• am
  • ru
  • en
Версия для печати
25.10.2007

ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Руский

   

Հայկարամ Նահապետյան

picture (medium) ԱՄՆ հրեական միությունների և Իսրայել պետության դիրքորոշումներում նկատելի է որոշակի դինամիկա Հայոց ցեղասպանության հարցում: Թեև առկա դրությամբ ԱՄՆ հրեական կազմակերպությունների զգալի մասը դեռ չի միացել ցեղասպանության ճանաչման արշավին և Իսրայել պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` այդուհանդերձ, նպատակահարմար է թվում արձանագրել առկա փոփոխությունները` ուսումնասիրելով նաև պատասխան գործողությունների տարբերակները:

Ս.թ. օգոստոսի 21-ին ADL-Ընդդեմ խտրականության լիգա կազմակերպության հայտնի հայտարարությունից հետո հարցը մտավ «իսրայելական» օրակարգ: Ընդդեմ խտրականության լիգան ԱՄՆ ամենահին հրեական միություններից մեկն է, հիմնադրվել է 1911թ.: Այնուհանդերձ, ամենաազդեցիկ հրեական կառույցները պետք է համարել ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեն (AIPAC -American Israel Public Affairs Commitee), ԱՄՆ հրեական կոմիտեն (AJC - American Jewish Commitee), ԱՄՆ հրեական կոնգրեսը (American Jewish Congress), Բնայի Բրիթը (B'inai B'rith): Վերջիններիս մոտեցումները Հայկական հարցին առավել խուսափողական են, թեև նախորդ տարիների համեմատ առաջընթաց նկատելի է:

AIPAC կազմակերպությունը ստեղծվել է 1951թ., ունի տարեկան մոտ $30 մլն բյուջե, 55 հազար անդամ, շուրջ 100 հազար համակիր: Կառույցի կայքէջում նշվում է, որ «ԱՄՆ հրեական լոբբիստական միությունների առաջատարն է»: Սերտ հարաբերությունների մեջ է Ներկայացուցիչների պալատի առնվազն 260 անդամների (ընդհանուր թիվը` 435) և 71 սենատորների (ընդհանուր թիվը` 100) հետ: Կազմակերպության կայքէջում առանձին բաժին նվիրված է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին: Դրանում հիմնականում դրականորեն է խոսվում Թուրքիայի մասին, նաև նշվում է, որ 2004թ. Ռեջեփ Էրդողանն իր ելույթում խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին, ինչը, հավանական է, Թուրքիային ուղղված ազդանշան է՝ «սխալները չկրկնելու համար»: Կառույցի անդամները հայտարարում են, որ դեմ են Կոնգրեսում Եղեռնի վերաբերյալ օրինագծին, բայց ցեղասպանության պատմական փաստը հերքելու հայտարարությունից խուսափում են: Ըստ ԱՄՆ հրեական կոնգրես կազմակերպության կայքէջի տեղեկությունների՝ «AIPAC-ը չեզոքություն է պահպանելու: Նրանք գտնում են, որ հարցը հակասական է և չի առնչվում Իսրայելի շահերին»:

AJC-«ԱՄՆ հրեական կոմիտե» կառույցը ձևավորվել է 1906թ.՝ Ռուսաստանում այդ ժամանակաշրջանում հակահրեական «պոգրոմների» խնդրում համապատասխան քարոզչություն և օժանդակություն կազմակերպելու նպատակով: 2006թ. կազմակերպության 100-ամյակի միջոցառումների տոնակատարությանը մասնակցում էր նաև պատվիրակություն Ադրբեջանից՝ Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ նախագահը, Իսրայելի վարչապետը և Գերմանիայի կանցլերը: Կառույցը 31 գրասենյակ ունի ԱՄՆ-ում, 8-ը` Միացյալ Նահանգներից դուրս (Իսրայել, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Լեհաստան, Հնդկաստան): Կառույցի ղեկավար Դևիդ Հարիսը «Ջըրուսալեմ փոստին» տված հարցազրույցում նշել է, որ «կողջուներ յուրաքանչյուր թուրքի, ով կընդուներ Հայոց ցեղասպանության փաստը»: Կառույցը ևս ընդդիմանում է Մեծ եղեռնի ճանաչմանը Կոնգրեսում: Հարիսի խոսքերով՝ AJC-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական երկխոսությանը:

ԱՄՆ ազդեցիկ հրեական միություններից է ԱՄՆ հրեական կոնգրեսը: Կազմակերպության մոտեցումը ևս միանշանակ թուրքանպաստ համարել չի կարելի: Կառույցի կայքէջում նշված է, որ օրինագծի հաստատման հավանականությունն աճել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի և հրեական կառույցների պասիվ մոտեցման պատճառով: «Մեծ թվով հրեական միություններ ցեղասպանության ճանաչման կողմնակիցն ու մերժողականության ընդդիմադիրներն են»,- նշված է կայքէջում: Հրեական կոնգրեսը գրում է Հենրի Մորգենթաուի հուշերի, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին: Կառույցը Հայոց եղեռնի ճանաչման կողմնակից չէ, բայց այս հաղորդագրության «տողատակում» ակնհայտ նկատվում է, որ ընդունում են պատմական իրողությունը:

Միացյալ Նահանգներում ազդեցություն ունի նաև Կանադայում գործող Բնայի Բրիթ միությունը: Հատկանշական է, որ դեռևս 2000թ. դեկտեմբերին Բնայի Բրիթի այն ժամանակվա ղեկավար Հեյդերմանը հայտարարել էր, թե հրաժարվում է Մեծ եղեռնի օրինագծերի դեմ պայքարում սատարել Թուրքիային, սակայն հետագա տարիներին Անկարային հաջողվեց «հետ շահել» նշված կառույցի «բարեհաճությունը»: Թուրքական կողմը, բացի աշխարհաքաղաքական թեմաների շահարկումից, լայնորեն կիրառում էր նաև ԱՄՆ-ում թուրքական դիվանագիտական կառույցի կազմակերպած միջոցառումներին հրեական տարբեր միությունների ներկայացուցիչներին հրավիրելու, անձնական ջերմ շփումներ հաստատելու գործելաոճը:

Ներկայումս ԱՄՆ-ում գործող «Սիմոն Վիզենտալ» կազմակերպության Իսրայելի գրասենյակի ներկայացուցիչը ևս հայտարարել է, որ իրենք ճանաչում են Մեծ եղեռնի փաստը: Իսրայելի «Ակադեմիական քոլեջ» հաստատությունից Դով Շինարը թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային կայքին հայտարարել է. «Իսրայելը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը և նույնը սպասում է նաև Թուրքիայից»: Նա նաև նշել է, որ մերժողականությունը Թուրքիային որևէ օգուտ չի տալիս: Շինարի խոսքերով՝ ԱՄՆ-ում հրեական միությունների սկսած վերջին շարժումը Իսրայելից հրահանգված չի եղել: «Ջերուսըլեմ փոստի» օգոստոսի 27-ի հրապարակման մեջ ևս նշվում է. «Իսրայելի իշխանությունները ձգտում են համոզել Թուրքիայի իրենց գործընկերներին, որ Իսրայելը չի կազմակերպել հրեական միությունների կողմից հայտարարությունները և Իսրայելը չի վերահսկում ԱՄՆ հրեական միությունները»: Մինչդեռ Իսրայելում Թուրքիայի ներկայիս դեսպան Նամիկ Թանը հրաժարվել է ընդունել այս փաստարկները: Վերջինս Թուրքիայի փորձառու դիվանագետներից մեկն է, մինչև վերջին նշանակումը եղել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը, ավելի վաղ աշխատել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը: «Ջերուսըլեմ փոստն» այս առիթով նշում է. «90-ականներին Թանը 2 ժամկետ ծառայել է Վաշինգտոնում և սերտորեն աշխատել ԱՄՆ հրեական միությունների հետ Հայկական հարցով: Նա նշում է, որ Իսրայելն այդ ընթացքում ցույց է տվել, որ ունակ է Հայկական հարցում վերահսկել իր կազմակերպությունները»: «Ջերուսըլեմ փոստ» թերթին տված հարցազրույցում Թանը հույս է հայտնել, թե Իսրայելը կաշխատի հրեական կառույցների հետ, որպեսզի Կոնգրեսում փաստաթուղթը չհաստատվի: «Թեև ԱՄՆ հրեական միությունները ԱՄՆ կազմակերպություններ են, բայց նաև գիտենք, որ դրանք Իսրայելի հետ են համակարգում իրենց գործունեությունը»,- նշել է թուրք դիվանագետը, ինչին, ըստ թերթի, Իսրայելի պաշտոնյաներից մեկը պատասխանել է. «Լինում են դեպքեր, երբ Իսրայելը շատ բան չի կարող անել, և սա այդ դեպքերից մեկն է»:

Անկարան այս աշխատանքում ներգրավել է նաև Թուրքիայի քաղաքացի հրեաներին: Ստամբուլում բնակվող գործարար Ջեկ Քամհին նամակ է հղել Ընդդեմ խտրականության լիգայի անդամներին և ԱՄՆ հրեական միություններին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիային սատարելու կոչով: Օրինագծի աջակիցներից մեկը՝ ազգությամբ հրեա, Նյու Յորքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված դեմոկրատ Հարի Աքերմանը, նշել է, որ Թուրքիայի հրեաներն իրեն ևս դիմել են Եղեռնի վերաբերյալ դիրքորոշումը վերանայելու հարցով: «Նրանք խնդրում էին, որ հարցը կարգավորվի ոչ թե Կոնգրեսում, այլ ուրիշ հարթությունում»,- նշել է Աքերմանը:

Նույն «Ջերուսըլեմ փոստ» հանդեսում հրապարակվեց նաև Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան նախկին խորհրդական Լենի Բեն Դևիդի «Հայերը երկուսուկես միլիոն մահմե-դական և հրեաների են ոչնչացրել» խորագրով հոդվածը: Վերջինս մինչև 2007թ. հունիս ամիսը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան խորհրդականն է եղել: Նա ԱՄՆ հրեական միություններին և ԱՄՆ կառավարությանը հայկական հարցում աչալրջություն ցուցաբերելու կոչ էր անում: Բեն Դևիդի խոսքերով՝ 1914-20թթ. հայերը ոչնչացրել են երկուսուկես միլիոն (!) մահմեդականների, իսկ 1918-ի ընթացքում սպանվել են 3 հազար հրեաներ Ադրբեջանի Ղուբայի շրջանում:

Հետաքրքրական է նաև Իսրայելի առողջապահության նախարար Յակով Բեն Յիզրիի վերջին հայտարարությունը: Նա նշել է, որ հրեա ժողովուրդն առանձնահատուկ համակրանք և հարգանք ունի հայ ժողովրդի հանդեպ, քանի որ հայերը ևս ենթարկվել են ջարդի: «Իսրայելի կառավարությունը երբևէ չի մերժել 1915թ. տեղի ունեցած սարսափելի կոտորածները և հասկանում ու կիսում է հայ ժողովրդի զգացումները, քանի որ հաշվի է առնում զոհերի թիվն ու հայերի կրած սարսափելի կորուստները»,- նշել է Բեն Յիզրին: Հատկանշական է, որ վերջինս հայտարարությունն արել է արձակուրդում գտնվող արտգործնախարար Ցիպի Լիվնիի անունից:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ևս անդրադարձել է խնդրին` նշելով, որ հարկավոր է անցյալը համատեղ ուսումնասիրելով նայել ապագային: Նա ևս դեմ է հանդես գալիս Մեծ եղեռնի վերաբերյալ Կոնգրեսի օրինագծին: Նրա դիրքորոշման մեջ, թերևս, նույնպես ինչ-որ տեղաշարժ առկա է, քանի որ 2002թ. Պերեսը հրապարակայնորեն մերժել էր Հայոց եղեռնի փաստը: Գործնականում ցեղասպանության մերժողականությունն անընդունելի է դառնում միջազգային շրջանակներում, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում հայկական կողմի համար՝ ճնշումն ուժեղացնելու առումով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր