Ադրբեջանական լոբբինգի ծավալման դինամիկան

Ադրբեջանական «սփյուռքի» հետ աշխատանքը համակարգող՝ Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային կոմիտեի բյուջեն 2005թ. դրությամբ կազմել էր $80 հազար, 2006թ., ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այն հասցվել է $500 հազարի: Ընթացիկ տարում մամուլում նշվում է, որ բյուջեն կրկին ավելացվել է:
2006թ. ադրբեջանական սփյուռքի «մոբիլիզացիայի» ուղղությամբ տեղի ունեցան հետևյալ նշանակալի իրադարձությունները. մարտի 16-ին Բաքվում՝ Աշխարհի ադրբեջանցիների 2-րդ համագումարը, Թուրքիայի Անթալիա քաղաքում հունիսի 4-10-ը՝ Աշխարհի թուրքական և ադրբեջանական համայնքային կազմակերպությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվեց թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքների համադրման ռազմավարությունը: Միաժամանակ Անթալիայում կազմակերպվեցին Աշխարհի ադրբեջանցիների մտավորականների ֆորումը և Թուրքիայի ադրբեջանական կազմակերպությունների համագումարը: Նախորդ տարի ձևավորվեց ԱՄՆ-ի ադրբեջանական կազմակերպությունների համագումարը, որն իր մեջ է միավորելու ԱՄՆ բոլոր ադրբեջանական կազմակերպությունները: Նոր կառույցի կենտրոնակայանը գործելու է Վաշինգտոնում:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 2006թ. Մեծ Բրիտանիայում ձևավորվել է «Azerproductions» կառույցը: Այն ունի 7 աշխատակից, որոնք զբաղվելու են քարոզչական բնույթի աշխատանքով՝ հեռանկարում ունենալով ադրբեջաներեն կայքէջի պատրաստում, աշխատանքի ծավալում նաև Եվրոպայի այլ երկրներում: Մայիսի 2-ին Մեծ Բրիտանիայի ադրեջանական համայնքի ներկայացուցիչները նաև հանրահավաք անցկացրին Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջև՝ բողոքելով Ռ.Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտելու հունգարական դատարանի որոշման դեմ: Բողոքի հանրահավաք անցկացրին նաև Ռումինիայի ադրբեջանական կառույցները, որոնց ներկա էին նաև թուրքական և թաթարական համայնքների ներկայացուցիչներ:
Նույն՝ 2006թ. հունիսին, Բեռլինում տեղի ունեցավ Գերմանիայում ադրբեջանական մշակույթի բարեկամների միություն կազմակերպության հիմնադիր ժողովը: Կազմակերպության ղեկավարը հրեական ծագումով գերմանացի արվեստաբան Շտեֆան Շտերմերն է, վարչական մասում են գերմանացի և ադրբեջանցի մշակութային գործիչներ: Կառույցը, ըստ պաշտոնական տեղեկատվության, աշխատելու է «մշակույթների միջև երկխոսության և ադրբեջանական մշակույթի քարոզչության ուղղություններով»:
Ավստրիայի ադրբեջանական միություն կազմակերպության ներկայկացուցիչները, կառույցի ղեկավար Էլման Մուրադովի գլխավորությամբ, 2006թ. մայիսի 11-ին հանդիպել են Կանաչների կուսակցությունից Ավստրիայի խորհրդարանի անդամ Կուրտ Գրյունևալդի հետ, փոխանցել ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանական արտադրության CD և գրականություն «հայկական ահաբեկչության» թեմայով:
2006թ. Փարիզում Ադրբեջանա-ֆրանսիական երիտասարդական ասոցիացիա կազմակերպությունը սկսել է «Լե Պոն-Մոստ» հանդեսի հրատարակությունը, որը երկլեզու է՝ ադրբեջաներեն և ֆրանսերեն: Արդեն իսկ լույս են տեսել առնվազն 2 համար: Դրանք, ըստ առկա տեղեկությունների, առայժմ չեն կրում հակահայ ուղղվածություն, սակայն իրականացնում են ադրբեջանանպաստ քարոզչություն, դրանցում խոսվում է «ադրբեջանցի ժողովրդի հազարամյակների պատմության» մասին:
2006թ. մայիսին Կանադայի Օնտարիո քաղաքում Ցեղասպանության թանգարանի կանադական կազմակերպության հերթական նիստին ներկա էին Կանադայում գործող ադրբեջանական մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները: Ադրբեջանցի մասնակիցները ներկաներին բաժանել են բացիկներ, որոնք ներկայացնում էին Խոջալիի դեպքերը և մարտի 31-ը որպես «ադբեջանցիների ցեղասպանության օր»:
Վերջին տարիներին Բաքուն հստակ աշխատանք է ծավալում հրեական լոբբիստական կառույցների հետ գործընկերությունը սերտացնելու նպատակով: Հատկանշական է, որ 2006թ. մայիսին ԱՄՆ-ում տեղի է ունեցել AJC (American Jewish Comitee) հրեական կազմակերպության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ էր մեկնել նաև վերոնշյալ Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը: Նշենք, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը, Գերմանիայի, Ավստրիայի և Իսրայելի վարչապետերը: Այս առիթով տված հարցազրույցում Իբրահիմովը նշել է, որ «իր մասնակցությունը միջոցառումներին շատ կարևոր է համարում հրեական կողմի հետ կապերի զարգացման տեսանկյունից»: «Ադրբեջանական և հրեական համայնքների միջև սերտ համագործակցությունը համապատասխանում է մեր պետության շահերին»,- նշել է նա: Ադրբեջան-Իսրայել կապերի և հրեական լոբբինգի հետ սերտանալու ծրագրերում, ըստ առկա տպավորության, Բաքվի իշխանությունները նպատակադրվել են օգտագործել ադրբեջանաբնակ հրեաների հնարավորությունները: Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները կարևոր են և առանձին ուսումնասիրության առարկա կարող են լինել:
Ընթացիկ՝ 2007 թվականին նախատեսվում է կազմակերպել աշխարհի ադրբեջանցի գիտաշխատողների, լրագրողների ֆորումներ: «Այս պահին Ադրբեջանի ԳԱԱ և դեսպանատների ու մյուս ներկայացուցչությունների նախաձեռնությամբ պատրաստվում է արտասահմանում բնակվող ադրբեջանցի գիտնականների և լրագրողների ցանկը»,- գրում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը (www.azertag.com, 06.07.2006թ): Միանշանակ է, որ հատկապես ադրբեջանցի լրագրողների համախմբումը կրում է հակահայ «ենթատեքստ», և Բաքուն ձգտելու է օգտագործել արտասահմանի ադրբեջանցի լրագրողների հնարավորությունները Ղարաբաղյան հարցում ադրբեջանանպաստ քարոզչություն կազմակերպելու նպատակով: Գիտական ոլորտի ադրբեջանցի ներկայացուցիչների համախմբմամբ հնարավոր է խթանել ադրբեջանական գիտական մտքի զարգացումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ մասնավորապես հայկական բնակչության զանգվածային գաղթի, հրեական և ռուսական մտավորական հատվածի՝ Ադրբեջանից հեռանալու պայմաններում Բաքվում գիտական մտքի ու որակյալ կադրերի որոշակի ճգնաժամ է նկատվում, և Բաքվի իշխանությունները տարբերակներ են փնտրում բացը լրացնելու համար:
Ակնառու է, որ Բաքուն այսօր առավել նպատակային է աշխատում իր գաղթօջախների կազմակերպման ուղղությամբ, քան Երևանը: Ժամանակագրական առումով հայկական սփյուռքի առավել «վաղեմի» լինելը, ավանդական կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՅԴ գործունեությունը և որոշ պետություններում հայկական համայնքի թվական գերակշռությունը (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա, Ուրուգվայ, Արգենտինա և այլն) առայժմ ապահովում են հայկական սփյուռքի որոշակի «հաղթանակը» թուրք-ադրբեջանական միությունների նկատմամբ: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ մի շարք պետություններում թուրք-ադրբեջանական բնակչության հանրագումարը քանակապես բազմակի գերազանցում է հայկական կողմին (Բելգիա, Հոլանդիա, Շվեդիա, Գերմանիա)։ ՌԴ-ում և Ուկրաինայում ապրում են հսկայական ադրբեջանական համայնքներ, և դրանց ինքնակազմակերպումն ու Բաքվի հետ աշխատանքի համադրումը տարեցտարի կարող են լրջագույն գործոն դառնալ:
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառույցների միջազգային հակահայ լոբբինգը հիմնականում անարդյունավետ է՝ ելնելով այն իրողությունից, որ առկա է որոշակի հայանպաստ հասարակական մոտեցում Մեծ եղեռնի հարցում. տարեցարի ԵՄ երկրների պաշտոնական դիրքորոշումն առավել ընդգծված է դառնում, և թուրքական «դիասպորաներն» այս առումով բախվում են ոչ թե պարզապես հայկական համայնքի, այլ տեղի իշխանությունների հակազդեցությանը, ինչը նվազագույնի է հասցնում թուրքական կողմի գործելու հնարավորությունները: Սակայն ԼՂ հակամարտության պարագայում վիճակը բավական այլ է. ԵՄ պետություններում չկա հստակ արտահայտված հասարակական և պետական հայանպաստ մոտեցում, ինչը ադրբեջանա-թուրքական կողմին ակտիվանալու հավելյալ հնարավորություններ է տալիս:
Կարևոր է նաև, որ նավթադոլարների հոսքի հաշվին Բաքուն նյութապես առավել ապահովված վիճակում է, քան հայկական կողմը և կարող է նաև վարձակալել լոբբիստական կազմակերպություններ (մասնավորապես՝ ԱՄՆ-ում) երկրի իշխանությունների հետ աշխատելու համար: Արդեն նշվել է նաև, որ մասնավորապես Իրանի ադրբեջանցիների շարժումները խրախուսելու տեսանկյունից առկա է Բաքու-Վաշինգտոն շահերի համադրություն, ինչը նույնպես կարևոր ենք համարում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]