ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՍՓՅՈՒՌՔԻ» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ
Արտասահմանյան պետություններում աստիճանաբար «արմատակալող» ադրբեջանական համայնքային կազմակերպությունները չեն թաքցնում, որ իրենց հիմնական խնդիրներից է նաև Հայաստանի դեմ քարոզչական ակտիվ աշխատանք իրականացնելը և, ադրբեջանական կողմի բնութագրմամբ, «աշխարհին Ադրբեջանի վերաբերյալ ճշմարտությունը» հասցնելը: 2006թ. մարտի 16-ին Բաքվում, Աշխարհի ադրբեջանցիների 2-րդ համաժողովին, Իլհամ Ալիևը նշեց. «Չնայած Ադրբեջանը հակամարտության մեջ տուժած կողմ է հանդիսանում, աշխարհում Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ թյուրըմբռնում կա, որը հայկական սփյուռքի քարոզչության արդյունքն է»: Ավելի ուշ Ի.Ալիևը հայտարարեց «Հայաստանի վրա բոլոր ուղղություններով, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում, գրոհելու ծրագրի մասին» (տե՛ս www.day.az, 22.06.2007):
Ադրբեջանական տեղեկատվական ագրեսիայի գործին կցվել է նաև «սփյուռքը»: Արտասահմանում հիմնադրվում են ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներ` թերթեր, կայքեր, ամսագրեր, հրատարակվում, տարածվում է գրականություն: Առանցքում Ղարաբաղյան հիմնախնդիրն է, Ադրբեջանը, համայնքը ներկայացվում են դրական լույսի ներքո, կան պատմական, մշակութային բնույթի հոդվածներ, հարցազրույցներ համայնքային գործիչների հետ: Հայկական թեմատիկային չվերաբերող հրատարակությունները ևս առնչություն ունեն հայկական կողմի շահեր հետ, քանի որ նման քարոզչությամբ Ադրբեջանը լուծում է արտասահմանում բնակվող հայրենակիցներին Ադրբեջանի հետ կապելու, ազգային համախմբվածություն ապահովելու հիմնախնդիրներ:
Արտերկրի ադրբեջանական ԶԼՄ-ից, թերևս, առաջնահերթ պետք է նշել ադրբեջանական «Եվրոխաբար» («Euroxeber») թերթի մասին, որի առաջին համարը լույս է տեսել 2004թ. հուլիսի 11-ին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Բաքվի մամուլի ակումբում: Պաշտոնապես նշվում է, որ թերթն ունի մոտ 4 հազար տպաքանակ, ինչը, հնարավոր է, որոշ չափով չափազանցված ցուցանիշ է: Թերթը տարածվում է ԵՄ պետությունների ադրբեջանական համայնքներին, ուղարկվում է ԵՄ, Եվրախորհրդի, ԵԱՀԿ պաշտոնյաներին, ԵՄ պետությունների օրենսդիրներին: «Եվրոխաբարն» ունի նաև կայք` www.euroxeber.com:
Թերթը հրատարակում է 2000թ. Բրյուսելում հիմնադրված «Ադրբեջանական տուն» կազմակերպությունը, որի հիմնադիրն է Գյուրջամ Բյուլենթ Ֆերմանօղլուն։ Նա կարող է բնութագրվել որպես ԵՄ-ում ադրբեջանական «սփյուռքի» ամենաակտիվ գործիչներից մեկը: Ծնվել է 1962թ. Իգդիրում: Ի դեպ, Ֆերմանօղլուները սերում են Հայաստանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից: Գյուրջամ Բյուլենթ Ֆերմանօղլուի ծնողները 1930-ականներին Հայաստանից փոխադրվել են Թուրքիա: 1980թ. Ֆերմանօղլուն հաստատվել է Բրյուսելում, աշխատել որպես թուրքական «Հյուրիեթ» և «Թերջյուման» թերթերի թղթակից: 1987թ. հիմնադրել է թյուրքալեզու «Գյուրբեթ» թերթը, որը Բելգիայում առաջին թյուրքալեզու տպագիր օրգանն էր: 1995թ. Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան հիմնադրումից հետո 5 տարի աշխատել է դեսպանատանը, ապա, 2000թ., բացել «Ադրբեջանական տունը», ինչից կարելի է հետևություն անել, որ աշխատանքն արվել է Բաքվի «պետպատվերի» շրջանակում:
Ջանֆիդայից սերող լոբբիստը 2003-ից Խոջալիի դեպքերի տարելիցի օրերին հրապարակում է «Ջենոսայդ» հատորյակը:
Այս գործիչը ներկա է եղել նաև Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի դատավարության նիստերին, այս թեմայով ադրբեջանական ԶԼՄ-ին տեղեկատվություն փոխանցող հիմնական լրագրողն է եղել:
Մոսկվայում լույս են տեսնում 2 ռուսալեզու ծավալուն թերթեր` «Ազեռռոս» և «Ազերբայջանսկի կոնգրես»: Հրատարակիչներն են ՌԴ-ում 2 խոշորագույն՝ «Ազեռռոս» (Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային մշակութային ինքնավարություն) և «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» (Всеройссийский азербайджанский конгресс - ВАК) ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները:
«Ազեռռոսը», չնայած Բաքվի բոլոր ջանքերին, չի ենթարկվում Ադրբեջանի իշխանություններին: Թերթը ղեկավարվում է տեղի ադրբեջանցի գործարարների, մասնավորապես՝ Սոյուն Սադիխովի կողմից, որի հարաբերությունները Բաքվի հետ բավական լարված են: «Ազեռռոսի» խմբագրակազմում աշխատում են ռուսներ, գլխավոր խմբագիրն է ազգությամբ ռուս Ալեքսանդր Բաբյակինը: Հայկական թեմային անդրադառնալիս թերթի ռուս լրագրողներին երբեմն որոշակի ազատական մոտեցումներ են «թույլ տալիս»: Այստեղ, թերևս, պետք է նշել նաև այն փաստը, որ թերթը մասամբ ֆինանսավորվում է ՌԴ պետբյուջեից: Մասնավորապես, հայտնի է, որ 2001-2004թթ. հատկացվել է 150 հազար ռուբլի:
Հոդվածներից մեկում «Սուխոյ» ավիաշինարարական ընկերության փոխղեկավար Վլադիմիր Իլյուշինը դրվատանքով է արտահայտվում տնօրեն Միքայել Պողոսյանի մասին: Սակայն Ղարաբաղյան հարցում «Ազեռռոսը» կոշտ մոտեցումներ ունի, որոնք պաշտոնական Բաքվի դիրքորոշումներից չեն տարբերվում:
«Ազերբայջանսկի կոնգրես» թերթի մոտեցումներն առավել ներդաշնակ են ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը: Թերթի կայքում առանձին բաժնով ներկայացված է հայերի կողմից իբր թե ադրբեջանական հուշարձանների ոչնչացման թեման, «Ռուսաստանի հասարակությանը, գիտնականներին, մշակութային գործիչներին և պարզապես բարի կամքի տեր անձանց հայկական վանդալիզմի դեմ ձայն բարձրացնելու» կոչ է արվում: Այնուհետև ներկայացված է 3 տասնյակի չափ ադրբեջանական հուշարձանների ցանկ Շուշիում և շրջակայքում, «որոնց ճակատագիրը վտանգված է»:
Նիդեռլանդներում գործող ադրբեջանցի կանանց «Անա Վաթան» միության նախագահ Գյուլշեն Քյազիմովայի և Նիդեռլանդներում ադրբեջանական դեսպանատան կողմից Հաագայի Խաղաղության պալատի գրադարանին է նվիրվել 16 հատոր գիրք «Խոջալիի ցեղասպանության» թեմայով, ինչպես նաև հոլանդերենով հրատարակված ադրբեջանցի գրող Գուրբան Սաիդի «Ալի և Նինո» գեղարվեստական պատումը: Վերջինս հոլանդերենով հրատարակվել էր խորհրդային շրջանում: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ գրադարանի տնօրեն Ջերուն Ֆերֆիլթը բարձր է գնահատել ադրբեջանական կողմի նվիրատվությունը:
Արտասահմանում ադրբեջանական կողմի քարոզչական հնարքների շրջանակներում նշենք 2008թ. փետրվարի 26-ին Դյուսելդորֆ քաղաքի «Chanel Europe» հեռուստաալիքով Խոջալիի դեպքերին նվիրված ֆիլմի ցուցադրությունը: Փետրվարի 27-ին թեմային անդրադարձավ նաև Ֆրանկֆուրտի «Сhanel 7-ը»: Ըստ Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետկոմիտեի հաղորդագրության, այս նախաձեռնությունները հնարավոր դարձան «գերմանաբնակ ադրբեջանական համայնքային հաստատությունների» շնորհիվ:
Փարիզում ադրբեջանա-ֆրանսիական երիտասարդական ասոցիացիան սկսել է «Լե Պոն-Մոստ» հանդեսի հրատարակությունը, որը ադրբեջաներեն և ֆրանսերեն հոդվածներ է հրապարակում:
«Լոնդոնի ադրբեջանական համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ «Խոջալիի ողբերգությունը. միջազգային տեսակետ» և «Միջազգային տեսակետներ. Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը» անգլիալեզու ադրբեջանամետ հրատարակությունների օրինակներ են ուղարկվել Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դևիդ Միլիբանդին, համայնքների պալատի 646 անդամներին, ԵՄ խորհրդարանում Բրիտանիան ներկայացնող 78 պատգամավորների, միջազգային լրատվամիջոցների՝ «Վաշինգթոն Փոստին», «Սանդի թայմսին», «Նյու Յորք թայմսին», «Նյուզուիքին», «Բոսթոն գլոբին» և այլն: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ գրքից օրինակներ են ուղարկվել աշխարհի 60 գրադարանների:
Ստրասբուրգում բավական ակտիվացել է «Եվրոպայի ադրբեջանցիների ֆորում» կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար անդամ Էմին Միլիի խոսքերով՝ կառույցը նախատեսում է Եվրոպայում հիմնել ադրբեջանական լրատվական գործակալություն: Այս մասին հայտարարվել է նախորդ տարեվերջին, սակայն ներկա դրությամբ կոնկրետ քայլերի մասին տեղեկատվություն չկա:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]