• am
  • ru
  • en
Версия для печати
11.04.2017

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ

   

Հայկարամ Նահապետյան
Հ1 հեռուստաընկերության սեփական թղթակից, ԱՄՆ

Ս.թ. հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագծի հաստատմանը հաջորդեց այս թեմայով թուրքական դիվանագիտության ամենատարածված թեզի կրկնությունը. ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայկական կողմին հրավիրեց պատմաբանների հանձնաժողով ձևավորել` քննելու 1915թ. իրադարձությունները։ «Թող բոլորը բացեն արխիվները, որից հետո մենք կընդունենք ցանկացած արդյունք»,- հայտարարեց նա1։

Առնվազն 2001 թվականից, երբ ձևավորվեց Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը (TARC), թուրքական կողմը ժամանակ առ ժամանակ հնչեցնում է պատմությունն ուսումնասիրելու և գնահատական տալու կոչը։ Հայկական կողմի վերաբերմունքն այս խնդրում ի սկզբանե առավելապես բացասական էր։ Ընդունված տեսակետ է, որ ցեղասպանության ենթարկված հանրությունը մերժողականների հետ չի քննում դրա պատմական եղելության հարցը։ Ըստ ականավոր ամերիկացի հրեա ցեղասպանագետ Դեբորա Լիպշդատի՝ «Ցեղասպանության մերժողականությունը, անկախ նրանից՝ խոսքը հայերի հանդեպ թուրքերի, թե հրեաների հանդեպ նացիստների գործադրածի մասին է, պատմության վերագնահատման քայլ չէ։ …Ազատ խոսքը մերժողականներին չի ապահովում «հակադիր կողմ» հանդես գալու օրինական իրավունք, քանի որ «հակադիր կողմ»՝ որպես այդպիսին, գոյություն չունի»2։

Եղել են թուրքական առաջարկի մերժման պաշտոնական արձագանքներ, մասնավորապես 2005թ. այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից, որը հայտարարեց, թե եղելությունը «վերահաստատելու խնդիր չի տեսնում»3։

Իսկ ըստ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության, «կարելի է քննարկել Հայոց ցեղասպանության իրականացման պատճառների կամ եղանակների հարցը, բայց ոչ փաստն ինքնին»4։

Հանձնաժողովի հարցում հայկական կողմի հիմնականում բացասական մոտեցումը թուրքական քարոզչամեքենան փորձում է շահարկել քարոզչական դաշտում։ Նույն Չավուշօղլուն Դանիայի որոշմանը հաջորդած հայտարարության մեջ շեշտել էր. «…մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցել Թուրքիայի դեմ»: 2011թ. ապրիլին նույն կերպ Վաշինգտոնում խոսեց Թուրքիայի այն ժամանակվա փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչը։ Նշված ելույթին դեռ կանդրադառնանք։

Մինչդեռ ոչ բոլոր դեպքերում է, որ հայկական ու նաև ոչ հայկական շրջանակները հրաժարվել են Մեծ եղեռնի թեմայով Թուրքիայի հետ երկկողմ կամ բազմակողմ հանձնաժողովում հնարավոր աշխատանքից։ Այդ դեպքում ինչո՞ւ պատմական քննարկում տեղի չունեցավ։ Փաստերի համադրությունից հետևում է, որ նման հեռանկարի իրական ուրվագծեր ստանալու դեպքում հրաժարվողը եղել է… Թուրքիան։

Այսօրինակ «փախուստների» բազմակի կրկնությունից կարող է հետևել, որ հանձնաժողովի մասին թուրքական ողջ նախաձեռնությունն, ըստ էության, կեղծիք է։ Հետազոտության նպատակն է հիմնավորել, որ հարևան երկիրն ընդհանրապես նպատակ չունի հայերի կամ ոչ հայերի հետ Մեծ եղեռնի հարց ուսումնասիրելու։ Թաբուն եղել և շարունակում է մնալ լավագույն «լուծումը» պաշտոնական Անկարայի համար, իսկ «պատմական երկխոսության» հնարքը շահարկվում է քարոզչական և դիվանագիտական նպատակներով` միջազգային հանրությանը համոզելու, թե իբր թուրքերը պատրաստ են երկխոսության, հայերը` ոչ։

Եթե պաշտոնական Անկարան իրոք ցանկանար հարցի ազատ քննարկում հանձնաժողովի կամ այլ մակարդակներով, ապա մոտեցումը շատ ավելի գործնական պետք է լիներ։ Մեծ եղեռնը ուղղակիորեն վերաբերում է հայերին, բայց համամարդկային խնդիր է` դատապարտված գրեթե 30 երկրների կողմից։ Ակադեմիական կամ հանրային քննարկում կազմակերպելու համար իմաստ չունի դիմել զուտ հայկական կողմին։ Միջազգային գիտական շրջանակներում շատ մեծ թիվ են կազմում նշված խնդրի ոչ հայ մասնագետները, որոնց Անկարան մինչև օրս կարող էր հրավիրել հանձնաժողով և աշխատել նրանց հետ՝ առանց հայկական կողմի արձագանքին իբրև թե սպասելու։ Ավելին, ինչպես ցույց կտանք հաջորդող օրինակներում, Թուրքիան ինքն է միշտ խուսափել միջազգային ատյաններից ստացված նման առաջարկներից։

Թուրքիան կարող էր նման «ճշմարտության» հանձնաժողով ձևավորել էլ ավելի պարզեցված ձևով` իր երկրի ներսում, քանի որ այստեղ էլ արդեն քիչ թիվ չեն կազմում Մեծ եղեռնի փաստը հրապարակայնորեն ընդունող թուրք, քուրդ կամ պոլսահայ պատմաբանները, հասարակական-քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները։ Միջազգային ձևական ելույթների փոխարեն և առանց «հեռու գնալու»` նույն Ստամբուլում կարելի էր ստեղծել մի հանձնաժողով` այնտեղ հրավիրելով, օրինակ, թուրքերի և հայերի հաշտեցման ուղղությամբ աշխատող պոլսահայ լրագրող Հրանտ Դինքին, լրագրողներ Էթիեն Մահչուփյանին, Օրալ Չալըշլարին, Բասքըն Օրանին, իրավապաշտպան Էրեն Քեսքինին, գործիչ Գարո Փայլանին, պատմաբաններ Ահմեթ Ինսելին, Հալիլ Բերքթային, ականավոր գրող Ահմեթ Ալթանին կամ նրա եղբայր Մեհմեթ Ալթանին, որը հրապարակախոս է, և վերջապես, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքին։ Այս անձինք տարիներով բնակվում էին Ստամբուլում, բավական հաջող տիրապետում խնդրին, և վերջիններիս հետ հանձնաժողովի հարցը բառացիորեն օրերի ընթացքում կարելի էր լուծել` մեկուկես տասնամյակ անորոշ հայտարարությունների փոխարեն։

Ներկայացնենք մի քանի օրինակներ, երբ երկխոսության առաջարկը սկսել էր որոշակի գծագրումներ ստանալ, և ուսումնասիրենք Թուրքիայի քայլերը, որոնք հաջորդել են։ Կամ չեն հաջորդել։

2005թ.- Հալիլ Բերքթայի կոչը կառավարության «դատապաշտպան-պատմաբաններին». 1994թ. Թուրքիայի կառավարության կողմից հրատարակվեց «Հայերն օսմանյան փաստաթղթերում» հատորյակը: Այն օսմաներեն վավերագրերի ժողովածու է, որոնք իբրև թե կոչված էին հերքելու Հայոց ցեղասպանության փաստը, այսինքն` հերքելու անհերքելին։

Թուրք վայ-պատմաբանների անուշադրության շնորհիվ հատորյակում տպվեցին մեծ թվով փաստաթղթեր, որոնք ոչ թե չէին հերքում, այլ վերստին հիմնավորում էին ցեղասպանության եղելությունը։ Մասնավորապես, 1915թ. հունիսի 29–ին Թալեաթը Դիարբեքիրի նահանգապետին ուղղած հեռագրում հստակ նշում է, որ գիշերային օպերացիայի ընթացքում Մարդին քաղաքից տարհանվել են հայեր և այլ քրիստոնյաներ ու «ոչխարների պես մորթվել»։ «Հայերի դեմ իրականացվող քաղաքական և կարգապահական միջոցառումները ոչ մի դեպքում չպետք է իրականացվեն այլ քրիստոնյաների դեմ, քանի որ հնարավոր է շատ բացասական ազդեն հանրային կարծիքի վրա»5,- գրել էր Թալեաթը։

Թերևս, վայ-պատմաբաններն ուզեցել էին հանրությանը ցույց տալ, թե Թալեաթը հրահանգել է այլ քրիստոնյաների չվնասել, մինչդեռ հեռագրի կոնտեքստը ակնհայտորեն այլ իմաստ ունի։

Թուրքիայի Սաբանջը համալսարանում է աշխատում պատմագիտության պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ աջակիցն է։ 2005թ. մարտին «Հյուրիեթին» տված հարցազրույցում Բերքթայը նշել է, որ սույն փաստաթուղթը հիմնավորում է Մեծ եղեռնի փաստը։ «Ես տասը, քսան, երեսուն, քառասուն, հիսուն, հարյուր կամ հարյուրհիսուն հոգուց բաղկացած ժյուրիի դեմ փաստաթղթի անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանված ու նոտարով հաստատված թարգմանությամբ «պետության փաստաբան»-պատմաբանների և պաշտոնաթող դիվանագետների դեմ իմ կարծիքը միայնակ պատրաստ եմ պաշտպանել»,- հայտարարել էր նա6։

Բերքթայն իր հետ նույն քաղաքում ու նույն երկրում ապրող «պալատական» պատմաբաններին մարտահրավեր նետեց, հրավիրեց երկխոսության` առաջարկելով սկսել Թուրքիայի կառավարական արխիվից վերցված ու պետության տպած վավերագրի քննարկումից։ Մինչև օրս որևէ թուրք մերժողական դրական չի պատասխանել նրա առաջարկին։

Եթե թուրք զեղծարարները Մեծ եղեռնի հարցում չեն երկխոսում իրենց կողքին բնակվող պատմաբանի հետ, ի՞նչ իմաստ ունի դիմել Հայաստանի Հանրապետությանը կամ Սփյուռքին։

2001թ.- Փախուստ TARC-ից. 2001թ. հուլիսի 9-ին Ժնևում ձևավորվեց Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովը (TARC)։ Կառույցի նպատակն էր աջակցել հայերի և թուրքերի միջև փոխըմբռնմանը և բարյացակամությանը7։

Հիմնադրման պահին կառույցն ուներ 10 անդամ, 6-ը` թուրք, 4-ը` հայ, որոնք ներկայացնում էին քաղաքական, գիտական, լոբբիստական շրջանակները` Գյունդուզ Աքթան (նախկին դեսպան), Իլթեր Թյուրքմեն (ԱԳ նախկին նախարար), Օզդեմ Սանբերք (նախկին դեսպան), Վան Գրիգորյան (ԱՄՆ Հայկական համագումարի նախագահ), Ալեքսանդր Արզումանյան (ԱԳ նախկին նախարար) և այլն։ Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի խոսքով, TARC-ը ձևավորվել էր Պետքարտուղարության ջանքերով և մասնակի ֆինանսավորվում էր ԱՄՆ, Ավստրիայի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարական ծրագրերով8։ Նման կարծիքի էր նաև թուրք պատմաբան Քամեր Քասըմը9։

«Նյու Յորք թայմսում» տպվեց Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի խիստ դրական հրապարակումը TARC-ի մասին։ «Տեղի ունեցածը հրաշք է։ Եթե թուրքերը և հայերը կարող են հանդիպել և երկխոսել, ուրեմն` բոլորը կարող են»,- նշել էր նա10։

TARC-ի ձևավորման առաջին պահից նկատելի էր հակասականությունը. մի կողմից՝ միությունն աշխատանք էր տանելու հաշտության և, դեսպան Աքթանի ձևակերպմամբ, «ապագայի համար նոր հորիզոններ բացելու համար», մյուս կողմից՝ հայտարարվել էր, թե չեն քննելու Հայոց ցեղասպանության հարցը։ Որքանով է առանց Մեծ եղեռնի խնդրի կարգավորման հայ-թուրքական վերջնական հաշտությունը իրական՝ դժվար է ասել։ «Հանձնաժողովը դժվարություններ ունի՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես լավագույնս գործադրի իր մանդատը»,- նկատել էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոն (ICTJ) նյույորքյան կառույցը11։ Միջազգային իրավաքաղաքական խնդիրների և կոնֆլիկտների վերլուծությամբ զբաղվող ICTJ-ն, ի դեպ, նույնպես ստեղծվել էր 2001թ., և TARC-ը կազմավորման օրից ակտիվ գործակցում էր վերջինիս հետ։

2001թ. տարեվերջին խումբն, այնուամենայնիվ, անդրադարձավ Մեծ եղեռնի հարցին։ Նոյեմբերի 19-ին Նյու Յորքում հանդիպումից հետո կառույցի համակարգող Դեյվիդ Ֆիլիպսը հայտարարեց, որ ICTJ-ն ուսումնասիրելու էր, թե որքանով էր 1915թ. տեղի ունեցածը համապատասխանում ՄԱԿ 1948թ. ցեղասպանության հռչակագրին։

Այդ շրջանում, ինչպես զգալի չափով նաև մեր օրերում, Հայկական հարցը Թուրքիայում թաբու էր, առավել ևս՝ TARC-ի թուրք անդամների համար, որոնք, Վան Գրիգորյանի բնութագրմամբ, «անկասկած, կապի մեջ էին իրենց կառավարության հետ»12: Դա ցայտուն երևում է հետևյալ օրինակից. TARC-ը երբևէ նիստ չգումարեց Երևանում, քանի որ այդ դեպքում կանգնելու էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հարցը, ինչին «հաշտություն որոնելու» կոչված թուրք մասնակիցները չէին համաձայնում։ Այսպիսով, ICTJ-ին դիմումը թուրքական կողմի համար ռիսկային էր, քանի որ դրական եզրակացության հեռանկարը չէր համատեղվում թուրքական պետական թաբուի հետ։ Կարճ ժամանակ անց թուրք մասնակիցները միակողմանի հրաժարվեցին ICTJ ներկայացված դիմումից13։ Սակայն ICTJ-ն, այնուամենայնիվ, հրապարակեց որոշումը` 2003թ. փետրվարի 10-ին հայտարարելով, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ «…(1915թ.- Հ.Ն.) դեպքերն իրականացնողների առնվազն մեկ մասը տեղյակ էր, որ իրենց գործողությունների հետևանքը կլիներ Արևելյան Անատոլիայի հայերի ամբողջական կամ մասնակի բնաջնջումը։ Տեղյակ լինելը կամ այս ուղղությամբ միտումնավոր գործելը պարունակում է ցեղասպանական մտադրության հատկացուցիչ»- նշված էր ICTJ-ի իրավաբանական եզրակացության մեջ14։

Այն պահին, երբ նյույորքյան կառույցը հրապարակեց իր որոշումը, Թուրքիայում արդեն իշխանության էր եկել Արդարություն և բարգավաճում կուսակցությունը։

Շարունակ խոսելով հանձնաժողովի ձևավորման անորոշ առաջարկի մասին` Էրդողանի կառավարությունը միտումնավոր մոռացության է տալիս այն, ինչն իրականում չեն կարող չիմանալ.

1. Հանձնաժողով արդեն եղել է;

2. Երբ հանձնաժողովն ուսումնասիրում էր Հայոց ցեղասպանության հարցը, թուրք մասնակիցներն էին, որ հետ վերցրին դիմումը;

3. Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում իրավաբանական գնահատական է տրվել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

2005թ.- Նամակ ՀՀ նախագահին. Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին` 2005թ. ապրիլի 14-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նամակ գրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնեց համատեղ հանձնաժողովի մասին։ Էրդողանը նշել էր, որ «իր տեսակետը կիսում է նաև ընդդիմադիր հիմնական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը»15։

Միանգամայն իրատեսական կարելի է համարել ՀՀ նախագահի՝ մոտ 10 օր անց հետևած պատասխանի այն կետը, որ Երևանի ու Անկարայի միջև առկա են ոչ միայն պատմական, այլև քաղաքական խնդիրներ (օրինակ` փակ սահմանը)։ Ուստի, Երևանն առաջարկեց ձևավորել ոչ թե զուտ պատմաբանների, այլ միջպետական հանձնաժողով։ «…Կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննելու երկու երկրների միջև առկա ցանկացած և բոլոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք և հասնել փոխըմբռնման»,- նշված էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակում16:

Պատասխանն առնվազն չէր բացառում, որ միջպետական հանձնաժողովում, այլ քաղաքական հարցերի թվում, հնարավոր էր անդրադարձ նաև անցյալին։ Թե ինչ համատեքստում` այլ հարց է։ Ապրիլի 30-ին ԱԳՆ խոսնակ Նամըկ Թանը հայտարարեց, որ Հայաստանից ստացված նամակը դրական դիտանկյունով է գնահատվում17։ «Այս հայտարարությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. Անկարան Քոչարյանի նամակը կտրուկ չի մերժի»,- գրեց թուրքական մամուլը18։

Թվում էր, թե կողմերը մոտենում էին իրար և համակողմանի երկխոսությունը հնարավոր էր։ Բայց, չնայած «դրական դիտանկյունով գնահատելու» մասին դիվանագետ Թանի հայտարարությանը` Անկարայի պատասխանը Երևանին մինչև օրս չի ստացվել։ Միջպետական հանձնաժողովում բոլոր հնարավոր հարցերը քննել Անկարան չցանկացավ…

2011թ. ապրիլին Վաշինգտոն էր այցելել Թուրքիայի այն ժամանակվա փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչը, որը ելույթ ունեցավ Մարշալի գերմանական հիմնադրամում19։ Հանդիպմանը Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ լոբբիստ Քեյթ Նահապետյանի հարցին ի պատասխան` Արընչը հիշեց 2005թ. Էրդողանի նամակը, ապա ստեց` ասելով, թե մինչև օրս սպասում են Հայաստանի պատասխանին։ Սա՝ այն դեպքում, երբ Արընչը 2011թ. դեռ շատ մոտ էր Էրդողանի հետ, ընդհանրապես համարվում է ԱԶԿ կուսակցության հիմնադիրներից, և խիստ անհավանական է, որ տեղյակ չլիներ Երևանից ստացված պատասխանի մասին20։ Նույնիսկ եթե տարիքի հետ Արընչի հիշողությունն իրոք նահանջել էր, ապա նրա կողքին նստած էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան… Նամըկ Թանը: ԱԳ նախարարության նախկին խոսնակ, իսկ 2010-2014թթ. ԱՄՆ-ում դեսպան Թանը չմիջամտեց և չուղղեց Արընչի սխալը, թեև 2005թ. նա դրական դիտանկյունով էր գնահատում Երևանից ստացված նամակը։

Հայաստանի պատասխանը հնարավորություն էր տալիս առնվազն շարունակել երկխոսությունը։ Եվ եթե Թուրքիան ստում է 2005թ. նամակագրության թեմայով, արդյո՞ք դա ևս մի հիմնավորում չէ, որ Թուրքիան ստում է 1915թ. մասին ընդհանրապես։

2005թ.- Լորդ Էյվբուրիի կոչը. «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում» գիրքը, որը հայտնի է նաև որպես Կապույտ գիրք, առաջին անգամ տպվել է Մեծ Բրիտանիայի «Վելինգտոն Հաուս» ռազմական քարոզչության մարմնի կողմից 1916թ.։ Հեղինակներն էին իրավաբան, դիվանագետ, վիկոնտ Ջեյմս Բրայսը և պատմաբան Արնոլդ Թոյնբին։ Գրքում ներկայացված են ցեղասպանության մասին մեծ թվով վկայություններ, վերլուծություններ և 150-ի չափ փաստաթղթեր։ 1918թ. նոյեմբերի 13-ին վիկոնտ Բրայսը Լորդերի պալատում, ավելի կոշտ դիրքորոշում պահանջելով պատերազմում պարտված Թուրքիայի հանդեպ, ջարդերի մասին գիտելիքները թարմացնել ցանկացողներին խորհուրդ էր տալիս նորից կարդալ Կապույտ գիրքը, «որի մեջ դուք կգտնեք արձանագրությունն այն սարսափելի կոտորածների, որոնք ամենուրեք ծանուցվում են տվյալ պատմության մեջ»21։

2005թ. ապրիլի 13-ին Թուրքիայի մեջլիսի բոլոր անդամները և վարչապետ Էրդողանը ստորագրեցին Բրիտանիայի խորհրդարան ուղարկվելիք 5 էջանոց նամակի տակ, որով պահանջեցին ընդունել, թե «գիրքն անվստահելի սկզբնաղբյուր է, սխալ է, Արնոլդ Թոյնբին ինքն ավելի ուշ ընդունել է սխալները» և այլն22:

Նամակը հեղինակել էր ընդդիմադիր պատգամավոր, պաշտոնաթող դեսպան Շյուքրյու Էլեքդաղը։

Թուրքիայի խորհրդարանի բոլոր 550 պատգամավորները միահամուռ կեղծիք որակեցին մի գիրք, որն իրենցից նույնիսկ մեկն ամենայն հավանականությամբ երբևէ տեսած չկար, քանի որ այն Թուրքիայում չէր տպվել։ Թուրքերեն տպագրությունը տեղի ունեցավ ավելի ուշ, այն էլ Անգլիայում, Կոմիտաս բրիտանահայ ինստիտուտի կողմից։ «Մինչ Էրդողանն ասում է, թե պատրաստ ենք առերեսվել անցյալի հետ, ԹԱՄԺ-ը Անգլիայի խորհրդարանին կոչ է անում նախաձեռնություն հանդես բերել»,- նամակի առիթով ինքնավստահ կերպով գրեց թուրքական կայքը23։

Անգլիացիները հանդես բերեցին նախաձեռնություն, և 2006թ. հունվարի 27-ին (Հոլոքոստի հիշատակի օրը Եվրոպայում) բրիտանական խորհրդարանի 33 անդամներ, Լորդերի պալատի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Էյվբուրիի, լորդ Բիֆենի և լորդ Արչերի նախաձեռնությամբ պատասխանեցին, որ գրքում սխալներ չկան, Թոյնբին երբևէ սխալ չի ընդունել, դիվանագետների և միսիոներների հարյուրավոր վկայությունները հիմնավորում են գիրքը և այլն։ «ԹԱՄԺ-ը Կապույտ գրքի թեմայով բավարար տեղեկացված չէ։ Թուրքիայի մեջլիսին առաջարկում ենք հետ վերցնել նամակը և հրավիրում քննարկման հայկական հարցով»,- նշված էր պատասխանում24։ Սակայն թուրքական նամակի հեղինակ Շյուքրյու Էլեքդաղը բավարարվեց միայն «նամակը հետ վերցնելու մասին» կոչին արձագանքելով` հայտարարելով, որ նման քայլի չեն դիմի25։ Իսկ երկխոսության առաջարկի մասով ոչ Էլեքդաղը, ոչ 550 պատգամավորներից որևէ մեկը որևէ «նախաձեռնություն հանդես չբերեց»։ 2006թ. նոյեմբերի 15-ին լորդ Էյվբուրին գրեց իր բլոգում. «…առաջարկել էինք երկխոսություն բրիտանացի և թուրք պատգամավորների միջև, որոնք, իրենց կողքին ունենալով նաև ակադեմիական փորձագետներ, կուսումնասիրեին (թուրքական- Հ.Ն.) վկայության իրավացիությունը։ Երբ որևէ պատասխան չեկավ, ես բոլոր թուրք պատգամավորներին անհատապես նամակ գրեցի` հարցնելով, թե արդյոք կցանկանային երկխոսություն վարել։ Ոչ մեկը չպատասխանեց»26։ Էյվբուրին նկատում է, որ ոչ մեջլիսը հավաքական առումով, ոչ պատգամավորներն անհատապես պատրաստ չէին բաց քննարկման։ «Բայց հրավերը դեռ ուժի մեջ է։ Հույս ունեմ այս հայտարարությամբ որոշ թուրք պատգամավորների կմղեմ խիզախության, որ երկխոսություն վարեն»,- իր բլոգի վերջում նշել էր պատգամավոր և հումանիստ լորդ Էյվբուրին։

2016թ. փետրվարի 14-ին լորդ Էրիկ Բարոք Էյվբուրին մահացավ։ Ոչ մի թուրք մեջլիսական այդպես էլ չարձագանքեց նրա կոչին…

2007թ.- Արա Սարաֆյանի առաջարկը. 2006թ. մարտի 16-ին Ստամբուլի համալսարանում գիտաժողովի էր մասնակցում Մեծ Բրիտանիայի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը։ Ներկա էր նաև Թուրքիայի Պատմության պետական ինստիտուտի տնօրեն Յուսուֆ Հալաչօղլուն, որն իր ելույթում կրկնել էր համատեղ հանձնաժողովի միջոցով պատմությունը քննելու առաջարկը27։ 2007թ. փետրվարի 22-ին «Նոքթա» ամսագրին տված հարցազրույցում Արա Սարաֆյանը նշել էր. «Մի իրադարձային հետազոտություն անենք` զբաղվենք Խարբերդի դաշտով… Այս աշխատանքը պետք է լինի թափանցիկ և գիտական… Թող Թուրքիայի պատմաբանները ներկայացնեն Խարբերդից տարագրված և այլ վայրերում փոխադրված հայերի մասին իրենց ձեռքին եղած Օսմանյան արձանագրությունները»28։ Թուրքական «Ռադիկալ» թերթի հոդվածն այս թեմայով վերնագրված էր «Երկխոսության հույս», նույն թերթի սյունակագիր Իսմեթ Բերքանը խորհուրդ էր տալիս «ձեռքից բաց չթողնել հնարավորությունը»29։

Հետևեցին թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները. պատգամավորներ Մեթին Քաշըքօղլու (ԱԶԿ). «Առողջ մոտեցում է, թող պարզվի ճշմարտությունը», Օրհան Էրդեմ (ԱԶԿ). «Պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը օրակարգ էինք բերել, դրական քայլ է», խոսեցին նաև Ինալ Բաթուն (ԺՀՊ, Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ), ազգայնական Մեհմեթ Շանդըրը և ուրիշներ30։ Մի պահ նորից կարող էր թվալ, թե պատմական քննարկման հարցն իրական ուրվագծեր է ստանում։

Գործի անցավ զեղծարար և մերժողականության «չեմպիոն» Յուսուֆ Հալաչօղլուն, որը հակասող հայտարարություններով հարցն անորոշության տարավ։ Ըստ «Ռադիկալ» օրաթերթի, լրագրողների առաջին հարցմանն ի պատասխան նա ասել էր, թե ընդունում է առաջարկը, ապա մեկ օր անց հայտարարել, թե դեռ չի ընդունել, քանի որ անձամբ իրեն նման առաջարկ Սարաֆյանը չէր ուղարկել31։ «Սպասում եմ պաշտոնական դիմումի»,- նշել էր Հալաչօղլուն32։

Դրությունը դիպուկ էր բնութագրել թուրք լրագրող Իսմեթ Բերքանը. «Սարաֆյանի արածը մի քայլ էր, որը տեղավորվում է Թուրքիայի վերջին շրջանի «Պատմությունը թողնենք պատմաբաններին» և «Պատմաբանների հանձնաժողով գումարենք…» պետական քաղաքականության մեջ, և չմերժելը կարևոր է։ «Մեզ պաշտոնապես չի դիմել» կամ «դիմել է, բայց նամակի նամականիշը պակաս էր», կամ «նամակ չեմ ստացել» ոճի անտեղի պատճառաբանություններով Սարաֆյանի առաջարկը չի կարող մերժվել։ Խաղաքարտին դրված է Թուրքիայի խոսքի վստահելի լինելը»33։

Տեսնենք, թե որքան վստահելի էր այդ խոսքն անգամ Սարաֆյանից դիմում ստանալուց հետո։ Փետրվարի 22-ին նա էլեկտրոնային նամակ գրեց Հալաչօղլուին` խնդրելով իրեն ներկայացնել օսմանյան փաստաթղթեր Խարբերդի հայ ազգաբնակչության մասին։ «Ես, իհարկե, հույս ունեմ ուսումնասիրել Օսմանյան բռնագաղթի մասին արձանագրություններն այսօրվա թուրքական արխիվներից»,- նշեց նա34։

Հալաչօղլուն պատասխանում նորից «խոսքը կտուրն է գցում»` Սարաֆյանին առաջարկելով, եթե հնարավոր է, իր նամակները գրել թուրքերեն և նախ ճշտել, թե ովքեր և ինչ արխիվներ պետք է ուսումնասիրեն։ Բայց չէ՞ որ Սարաֆյանը պարզ գրել էր, որ «Օսմանյան արխիվներ» և «Խարբերդի թեմայով»։ Առաջ շարժվելու փոխարեն Հալաչօղլուն կարծես ժամանակ շահելով և կրկեսությամբ էր զբաղված։

Փետրվարի 26-ին Հալաչօղլուն հանդես եկավ թուրքական CNN Turk ալիքով, որի ժամանակ սկսեց անորոշ խոսել օսմանյան արխիվների մատչելիության մասին, ասաց, որ ինչ-որ խնդիրներ կան փաստաթղթերի հետ, մասնավորապես՝ ոչ բոլոր գյուղերի և տարագրվածների անուններն են հայտնի։ «Սարաֆյանը շատ լավ գիտե ինչ ասել է արխիվ։ Այնտեղ գյուղ առ գյուղ, անուն առ անուն տարագրվածներին չի կարողանալու գտնել»,- հայտարարեց Հալաչօղլուն35։ Ավելի ուշ նա ասաց, որ «արխիվների ոչ մատչելի լինելու» մասին իր խոսքը ճիշտ չեն հասկացել, թեև կողմ էր, որ արխիվում խնդիրներ կան36։

Ճիշտ չհասկացվելու մասին նրա խոսքերը համոզիչ չթվացին առաջին հերթին CNN Turk-ի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդին, որը և իր հեղինակային «Մանշեթ» ծրագրի ժամանակ նրանից վերցրել էր նշված հարցազրույցը։ Ի պատասխան Բիրանդը հոդված տպեց «Հյուրիեթում»՝ «Հայերից գոլ կերանք» խորագրով. «Հալաչօղլուն չի համաձայնել ցույց տալ որոշ փաստաղթղթեր և առանց սահմանափակման բացել օսմանյան արխիվները։ Եթե չէիք կարողանալու փաստաթուղթ ցույց տալ, ինչո՞ւ էիք հրապարակ ելնում։ Թուրքիան առանց այդ էլ թույլ ոլորտում նոր գոլ կերավ»,- նշել էր նա։ Վերլուծաբանի խոսքով, «այսուհետ ոչ ոք չի հավատալու բոլոր արխիվները բացելու և պատմաբանների միջոցով հարցը քննելու մասին թուրքական նախաձեռնությանը»37։

Սարաֆյանը նամակ գրեց Հալաչօղլուին` ասելով, որ եթե արխիվները մատչելի չեն, ապա համատեղ աշխատելն անիմաստ է։ Այսքանով թեման փակվեց, իսկ Սարաֆյանը հայտարարեց, որ Հալաչօղլուի պահվածքը միայն ամրապնդում է հայկական կողմի դիրքերը38 և գոհունակություն հայտնեց լրագրող Բիրանդի հոդվածի առիթով39։ Սարաֆյանը նաև վստահաբար նշել էր, որ Օսմանյան Թուրքիայի ՆԳ նախարարությունն արձանագրել է ցեղասպանության ենթարկված բոլոր գյուղերի և բնակավայրերի բոլոր հայ բնակիչների անունները40։

P.S. Օսմանյան արխիվներում է աշխատել ծնունդով Թուրքիայից պատմագիտության դոկտոր Ումիթ Քուրտը, որն այս թեմային անդրադարձավ 2017թ. փետրվարի 28-ին ԱՄՆ մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում իր ելույթում41։ Ելույթից հետո հեղինակի հետ զրույցում նա նշեց. «Հայերի ունեցվածքի բռնագրավման մասին մատյանները չէին տրամադրում։ Գիտենք, որ այդ արձանագրությունները կան, նրանք գոյություն ունեն և եթե հրապարակվեն, ապա կբացահայտվի հայերի թալանը։ Այդ պատճառով փաստաթղթերն անհասանելի են պահում հետազոտողներից։ Ես մեկ տարի փորձում էի ստանալ այդ մատյանները, բայց ամեն անգամ ասում էին, թե հասանելի չեն, համակարգված չեն»։

Այսքանով հանդերձ, եղել է մի բացառիկ դեպք, երբ հաջողվել է ձեռք բերել 1915թ. Օսմանյան կայսրության հայերի ունեցվածքի բռնագրավման և վաճառքի մասին մեկ մատյան։ Այնթապցի Սարգիս Յակուբյանը 1915թ. դեկտեմբերին ստացել ու պահպանել է իր ունեցվածքի բռնագրավման և մահմեդականներին դրա հետագա վաճառքի մասին պետական արձանագրությունը։ «Այս զեկույցում կարող եք բառացիորեն տեսնել Յակուբյանի ամեն մի պարագայի, անգամ դանակների և պատառաքաղների բռնագրավման մասին արձանագրությունը, հետագայում այդ բոլոր պարագաները գնողների անունները։ Սա միայն մեկ արձանագրություն էր, բայց նման հարյուր հազարավոր արձանագրություններ պետք է լինեն արխիվներում»,- դասախոսության ժամանակ նշել էր Քուրտը` հավելելով, որ առաջիկայում հավանական է՝ իր հետազոտությունը կհրապարակի առանձին գրքով42։

Այս մեկ օրինակից, համենայնդեպս, հետևում է, որ օսմանյան կառավարիչներն արձանագրել էին ոչ միայն գյուղ առ գյուղ, ոչ միայն անուն առ անուն, այլև նույնիսկ հաշվառել էին այն դանակ-պատառաքաղները, որ զավթել էին տուժյալ հայերից։

Սա՝ ի գիտություն «արխիվներում տեղեկություն չկա» ասող թուրք «պատմաբան Հալաչօղլուին»…

Տեղեկություն շատ կա։ Այդ տեղեկությունը տրամադրող չկա…

2007թ.- Դեյվիդ Գաունթի փորձը. 2006թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին քաղաքի մոտակա Նյուսայբինի (պատմական Մծբին) շրջանի Քուրու գյուղի գյուղացիները հոր էին փորում, երբ պատահաբար հայտնաբերեցին ոսկրերի կույտ։ Շվեդիայի Սոդերստորն համալսարանից պատմաբան Դեյվիդ Գաունթը մասնագիտանում է հատկապես նշված տարածաշրջանի պատմության ուղղությամբ։ Նրա տվյալներով, 1915թ. Մարդինում 150-ի չափ ջարդեր էին եղել։ Ամենահավանականը, որ գյուղացիները գտել էին, Մարդինի օսմանցի գավառապետ Հալիլ Էդիպի հրամանով սպանված 270 քրիստոնյաների (150 կաթոլիկ hայեր և 120 ասորիներ) կմախքներն էին։ Քրիստոնյաները մոտակայքի Դարա (այսօր Օղուզ) գյուղից էին։ Նրանց բանտարկել էին 1915թ. հունիսի 13-ին և սպանել հունիսի 15-ին։ Շվեդ պատմագետի մյուս տարբերակով դրանք հունիսի 28-ին սպանված հայ կաթոլիկ կանանց կամ նույն շրջանում սպանված ուղղափառ ասորիների մնացորդներն էին43։ Ավելի հստակ պատկերացնելու համար Գաունթն առաջարկեց գալ Նյուսայբին` անձամբ տեսնելու և քննության առնելու ոսկորները։ Հրապարակ նետվեց «պատմաբան» և խառնակիչ Յուսուֆ Հալաչօղլուն, որն առաջարկեց միասին մեկնել Նյուսայբին և հետազոտել44։ Այստեղ արդեն, նախորդ տխուր փորձից ելնելով, կարելի էր պատկերացնել, թե հետազոտություն ասածը Հալաչօղլուն ինչ անհեթեթության էր վերածելու։ 2007թ. ապրիլի 23-ին Դեյվիդ Գաունթը Դիարբեքիրում էր և Հալաչօղլուի, հնագետների, պատմաբանների, բժիշկների, լրագրողների և ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց դեպի Նյուսայբին։ «Գուցե առաջին անգամ Թուրքիայի պատմաբանները միջազգային մասնագետների հետ բռնագաղթի ժամանակաշրջանի հետազոտության ուղղությամբ շատ կարևոր քայլ կանեին»,- գրեց թուրքալեզու կայքը45։

Բայց Թուրքիան հերթական թատրոնն էր խաղում…

Քարանձավի մուտքը փակ էր, թեև տարածքի ժողովուրդն ասում էր, որ մինչև նախորդ օրն այն բաց էր եղել, և տեղացի լրագրողներից յուրաքանչյուրն այդ ընթացքում առնվազն մեկ անգամ արդեն մտել էր քարանձավ ու տեսել ոսկորները46։ Պետք է ենթադրել՝ Անկարան, լավ բեմականացման համար, նաև փակել էր մուտքը, որ այն իբրև թե բացվեր Գաունթի ներկայությամբ։ Քարանձավում կմախքներ չկային, մեկ-երկու ոսկոր էր մնացել։ Գաունթը նկատեց, որ պատկերն ամենևին չէր համապատասխանում հոկտեմբերին արված լուսանկարին։ «Գանգեր և մեծ ոսկորներ որոնեցի, ոչ մի հատ չկար։ Մեկ-երկու փոքր ոսկոր էր մնացել»,- նշել էր Գաունթը47։

Այստեղ գլխավոր ստախոս Հալաչօղլուն հայտարարեց, որ երևի անձրևներ ու փոշի է լցվել ներս ու քշել-տարել կամ ծածկել ոսկորները48։ Ավելի ուշ նա շարունակեց իր «դարակազմիկ» բացահայտումները` հայտարարելով, թե մնացած կտորներն ինքը փորձաքննության տվեց ու պարզեց, որ դրանք պատկանում էին… հին հռոմեական դարաշրջանին49։

Հին Հռոմը գոյություն է ունեցել մինչև 476թ.։ Այսինքն, ըստ թուրք «գիտնականի», ոսկրերի կույտը տեղում է եղել առնվազն այդ դարաշրջանից ի վեր մոտ 15 դար, մինչև 2006թ. աշունը, երբ այն լուսանկարվել է, և այդ ընթացքում անձրևները չէին քշել ոսկորները, փոշին այն չէր ծածկել։ Սակայն ճիշտ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Շվեդիայից գիտնականի հնարավոր այցի մասին, մի քանի ամսում անձրևները սրբեցին, փոշին ծածկեց…

Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են։

«Ես բավական դժվարությամբ իջա այդ փոսի մեջ»,- հեղինակի հետ զրույցում նշել է Դեյվիդ Գաունթը,- «բայց Հալաչօղլուն բավական ճարպիկ ձևով իջավ։ Կարծում եմ՝ նա այնտեղ արդեն եղել էր»։

Մենք գործ ունենք մի պետության հետ, որը 21-րդ դարում հատուկ ստորաբաժանում է ուղարկում քարանձավ այնտեղի փոսերից անթաղ մարդկանց ոսկորները հավաքելու և դեպքի վայրից ծածուկ հեռացնելու համար…

Մենք գործ ունենք մի պետության հետ, որն անգամ հարյուր տարի անց հնարավորություն չի տալիս գոնե վերաթաղելու անթաղ նահատակների մասունքները…

2010թ.- Հայ-թուրքական արձանագրությունները. Նույն օրինակների թվում էին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն ստորագրեցին 2010թ. հոկտեմբերի 10-ին50։ Ներկա էին ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարները, միջազգային շատ լրատվամիջոցներ, մասնավորապես CNN-ը, Assosiated Press-ը ստորագրման արարողությունը լուսաբանում էին ուղիղ ժամանակի ռեժիմով։

Փաստաթուղթը նախատեսում էր նաև վավերացում խորհրդարանների կողմից։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երաշխավորեց, որ Երևանը կվավերացնի արձանագրությունները՝ պայմանով, որ դա առաջինն անի Թուրքիան51։ Թոմ դե Վալի հետազոտությունից հետևում է, որ հայկական խորհրդարանի հաստատումը խնդիր չէր հարուցի52։

Անկարայի մեջլիսում մեկ օր` 2009թ. հոկտեմբերի 21-ին, քննարկեցին փաստաթղթերը, սակայն չվավերացրին ու մինչև օրս այլևս չքննարկեցին53։ Փաստաթուղթը նախատեսում էր պատմաբանների ներառում հանձնաժողովում, որը պետք է անաչառորեն քններ պատմությունը։ Արցախյան հակամարտության կարգավորումը որպես նախապայման արձանագրությունները չէին նախատեսում54։

Տարրական տրամաբանությամբ, Ղարաբաղյան հարցի լուծումն իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման առաջադրելն իմաստազրկում էր ողջ գործընթացը, քանի որ առանց արձանագրությունների էլ պարզ էր, որ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման պարագայում Թուրքիան բարելավելու էր Հայաստանի հետ հարաբերությունները։ Արձանագրությունների ողջ իմաստը հայ-թուրքական կարգավորումն էր առանց նախապայմանների։

Թուրքիան հրաժարվեց թե՛ քաղաքական կարգավորումից, թե՛ պատմական հարցի անաչառ քննարկումից։

«Արձանագրությունները» Սպիտակ տան դիվանագիտական նախաձեռնությունն էին, և նախորդ դեպքերի համեմատ Վաշինգտոնն այս անգամ առավել ուշադիր հետևեց զարգացումներին` թուրքական խուսափողականությանն ի պատասխան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մակարդակով հայտարարելով, որ «գնդակը Թուրքիայի խաղադաշտում է»55։

2017թ. փետրվարի 3-ին, դանիական խորհրդարանի որոշումից հետո, Չավուշօղլուի հայտնի առաջարկին ի պատասխան, Կանադայում գործող Զորյան ինստիտուտը հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ. «Ինչպես ասում են՝ deja vu, նորից կրկնություն։ Հայաստանին 1915թ. իրադարձությունները համատեղ հանձնաժողովի միջոցով քննելու կոչը վերջին տարիներին դարձել է Թուրքիայի կառավարության գործելաոճը»,- նշված էր հայտարարության տեքստում56։

Զորյան ինստիտուտը, մասնավորապես, վկայակոչում էր արձանագրություններից փախչելու թուրքական նախադեպը։

Որքան հեղինակին հայտնի է, սա առաջին դեպքն է, երբ հայկական կառույցը հրապարակայնորեն բարձրաձայնեց երկխոսության առաջարկներից հետևողականորեն փախչելու թուրքական «դեժա վյուի» մասին։

Մինչդեռ այս գործընթացը պետք է շարունակական լինի Թուրքիայի դիվանագիտական հերթական խարդավանքն աշխարհին ըստ պատշաճի ներկայացնելու համար…

Եզրակացություն. Գնդակը միշտ էր Թուրքիայի դաշտում. դա են փաստում բազմաթիվ օրինակները, երբ թուրքերը փախել են բանակցություններից, չեն արձագանքել հրավերներին ու պարզապես ստել են։ Ընդ որում՝ օրինակները շարունակելի են։ Շվեդ պատմաբան Դեյվիդ Գաունթն ասում է, թե Թուրքիայի իշխանություններին դիմել էր նաև պատմաբանների հանձնաժողով ձևավորելու առաջարկով, անգամ պայմանագիր ստորագրել, ու նորից անարդյունք։ Եվս մի անհաջող փորձ արվել էր Վիենայում 2003թ.։ Այստեղ հայկական կողմը թուրքերին պատմական փաստաթղթեր էր ուղարկել ավստրիաբնակ պատմաբան Արտեմ Օհանջանյանի միջոցով։ Այս ծրագիրը շարունակական չեղավ, սակայն թուրք «պատմաբանները» դեռևս 2003թ., թերևս ծանոթանալով հայկական փաստաթղթերին, դաս առան, որ նման երկխոսության մասնակցելու կարիքը չկա։

2014թ. դեկտեմբերին Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (IWP) Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմայով խորհրդաժողովի ժամանակ տողերիս հեղինակը նշված թեմայով զեկուցում կարդաց57։ Տարիների ընթացքում փորձ է արվել հարցը բարձրացնել ամերիկյան վերլուծաբանների, դիվանագետների, լրագրողների հետ շփումների ընթացքում։

Ցավոք, Անկարայի քարոզչա- և դիվանագիտական մեքենաներին տարիներով կարծես հաջողվել է ստեղծել տպավորություն, թե իբր իրենք երկխոսության կողմնակիցն են, հայերը` ոչ։ Առնվազն, բացի Քլինթոնի հայտնի հայտարարությունից և Զորյան կառույցի հաղորդագրությունից, չկա որևէ միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի կամ հաստատության խոսք, որը կմատնանշեր. Թուրքիան ստում է՝ երկխոսության առաջարկը դարձնելով մարտավարական քայլ այս կեղծիքի ծրագրում։ Հայկական կողմը դեռևս անելիքներ ունի նշված ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական և լրատվական դաշտերում։

1 «Չավուշօղլուն կոչ է արել Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել», 28.01.2017; http://www.panorama.am/am/news/2017/01/28/Չավուշօղլու-հին-երգ/1717466

2Վահագն Դադրյան, «Հայոց ցեղասպանության թուրքական մերժողականության հիմնական տարրերը. աղճատման և կեղծիքի հետազոտություն», հավելված 4, «Ցեղասպանության մերժողականության մասին», Զորյան ինստիտուտ, 1999թ; էջ 81 (անգլ. «The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide: A Case Study of Distortion and Falsification»)։

3 «Վարչապետ Մարգարյանը մերժում է Թուրքիայի առաջարկը», Ազատություն ռադիոկայան, 18.04.2005; http://www.azatutyun.am/a/1576565.html

4 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նամակը վարչապետ Էրդողանին, http://www.genocidescholars.org/sites/default/files/document%09%5Bcurrent-page%3A1%5D/documents/Turkish%20State%20Denial%20Open%20Letter.pdf

5 Թուրքիայի վարչապետի արխիվային գլխավոր վարչություն, «Օսմանյան փաստաթղթերում հայերը – 1915-1920», Անկարա 1994, էջ 69; փաստաթուղթ 71 (թուրք. «Osmanli Belgelerinde Ermeniler 1915-1920»)։

6 «Ի՞նչ է տեղի ունեցել 1915թ., Հալիլ Բերքթայ», 01 հունիսի 2005, «Հյուրիեթ» օրաթերթ (թուրք. «1915’te ne oldu; Halil Berktay»),

http://www.hurriyet.com.tr/1915-te-ne-oldu-324069

7 Մուրադ Մուրադյան, «Հաշտություն. թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի դեպքը», էջ 5 (անգլ. Moorad Mooradian, «Reconciliation: A Case of the Turkish-Armenian Reconciliation Commission»), http://scar.gmu.edu/wp_24_mooradian.pdf

8 Նույն տեղում, էջ 10, տե՛ս նաև «Ազգ», հունվարի 23, 2004։

9 Քամեր Քասըմ, «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողով. բաց թողնված հնարավորություն» (անգլ. Kamer Kasim, «Turkish Armenian Reconciliation Committee: Missed Opportunity»), http://www.eraren.org/index.php?Page=DergiIcerik&IcerikNo=166&Lisan=en

10 Մ.Մուրադյան, նշվ. աղբյուր, էջ 5։

11 ICTJ-ի տարեկան զեկուցագիր, էջ 14

(անգլ. «ICTJ Annual Report 2001-2002; Turkish-Armenian Reconciliation Commission»), https://www.ictj.org/sites/default/files/ICTJ_Annual_Report_2001-2002.pdf

12 «Թուրք-հայկական հաշտությո՞ւն», 17.07.2001, «Վաշինգտոն թայմս» (անգլ. «Turkish-Armenian Reconcilliation»?).

13 Մ.Մուրադյան, նշվ. աղբյուրը, էջ 19։

14 «ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի հռչակագրի կիրարկելիությունը 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ», էջ 17, https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-Turkey-Armenian-Reconciliation-2002-English.pdf (անգլ. «The Applicability of the United Nations Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide to Events Which Occurred During the Early Twentieth Century»), https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-Turkey-Armenian-Reconciliation-2002-English.pdf

15 Տե՛ս 2005թ. ապրիլի 15-ի Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունը, http://www.mfa.gov.tr/no_62---15-nisan-2005_-basbakan-sayin-recep-tayyip-erdogan_in-ermenistan-devlet-baskani-robert-kocaryan_a-gonderdigi-mektup-hk_.tr.mfa

16Թաթուլ Հակոբյան, «Քոչարյանի պատասխանը Էրդողանին կամ Տեր-Պետրոսյանը ճիշտ չի հիշում», 11.04.2016; http://www.aniarc.am/2016/04/11/kocharian-erdogan-ltp/

17 Տե՛ս Թուրքիայի ԱԳ նախարարության 2005թ. ապրիլի 18-ի հաղորդագրությունը, http://www.mfa.gov.tr/sc_16---28-nisan-2005_-disisleri-bakanligi-sozcusu-namik-tan_in_-ermenistan-cumhurbaskani-robert-kocaryan_in-sayin-basbakanimiza-gonderdigi-cevabi-mektup_hakkinda-kendisine-yoneltilen-bir-soruya-cevabi.tr.mfa

18 «Անկարայում քննարկում են Քոչարյանի նամակը», «Բիրգյուն», 29.04.2005 (թուրք. «Ankara'da Koçaryan'ın mektubu tartışılıyor»), http://www.birgun.net/haber-detay/ankara-da-kocaryan-in-mektubu-tartisiliyor-23269.html

19 «Քաղաքական բարեփոխումները Թուրքիայում», 07.04.2011; (անգլ. «Political Reforms in Turkey»), http://www.gmfus.org/events/political-reforms-turkey

20 «Արդյոք Բյուլենթ Արընչը` ԱԶԿ-ի հիմնադիր հայրը, Էրդողանի հետ վեճի պատճառով կհեռանա՞», «Ալ-Մոնիթոր», 17.11.2013; անգլ. «Will Bulent Arinc, founding father of AKP, Depart Over Dispute with Erdogan», http://www.al-monitor.com/pulse/originals/2013/11/turkey-bulent-arinc-akp-politics.html

21 «Հայոց ցեղասպանության դատապարտումը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում», Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, էջ 51, Երևան, 2004։

22 https://www.tbmm.gov.tr/eyayin/GAZETELER/WEB/MECLIS%20BULTENI/2469_2005_0000_0116_0000/0031.pdf; տե՛ս նաև http://chgs.umn.edu/histories/occasional/Akcam_Anatomy_of_Denial.pdf, Anatomy of Genocide Denial: Academics, Politicians, and the “Re- Making” of History.

23 «Անգլիայից պատասխան է եկել Կապույտ գրքին», «Գազեթե Վաթան», 30.01.2006 (թուրք. Ingiltere’den Mavi Kitap mektubuna cevap geldi); http://www.habervitrini.com/gundem/ingiltereden-mavi-kitap-mektubuna-cevap-geldi-713398

24 Նույն տեղում։

25 Էլեքդաղ. ԹԱՄԺ-ը հետ չի առնի Կապույտ գրքի նամակը, 30.01.2006, http://www.sondakika.com/haber/haber-elekdag-tbmm-mavi-kitap-mektubunu-geri-cekmez/

26 Հայոց ցեղասպանություն, 15.11.2006 (անգլ. Armenian Genocide), http://ericavebury.blogspot.com/2006/11/armenian-genocide.html

27 «Ցեղասպանության համատեղ հանձնաժողով», «Ռադիկալ» օրաթերթ, 17.03.2006 (թուրք. Ortak 'soykırım' komisyonu), http://www.radikal.com.tr/turkiye/iortak-soykirim-komisyonu-i-774734/

28 «Ցեղասպանության հարցում երկխոսության հույս», «Ռադիկալ» օրաթերթ, 24.02.2007 (թուրք. 'Soykırım'da diyalog umudu), http://www.radikal.com.tr/turkiye/soykirimda-diyalog-umudu-806825/

29 «Այս առիթը բաց չթողնենք», «Ռադիկալ» օրաթերթ; 24.02.2007 (թուրք. «Bu fırsat kaçmasın»), http://www.radikal.com.tr/yazarlar/ismet-berkan/bu-firsat-kacmasin-806805/

30 «Պատմաբանների հանդիպմանը քաղաքականները նույնպես դրական են նայում», «Սաբահ», 23.02.2007 (թուրք. «Tarihçilerin buluşmasına siyasiler de sıcak bakıyor»), http://arsiv.sabah.com.tr/2007/02/22/gnd118.html

31 «Այս առիթը բաց չթողնենք»։

32 «Հալաչօղլուն Սարաֆյանի պաշտոնական դիմումին է սպասում», «Գազեթե Վաթան», 23.02.2007 (թուրք. «Halaçoğlu, Sarafyan'dan resmi başvuru bekliyor»), http://www.gazetevatan.com/halacoglu-sarafyan-dan-resmi-basvuru-bekliyor-110032-gundem/

33 «Այս առիթը բաց չթողնենք»։

34 «Հալաչօղլուի և Սարաֆյանի էլեկտրոնային նամակները», Հայկական ցեղասպանության աղբյուրների կենտրոն (անգլ. «Halaçoglu and Sarafian emails»), http://armenians-1915.blogspot.com/2007/03/1530-halacoglu-sarafian-emails.html

35 «Սարաֆյանի հետ գործակցություն չկա», «Ռադիկալ», 10.03.2007 (թուրք. «Sarafyan'la işbirliği yok»), http://www.radikal.com.tr/politika/sarafyanla-isbirligi-yok-808155/

36 «Հալաչօղլու. Փաստաթղթերը պահելու իրավունք չունեմ», «Թյուրքիե» օրաթերթ, 15.03.2007 (թուրք. Halaçoğlu. Belgeleri saklama yetkim yok), http://www.turkiyegazetesi.com.tr/Genel/a322222.aspx

37 «Հայերից գոլ կերանք», «Հյուրիեթ», 14.03.2007 (թուրք. «Ermeniler’den Gol Yedik…»), http://www.hurriyet.com.tr/ermeniler-den-gol-yedik-6120651

38«Որտե՞ղ են գոյություն ունեցող փաստաթղթերը», «Ենի Աքթյուել», մարտ 2005 (թուրք. «Var, denen o belgeler nerede?»), http://www.yeniaktuel.com.tr/tur101,89@2100.html

39«Էրդողանը, Օսմանյան փաստաթղթերը և Հայոց ցեղասպանությունը», 01.02.2015; http://www.horizonweekly.ca/news/details/60770 (անգլ. Erdogan, «Ottoman Archives and the Armenian Genocide»).

40 Նույն տեղում։

41 «Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոցը և Արդարության ու մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնը (ALC) համահովանավորեցին դր Ումիթ Քուրտի ելույթը», Armenian Weekly, 03.03.2017 (անգլ. George Washington University Law School and the Armenian Legal Center for Justice and Human Rights (ALC) Cosponsor talk by Dr. Ümit Kurt).

42 «Դր. Ումիթ Քուրտը քննարկում է Հայոց ցեղասպանության ունեզրկումը GW LAW-ում» (անգլ. «Dr. Ümit Kurt Discusses Armenian Genocide Dispossession at GW Law»), https://youtu.be/gADlrBh_0mo?t=4622

43 «Զանգվածային թաղատեղին պատկանում է հայերին և ասորիներին», «Օզգյուր Գյունդեմ», 07.11.2006 (թուրք. «Toplu Mezar Ermenilere ve Suryaniler’e Ait»), http://old.acsatv.com/index.php?sid=2&usid=27&aID=640

44 «Թուրք-շվեդ պատմաբանները կհետազոտեն զանգվածային գերեզմանի պնդումը», Անադոլու գործակալություն, 09.03.2007 (անգլ. «Turkish-Swedish Historians to Examine Alleged Mass Grave»).

45 «Եթե մահանամ, չգաս գերեզմանիս», «Էվրենսել», 29.04.2007 (թուրք. «Ölürsem kabrime gelme istemem!»), https://www.evrensel.net/haber/245246/olursem-kabrime-gelme-istemem

46 Նույն տեղում։

47 «Զանգվածային թաղատեղին գոլորշիացավ», «Էվրենսել» 26.04.2007 (թուրք. «Toplu Mezar Buharlaşti»), http://www.suryaniler.com/haberler.asp?id=250

48«Այս ոսկորներն ո՞ւր գնացին», «Ռադիկալ», 26.04.2007 (թուրք. «Bu Kemikler Nereye Gitti?»), http://www.radikal.com.tr/turkiye/bu-kemikler-nereye-gitti-812439/

49 «Ոչ թե հայկական, այլ հռոմեական գերեզման էր», «Ռադիկալ» , 24.05.2007 (թուրք., «Ermeni değil Roma mezarıymış»), http://www.radikal.com.tr/turkiye/ermeni-degil-roma-mezariymis-815088/

50 «Դիվանագիտական պատմություն. Թուրքիա-Հայաստան արձանագրությունները», 17.04.2012; Քարնեգի հաստատության կայք (անգլ. «Diplomatic History: The Turkey-Armenia Protocols»), http://carnegieendowment.org/2012/04/17/diplomatic-history-turkey-armenia-protocols-event-3630

51«Նախագահ. Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայից հետո», http://www.armeniandiaspora.com/showthread.php?215637-Armenia-To-Ratify-Protocols-After-Turkey-President (անգլ. «Armenia to ratify protocols after Turkey»), Mediamax 10.02.10, http://www.armeniandiaspora.com/showthread.php?215637-Armenia-To-Ratify-Protocols-After-Turkey-President

52Թոմ դե Վալ, «Մեծ աղետ», Oxword University Press, 2015, էջ 232 (անգլ. Thomas de Waal, «Great Catastrophe»).

53«Հայկական արձանագրությունը մեջլիսում», «Հյուրիեթ» 21.10.2009 (թուրք. «Ermeni protokolu Meclis'te»), http://www.hurriyet.com.tr/ermeni-protokolu-mecliste-12743361

54Տե՛ս հայ-թուրքական արձանագրությունների տեքստը, http://www.azatutyun.am/a/1812299.html

55«Գնդակը Թուրքիայի դաշտում է», «Առավոտ» օրաթերթ, 04.06.2012; http://www.aravot.am/2012/06/04/298891/

56 «Զորյան ինստիտուտի պատասխանը 1915թ. իրադարձությունները համատեղ քննելու Թուրքիայի ԱԳ նախարարի կոչին», 06.02.2017 (անգլ. «Zoryan Institute Responds to Turkish Foreign Minister's Call to Set Up Joint Commission to Study the Events of 1915»), http://www.zoryaninstitute.org/Announcements/Zoryan%20Response%20to%20Turkish%20FM%20Feb%206%202017.pdf

57 «Թուրքիայի արտաքին քաղաքականության երկընտրանքները 2015թ.», 03.12.2014 (անգլ. «Turkey’s Foreign Policy Dilemas in 2015»), https://www.youtube.com/watch?v=MxusXBAU2M0&t=1s

Մարտ, 2017թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր