ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սուրեն ՍարյանՆերկա ժամանակաշրջանում առավել քննարկվելիք թեմաներից է դարձել գլոբալ զարգացումը, որի առնչությամբ արդի քաղաքական միտքը շարունակաբար սցենարներ եւ կանխտեսումներ է ներկայացնում:
Շատ երկրներ այսօր կանգնած են քաղաքակրթական ընտրանքի առջեւ: Այդ հարցի պատասխանը, սակայն, կարող է ի հայտ գալ «ո՞ւր է գնում մարդկությունը» հարցի պատասխանին զուգահեռ:
Փորձագետները նշում են, որ 2011 թվականը կարող է Եվրասիայի համար դառնալ այնպիսի մի տարի, ինչպիսին դարձավ Եվրոպայի եւ ԽՍՀՄ-ի համար 1929 թվականը` «մեծ ճգնաժամի եւ բեկման» տարի, երբ վերջնականապես թափ են հավաքելու հասարակության զարգացումն առաջիկա տասնամյակներին կանխորոշող միտումները:
Ապագայագետները (ֆուտուրոլոգները) նշում են, որ այսօր որոշվում է, թե ինչպիսին է լինելու աշխարհը 2050-ին, եւ նախապատրաստվում է այն, թե ինչպիսին աշխարհը կլինի 2100-ին: Իսկ դրա համար հարկ է մտածել ապագայի մասին` հասկանալ, թե ինչն է այն կանխորոշելու եւ ինչպես կարելի է նրա վրա ազդել:
Այսօրվա աշխարհն արագորեն փոխվում է. եւ փոխվում է որակապես: Արդեն առաջ են գալիս նոր աշխարհի ուրվագծերը, որոնք ձեւավորվում են մեր ժամանակաշրջանի հակասությունների եւ լարվածության ներսում:
2011-ն իսկապես դառնում է միտումների հստակեցման տարի. միտումներ, որոնք տանում են դեպի լուրջ սոցիալական, քաղաքական ու տնտեսական փոփոխություններ: Ընդ որում, կատարվող փոփոխությունները, լինելով ոչ շատ երեւացող, այնքան հիմնարար են, որ կարող են համեմատվել մարդկային կեցության վերափոխման փուլերի հետ. նոր տեխնոլոգիաներ, մարդկանց միջեւ համագործակցության նոր ձեւեր, մշակութային ավանդույթների վերափոխում, որոնք առաջին անգամ պատմության մեջ ձեռք են բերում գլոբալ բնույթ:
Այս ամենը հիմք է ծառայում կանխատեսումների եւ հավանական սցենարների համար: Կանխատեսման միջոցով քաղաքագետները փորձում են նվազեցնել ապագայի անորոշության աստիճանը, երբեմն էլ` իրենք են փորձում կառուցել այդ ապագան:
Հաճախ կանխատեսումներն արվում են քաղաքական եւ հասարակական գործընթացներն ուղղորդելու նպատակով: Միայն ԱՄՆ-ում շուրջ 600 ուղեղային կենտրոններ աշխատում են տարաբնույթ սցենարների մշակման ուղղությամբ: Սակայն, հարկ է ընդգծել, որ առաջարկվող սցենարներով այդ կենտրոնները, շատ դեպքերում, ապահովում կամ պաշտպանում են որոշակի քաղաքական ուժերի ուղեգիծը: Օրինակ, ամերիկյան որոշ կենտրոններ (հիմնականում` աջ պահպանողական ուղղվածության) որպես XXI դարի հիմնական միտում նախանշում են ԱՄՆ եւ ՉԺՀ առճակատումը` երկբեւեռ աշխարհակարգի վերստեղծմամբ: Սակայն նույն չին-ամերիկյան հարաբերությունները վկայում են, որ այդ առճակատումը կանխորոշված չէ: Ի տարբերություն ԱՄՆ–ԽՍՀՄ երկբեւեռ աշխարհակարգի, այսօր Ամերիկան եւ Չինաստանն այնքան են փոխկապակցված, որ ցանկացած լուրջ հակամարտություն կբերի երկուսի համար էլ ծանրագույն հետեւանքների:
Ազատական էլիտայի ներկայացուցիչները պնդում են, որ պատմությունն ընթանում է մեկ ուղղությամբ, եւ որեւէ ուժ, անգամ` ամենազոր, չի կարող այն լրջորեն փոխել: Նրանք նշում են, որ մարդուն միշտ էլ հատուկ է սեփական ազատության հաստատումը մնացած բոլոր արժեքների նկատմամբ: Եվ այդ ազատությունը քայլ առ քայլ ընդլայնվել է հարյուրամյակների ընթացքում: Այսպես, շուկան եւ ազատությունը սկզբում տարածվեցին Արեւմտյան Եվրոպայից դեպի Ամերիկա, իսկ հիմա այնտեղից ուղղվում են դեպի Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ: Սակայն, ըստ նրանց, դրա հետ մեկտեղ տարածվելու է անկայունությունը, խորանալու են հակամարտությունները, ավելի մեծ թափ է ստանալու ժողովուրդների գաղթը: Շուկայի կամ փողի իշխանությունը դառնալու է համատարած` անգոյացման վտանգի առաջ դնելով ազգային պետությունները:
Այս սցենարի իրականացման դեպքում կանխատեսվում է կամ քաոս, կամ կայունացում` համաշխարհային կառավարման հաստատմամբ: Առաջինի դեպքում, համաձայն ամերիկյան հայտնի վերլուծաբան Ռոբերտ Կապլանի` «ազգային պետությունների հստակ կառուցվածքին փոխարինելու են գալիս տարաբնույթ քաղաք-պետությունները եւ աղոտ ու անիշխան ռեգիոնալիզմը», ամենուրեք տարածվում են մասնավոր բանակները եւ նարկոկարտելները, իսկ «քրեական անիշխանությունը» դառնում է իրական ռազմավարական սպառնալիք:
Մյուս տարբերակը` կարգուկանոնի հաստատումն է: Այն ձեւավորվում է բազմազգ կորպորացիաների եւ գլոբալ ֆինանսական շրջանակների շնորհիվ: Նրանք ծառայում են միայն սեփական շահույթի նպատակին եւ միջազգային կազմակերպությունների միջոցով տարածում են իրենց արժեքները: Համաձայն տվյալ սցենարի, այդ կարգունակոնի ցանցը դանդաղորեն ծածկում է ամբողջ աշխարհը` ճնշելով ցանկացած ազգային անկախություն: Այդ ցանցի մեջ ներառվում են Արժույթի միջազգային հիմնադրամը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը եւ այլ վերազգային կառույցներ:
Տեսանելի ժամանակաշրջանում համաշխարհային կառավարությունը` որպես միասնական, կենտրոնացված համամոլորակային մարմին, դժվար թե ի հայտ գա, սակայն ընդհանուր կառավարելիության երեւույթը դառնում է ավելի ու ավելի իրական: Որպես դրա վառ օրինակ, «կառավարելիության» սցենարի հեղինակները բերում են Եվրոպական միությունը: Այն հիմնվեց որպես ազատ առեւտրի գոտի, իսկ այսօր դարձել է բավական կենտրոնացված կառույց: Նշվում է, որ ԵՄ-ի հետքերով է գնում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը:
Ըստ գլոբալ կառավարման գաղափարի պաշտպանների, միջազգային քաղաքական եւ տնտեսական գործընթացներն անշեղորեն տանում են Եվրամիության մոդելի համաշխարհայնացմանը, որը թվում է այսօր ֆանտաստիկ` հաշվի առնելով ազգերի մշակութային, կրոնական, լեզվական տարբերությունները եւ շատերի միջեւ գոյություն ունեցող փոխադարձ ատելությունը: Սակայն եթե 60 տարի առաջ որեւէ մեկն ասեր, թե Գերմանիան եւ Ֆրանսիան ունենալու են միասնական տարադրամ, ապա դա պնդողին կարող էին հարցնել. «իսկ ո՞վ ում կնվաճի»:
Հետաքրքրական է նշել, որ իբրեւ քաոսի նշաններ ընկալվող ոչ պետական միավորումները, ինչպես, օրինակ` բնապահպանական խմբերը, արհմիությունները, իրավապաշտպան կամ առեւտրային միությունները, իրականում նպաստում են կարգուկանոնի հաստատմանը, քանի որ յուրաքանչյուրն, իր նեղ ուղղությամբ, մասնակից է միասնական օրենքներ կամ կանոններ հաստատելու գործընթացին: Այսինքն` քաղաքական աշխատանքը, ինչպես եւ տնտեսականը, ձեռք է բերում համաշխարհային բաժանման բնույթ:
Պետք է հաշվի առնել, որ ցանկացած ֆուտուրոլոգիական դպրոց ելնում է այն երկրի կամ հասարակության փորձից, որում ձեւավորվել եւ զարգացել է: 40 տարի առաջ Արեւմուտքում Զբիգնեւ Բժեզինսկին կանխատեսում էր կապիտալիստական եւ կոմունիստական համակարգերի փոխկախվածության աճ, որը պետք է բերեր համաշխարհային համակարգի միասնականացմանը: 20 տարի առաջ Ֆրենսիս Ֆուկույաման կանխագուշակում էր արեւմտյան ազատական ժողովրդավարության վերջնական հաղթանակը` որպես «պատմության ավարտ»: Այդ ժամանակ Արեւմուտքում խոսում էին ազգայնականության մայրամուտի մասին, մինչդեռ այսօր Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում այդ երկրների էլիտան սկսել է խոսել բազմամշակութայնության ձախողման մասին:
Մոտ երկու տասնամյակ առաջ նույն Բժեզինսկին կանխատեսում էր աշխարհի գլոբալ քաղաքական զարթոնքը: 2011թ. հունվարին նա կրկին խոսեց դրա մասին` նշելով, որ այս զարթոնքը սպառնում է գլոբալ էլիտայի դիրքերին եւ պետք է բերի արդյունավետ գործող նոր համաշխարհային կազմակերպությունների առաջացմանը` ՄԱԿ-ի փոխարեն:
«Գլոբալ քաղաքական զարթոնքը», այսպիսով, դառնում է «գլոբալիզացիա» եւ «քաղաքակրթությունների բախում» հասկացություններին փոխարինող եզր, թեեւ Բժեզինսկին այն շրջանառության մեջ դրել էր դեռ 1990-ականներին:
Ակնհայտ է, որ ժամանակակից քաղաքական միտքը, բացառությամբ քիչ դեպքերի, ի վիճակի չէ անգամ վաղվա օրվա իրադարձությունները կանխատեսել, ինչի վառ ապացույցն է արաբական աշխարհում վերջին ցնցումների անսպասելիությունը քաղաքագետների մեծամասնության համար:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]