Ադրբեջանական լոբբինգի կայացման գործընթացը. ընդհանուր տվյալներ


Տարեցտարի առավել որոշակի է դառնում Բաքվի իշխանությունների հստակ և համակարգված աշխատանքն արտերկրում բնակվող ադրբեջանական համայնքները կազմակերպելու և սեփական «սփյուռք» ձևավորելու ուղղությամբ: Հստակ է, որ այս ուղղությամբ ձեռնարկների առաջնահերթ նպատակն է հայկական սփյուռքի դեմ պայքարը, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական պետություններում սփյուռքահայության հայանպաստ լոբբինգի խոչընդոտումը, հակահայ քարոզչական, հասարակական, հնարավորության դեպքում՝ նաև քաղաքական աշխատանքը:
Անցնող տարիների կտրվածքով Բաքուն արդեն հասել է շոշափելի առաջընթացի, և հայկական կողմի համար խիստ նպատակահարմար է թվում առնվազն ուսումնասիրել ադրբեջանական և թուրքական «դիասպորաները», հստակ պատկերացում ունենալ այս կառույցների ներուժի և ծրագրերի վերաբերյալ, հնարավորության սահմաններում մշակել որոշակի հակազդման ռազմավարություն: Ադրբեջանական «սփյուռքն» առավել ակտիվանում է որոշակի տարելիցների օրերին` հունվարի 20-ի, Խոջալիի, Արցախյան պատերազմում շրջանների կորստի ամսաթվեր, մարտի 31-ի «Ադրբեջանցիների ցեղասպանության» օր և այլն:
Ադրբեջանական «սփյուռքի» հետ աշխատանքը որակական նոր փուլ մտավ Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտե կազմակերպության հիմնադրումից հետո: Պետական կառույցը հիմնվել է 2002թ. հուլիսի 5-ին, Հեյդար Ալիևի հրամանով: Հիմնադրումից ի վեր կառույցը ղեկավարում է Նազիմ Իբրահիմովը: Վերջինս ծնվել է 1963թ. դեկտեմբերի 23-ին Նախիջևանում: Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը, զբաղվել է գործարարությամբ, 1997-1999թթ. Ադրբեջանի դեսպանն էր Ուկրաինայում և միաժամանակ Մոլդովայում ու Լեհաստանում, ապա 1999թ. մարտից` Բելառուսի Հանրապետությունում: 2000թ. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից:
Կազմակերպությունն ունի մոտ 40 աշխատակից: 2005թ. դրությամբ հիմնավորապես նորոգվել է բյուջետային հատկացումների հաշվին, տեխնիկական հագեցվածությունը, ըստ ադրբեջանական մամուլի, բավարար է: Կառույցի կայքէջն է www.diaspora.az և www.diaspora.gov.az։ Սայթերը ադրբեջաներենով ներկայացնում են տեղեկատվություն ադրբեջանական համայնքների վերաբերյալ, ընդհանուր տեղեկություններ Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրության, տնտեսության, պատմության, մշակույթի մասին և առանձին բաժնով՝ ԼՂ հակամարտությունը, հունվարի 20-ի դեպքերը և Խոջալիի իրադարձությունները` ըստ Բաքվի պաշտոնական դիտանկյունի:
Ադրբեջանական «սփյուռքի» ձևավորման գործընթացն արագացրին, որոշակիորեն «կատալիզատորի» դեր կատարեցին 2 հանգամանք. նախ արտասահմանյան ադրբեջանական միությունները սկսեցին աշխատել արդեն իսկ գործող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ: Դա հատկապես կայացման փուլում բավական օժանդակեց ադրբեջանական կողմին մասնավորապես կազմակերպչական, իրավաբանական հարցերը կարգավորելու, կապեր հաստատելու խնդիրներում: Սա նաև մեծացրեց ադրբեջանական կառույցների կարողությունները` ընդլայնելով հակահայ ճակատը:
Մյուս կողմից՝ Բաքուն փորձում է իր հսկողության տակ առնել արտերկրում գործող իրանական ադրբեջանցիների գաղթօջախները և նրանց ձևավորած միությունները: Եթե հաշվի առնենք, որ իրանական ադրբեջանցիների վտարանդի միությունների աշխատանքը կրում է հիմնականում հակաիրանական բնույթ և վայելում ԱՄՆ հովանավորությունը՝ այս կետում ձևավորվում է ԱՄՆ-Ադրբեջան շահերի ընդհանրություն: Սա լրացուցիչ խթան է Բաքվին՝ առավել ակտիվ աշխատանք կատարելու և ագրեսիվ գործելու համար:
Ըստ լրատվամիջոցների և նշված կայքէջի տեղեկությունների՝ ադրբեջանական համայնքային կազմակերպություններ են գործում հետևյալ պետություններում` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Գերմանիա, Բելառուս, Բելգիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Իսլանդիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Եգիպտոս, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ուզբեկստան, Պակիստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ընդհանուր առմամբ, ըստ նշված կազմակերպության սայթի` 36 պետություններում: Այստեղ հնարավոր է ավելացնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության անունը, քանի որ տեղի ադրբեջանական մեծաթիվ բնակչությունն ունի հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնց աշխատանքը հստակ համահունչ է Ադրբեջանի պետական շահերին, ունի անջատողական ուղղվածություն:
Ներկայացնելով ադրբեջանական կազմակերպությունները՝ նշենք, որ առավել շոշափելի հաջողություններ են գրանցվել ՌԴ-ում, Ուկրաինայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, առկա է առաջխաղացում ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում գործող Ամերիկայի ադրբեջանական համայնք կազմակերպությունը հիմնադրվել է դեռևս 1956թ. մուսավաթական Ադրբեջանի վարչապետ Մեմեդ-Էմին Ռասուլզադեի կողմից: Ներկայումս ԱՄՆ ամենաակտիվ ադրբեջանական միությունն է, ղեկավարում է Թոմրիս Ազերին: ԱՄՆ-ում գործում է նաև Ադրբեջանցի հրեաների միությունը, որը հիմնականում Բաքվից ԱՄՆ փոխադրված հրեաների կառույց է: Ղեկավարն է Յակով Աբրամովը: Հրեական միությունների և բուն Իսրայելի հետ սերտանալու ադրբեջանական կողմի քաղաքականությունը միանգամայն հստակ է ուրվագծվում: Իրանի ուղղությամբ շահերի որոշակի համադրման և Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ռազմավարական եռանկյունու ձևավորման կողքին այստեղ միանշանակ է նաև հրեական լոբբինգի հետ «մտերմանալու» և վերջիններիս հակահայ աշխատանքների մեջ հնարավորինս ներգրավելու Բաքվի ձգտումը:
ՌԴ-ում գործում է 2 համառուսաստանյան ադրբեջանական միություն` Համառուսաստանյան ադրբեջանական խորհրդաժողով (ՀԱԽ) և Ազեռռոս միություն: Առաջինը հստակ աշխատում է Բաքվի հետ համատեղ, երկրորդն առավել ինքնուրույն է: Կազմակերպությունների միջև առկա են մրցակցություն և որոշակի անբարյացակամ մթնոլորտ: ՀԱԽ հովանավորներից է Մոսկվայում բնակվող գործարար Արազ Աղալարովը, որի որդին ամուսնացել է Ալիևի դստեր հետ: Ամերիկյան «Ֆորբս» հանդեսի տվյալներով՝ ՌԴ 100 ամենահարուստ անձանց շարքում նշվում է նաև Աղալարովի անունը: Նրան են պատկանում Կոմտեք համակարգչային տեխնոլոգիաների ցուցահանդեսային կենտրոնը, Մոսկվայի Ստոլեշնիկով և Պետրովկա փողոցների խաչմերուկում գտնվող էքսկլյուզիվ համարվող կոշկեղենի խանութը, «Աղալարով» բնակելի համալիրը, 66 հազար կմ2 տարածքով առևտրի կենտրոնը: 75 հա հողատարածքի վրա Աղալարովը կառուցել է «Կռոկուս սիթի» ցուցահանդես-վաճառքի համալիրը, որը նաև նորաձևության խոշոր կենտրոն է:
«Զերկալո» թերթին տված հարցազրույցում Աղալարովը հայտարարել է, թե յուրաքանչյուր տարի ՌԴ ունևոր մի քանի ադրբեջանցիներ ՀԱԽ-ին հատկացնում են մինչև $100 հազար:
«Ֆորբսը» Աղալարովի ունեցվածքը գնահատում է $360 մլն և միաժամանակ նշում, որ իրականում կապիտալն ավելի մեծ է և 3-4 տարում կհատի 1 մլրդ-ի սահմանագիծը:
Ֆրանսիայում գործում են 11 ադրբեջանական միություն, որոնցից 6-ը՝ եվրոպական վարչական կենտրոններից մեկը հանդիսացող Ստրասբուրգում: Սա մտածված ձեռնարկ կարելի է համարել, ինչը վերստին վկայում է, որ ադրբեջանական «սփյուռքի» կայացումը զարգանում է պետական ստրատեգիայի շրջանակում: Տեղին է նաև նշել, որ արտասահմանում գործող ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը հիմնադրվել է 2002թ. և հետագա տարիներին, այսինքն՝ Բաքվում վերոնշյալ պետական կոմիտեի հիմնադրումից հետո:
Ադրբեջանական գաղթօջախների թեման դարձել է նաև երկրի մի շարք լրատվամիջոցների մշտական ուշադրության առարկան: Ազերթաջ պետական լրատվական գործակալության կայքէջում (www.azertag.az) գործում է «Դիասպորա» առանձին խորագիրը: Հատկապես «Զերկալո» և «Էխո» թերթերում թեման բավական հաճախ է շոշափվում, ինչը, հնարավոր է, պետական իշխանությունների «պատվերի» շրջանակում է արվում:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ում գործող Թուրք-ամերիկյան միությունների դաշնություն (ATAA- Assembley of Turkish American Associations) թուրքական լոբբիստական կառույցի ղեկավար Էրջյումեն Քըլըչը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության օրինագծի արծարծման կապակցությամբ Թուրքիայի TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ «Ադրբեջանի պարագայում սեփական գաղթօջախների հետ աշխատանքն առավել կազմակերպված և համակարգված բնույթ է կրում, քան Թուրքիայում»: Փոքր-ինչ բացելով փակագծերը՝ Քըլըչը ընդգծել էր, որ ադրբեջանական համայնքները մշտական կապի մեջ են իշխանությունների հետ, և աշխատանքն ուղղորդվում է:
Նազիմ Իբրահիմովը հարցազրույցներից մեկում նշել է, որ նախատեսվում է արտերկրում գործող ադրբեջանական բոլոր դեսպանատներում մեկական դիվանագետի հանձնարարել համակարգել սփյուռքի ուսումնասիրությունը և աշխատանքների կազմակերպումը: Վերը նշված փաստերը, ինչպես և այն հանգամանքը, որ ադրբեջանական գաղթօջախների կազմակերպումն Ադրբեջանի Հանրապետության անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչն է, միանշանակ են դարձնում, որ Բաքուն շարունակելու է նպատակային աշխատանքը և արձանագրելու է շարունակական առաջընթաց: Այս առումով սփյուռքահայության և ադրբեջանա-թուրքական համայնքների դիմակայությունը, վերջիններիս ուղղորդված հակահայ աշխատանքն առաջիկա տարիներին կդառնա ՀՀ առջև կանգնած մարտահրավերներից մեկը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]