• am
  • ru
  • en
Версия для печати
29.01.2008

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

1_internet_ (medium) Ինտերնետում տարեցտարի ավելանում են ԼՂ թեմային նվիրված՝ հակահայ բովանդակությամբ կայքէջերը, որոնք պատրաստվում են գերազանցապես Ադրբեջանում, ինչպես նաև արտասահմանյան պետություններում բնակվող ադրբեջանական համայնքների կողմից: Ցեղասպանության մերժողականության, ԱՍԱԼԱ-ի գործողությունների, ՀՀ պատմության խեղաթյուրման և հակահայ ուղղվածության այլ թեմաներով կայքէջեր են պատրաստվում նաև Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն ներկա պահի դրությամբ Բաքուն իր ակտիվությամբ գերազանցում է «ավագ եղբորը»:

Մասնավորապես, արցախյան հարցում ադրբեջանա-թուրքական կայքերի առատությունն ակնհայտորեն տեսնելու համար բավական է ինտերնետի որոնման համակարգերում (www.google.com, www.yandex.ru և այլն) հավաքել «Karabagh» կամ «Garabagh», և որոնման համակարգը կներկայացնի ավելի շատ ադրբեջանա-թուրքական, քան հայկական տեղեկատվական հանգույցներ: Եթե փոխարենը որոնման համակարգում զետեղենք «Artshakh», ապա միանշանակ կգերակշռեն հայկական կայքէջերը, սակայն պետք է հաշվի առնել, որ միջազգային հանրությանը «Արցախ» տարբերակը գրեթե անհայտ է, և թեմային ծանոթանալու համար արտասահմանի բնակիչը կառաջնորդվի իրեն հայտնի «Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղ» կապակցություններով: Այսպիսով, քարոզչական առումով Ադրբեջանը և Թուրքիան շոշափելի աշխատանք են կատարել, հասել են հաջողությունների, որոնք որոշ չափով փոխել են վիճակը տեղեկատվական պատերազմում և, ըստ էության, միշտ չէ, որ հանդիպում են հայկական կողմի հակազդեցությանը:

www.irevan-az.com - Նշված կայքէջը ադրբեջանական կողմի ակտիվացման ամենացցուն վկայություններից է: Այն հայերեն լեզվով ադրբեջանական սայթ է, որտեղ Բաքուն տեղակայում է քարոզչական բնույթի նյութեր, լուրեր և ապատեղեկատվություն, վերլուծականներ, պատմական ակնարկներ, աուդիոձայնագրություններ, լուսանկարներ և նույնիսկ հայկական թեմաներով ծաղրանկարներ: Կայքում առկա են Ղարաբաղյան պատերազմի և Խոջալիի դեպքերի թեմաներով բաժիններ, ֆոտոարխիվ: Տեղակայված են Արցախի «անվտանգության գոտու» լուսանկարները, Աղդամի ներկայիս տեսքի, Ղուբաթլիի լքված բնակավայրերի պատկերներ: Անհասկանալի է մնում նաև, թե ինչպես է ադրբեջանական կողմը կարողանում ձեռք բերել ԼՂՀ անվտանգության գոտու, այսինքն՝ ռազմականացված և ճակատային գծին հարող շրջանների մեր օրերի լուսանկարները:

Նշենք նաև, որ վերոնշյալ կայքէջն ունի բավական բարձրորակ և գրագետ հայերեն շարադրանք: Լեզվական խոտան, սայթաքումներ ու տառասխալներ թեև կան, բայց դրանք շատ չեն: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բուն հայկական կայքէջերը ևս առանձնապես անթերի չեն: Պետք է ենթադրել, որ կայքէջի պատրաստման վրա աշխատում են նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիներ, որոնք տիրապետում են հայերենին: Հնարավոր է նաև առավել «հոռետեսական» տարբերակ` հայ մասնագետների հավաքագրման վերաբերյալ, ինչը թեև քիչ հավանական է, բայց տեսականորեն բացառված չէ: Կայքէջը միանշանակ պատրաստված է ադրբեջանական «պետպատվերով»:

Հայկական կողմը ադրբեջաներեն որևէ քարոզչական կայք չունի: Որքան հայտնի է, գործում են թուրքերեն տարբերակներ` «Ազգ» օրաթերթի թուրքերեն բաժինը և www.ermeni.org թուրքալեզու կայքը:

Պետք է նշել, որ հայերեն լեզվով կայքը քարոզչական առումով մեծ արդյունքների հանգեցնել չի կարող, քանի որ Բաքուն հայ ընթերցողին սեփական մոտեցումները վերանայելուն մղելու նվազագույն հնարավորություններ ունի: Այս պարագայում առավել կարևորն այն փաստն է, որ Ադրբեջանում կարող են աշխատել այդպես «լայն ճակատով», բացել ոչ միայն ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն, այլ նաև հայերեն կայք: Սայթն առաջին հերթին «հոգեբանական գրոհի» և ոչ թե քարոզչության էֆեկտ ունի: Հակառակորդ կողմն ակնհայտորեն ակտիվ աշխատանք է ծավալել:

Դեկտեմբերին գործարկվել է նաև կայքի ռուսերեն տարբերակը:

www.iravan.com կայքը ներկայացնում է «տվյալներ» ներկայիս Հայաստանի` պատմական ադրբեջանական տարածք լինելու մասին։ Առանձին ներկայացված են Հայաստանի այն տեղանունները, որոնք ունեն ադրբեջանա-թուրքական ծագում և հայացվել են` Համամլու (Սպիտակ), Չոմբուրուք (Ճամբարակ), Աղբուլաղ (Լուսաղբյուր), Նոր Բայազետ (Գավառ), Ջալալօղլի (Ստեփանավան) և այլն: Նշված են հանրագիտարանի տեղեկություններն այս քաղաքների և բնակավայրերի հիմնադրման, բնակչության թվի աճի, տեղանունների փոփոխության տարեթվերի մասին: Նորություն է նաև այն, որ կայքում տեղակայված է Արարատ լեռան պատկերը՝ որպես Արևելյան Հայաստանի հանդեպ ադրբեջանցիների «նոստալգիայի» խորհրդանիշ:

www.karabakh.gen.az-ը կենտրոնացել է «ադրբեջանցիների ցեղասպանության», Խոջալիի, «հայկական ահաբեկչության» և Ղարաբաղյան պատերազմի թեմաների շուրջ: Կայքում պրոֆեսոր Իսմայիլ Վելիևը ծավալուն հրապարակմամբ դատապարտում է ՀՅԴ գործունեությունը և նրա քաղաքական գիծը: Ադիլ Բաղիրովը նշում է, թե Ղարաբաղյան բանակի ուժի մասին տեղեկությունները կեղծիք են, որ կազմակերպել են հայերի կողմից վճարված լրագրողները` այս համատեքստում հիշելով նաև ռուսական HTB հեռուստաալիքի տեսաֆիլմը ԼՂՀ ՊԲ թեմայով: Նույն կայքում ադրբեջանական կեղծիքների շարքում ներկայացված են ՀՀ-ում, մասնավորապես՝ «Զանգեզուրում և անվտանգության գոտու տարածքում ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին» կեղծ տեղեկություններ:

www.karabakh.co.uk կայքը հիմնադրվել է «Լոնդոնի ադրբեջանական համայնք» կազմակերպության, մասնավորապես՝ կառույցի անդամներ Թալե և Նիժաթ Հեյդարովների կողմից: Այն ևս ունի պատմական ակնարկի, լուսանկարների, աուդիոձայնագրությունների, տեղեկությունների և վերջինիս խառնված ապատեղեկատվության բաժիններ: Այս կայքում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ անվանի ադրբեջանցի մշակութային, ռազմական գործիչներին: Ծնունդով արցախցի ադրբեջանցի ռազմական գործիչների ցանկը սահմանափակվում է 5 անուններով, որոնցից 3-ը ուշ միջնադարի ժամանակաշրջանից են, իսկ 2-ը խորհրդային գործիչներ են` գնդապետ Ասլան Վեզիրովը և գեներալ Խալիլ Մամեդովը: Այս առումով ԼՂ հայազգի միայն մարշալների թիվը գերազանցում է ադրբեջանցի բարձրաստիճան զորականների հանրագումարը:

www.human.az կայքը պատրաստված է պատերազմի գերիների և անհետ կորածների պետական հանձնաժողովի կողմից: Տեխնիկական առումով կայքը բավական բարձր որակի է, բացի տեղեկատվական մասից այն ներկայացնում է նաև մուլտիմեդիա ձևաչափով հոլովակներ, երաժշտություն, կլիպներ: Բովանդակային առումով կրկնում է նախորդ սայթերը: Գործում է բաժին «հայկական ահաբեկչության» թեմայով, ներկայացվում են ՄԱԿ որոշումները ԼՂ հակամարտության վերաբերյալ, մեջ է բերվում Հ.Ալիևի հրամանը մարտի 31-ը «ադրբեջանցիների ցեղասպանության օր» նշելու վերաբերյալ և այլն:

http://www.khocaly.s5.com կայքը, բացի վերոնշյալ բաժիններից, անդրադառնում է նաև Ռամիլ Սաֆարովի անձին, նա ներկայացվում է դրական շեշտադրումներով: Առանձին ներկայացված են ներկայումս ԼՂՀ ՊԲ կողմից վերահսկվող տարածքների նախապատերազմական շրջանի լուսանկարները, «1918-20թթ. հայերի կողմից իրականացված ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության պատմությունը»: «Ադրբեջանի Հանրապետության 20%-ը շարունակում է գտնվել հայկական օկուպացիայի տակ: Ոչինչ և ոչ ոք չի մոռացվել, այս հողը կանչում է միակ իրական հայրենասեր սերնդին` մեզ»,- նշված է կայքում:

Խոջալիի «ցեղասպանության» թեմայով է նաև www.khojaly.net կայքը: Տեղակայված են լուսանկարներ, փաստաթղթեր, վկայություններ և այլն: http://azerigenocide.org կայքն անդրադառնում է «Խոջալիի ցեղասպանությանը» և «ադրբեջանցի ազգի դեմ ցեղասպանական այլ գործողություններին»:

http://aliyevheritage.org կայքն օնլայն գրադարան է, որտեղ զետեղված է էլեկտրոնային տեղեկատվություն Հեյդար Ալիևի գործունեության մասին, ներկայացված են նրա ելույթները, հայտարարությունները: Հիմնադրվել է 2004թ. մայիսի 10-ին: Կայքէջն ունի 26(!) լեզուներով բաժիններ: «Էլեկտրոն քիթափխանա»յում զետեղված են Հեյդար Ալիևի ելույթները ԼՂ հակամարտության վերաբերյալ` ժամանակագրական կարգով` 1993-ից մինչև 2002թթ.:

www.youtube.com կայքում ներկայացված են ԼՂ թեմայով 2 տեսահոլովակ, որոնցից մեկում հնչում է ադրբեջանական երաժշտություն, մյուսում պատկերված են իբր թե ռուս վարձկաններ, որոնք պատերազմել են ԼՂ-ում` հայկական ուժերի կողմից:

Հակահայ բովանդակությամբ ադրբեջանական կայքէջերն այսքանով չեն սահմանափակվում. http://karabakh-doc.azerall.info, http://www.tallarmeniantale.com, http://www.war-culture.az, http://conflict.aznet.org, http://www.azerbaijanfoundation.org, http://www.human.gov.az, http://www.azeri.ws, http://www.axtar.az, http://www.azeribook.com, http://shusha.aznet.org սայթերն ադրբեջանական քարոզչական հարձակման դեռևս ոչ լիարժեք թվարկումն են: Այս առումով նպատակահարմար են թվում ՀՀ տեղեկատվական անվտանգության ռազմավարության հստակեցումը, «հակահարվածների» մեխանիզմների մշակումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր