Ներքաղաքական զարգացումները Իսրայելում


Վերջին ամիսներին անցնելով լուրջ ներքին փոփոխությունների միջով` իսրայելական քաղաքական կյանքը հայտնվել է նոր իրավիճակում:
Այսօր Իսրայելը մոտեցել է հերթական արտահերթ ընտրություններին, որոնք աչքի են ընկնում այս երկրի համար բոլորովին նոր որակներով: Առաջին անգամ վերջին երեսուն տարվա ընթացքում որպես հաղթանակի հիմնական հավակնորդներ հանդես են գալիս ոչ թե երկու ավանդական` աջակողմյան «Լիկուդ» և ձախակողմյան «Ավոդա» կուսակցությունները, այլև արդեն նախկին վարչապետ Արիել Շարոնի կողմից հիմնադրված «Քադիմա» կուսակցությունը:
Ներկա արտահերթ ընտրությունները միայն խորհրդանշում են այն համակարգային ճգնաժամը, որում հայտնվել է Իսրայելը: Երկրում առկա է ներքաղաքական համակարգի` երկկուսակցական մոդելի («Լիկուդ»-«Ավոդա») փլուզում, որին գումարվում են ուժեղ առաջնորդների հեռացումն ասպարեզից, կոռումպացված քաղաքական վերնախավի փաստը: Սա անդրադառնում է նաև արտաքին ճակատում ընթացող զարգացումների վրա: Իսկ այստեղ իրադրությունը ևս բարվոք չէ, եթե հաշվի առնենք պաղեստինյան վերջին ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակը, «Հեզբալահի» չդադարող հարձակումները Հարավային Լիբանանի հետ սահմանում և Իրանի միջուկային ծրագիրը` Թեհրանում հնչող հակաիսրայելական ճարտասանության ֆոնին: Ավելին, իսրայելցի զինվորականների կանխատեսումներով` մոտակա ժամանակում Իսրայելին սպասվում է մեծածավալ մերձավորարևելյան պատերազմ:
Ներքաղաքական այս նոր փուլն սկսեց զարգանալ, երբ 2005թ. նոյեմբերին վարչապետ Արիել Շարոնը որոշեց թողնել իր կողմից երեսուն տարի առաջ հիմնադրված «Լիկուդ» կուսակցության շարքերը և հիմնել նոր` «Քադիմա» կուսակցությունը: Պառակտման պատճառը պաղեստինցիներից տարանջատման և գրավյալ տարածքներում հրեական բնակավայրերի վերացման հարցում իր կուսակիցների բացասական դիրքորոշումն էր, ինչպես նաև կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Ավոդա» կուսակցությունում տեղի ունեցած «իշխանափոխությունը», երբ նրա երկարամյա առաջնորդ Շիմոն Պերեսին փախարինեց արհմիութենական գործիչ Ամիր Պերեցը:
Արդյունքում` «Լիկուդն» ու «Ավոդան» արդեն չեն դիտվում որպես Իսրայելի քաղաքականության անկյունաքարային ուժեր: Դա, թերևս, բնական գործընթաց է, երբ ապագաղափարականացված կենտրոնը դուրս է մղում մեծ քաղաքականությունից աջերին և ձախերին: Այս առումով, «Քադիման» կարող է դառնալ Իսրայելի նոր ընտրանու ձևավորման կենտրոն:
«Քադիմայի» շանսերն արտահերթ ընտրություններում դիտվում էին չափազանց բարձր, սակայն հունվարի սկզբին Շարոնի ուղեղի կաթված ստանալը և մահամերձ վիճակը, ինչպես նաև դրան հետևած Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի հաղթանակը փոխեցին իրերի ընթացքը:
Այժմ պետք է ենթադրել, որ «Քադիման» չի ստանալու ձայների մեծամասնություն և ստիպված է լինելու համաձայնությունների գալ կամ «Լիկուդի», կամ «Ավոդայի» հետ` նոր կոալիցիոն կառավարություն կազմելու համար:
Քաղաքական տեսանկյունից «Քադիման» և «Ավոդան» զբաղեցնում են համանման դիրքեր` ներկայումս հանդես գալով միակողմանի զիջումների օգտին, մինչդեռ «Լիկուդը» դեմ է այդ քայլերին: Մյուս հարցերում որևէ էական տարբերություն այս երեք կուսակցությունների միջև գոյություն չունի: Երեքն էլ դեմ են 1967թ. հունիսյան պատերազմից առաջ սահմանների վերականգնմանը, պաղեստինցի փախստականների վերադարձին և չեն առարկում պաղեստինյան անկախ պետության ստեղծման գաղափարին: Իրենց հերթին, «Քադիման» ու «Լիկուդն» ունեն համանման սոցիալ-տնտեսական ծրագրեր:
Իսրայելի համար այժմ սկսվում է նոր պատմական փուլ նաև այն առումով, որ Ռաբինի, Շարոնի և Պերեսի հեռանալուց հետո երկրում ավարտվում է առաջնորդների հերոսական դարը: Այլևս չկան քաղաքական առաջնորդների այն սերնդի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Իսրայելի անկախության համար պայքարին, հրեական պետության կայացմանը, որոնք եղել են Դավիթ Բեն-Գուրիոնի, Հաիմ Վեյցմանի, Գոլդա Մեյիրի, Մոշե Դայանի աշակերտներն ու զինակիցները:
Այս տեսանկյունից հատկապես Արիել Շարոնի հեռացումը լուրջ կորուստ է համարվում Իսրայելի համար: Շարոնը Մերձավոր և Միջին Արևելքի նշանավոր քաղաքական առաջնորդներից էր և ուժեղ անհատականություն: Նա մասնակցել է Իսրայելի պետության ստեղծմանը, գիտեր, թե ինչի համար է այն ստեղծված, կարող էր որոշումներ կայացնել առանց քաղաքական ղեկավարության կարծիքը հաշվի առնելու, ինչով մի քանի անգամ փրկել է երկիրը ծանր կորուստներից: Միայն նա կարող էր խիզախորեն անցնել Սուեզի ջրանցքը, գրավել Լիբանանը, ինչպես և` հանել իսրայելական բնակավայրերը Գազայից: Իզուր չէ, որ նրան անվանում էին «Արիկ` Իսրայելի թագավոր»:
Իր կառավարման տարիների ընթացքում Շարոնը եկավ այն եզրակացության, որ Իսրայելը պետք է տարանջատվի արաբներից, այլ ոչ թե փորձի խաղաղություն կնքել նրանց հետ, քանզի արաբներին վստահելն Իսրայելում համարվում է անլրջություն: Բայց և անվերջ պատերազմական վիճակում գտնվելը Շարոնը ելք չէր համարում: Նա որոշեց տարանջատել Իսրայելը պաղեստինցիներից, հանել իրենից պատասխանատվությունը պաղեստինյան տարածքներում կատարվածի համար և կառուցել լիարժեք հրեական պետություն:
Փաստորեն, մինչ այդ իսրայելական քաղաքականության մեջ շրջանառվող հիմնական գաղափարներն այլևս չէին արտացոլում իրականությունը: «Ավոդայի» սկզբունքը` տարածքային զիջումների դիմաց ստանալ խաղաղություն, այդպես էլ չդարձավ իրականություն: Աջերի գաղափարները` երբեք թույլ չտալ Պաղեստինյան պետության ստեղծումը և պահպանել հրեական բնակավայրերը Գազայում և Հորդանանի Արևմտյան ափին, ևս չաշխատեցին: Ահաբեկչությունն ու ժողովրդագրական գործոնը դառնում էին տարածաշրջանից Իսրայելի դուրսմղման «մեղմ» և արդյունավետ տարբերակ: Դա էլ հարցականի տակ է դնում Իսրայելի ապագան:
Ըստ իսրայելցի ժողովրդագրագետ Արոն Սոֆերի տվյալների` մինչև 2020 թվականը այն տարածքում, որը ներառում է Իսրայելն ու գրավված տարածքները, բնակչության մոտ 60 տոկոսը լինելու է ոչ հրեական:
Այսօր արդեն Իսրայելում և հարակից տարածքներում ապրում են մոտ 9 մլն մարդ, որոնցից իսրայելական քաղաքացիություն ունեն 1,2 մլն արաբ: Նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթի դադարեցումից հետո Իսրայելն այլևս չունի ռեսուրսներ իր հրեական բնակչությունը լրացնելու համար:
Այս իրավիճակում Շարոնը հասկացավ, որ այլևս անհնար է ապահովել 3 միլիոն արաբներով բնակեցված տարածքի քաղաքական ու ռազմական վերահսկողությունը և ինչ հետևանքներով է հղի այս վիճակն Իսրայելի ժողովրդագրական ապագայի համար: Եվ նա որոշեց գնալ տարանջատման: Դա նշանակում էր Իսրայելի սահմանի գծով բաժանարար պատի կառուցում, ինչպես նաև Գազայի հատվածի և Արևմտյան ափի մեծ մասի հանձնում պաղեստինյան իշխանություններին, որտեղ նրանք կստեղծեին իրենց անկախ պետությունը: Խաղաղության հասնել այդ դեպքում էլ հնարավոր չէ, սակայն կհաստատվեր գոնե զինադադար` մինչև ավելի բարենպաստ ժամանակների գալը:
Սակայն տարանջատումն էլ կարող է որևէ դրական արդյունքի չբերել, եթե Իսրայելը չլուծի իր մոտ 1,2 մլն արաբ քաղաքացիների խնդիրները: Նրանք, նույն Սոֆերի հաշվարկներով, արդեն 2020-ին կազմելու են երկրի բնակչության 32%-ը:
Այն, ինչ անում էր Շարոնը, արտացոլում էր իսրայելական հասարակության մեծամասնության կամքն ու տրամադրությունները` հոգնածությունն անընդհատ բռնություններից և անպտուղ բանակցություններից:
Շարոնը, որն ինքն էր հիմնադրել հրեական բնակավայրերը Հորդանանի Արևմտյան ափին և իր կյանքի մեծագույն նպատակներից էր համարում դրանց ինտեգրումը Իսրայելի պետությանը, վերջում եկավ այն մտքին, որ Արևմտյան ափը կաղավաղի Իսրայելի պատմական նպատակը` հրեաների համար հայրենիքի ձեռքբերման փոխարեն հրեական բնակչությունը կդառնա սեփական երկրում փոքրամասնություն:
Ինչևէ, Շարոնի հեռացմամբ «Քադիման» կանգնել է առաջնորդության խնդրի լուծման անհրաժեշտության առաջ: Ներկայիս վարչապետի պաշտոնակատար Էհուդ Օլմերտը լավ վարչական աշխատող է, սակայն չունի քաղաքական փորձ և խարիզմա, որոնք թույլ կտային «Քադիմային» անվերապահորեն և երկարաժամկետ առումով վերցնել երկրի ղեկն իր ձեռքը:
Օլմերտը Շարոնի գաղափարախոսական ժառանգորդն է` լինելով նախ Մեծ Իսրայելի (Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետ ձգվող պետության) գաղափարի քարոզիչ, ապա` տարածքային զիջումների և արաբների հետ կոշտ տարանջատման գաղափարի ջատագով: Երեք տարի առաջ հենց փոխվարչապետ Օլմերտն առաջարկեց բնակավայրերի դուրսհանումը Գազայի հատվածից` հայտարարելով, որ եթե Իսրայելը փորձի իր հսկողության տակ պահել Գազան և Հորդանանի Արևմտյան ափի մեծ մասը, ապա հրեաները քանակությամբ կզիջեն արաբներին, և Իսրայելը կկորցնի իր ինքնությունը. այդ պատճառով հրեական կողմը պետք է դիմի միակողմանի քայլերի:
Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը հակված է ամփոփվել հրեական մեծամասնություն ունեցող տարածքներում, որտեղ նա կարող է վերապրել: Այդ նոր սահմանները ներառում են նաև Արևմտյան ափի հրեական խոշոր բնակավայրերն ու ամբողջ Երուսաղեմը: Ինչպես Օլմերտը հայտարարել է, «սա սիոնիստական գաղափարից հրաժարում չէ, ընդհակառակը, սիոնիստական նպատակների բուն իրականացումն է` ապահովել հրեական ժողովրդավարական պետության գոյությունը Իսրայելի հողում»:
Միակ քաղաքական առաջնորդը, ով կարող է մարտահրավեր նետել «Քադիմային» (եթե ոչ մարտին կայանալիք ընտրություններում, ապա տեսանելի ապագայում), Բենյամին Նեթանյահուն է, որն ունի ուժեղ առաջնորդի իմիջ և ներկայանում է` որպես Արևմտյան ափի 400 000 հրեա բնակիչների պաշտպան: ՀԱՄԱՍ-ի հաղթանակն էապես ուժեղացրեց նրա դիրքերը, քանի որ նա միշտ էլ պնդում էր, որ Իսրայելը չունի բանակցության գործընկեր ի դեմս արաբների:
Այսպիսով, Իսրայելը կանգնած է ներքին բարդ խնդիրների առջև, և դրանց պատճառները հիմնավոր են: Լուրջ ճգնաժամ է ապրում իսրայելական տնտեսությունը, որտեղ հավաքվում են աշխարհում ամենաբարձր հարկերը: Բանակը, որը տարածաշրջանում լավագույնն է համարվում, վաղուց է զգում մարդկային և տեխնոլոգիական վերազինման անհրաժեշտություն, անգամ պահանջում է անցում պրոֆեսիոնալ զինծառայության, քանի որ պարտադիր զինծառայությունն այլևս չի համարվում ազգային հպարտության դրսևորում: Թեև երկրում ուժեղ են կրոնական հոսանքների դիրքերը, սակայն ինքը` հուդայական կրոնը, քրիստոնեության նման ճգնաժամի մեջ է` դադարելով լինել միլիոնավոր հրեաների ուղենիշը: Իսրայելը մտել է յուրահատուկ «հետսիոնիստական փուլ», երբ այն առաքելությունը, հանուն որի հրեաները վերադառնում էին ավետյաց երկիր և կերտում իրենց պետությունը, այլևս սպառված է: Այս ամենին գումարվում է և այն, որ նոր սերնդի առաջնորդները դեռ պետք է սովորեն կառավարել առանց պետության «նահապետների»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]