ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Արաքս ՓաշայանԻրաքահայ համայնքը կազմավորվել է Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներով, եղել Միջին Արեւելքի ավանդական եւ բարգավաճ համայնքներից մեկը: Վերջին երեսուն տարիներին իրաքահայերը երեք պատերազմ են տեսել: Մինչեւ 2003-ի պատերազմն իրաքահայերի թիվը կազմել է 22.000-25.000, որից շուրջ 15-17.000-ը բնակվել է Բաղդադում, մնացյալը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք եւ հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում: Ներկայումս հայերի թիվը մոտ 12.000-ի շրջանակներում է:
Իրաքահայերը հիմնականում ներկայացված են լուսավորչական համայնքով (կան փոքրաթիվ կաթոլիկներ, Բաղդադում գործում է Հայ Կաթողիկե եկեղեցի): Իրաքի Հայոց թեմն էջմիածնական է: Թեմի առաջնորդը ներկայումս Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն է, որը վարում է համայնքի գործերը եւ ներկայացնում համայնքը պետության առաջ: Մայր եկեղեցին Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի աթոռանիստն է:
1932-ից մինչեւ օրս համայնքը գործում է ըստ Կանոնադրության (կամ Ազգային սահմանադրության), որը վավերացված է պետության կողմից: Համայնքի բարձրագույն իշխանությունն ազգային կենտրոնական վարչությունն է, որն ընտրվում է չորս տարին մեկ եւ ունի իր ատենապետը: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2010թ. մայիս–հունիս ամիսներին: Վարչության ատենապետ է վերընտրվել Պարույր Հակոբյանը: Ազգային կենտրոնական վարչության ընտրությանը, որպես կանոն, հաջորդում են թաղական խորհուրդների ընտրությունները:
Իրաքում հայապահպանությանը մեծ հարված հասցրեց 1968թ. իշխանության եկած «Բաաս» կուսակցության` էթնիկ փոքրամասնությունների հարցում տարվող քաղաքականությունը, որի հետեւանքով մասնավորապես` 1972-ից, հայկական ազգային վարժարանները պետականացվեցին: Մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի գոնե հնարավոր դառնա հայերենի եւ կրոնի ուսուցումն արդեն պետական դպրոցներում: Չնայած ավտորիտար վարչակարգի առկայությանը` Սադամ Հուսեյնի իշխանության շրջանում (1979–2003) հայերն ապրել են ապահով եւ բարեկեցիկ կյանքով։ Իրաքահայերը քաղաքական կյանքում որեւէ դերակատարում չեն ունեցել, ինչը բնորոշ է Միջին Արեւելքի հայկական գաղթօջախներին (բացառությամբ` Լիբանանի):
Իրաքահայերը զգալիորեն տուժեցին իրանա-իրաքյան եւ իրաքա-քուվեյթյան պատերազմների տարիներին, սակայն ամենածանր հարվածը համայնքը կրեց 2003–2010թթ. ընկած ժամանակահատվածում:
2003թ. ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացմամբ սկիզբ առած իրավիճակը երկրում ստեղծեց քաոս եւ անիշխանություն, որից տուժեցին ողջ Իրաքի քաղաքացիները` անկախ դավանական կամ էթնիկ պատկանելությունից: Սակայն մասնավորապես ծայրահեղ արմատական իսլամական խմբավորումներն իրենց պայքարի թիրախ էին դարձրել քրիստոնյաներին, այդ թվում նրանց, ովքեր որեւէ կերպ համագործակցում էին ամերիկացիների կամ կոալիցիոն ուժերի հետ: Երկրում ստեղծված իրավիճակը նրանք դիտարկում էին որպես պայքար իսլամական եւ քրիստոնեական աշխարհի` Արեւմուտքի միջեւ: Պատերազմի տարիներին բռնություններ իրականացվեցին իրաքցի (այդ թվում` հայ) բազմաթիվ քրիստոնյաների, քրիստոնյա հոգեւորականների եւ մի շարք (այդ թվում հայկական) եկեղեցիների նկատմամբ: Մշտական էին դարձել փրկագին վճարելու դիմաց մարդկանց առեւանգելու եւ ահաբեկչության դեպքերը:
Պատերազմի տարիներին Իրաքի հայ համայնքը էական վերաձեւումների ենթարկվեց, շեշտակիորեն կրճատվեց համայնքի անդամների թիվը, կասկածի տակ դրվեց նրա հետագա գոյությունը: Անվտանգության երաշխիքների բացակայության եւ երկրում սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով հազարավոր իրաքահայեր հեռացան երկրից` հաստատվելով Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Արեւելքում (հիմնականում` Սիրիա, Հորդանան, Լիբանան), Հայաստանում:
Հատկանշական է, որ բացի արտագաղթից, Իրաքում նշված շրջանում սկիզբ առավ նաեւ ներքին միգրացիա: Հայերը տեղաշարժվեցին եւ շարունակում են տեղաշարժվել դեպի հյուսիս` Քուրդիստան, որտեղ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակը բավական կայուն է: Չնայած առկա դժվարություններին, համայնքը շարունակում է իր գոյությունը: Այժմ իրաքահայերը հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, որտեղ գործում են հայկական չորս եկեղեցի եւ ազգային հինգ միություն` Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միությունը, Իրաքի հայկական ընդհանուր բարեգործական միությունը, Բարեգործականի մարզական ակումբը, ՀՄԸՄ-ն, Իրաքահայ տիկնանց մշակութային միությունը:
2003-ից հետո` 2004–2005-ին, հայերն Իրաքում վերականգնեցին ազգային վարժարանի ինստիտուտը: Արդյունքում` Բաղդադում բացվեց միակ հայկական ազգային վարժարանը, որը ներկայումս մոտ 130 աշակերտ ունի: Դպրոցը կից է մայր եկեղեցուն: Իրաքահայ ուսուցչուհիները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են Հայաստանում:
Իրաքահայերը եկեղեցիներ, կրթական, մարզական եւ ազգային այլ հաստատություններ ունեն նաեւ Բաղդադից դուրս` հիմնականում Բասրայում, Քիրքուքում, Էրբիլում, Մոսուլում, Դոհուքում, Զախոյում, Ավզրուկում, Հավրեզքում: Մեկական հայկական եկեղեցի կա Բասրայում, Քիրքուքում, Զախոյում (Ս.Աստվածածին), Ավզրուկում (Ս.Վարդան), Մոսուլում, Դոհուքում: Երկու տարի առաջ, 2008-ին, եկեղեցի հիմնվեց Դոհուքում (Ս.Ներսես Շնորհալի), ծրագրվում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում եւ Հավրեզքում: Որոշակիորեն անմխիթար է վիճակը Մոսուլում: Այնտեղ կար երկու հայկական եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել է 1857-ին, իսկ մյուսը նորակառույց էր, որը նախքան օծվելն ու բացվելը` 2004-ին պայթեցվեց մի խումբ զինյալների կողմից։ Հայերով է սկսել բնակեցվել Մոսուլի մոտ գտնվող Ալ-Կոուշը։ Դրա հարեւանությամբ է գտնվում Աղաջանյան բնակավայրը, որի հիմնադրմանն աջակցել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության անդամ, քրիստոնյա գործիչ Սարգիս Աղաջանը:
Փաստորեն, հայաբնակ բնակավայրերի ձեւավորման գործընթաց է սկսվել քրդաբնակ շրջաններում, որոնք անվտանգ են եւ հայապահպանության տեսանկյունից նոր նշանակություն են ձեռք բերել: Ասվածի ապացույցն է Հավրեզքը, որ հիմնվել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լեւոն փաշա Շաղոյանի ջանքերով 1920-ականներին։ 1970-ականների վերջերին պետական եւ քրդական զորամիավորումների միջեւ բախումների հետեւանքով գյուղից հայ բնակչությունը դուրս է բերվել: Ընդհանրապես, հյուսիսային` սահմանամերձ շրջանում գտնվող շատ բնակավայրեր դատարկվել են: Հավրեզքը վերահիմնվել է 2005թ. Սարգիս Աղաջանի աջակցությամբ: Նրա շնորհիվ Հավրեզքում կառուցվել է 115 տուն: Վերաբնակվողները հիմնականում քաղաքաբնակներ են` Բաղդադից, Բասրայից, Մոսուլից:
Իրաքի հայաբնակ գյուղական բնակավայրերից թերեւս ամենանշանավորը քրդախոս հայերով բնակեցված Ավզրուկն է: Գյուղն ունի եկեղեցի, նաեւ` դպրոց, թաղական խորհուրդ։ Ավզրուկի հարեւանությամբ են գտնվում Սումայլ գյուղաքաղաքը եւ Շիքանդալ գյուղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաեւ հայեր: Հատկանշական է, որ Ավզրուկում ապրող հայերը թեեւ իրենց կենցաղավարությամբ ու մշակույթով ավելի մոտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական բարձր ինքնագիտակցությամբ, ամուր կառչած են ազգային եւ կրոնական ավանդույթներին: Նշենք, որ քրդախոս են նաեւ Զախո քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930-ականներից: Նրանք նույնպես հայկական ավանդույթների կրողներ են:
Հատկանշական է, որ իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային` 111 տեղանոց խորհրդարանի անդամ է (2009-ից) հայազգի Արամ Շահեն Բաքոյանը` ավզրուկցի, որը երկար տարիներ է, ինչ անդամագրված է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Արամ Բաքոյանը ժամանակին եղել է Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ։
Իրաքի հայերը երկրի լիիրավ քաղաքացիներն են, ունեն այն նույն իրավունքներն ու պարտավորությունները, ինչ Իրաքի մնացած ժողովուրդները։ Ներկայումս իրաքահայ համայնքն ակտիվորեն համագործակցում է կրոնի հարցերով զբաղվող պետական մարմնի հետ: Հայ համայնքը բավական լավ փոխհարաբերություններ ունի թե՛ սուննի, թե՛ շիա համայնքների եւ նրանց ղեկավարների հետ: Բավական բարիդրացիական են հարաբերություններն էթնիկ այլ խմբերի, այդ թվում` քրդերի եւ թուրքմենների հետ:
Իրաքահայերն ակտիվ շփման մեջ են նաեւ քրիստոնյա համայնքների հետ: Հատկանշական է, որ չնայած Իրաքում հայերը քրիստոնյաների մեջ թերեւս ամենափոքր թիվն են կազմում, Քրիստոնյա համայնքների համայնքապետերի խորհրդի քարտուղարը Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն է: Քրիստոնյաների ամենամեծ խումբը քաղդեացիներն են, հետո` ասորիները: Առհասարակ, Իրաքում են գտնվում հնագույն քրիստոնեական եկեղեցիները, իսկ քրիստոնյաները կազմում են ներկայիս Իրաքի բնակչության մոտ երեք տոկոսը: Մինչեւ 2003թ. Իրաքի քրիստոնյաները հաշվվում էին մոտ մեկ միլիոն, սակայն արտագաղթի պատճառով նրանց թիվն էականորեն նվազել է: Իրաքի քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում` իշխանություններից պահանջելով ուժեղացնել երկրի անվտանգության համակարգը:
Փաստորեն, ներկայիս իրաքահայ համայնքը ներքին լուրջ փոխոխությունների է ենթարկվում եւ հայտնվել է բարդ իրավիճակում: Աստիճանաբար ավելի ու ավելի դժվար է դառնում ազգային գոյապահպանությունն իսլամական միջավայրում, որը շեշտակիորեն կրոնականացվում է: Ավելի են խորանում սոցիալական խնդիրները, շարունակվում է արտագաղթը: Իրաքահայ համայնքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանի կարծիքով` իրաքահայերը, ինչպես նաեւ Իրաքի մնացած քաղաքացիները, սպասում են երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը եւ նոր կառավարության ձեւավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը վատթարացման կգնա, ինչն էլ կանդրադառնա նաեւ հայ համայնքի վրա:
Հայերի հետագա գոյությունն Իրաքում կապված կլինի այդ երկրում անվտանգության եւ բարեկեցության հաստատման, ինչպես նաեւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական քաղաքականության հեռանկարի հետ: Սակայն մի բան պարզ է. Միջին Արեւելքի, այդ թվում` Իրաքի հայ համայնքները վերջին շրջանում, կապված արտաքին ու ներքին տարաբնույթ գործոնների հետ, ազգային գոյապահպանության հարցում կանգնած են լուրջ մարտահրավերների առջեւ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]