• am
  • ru
  • en
Версия для печати
18.05.2011

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

   

Սուրեն Սարյան

Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումները բարձրացրին նաեւ այն հարցը, թե ինչպես է Իսրայելն ընկալում տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները: Իսրայելը մնացել է կայունության միակ կղզյակը Մարոկոյից մինչեւ Պակիստան ընկած տարածությունում: Այն արդիական պետություն է` բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությամբ եւ տարածաշրջանում ամենամարտունակ ռազմական ենթակառուցվածքով, որին գումարվում է ԱՄՆ-ից տարեկան 3 մլրդ դոլարի ռազմական օգնությունը:

Արաբական աշխարհում կատարվածը որոշակի մտահոգություններ առաջացրեց իսրայելական քաղաքական ղեկավարության մոտ: Այդ զարգացումները ստիպեցին Իսրայելին լինել ավելի զգուշավոր իր քաղաքականության մեջ, քանի որ իրենց անկանխատեսելիությամբ դրանք հղի են հրեական պետության համար լուրջ վտանգներով: Մինչ այժմ Իսրայելին հաջողվում էր գտնել գոյակցության բանաձեւեր հին արաբական էլիտաների հետ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի, Հորդանանի, անգամ Սաուդյան Արաբիայի եւ Լիբիայի հետ: Իսկ այսօր, արաբական հեղափոխությունների հետեւանքով, Իսրայելը կորցնում է տարածաշրջանում «միակ ժողովրդավարական պետության» բրենդը. արդեն ԱՄՆ նախագահը կոչ է անում Իսրայելին հաշվի նստել «նոր արաբական ժողովրդավարությունների» հետ:

Մինչդեռ իսրայելական քաղաքական եւ քաղաքագիտական վերնախավը լրջորեն անհանգստացած է, որ ժողովրդավարության կարգախոսների ներքո արաբական աշխարհում ընթացող շարժումները կբերեն ծայրահեղականության եւ քաղաքական իսլամիզմի համատարած հաղթանակին, ինչպես դա նախկինում կատարվեց Իրանում, Թուրքիայում, Պաղեստինում: Նման վտանգի մասին խոսեց անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Նշվում է նաեւ, որ տարածաշրջանում վերջին զարգացումներից առաջին շահողը լինելու է Իրանը, որն ընդլայնում է իր տարածաշրջանային ազդեցությունը: Իսրայելում, բնականաբար, շատ վատ ընկալեցին Սուեզի ջրանցքով իրանական ռազմանավերի անցնելու Եգիպտոսի նոր իշխանությունների թույլտվությունը, ինչպես նաեւ` եգիպտա-իսրայելական գազամուղի պայթեցումները: Միաժամանակ, Եգիպտոսը դադարեցրեց Սինայը եւ Գազան բաժանող պատի շինարարությունը` դրանով աջակցություն հայտնելով Գազայում իշխող «Համաս» կազմակերպությանը: Վերականգնվեցին նաեւ եգիպտա-իրանական դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին Քեմփ Դեւիդի հաշտությունն իսլամական հանրապետության այաթոլա առաջնորդների կողմից չընդունվելու հետեւանքով:

Մինչդեռ Եգիպտոսը տարիներ շարունակ եղել է արաբների եւ Իսրայելի միջեւ խաղաղության երաշխավորը: Չնայած այն փաստին, որ Եգիպտոսի ներկայիս զինվորական իշխանությունը եւ նախագահի հավանական թեկնածուները հայտարարում են, թե Քեմփ Դեւիդի համաձայնագիրն ամեն դեպքում շարունակելու է գործել, Սինայի թերակղզում այժմ նկատվում է կենտրոնական իշխանության բավական թուլացում` տեղացի բեդվին ցեղերի կողմից ակտիվացման հետեւանքով: Հավանական է համարվում, որ այնտեղ «Մուսուլման եղբայրները» հնարավորություն կստանան հաստատել իրենց վերահսկողությունը, ինչի արդյունքում Սինայը կարող է անջատվել Եգիպտոսից եւ Գազայի հետ միասին կազմել իսլամիստական-ծայրահեղական նոր միավորում, որն ուղղակի կսպառնա Իսրայելին հարավից: Գաղտնիք չէ, որ «Համաս» կազմակերպությունը, որը վերահսկում է ներկայումս Գազայի հատվածը, մշտապես համարվել է «Մուսուլման եղբայրների» պաղեստինյան ճյուղավորումը:

Իսրայելական մտահոգությունների մյուս կարեւոր ուղղությունը կապված է Սիրիայի հետ: Անկասկած, Իսրայելը շահագրգռված է Իրանի եւ Սիրիայի միջեւ համագործակցությունը չեզոքացնելու հարցում: Ասադի վարչակարգի թուլացումը կամ տապալումն այս առումով շահավետ է Իսրայելին նրանով, որ դա կբերի Դամասկոսի կողմից Լիբանանում «Հիզբալլահին» եւ Գազայում «Համասին» աջակցության նվազեցմանը: Ասադի վարչակարգի անկման դեպքում Իսրայելը կազատվի միասնական հակաիսրայելական ճակատից, որը բաղկացած է Իրանից, Սիրիայից, «Հիզբալլահից» եւ «Համասից»: Իսրայելի հետախուզության նախկին պետ Մեիր Դագանը համարում է, որ Իսրայելի համար Սիրիայում լավագույն սցենարը կլիներ Ասադի վարչակարգի տապալումը եւ դրանով «Հիզբալլահին» եւ իրանական ազդեցությանը լուրջ հարված հասցնելը:

Մյուս կողմից, Սիրիայում իրավիճակի ապակայունացումը խախտում է այն ստատուս-քվոն, որ հաստատվել էր այստեղ վերջին 40 տարում: Ասադ-հոր եւ որդու վարչակարգերը քիչ թե շատ ապահովում էին զինադադարը սիրիա-իսրայելական սահմանին: Եթե Դամասկոսում վարչակարգ փոխվի, դժվար է ասել, թե նոր սիրիական իշխանություններն ինչ քաղաքականություն կորդեգրեն Իսրայելի ուղղությամբ:

Փորձագետները նշում են, որ Բաշար Ասադն այսօրվա բարդ իրավիճակում ունի հաջողության հասնելու երկու ճանապարհ: Կամ հանձնել Սիրիան Իրանի խնամակալությանը եւ պատերազմ սկսել Իսրայելի դեմ, ինչը, սակայն, սիրիական բանակի համար հաղթանակով չի ավարտվի եւ կբերի սուննի արաբների համատարած ապստամբությանը, կամ էլ` դուրս գալով իրանական ազդեցությունից, գնալ Իսրայելի հետ խաղաղության կնքմանը, որով Սիրիան հետ կբերի Գոլանի բարձունքները, ինչը կհամարվի լուրջ արտաքին քաղաքական հաղթանակ եւ կամրապնդի Ասադի վարչակարգի դիրքերը:

Տասնամյակներ շարունակ Իսրայելն արաբական եւ մահմեդական աշխարհի բնակչության գիտակցության համար կատարում էր ընդհանուր խորհրդանշական թշնամու դերը` համախմբելով արաբներին: Դրա նշանակության նվազեցումը կարող է բերել արաբական աշխարհում լուրջ գաղափարախոսական վակուումի` ակտիվացնելով արդեն ներիսլամական հակասությունները` շիիզմ–սուննիզմ առանցքի շուրջ: Ակնհայտ է, որ Իրաքում սուննիների եւ շիաների, Սիրիայում` ալավիների եւ սուննիների, Իրանի շիաների եւ Պարսից ծոցի արաբ սուննիների միջեւ հակամարտությունը որոշակիորեն մոռացության մատնեց մահմեդական աշխարհի ատելությունն Իսրայելի հանդեպ:

Սակայն դա չի նշանակում, թե Իսրայելի համար Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներն իրական սպառնալիքներ չեն պարունակում: Իսրայելցի վերլուծաբանները նշում են, որ Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի եւ Թուրքիայի հավանական դաշինքն էապես թուլացնում է Իսրայելի անվտանգությունը, թեպետեւ այդ երկրների կողմից ռազմական հարձակումը քիչ հավանական է, քանի որ բաց պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի` ՑԱԽԱԼ-ի գերազանցությունն անվիճելի է: Այդուհանդերձ, տեղեկատվություն տարածվեց, որ իսրայելական բանակը հավանական է դիտարկում նոր պատերազմների ծագումը ինչպես եգիպտական, այնպես էլ սիրիական ճակատներում: Հիմնական սպառնալիքների մեջ նշվում են նաեւ Իրանը, ինչպես եւ «Հիզբալլահը» եւ «Համասը»: Այս առումով, Իսրայելի բանակն ի վիճակի է դիմակայել վերջիններին, իսկ մեծ պատերազմի դեպքում կստանա լավ հնարավորություն «զտել» Պաղեստինը: Հավանական է համարվում, որ Պաղեստինի անկախության հռչակումից հետո, երբ Արեւմտյան ափը կարող է ուղղակի անցնել «Համասի» վերահսկողության տակ, Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված կլինի օկուպացնել արաբական Պաղեստինը, ինչպես դա արեց 1967թ.: Իսկ դա կարող է շղթայական ռեակցիայով բերել Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի միջամտությանը:

Թուրքիայի եւ Իրանի կողմից Իսրայելի հանդեպ համատեղ ճակատի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն իսլամական համերաշխության սկզբունքով: Թուրքիան եւ Իրանը Իսրայելի կողմից այսօր առավելապես դիտվում են որպես լուրջ հակառակորդներ, որոնք ձգտում են իրենց օգտին փոխել տարածաշրջանային ստատուս-քվոն:

Այս պայմաններում Իսրայելը մեծ շահագրգռություն է հանդես բերում հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ստեղծման հարցում: XX դարում, դեռեւս Դավիթ Բեն Գուրիոնի վարչապետության օրոք ընդունվել էր ոչ արաբական շրջապատի, այսինքն` դաշնակիցների ու գործընկերների գոտի ստեղծելու դոկտրինը: Հենց այդ ժամանակ Իսրայելը շփումներ հաստատեց իրաքյան քրդերի հետ եւ սկսեց օգնել նրանց, այդ թվում` զենքով եւ քրդական զինյալ խմբերի վարժեցմամբ: Այս համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Ընդ որում, եթե մինչեւ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը Իսրայելն այդ փաստը հերքում էր, ապա այսօր այն չի էլ թաքցվում: Քուրդիստանի հետ գործընկերության միջոցով Իսրայելն ի վիճակի կլինի ձեռք բերել դաշնակից` ընդդեմ Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի:

Քրդերին աջակցությանը զուգահեռ` Իսրայելը հետապնդելու է Իրանի հետ հարաբերությունների վերականգնման գերնպատակը: Պատահական չէ, որ վերջին օրերին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ եթե նույնիսկ Իրանը ստեղծի միջուկային զենք, այն չի օգտագործի ոչ Իսրայելի, ոչ էլ որեւէ հարեւան երկրի դեմ. «Ժամանակն է դադարեցնել խուճապը եւ աշխարհին վախեցնել Իրանի մտացածին սպառնալիքով»: Իսկ նույն Մ.Դագանը նշեց, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը հիմարություն կլիներ: Այս առումով Երուսաղեմին մնում է սպասել եւ տեսնել, թե ինչով կավարտվի ներքաղաքական պայքարն Իրանում:

Այս բոլոր զարգացումների ֆոնին ներկայումս Իսրայելը գտնվում է բավական բարդ դիվանագիտական իրավիճակում` կապված Պաղեստինի հարցում զիջումներ կատարելուն ուղղված Արեւմուտքի ճնշումների հետ: Սակայն երկրի ներսում ուժեղանում են ազգային-պահպանողական ուժերի դիրքերը, որոնք հանդես են գալիս զիջումների դեմ եւ իսլամիստներին կոշտ հակահարվածներ հասցնելու օգտին: Իսրայելում բավական տարածված է այն տեսակետը, որ Օբամայի վարչակազմի քաղաքականությունն ուղղված է հրեական պետության շահերի դեմ` քայքայելով արդեն մի քանի տասնամյակ գործող իսրայելա-ամերիկյան ռազմավարական դաշինքը: Իրոք, Վաշինգտոնն, ակտիվորեն առաջ քաշելով «երկու ժողովուրդ–երկու պետություն» բանաձեւը, հստակ պահանջել է Երուսաղեմից հեռանալ պաղեստինյան տարածքներից եւ թույլ տալ արաբական անկախ պետության ստեղծումը` Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ կնքել խաղաղություն Սիրիայի հետ` վերադարձնելով Գոլանի բարձունքները: Ավելին, Իսրայելում կարծիքներ են հնչում, որ ինչպես ԱՄՆ-ին այլեւս պետք չեղան Հոսնի Մուբարաքը կամ Մուամար Քադաֆին, այնպես էլ կարող է այլեւս Իսրայելը պետք չգալ, եւ այն զոհաբերեն հանուն «Նոր Մերձավոր Արեւելքի» կերտման ծրագրի:

Սառը պատերազմի տարիներին Իսրայելը հանդիսանում էր Արեւմուտքի ֆորպոստը: Սակայն ԽՍՀՄ քայքայմանը զուգահեռ Իսրայելի դերակատարումը սկսեց լուրջ փոփոխությունների ենթարկվել: Ավելին, Իսրայելը սկսեց ծառայել որպես խոչընդոտ` իսլամական աշխարհի հետ Արեւմուտքի հարաբերությունների նորմալացման ճանապարհին: Երուսաղեմում հատկապես շեշտում են այն փաստը, որ ԱՄՆ-ի կողմից «Մուսուլման եղբայրներն» այլեւս չեն համարվում ահաբեկչական կազմակերպություն, այլ քաղաքական ուժ, որի հետ պետք է բանակցել: Համանման վերաբերմունք է ձեւավորվում «Հիզբալլահի» նկատմամբ:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ դեռեւս տարեսկզբին միջազգային ընկերակցության կողմից շատ էին քննարկվում Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցությունները վերսկսելու եւ Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական օդուժի հարվածներ հասցնելու թեմաները: Սակայն արաբական աշխարհում տեղի ունեցող ցնցումները կարծես թե մոռացության մատնեցին դրանք: Ինչպես նշում է իսրայելցի փորձագետ Ալեք Էպշտեյնը, տասնամյակներ շարունակ միջազգային ընկերակցության ուշադրությունը սեւեռված է եղել արաբա-իսրայելական հակամարտության եւ դրա կարգավորման վրա, մինչդեռ վերջին զարգացումների համատեքստում դա այլեւս այնքան էլ կարեւոր չէ: Միջազգային քաղաքականության այն դոգմատը, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պայմանավորված են չլուծված արաբա-իսրայելական հակամարտությամբ, այլեւս որեւէ ուժ չունի, եւ ներկայումս իրավիճակը կտրուկ փոխվել է:

Մեծ Մերձավոր Արեւելքին սպասում են լրջագույն վերափոխումներ, որոնք հեռանկարում միգուցե հնարավոր կդարձնեն մահմեդական երկրների եւ ժողովուրդների արդիականացումը, ինչը, սակայն, կարող է բավական ցավալի ընթացք ունենալ Իսրայելի համար: Հաշվի առնելով, որ քաոսը տարածաշրջանում կարող է տեւական լինել, Իսրայելը շահում է թանկարժեք ժամանակ: Անկասկած, այդ ընթացքում Իսրայելն օգտագործելու է իսլամական աշխարհում տեղի ունեցող զարգացումները սեփական ռեսուրսների ավելացման համար` նախապատրաստվելով հետագա վատթարագույն սցենարներին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր