Իսլամի արմատականացումը Արևմտյան Եվրոպայում


2005թ. հուլիսի 7-ին Լոնդոնում իրականացվեցին չորս պայթյուններ` մետրոյի կայարաններում և հասարակական ավտոբուսում. կան 50-ից ավելի զոհեր և շուրջ 700 վիրավորներ: Դրան անմիջապես հետևեց անգլիացիների պատասխան ռեակցիան. երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցան հարձակումներ մզկիթների և իսլամական մշակութային կենտրոնների վրա՝ ուղեկցված մահմեդականների նկատմամբ բռնություններով:
Մեծ Բրիտանիայում վերջին ահաբեկչությունը տեղի էր ունեցել 1988թ.: Մինչև այժմ այս երկրին հաջողվել էր իր տարածքում խուսափել իսլամական ահաբեկչությունից, չնայած ներգրավվածությանը իրաքյան պատերազմին: Մեծ Բրիտանիան համարվում է իսլամական աշխարհի քաղաքական և մտավոր կարևոր կենտրոն, որտեղ հրատարակվում են արաբական-իսլամական աշխարհում բավական ազդեցիկ և հեղինակավոր ավելի քան 50 առաջատար թերթեր ու ամսագրեր, գործում են հայտնի մի շարք կազմակերպություններ (որոնցից շատերն ունեն արմատական կեցվածք), հազարավոր մզկիթներ:
Ահաբեկչությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Շոտլանդիայում սկսվել էր Մեծ ութնյակի երկրների գագաթաժողովը: Մինչ այդ, հուլիսի 6-ին, Միջազգային օլիմպիական հանձնաժողովը 2012թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի կազմակերպումը հանձնարարել էր Լոնդոնին, ինչը հիմնավորվել էր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անվտանգության կայուն և ուժեղ համակարգի առկայությամբ: Մինչդեռ ահաբեկիչները նպատակ ունեին ապացուցել, որ Մեծ Բրիտանիան ամենևին էլ անհաղթահարելի պատնեշ չէ:
Լոնդոնի ահաբեկչությունը, ինչպես և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց են տալիս, որ լավագույն ոստիկանական կառույցներն ու անվտանգության համակարգերը դեռևս ի զորու չեն ապահովել հուսալի պաշտպանություն: Ի դեպ, Մեծ Բրիտանիան արդեն մշակել է հակաահաբեկչական ռազմավարություն «Contest» խորագրով, որ ներառում է չորս ուղղություններ` կանխարգելում, հետապնդում, պաշտպանություն և պատրաստվածություն:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց մինչ այդ անծանոթ «Եվրոպայի ալ-Կաիդա գաղտնի խմբավորումը»: Կասկածից վեր է, որ ահաբեկչությունը նաև ուղղված էր Իրաքում Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայությանը: Իսլամիստական մի կայքում կազմակերպության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ով, իսլամի ժողովուրդներ, ով, արաբ ժողովուրդներ: Ուրախացեք, քանի որ եկավ խաչակիրների բրիտանական-սիոնիստական կառավարությունից վրեժխնդիր լինելու ժամն այն ջարդերի համար, որ Բրիտանիան սարքեց Իրաքում և Աֆղանստանում: Հերոս մոջահիդներն իրականացրին Լոնդոնի օրհնյալ հարձակումը: Բրիտանիայի հյուսիսային, հարավային, արևմտյան և արևելյան հատվածներում բորբոքվում են վախը, սարսափը և խուճապը»:
Եվրոպայում ահաբեկչության կանխատեսման առումով ուշագրավ է դեռևս 2005թ. ապրիլի 27-ին Հետախուզության և անվտանգության գծով ռազմավարական հետազոտությունների եվրոպական կենտրոնի (ESISC) գլխավոր քարտուղար Կլոդ Մոնիկայի «Մահմեդական երիտասարդության արմատականացումը Եվրոպայում. իրականություն և սպառնալիքի մասշտաբը» խորագրով զեկույցը ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարցերով հանձնախմբում: Զեկուցողը նշել էր, որ իսլամական ծայրահեղականության վտանգը Եվրոպայում շատ իրական է թե՛ քաղաքական, թե՛ ահաբեկչական առումով: Նրա կարծիքով` իսլամական արմատականության տեսանկյունից ամենապայթունավտանգ երկրներն են Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որտեղ մահմեդականները մեծ թիվ են կազմում:
Ընդհանրապես, իսլամը Եվրոպայում խոր արմատներ ունի: Արևմտյան Եվրոպայում կենտրոնացած է աֆրո-ասիական ծագում ունեցող մահմեդական հանրություն, ինչի արդյունքում ձևավորվել է սոցիալ-մշակութային ավանդույթների մի նոր որակ: Եվրոպայում մահմեդական էմիգրացիան, որ առավել ակտիվացավ 1960-70-ականներին, հիմնականում ունեցել է սոցիալ-տնտեսական շարժառիթ: Միաժամանակ, 1980-ականների վերջերից իսլամական արմատական շարժումների մի շարք ակտիվիստներ ու առաջնորդներ, որպես այլախոհներ, ապաստան գտան Եվրոպայում:
Եվրոպայում մահմեդականությունը բազմատարր է: Օրինակ՝ Ֆրանսիայում մահմեդականների մեծ մասն ունի ալժիրյան ծագում, իսկ, ասենք, Մեծ Բրիտանիայում մահմեդականների մեջ գերակշռում են Պակիստանից ու Բանգլադեշից ներգաղթածները:
Չնայած մահմեդական էմիգրանտներից շատերը ժամանակի ընթացքում հարմարվել են նոր միջավայրին, սակայն այսօր նրանց զգալի մասը լուրջ խնդիր ունի եվրոպական հանրության հետ ինտեգրվելու՝ կապված բազմաթիվ խոչընդոտների հետ: Էմիգրանտը հատկապես աշխատանք գտնելու հարցում ենթարկվում է խտրականության, ինչը հանգեցնում է նրա մեկուսացմանը: Վերապրելով հոգեբանական անհարմարություն՝ մահմեդական էմիգրանտը աստիճանաբար դառնում է եվրոպական սոցիումի համար օտար տարր: Արևմտյան ժողովրդավարական արժեքների համատեքստում մահմեդական երիտասարդությունն իրեն զգում է օտար, ոչ պիտանի և ոչ համահունչ իրեն շրջապատող իրականությանը: Այս հանգամանքը բերում է տեղացիների հետ հնարավոր շփումների նվազմանը, սեփական էթնիկական խմբի հետ առավել մերձեցմանը: Ինտեգրման դժվարությունը հանգեցնում է իսլամական ումմային պատկանելու գիտակցության ամրապնդմանը և առանձին դեպքերում` իսլամական ծայրահեղականության ի հայտ գալուն:
Եվրոպայում իսլամական հանրությունն աչքի է ընկնում իր էթնոդավանական խայտաբղետ կազմով: Եվրոպական մահմեդականության մեջ ներկայացված են իսլամական տարբեր ուղղություններ, ներառյալ սուֆիականություն, սալաֆիականություն, ավանդական իսլամ, սուննիական և շիական որոշ աղանդներ:
Թեև մահմեդական առանձին խմբեր ունեն որոշակի էթնոդավանական հետաքրքրություններ ու շահեր, սակայն նրանց համար իսլամը մնում է որպես միավորիչ գործոն: Ասվածի ապացույցն է այն, որ այսօր Եվրոպայի մահմեդականները, անկախ էթնիկ պատկանելությունից, անզիջում պայքարում են, որպեսզի կրթական հաստատություններում աղջիկները հիջաբ կրելու թույլտվություն ստանան:
Արևմուտքի թե՛ քաղաքական և թե՛ ռազմական միջամտությունն իսլամական աշխարհին առնչվող հարցերին, արևմտյան լրատվամիջոցներով հակաիսլամական քարոզչությունը, աջակցությունն Իսրայելին, իսլամի աշխարհի տեսանկյունից խորթ արևմտյան արժեքների ներդրման փորձն իսլամական աշխարհում` Եվրոպայի մահմեդական համայնքներում ավելի են խորացնում Արևմուտքի նկատմամբ առկա անհանդուրժողականությունը` հանգեցնելով իսլամական ծայրահեղականության: Առանձին դեպքերում եվրոպական մզկիթներում հնչում են ատելությամբ լի աղոթքներ: Այն դպրոցներում, ուր հաճախում են մահմեդականներ, ավելի դժվար է դառնում դասավանդել որոշ առարկաներ կամ թեմաներ (օր.` հոլոքոստի պատմություն): Եվրոպայի համալսարաններում գործում են իսլամական շարժումների բջիջներ` «Մահմեդական եղբայրների», «Հիզբալլահի», «Համասի», ալժիրյան, թունիսյան կամ մարոկկոյական կազմակերպությունների նմանությամբ: Եվրոպայի իսլամիստները հանդես են գալիս կրոնաքաղաքական կազմակերպությունների և շարիաթական դատարանների ստեղծման օգտին:
Եվրոպական բանտերում նկատվում է իսլամական տարրի գերակայություն: Սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչության մեջ կասկածվելու համար ձերբակալվել են հարյուրավոր մահմեդականներ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում: Սեպտեմբերի 11-ից ի վեր Եվրոպայում կանխվել են շուրջ քսան խոշոր ահաբեկչական հարձակումներ: Սակայն երկուսն իրականացվել են հաջողությամբ` 2004թ. մարտի 11-ի ահաբեկչությունը Մադրիդում և հոլանդացի ռեժիսոր Թեո վան Գոգի սպանությունը Ամստերդամում 2004թ. նոյեմբերի 2-ին:
Ֆրանսիական ներքին հետախուզական ծառայությունը հետաքրքիր բանաձև է մշակել` գնահատելու իսլամական սպառնալիքի ստույգ մասշտաբները: Ֆրանսիայի օրինակով` նրա 6 միլիոն մահմեդական բնակչությունից պոտենցիալ արմատական է 5 տոկոսը, այսինքն` 300 հազարը, որից 9 հազարը չափազանց վտանգավոր են:
Ուսումնասիրողների կարծիքով` մահմեդական հասարակության արմատականացման հարցում ոչ պակաս կարևոր գործոն են կրոնի սպասավորները, որոնք օգտագործում են եվրոպական հասարակության և մահմեդականների միջև առկա երկփեղկվածությունը, ինչպես նաև մահմեդական քաղաքակրթության նկատմամբ եվրոպական և ամերիկյան քաղաքականության բացասական դիրքորոշումը` հիմնավորելու արմատական իսլամի կարևորությունը:
Կլոդ Մոնիկան առանձնացնում է Եվրոպայում իսլամական ծայրահեղականության մի քանի պատճառներ և դրսևորման ձևեր: Նրա կարծիքով` մահմեդականների նկատմամբ առկա խտրականությունը նրանց մեջ ծնում է եվրոպական հանրությունից օտարվելու զգացում: Մյուս կողմից, որոշ սովորույթներ, ինչպես, օրինակ, բազմակնությունը կամ բարձր ծնելիությունը, խոչընդոտում են, որպեսզի եվրոպական հանրությունը համարժեք կերպով ընկալի նրանց: Եվրոպայում տնտեսական և սոցիալական ճգնաժամն ուժեղ ձևով անդրադառնում է մահմեդական համայնքների վրա: Եվրոպական մի շարք երկրներում գործազրկությունն առավել բարձր է հենց մահմեդականների շրջանում: (Այս առումով ոչ պակաս հետաքրքիր է ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Ժան-Մարի լը Պենի կարծիքը, թե մահմեդականների ինտեգրմանը իսլամական հասարակություն կարող նպաստել միայն աշխատանքը): Իրեն անլիարժեք զգալով եվրոպական հասարակության մեջ՝ մահմեդական երիտասարդությունը լուրջ պոտենցիալ ունի արձագանքելու իսլամական արմատականության կոչերին: Ասվածի ապացույցն է այն, որ լոնդոնյան վերջին ահաբեկչությունը կազմակերպվեց տեղական ռեսուրսով (մահապարտներից երեքը պակիստանյան ծագում ունեին):
Անժխտելի է այն փաստը, որ Եվրոպայում իսլամն արմատականացման միտում ունի, միաժամանակ փոխվում է Եվրոպայի ժողովրդագրական պատկերը: Արդյունքում՝ ավելի է ընդգծվում Արևմուտքի մերժողական վերաբերմունքն իսլամի և մահմեդականների նկատմամբ, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում Եվրոպայում նրանց հետագա համակեցության առումով:
«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]