այն է, որ ժողովուրդների ցանկում նշված էին նաև թյուրքեր: Ադրբեջանցիները և թյուրքերը թյուրքախոս ժողովուրդներ էին, և ԳՈՒԼագ վիճակագիրները, ըստ երևույթին, այս երկու ժողովուրդների կալանավորների զգալի մասին հաշվառել են որպես թյուրքերի»,- գրում է նա9:

Նորահայտ էթնոսի ձևավորման գործին հատկապես ընթացք տվեց Անդրկովկասյան սոցիալիստական հանրապետության քայքայումը 1937թ.: Այսպիսով, Ադրբեջանը դարձավ միութենական հանրապետություն, որը, ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի, չուներ պատմություն, և որի համար շտապ պետք էր առանձին պատմություն հնարել: Օրինակ, նույն շրջանում, 1938-41թթ., հանկարծ պարզվեց, որ ադրբեջանցի է միջնադարյան բանաստեղծ Նիզամին: Վերջինիս կենդանության օրոք և հաջորդած մոտ 800 տարիների ընթացքում որևէ աղբյուր նրա ազգությունն այդպես չէր բնորոշել: Նիզամին իր պոեզիայում երբևէ չէր գրել Ադրբեջանի կամ ադրբեջանցիների մասին, թեև, ինչպես նշում է հետազոտող և լրագրող Արիս Ղազինյանը, առնվազն մեկ քառատողում անդրադարձել է Հայաստան աշխարհին.

Անապատը հատելով՝

Շտապում էի դեպի անապատը այն,

Շտապում էի բարձր դաշտավայրը,

Անունը` Հայաստան10:

Խորհրդային պատմագիտությունը հայտարարեց, որ պարսիկները գողացել էին բանաստեղծին ադրբեջանցիներից, իսկ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Բաքվի մասնաճյուղը վերաշարադրեց միջնադարյան պատմությունը մոտավորապես այնպես, ինչպես ավելի ուշ վերաշարադրեցին Արցախի և ողջ Հայաստանի պատմությունը: 1930-ականների վերջերին ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման պայմաններում ադրբեջանցիների «թյուրք» կոչվելը դառնում էր անցանկալի, և Ստալինը վճռել էր, որ Կովկասի թյուրք-թաթարների համար պետք է մի նոր և տարբերվող անուն մտածել: Այդպես երեսունականների վերջից իր ծնունդի մասին աշխարհին հայտարարեց Երկիր մոլորակի ամենաերիտասարդ ժողովուրդը՝ ադրբեջանցին։

20-րդ դարում ադրբեջանցի էթնոսի արագացված և արհեստական էվոլյուցիայի վերաբերյալ ևս մեկ ուշագրավ փաստ է ադրբեջանական այբուբենը: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարներն օգտագործում էին արաբատառ այբուբենը, որը կիրառվում էր մուսավաթական և խորհրդային Ադրբեջանում մինչև 1929թ.: Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ առաջին զինանշանի վրա կարելի էր տեսնել արաբական տառեր, ինչը «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»-ի ադրբեջանական տարբերակն էր: Մուսավաթականներից է փոխառվել մերօրյա Ադրբեջանի պետական դրոշը, որի վրա, կարմիր շերտի ֆոնին նկարված է ութանկյուն աստղ: Ութ անկյունների խորհուրդն իրականում հենց «Ազերբայջան» բառի արաբական ութ տառերն էին` أذربيجان: president.az նախագահական կայքը մանրամասնում է պետական դրոշի երեք գույների իմաստը, բայց լռում է աստղի թեմայի շուրջ11: Ութանկյուն աստղի մասին լռում է նաև պետական դրոշի մասին ադրբեջանական օրենքը: Մոլորակի ամենաբարձր դրոշներից մեկը Բաքվում կանգնեցնելով հանդերձ` Ադրբեջանը, հավանաբար, չի ցանկանում հիշել իր արաբատառ ոչ վաղ անցյալի մասին:

Լատինատառ ադրբեջաներենի մշակումը սկսվեց մուսավաթականների հանրապետության օրոք և մինչև 20-ականների վերջը մասնակի, իսկ 1929-ից՝ վերջնական շրջանառության մեջ մտավ: 1933 և 1938թթ. լատինատառ այբուբենը փոփոխությունների ենթարկվեց, իսկ 1939թ. հաստատվեց կյուրեղյան տարբերակը, որը հետագայում նույնպես երկու անգամ վերափոխվեց (1947թ. և 1958թ.): 1991թ. Ադրբեջանը նորից անցավ լատինատառի, իսկ 1992թ. լատինատառ այբուբենը նորից մեկ անգամ վերափոխվեց, մասնավորապես՝ ավելացրին Ə տառը, որով գրվում է ապշերոնյան (իշ)խանական դինաստիայի առաջին տառը` Əliyev.

Այսպիսով, նախորդ դարի մոտ 65 տարիների ընթացքում ադրբեջանական այբուբենը փոխվել է 8 անգամ, միջինացված՝ 8 տարին մեկ հաճախությամբ: Հիրավի, Գինեսի ռեկորդների գրքին արժանի ցուցանիշ:

Ուշագրավ է, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում դեռ շարունակում են կիրառել կյուրեղյան տարբերակը, տպագրվում են թերթեր, մասնավորապես Դաղստանում:

Բնութագրական է «Ադրբեջանը անկախությունից ի վեր» գրքի հեղինակ Սվանտե Կոռնելի արտահայտությունը՝ արված 2011թ. հունվարի 13-ին Վաշինգտոնի Ջոն Հոփկինզի համալսարանում: Դիմելով դեսպան Յաշար Ալիևին՝ նա բացականչել էր. «Ովքե՞ր եք դուք: Ադրբեջանցինե՞ր, ազերինե՞ր, թուրքե՞ր…»: Շփոթահար դեսպանը կարճատև լռությունից հետո պատասխանել էր` ադրբեջանցիներ:

Փաստը, որ Ադրբեջանի և ադրբեջանցիների մասին գրքի հեղինակն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի, իհարկե, չափազանց խոսուն է:

1 Խալիլ փաշայի հանդիպումները Արամի հետ, «Արամը», Երևան 1991, էջ 504։

2 Վ.Ն. Զեմսկով, ԳՈՒԼագ. պատմա-սոցիոլոգիական տեսանկյուն, 1991, N 6, էջ 17, աղյուսակ 5 (ռուսերեն, В.Н. Земсков, «ГУЛаг: Историко-Социологической аспект», 1991, N6)։

3 Mарксизм и национальный вопрос, И.В. Сталин, Просвещение, 1913, NN, 3, 4, 5.

4 Ленин и Татарский вопрос, http://www.islamrf.ru/news/culture/legacy/12382/

5 “Says Baku Armenians face extermination”, The New York Times, 03.05.1920.

6 Ռուսական խռովության ուրվագծերը, գլուխ 18, էջ 234, ռուսերեն, (Очерки Русской Смуты, Антон Деникин).

7 Molotov joldasьn nitqi, Эдэбиjjaт гэзэтти, 08.02.1936, N2, (52).

8 Orconikidze joldasьn nitqi, նույն տեղում։

9 Վ.Ն. Զեմսկով, ԳՈՒԼագ. պատմա-սոցիոլոգիական տեսանկյուն, 1991, N 7, էջ 4 (ռուսերեն, В.Н. Земсков, «ГУЛаг: Историко-Социологической аспект»).

10 Арис Казинян, Полигон «Азербайджан», с. 160, Ереван, 2011: Քառատողի թարգմանությունը հայերեն` հեղինակի:

11 http://archive.president.az/browse.php?sec_id=53&lang=ru

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր