• am
  • ru
  • en
Версия для печати
06.06.2008

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԹԵՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԼՄ-ՈՒՄ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

image (original) Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Մեծ եղեռնի տարելիցը լրատվամիջոցների, վերլուծական տարբեր կառույցների, քաղաքական գործիչների, պետական համակարգի ուշադրության կենտրոնում է: Ուշագրավ է Անկարայի Հայկական հետազոտությունների ինստիտուտի (www.eraren.org) կայքում ապրիլի 21-ին տեղադրված վերլուծականը տարելիցի օրերին ՀՀ-ում և Սփյուռքում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ: Այս հրապարակումը հետաքրքրական է այն առումով, որ վկայում է թուրքական կառույցի կողմից հայկական մամուլը, ՀՀ և Սփյուռքի համապատասխան կայքէջերն ուսումնասիրելու, իրազեկված լինելու մասին: Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտը Թուրքիայում հայկական ուղղությամբ տեղեկատվական-վերլուծական աշխատանք կատարող հիմնական կառույցներից մեկը կարող է համարվել:

Թուրքական վերլուծականը նշում է, որ Մեծ եղեռնի տարելիցի առիթով միջոցառումներն արդեն մեկնարկել են. «Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի պես գերտերությունների կողքին Հարավային Կիպրոսի հունական հատվածում, Բուլարիայում, Լեհաստանում, Վրաստանում, Լիբանանում ևս շարժ է նկատվում»:

Վերլուծականի հեղինակն ընդգծում է Թբիլիսիում տեղի ունենալիք «1915-1923թթ. Հայոց ցեղասպանություն. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» գիտաժողովի մասին, որը բնութագրվում է որպես «աննախադեպ»: Ռուսաստանի Հայերի միության նախաձեռնությամբ ՌԴ-ում ապրիլի 20-ից կազմակերպված միջոցառումների և «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ տեղեկությունները վերցված են ՌԴ մամուլից: Հատկանշական է, որ Մոսկվայում «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրության և այլ միջոցառումների մասին ՀՀ մամուլում, հոդվածի պատրաստման պահի դրությամբ, հրապարակումներ դեռ չէին եղել:

Հոլանդիայի հայկական կազմակերպությունների համադաշնության կայքից է վերցված Նիդեռլանդների թագավարությունում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը: Թուրքական կառույցը նաև մանրամասնում է Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կիպրոսում տեղի ունենալիք միջոցառումները:

Ուշագրավ է թուրք վերլուծաբանի դիտարկումը, թե 2008թ. Մեծ եղեռնի հետ կապված հիշատակի միջոցառում է տեղի ունենալու նաև… Թուրքիայում: Ապրիլի 24-ին Ստամբուլի «Բիլգի» համալսարանում կընթանա գիտաժողով՝ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915թ.» խորագրով: Ըստ առկա տեղեկությունների, միջոցառմանը մասնակցելու էին ազատական հայացքներ կրող մի շարք թուրք հասարակական գործիչներ և մտավորականներ, մասնավորապես նախատեսված էր «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագիփ Զարաքոլուի, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախկին փոխղեկավար և կառույցի Ստամբուլի գրասենյակի նախկին ղեկավար Էրեն Քեսքինի մասնակցությունը: Լոնդոնից ժամանելու էր «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն, բրիտանահայ պատմաբան Արա Սարաֆյանը: Ակնհայտ է, որ Թուրքիայում մոտեցումները միջոցառմանը միանշանակ չեն լինելու: Թուրքական կայքը հարցադրում է կատարում, թե ինչպես է գործելու Թուրքիայի դատաիրավական համակարգը` հաշվի առնելով, որ Արա Սարաֆյանը կարող է իր ելույթում խոսել Հայոց ցեղասպանության փաստի մասին: Նման հայտարարությունները, ըստ էության, կխախտեն 301-րդ հոդվածը:

«Այսպիսով, Սփյուռքում և Հայաստանում ապրիլի 24-ի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումները փոխադրվում են նաև Թուրքիա: Սա հող կնախապատրաստի առաջիկայում Հայոց ցեղասպանության պնդումներին ի պաշտպանություն ձեռնարկվելիք մյուս քայլերի համար»,- գրում է Հայկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակցուհի Յըլդըզ Դևեջին:

Նկատելի է, որ թուրք վերլուծաբանը ամբողջությամբ չի պատկերացնում Սփյուռքում կազմակերպվելիք միջոցառումները, բայց ընդհանուր առմամբ հետևում է ընթացքին և պատկերացնում աշխատանքը: Չի բացառվում նաև, որ ինտերնետում հրապարակվի Յ.Դևեջիի ավելի ամբողջական վերլուծականի կրճատ տարբերակը:

«Ջումհուրիեթ» օրաթերթում ուշագրավ է նախկինում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան, ներկայումս ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Շյուքրյու Էլեքդաղի վերլուծականը: Նա մասնավորեցնում է, որ 80-ականներին, երբ Հայոց ցեղասպանության հարցը դրվում էր ԱՄՆ օրենսդրի օրակարգում, կային կոնգրեսականներ, որոնք մերժում էին ցեղասպանությունը: Ներկայումս, թեև Եղեռնի վերաբերյալ օրինագիծը ժամանակավորապես սառեցվել է, պատկերն այլ է:

«20-25 տարի առաջ ԱՄՆ-ում որպես դեսպան աշխատելուս ընթացքում, երբ Կոնգրեսում քննարկման էին դրվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծերը, Թուրքիայի հանդեպ բարեկամաբար տրամադրված կոնգրեսականներն ընդդիմանում էին և հայտարարում, թե հայկական պնդումները պատմագիտական առումով անհիմն են: Նախորդ տարի հոկտեմբերին մասնակցել եմ նիստին, և ոչ մի կոնգրեսական չասաց, թե Թուրքիան իրավացի է: Դեմ քվեարկողները դա պայմանավորում էին այն հանգամանքով, որ ընդունվելու պարագայում Թուրքիայի կառավարությունը հասարակական ճնշման ներքո կփակի թուրք-իրաքյան սահմանադուռը, «Ինջիրլիք» ռազմակայանը, կտուժի ԱՄՆ-ից Իրաք և Աֆղանստան նյութական մատակարարման հարցը»: Նախկին դեսպանը գտնում է, որ նման զարգացումներով Թուրքիան, անկասկած, խաղը տանուլ է տալու:

«Հյուրիեթ» օրաթերթը նշում է, որ ամերիկացի «պատմաբան» Գյունթեր Լևին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Սթիվընս Թեքնոլոժի ինստիտուտում ապրիլի 21-ին ելույթ է ունեցել և պաշտպանել թուրքական մերժողական թեզը: Միջոցառումը կազմակերպել էր Վաշինգտոնում գտնվող Թուրքական հետազոտությունների ինստիտուտը: Լևին հայտարարել է, թե աշխատել է բրիտանական, գերմանական և ամերիկյան արխիվներում և հանգել եզրահանգման, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Գյունթեր Լևին Թուրքիայի «բարեկամ» պատմաբաններից է, ով Ջասթին Մըկքարթիի, Հիթ Լոուրիի, Էրիխ Ֆեյգլի և մյուս «բարեկամների» հետ առաջ է մղում Հայոց ցեղասպանությունը մերժելու կեղծ թեզը: Այս բարեկամ «պատմաբաններն», անկասկած, աշխատում են թուրքական պետության «դրամաշնորհների» հաշվին:

Ի դեպ, պետք է նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Ջասթին Մըկքարթին ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Լևոն Մարաշլյանի համակուրսեցին է եղել ուսանողական շրջանում և իրականում քաջատեղյակ է պատմական իրողությանը:

Թուրքիայի լրատվամիջոցներում լայն արձագանք կա Ավստրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ուրսուլա Պլասնիկի և Ալի Բաբաջանի հանդիպման ընթացքում հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձի թեմային, նաև Բաբաջանի կողմից ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղված շնորհավորական նամակին:

Այս թեման լուսաբանվել է նաև ՀՀ ԶԼՄ-ում: Թեմային մանրամասն անդրադարձել է նաև ֆրանսիական «Լը Մոնդը»: Վերջինիս հոդվածն արտատպել է թուրքական «Սաբահ» օրաթերթը: Ի դեպ, «Լը Մոնդը» նաև շեշտել է, որ «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկու նախապայման է առաջադրում` ԼՂ հիմնախնդրի կարգավորում և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, մինչդեռ Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում»: Ֆրանսիական թերթը նշում է, որ հնարավոր է ԱՄՆ-ում Մեծ եղեռնի ճանաչման օրինագիծն օրակարգ բերվի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների նախօրեին:

Թուրքական «Ռադիքալ» օրաթերթում տպագրվել է Ահմեթ Ինսելի «Հայկական բռնագաղթը և բարոյական պատասխանատվությունը» հրապարակումը: «Ռադիքալը» Հայկական հարցում ամենաազատական մոտեցումներ դրսևորող կենտրոնական լրատվամիջոցը կարող է համարվել: Հեղինակը 1915թ. իրադարձություններն անվանում է «Մեծ աղետ», որը կարող է դիտվել որպես «Մեծ եղեռն» կապակցության համարժեք: Ինսելը, մեջբերելով երիտթուրքական հայտնի թեզը, թե «1915-ից հետո Հայկական հարց գոյություն չունի», գտնում է, որ «Հայկական հարցը իրապես կարող է լուծվել, երբ այս տարածքում ապրողները բարոյական պատասխանատվություն ստանձնեն 1915-ին օսմանյան հայերի կրած անմարդկային տառապանքների համար»: «Այդ ժամանակ կարող ենք կիսել օսմանյան շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ցավը և ազատվել գործած մեղքերից»,- գրում է ազատական հրապարակախոսը:

Թուրքական մամուլն անդրադառնում է նաև Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Մեծ եղեռնի տարելիցի առիթով հանրահավաքների անցակցմանը: «Սաբահը» շեշտել է ապրիլի 26-ին Նյու Յորքի Թայմ սքվերում թուրքական մերժողական հանրահավաքի անկացման փաստը:

«Հյուրիեթ» թերթը ապրիլի 22-ի համարում նշել է, որ Սպիտակ տան ղեկավարն, ըստ ԱՄՆ-ից ստացված տեղեկությունների, ապրիլի 24-ին, ինչպես և նախորդ 7 տարիներին, չի օգտագործի ցեղասպանություն բառեզրը:

Նշենք, որ Բուշը մերժել է խոստումը, իսկ նախընտրական նման որևէ խոստում չտված՝ Կանադայի վարչապետ Սթիվըն Հարփերը 3-րդ տարին է, ինչ ապրիլի 24-ին հանդես է գալիս հայտարարությամբ` կատարվածը բնութագրելով որպես «ցեղասպանություն»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր