• am
  • ru
  • en
Версия для печати
17.12.2010

ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

Սուրեն Սարյան

Այս տարվա նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը եւ դրան հաջորդած զարգացումներն առանձնահատուկ նշանակություն ունեցան Թուրքիայի համար` Արեւմուտքի հետ հարաբերություններում իր դերակատարությունը ճշտելու տեսանկյունից: Թուրք քաղաքագետներն այդ իրադարձությունները բնորոշեցին որպես Արեւմուտքի հետ հարաբերություններում Թուրքիայի համար շրջադարձային կետ, որն իբրեւ համարժեք է 1950թ. Ա.Մենդերեսի կառավարության` Կորեական պատերազմին թուրքական զորքեր ուղարկելու որոշմանը. հենց այդ որոշումից հետո` 1952 թվականին հնարավոր դարձավ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Շուրջ չորս տասնամյակ այս երկիրը համարվել է ՆԱՏՕ-ի հարավային պատվարը խորհրդային էքսպանսիայի դեմ: «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի ողջ ընթացքում Թուրքիան իր անվտանգության ապահովումը վստահել էր ՆԱՏՕ-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը փոխվեց:

Վերջերս արեւմտյան փորձագետները կարծիք են հնչեցրել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապն աստիճանաբար թուլանում է, ինչը կրում է գաղափարախոսական բնույթ: Համաձայն Ահմեդ Դավութօղլուի առաջ քաշած «Ռազմավարական խորություն» հայեցակարգի, Թուրքիան պետք է միակողմանիորեն կախված չլինի ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից` կապեր զարգացնելով Ռուսաստանի, Իրանի եւ մահմեդական աշխարհի հետ:

Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան էապես ակտիվացրել է ռազմական կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մասնավորապես, ներկայում Մոսկվայի հետ քննարկվում է S-300 հրթիռների գնման հարցը, իսկ Չինաստանի հետ վերջերս անցկացվեցին համատեղ զորավարժություններ: Ավելին, այս տարի թույլ չտալով Իսրայելին իր տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել, Անկարան անցկացրեց համատեղ զինավարժություններ Սիրիայի հետ:

Անշուշտ, այս ամենը չի նշանակում Անկարայի ռազմաքաղաքական կողմնորոշման փոփոխություն. այդ քայլերը պետք է դիտել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետություններին ուղղված ազդանշան` նրանց համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունը կրկին շեշտելու եւ համապատասխան զիջումներ կորզելու նպատակով:

Այսպես, թուրքական կառավարությունը չձեռնարկեց որեւէ իրական քայլ, որը կարող էր խափանել ՆԱՏՕ-ի ծրագրերի իրականացումը, ներառյալ` հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայումը Հարավային Եվրոպայում: Հայտնի է, որ ԱՄՆ-ը դիմել էր թուրքական կառավարությանը` ՀՀՊ համակարգի տարրերը երկրի տարածքում տեղակայելու առաջարկով: Այս ծրագիրը թուրք որոշ փորձագետների կողմից համարվում է որպես ծուղակ, որով Թուրքիային փորձում են հակադրել հարեւաններին: Սակայն այլ փորձագետներ նշում էին, որ Անկարայի կողմից այդ ծրագրին մասնակցելու մերժումը կբերի Արեւմուտքից Թուրքիայի վնասակար մեկուսացմանը:

Լիսաբոնի գագաթաժողովում ունեցած իր ելույթում Թուրքիայի նախագահ Գյուլը նշեց, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ նոր համակարգը պետք է ընդգրկի դաշինքի բոլոր անդամ երկրների տարածքը եւ ընդունելի լինի բոլորի կողմից: Այսինքն` Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հանգում էր նրան, որ պետք է լինի մեխանիզմ, որը թույլ կտա անհրաժեշտ պահին օգտվել վետոյի իրավունքից:

Միեւնույն ժամանակ, շեշտում էր Գյուլը, այն չի կարող ուղղված լինել որեւէ կոնկրետ պետության դեմ: Թուրքական իշխող վերնախավն ակնհայտորեն չէր ցանկանում, որպեսզի ամերիկացիների կողմից առաջարկվող ՀՀՊ ծրագիրն ուղղվի Ռուսաստանի կամ Իրանի դեմ, որոնց անունները վերջերս հանվեցին Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգում նշվող հավանական հակառակորդների ցանկից: Ա.Դավութօղլուն այդպես էլ հայտարարեց, որ Թուրքիան այլեւս թույլ չի տա, որպեսզի նրան դարձնեն «մերձճակատային երկիր», ինչպես դա եղել է «սառը պատերազմի» դարաշրջանում. «Մենք չունենք վտանգի զգացում, որը կարող է բխել մեր հարակից տարածաշրջաններից, ներառյալ` Իրանից, Ռուսաստանից, Սիրիայից»: Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նշում էին, որ Թուրքիան գտնվում է առաջնային գծում` Իրանի հետ հավանական հակամարտության դեպքում:

Ի վերջո, Անկարային հաջողվեց իր համաձայնությունը պայմանավորել Իրանի (որպես հավանական թիրախի կամ սպառնալիքի աղբյուրի) անունը Լիսաբոնի գագաթաժողովի որոշումներից հանելու պարագայով: Չնայած Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին ուղղակի նշեց, որ ծրագիրն ուղղված է լինելու Եվրոպան իրանական հրթիռներից պաշտպանելու նպատակին: Նաեւ բալկանյան պետությունները` Ռումինիան եւ Բուլղարիան, համաձայնեցին տրամադրել իրենց տարածքները ՀՀՊ կայանների համար` դիտարկելով Իրանը որպես հիմնական հակառակորդ:

Գյուլն իր ելույթում շեշտեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է եւ չի կարող գործել որեւէ երկրի դեմ: ՀՀՊ համակարգի ծավալման հիմնական նպատակը, ըստ Անկարայի, պետք է լինեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունն այն ռիսկերից եւ վտանգներից, որոնք իր հետ բերում է հեռահար հրթիռների գլոբալ տարածումը: Գյուլը նաեւ շեշտեց, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում որոշումներ կայացնելիս Թուրքիան առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, հետո միայն դաշնակիցների հետ համերաշխության սկզբունքով:

Լիսաբոնի գագաթաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիայի մտահոգությունները տեղ գտան ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգում: Թուրքիան համարում է, որ Իրանի անունը չհիշատակելը` որպես ՆԱՏՕ-ի հավանական հակառակորդ, իր դիվանագիտության հաջողությունն է:

Ավելին, թուրք ղեկավարները նույնիսկ հայտարարում էին, որ հենց Թուրքիայի դիրքորոշումը թույլ տվեց պահպանել ՆԱՏՕ-ի իմիջը: Սակայն հասկանալի է, որ թուրքական առաջարկները դաշինքի ղեկավարության համար որեւէ արտակարգ բնույթ չէին կրում: Ամեն դեպքում, Անկարան լիարժեքորեն օգտագործեց Լիսաբոնի գագաթաժողովը Արեւմուտքի եւ Իրանի հետ իր հարաբերությունները գովազդելու համար:

Սակայն իրական քաղաքականության դաշտում ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար: Չնայած Էրդողանի պնդումներին, որ Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգի ղեկավարումը պետք է հանձնել Անկարայի ձեռքը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հենց սկզբից հստակեցրին, որ նման համակարգերի ղեկավարումը դաշինքում իրականացնում է նրա հրամանատարությունը, այլ ոչ թե առանձին մի երկիր:

Ինչեւէ, Թուրքիայի դերակատարումը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եւ այլ ծրագրերում մնում է բավական անորոշ: Թեեւ Թուրքիայի անդամությունը դաշինքին հարցականի տակ չի դրվում, սակայն անհայտ է, թե արդյոք Թուրքիան հետագայում սաբոտաժի չի ենթարկի ՆԱՏՕ-ն, ինչպես ժամանակին դա անում էր գոլիստական Ֆրանսիան:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Թուրքիային հուզող մյուս հարցը ՆԱՏՕ-ԵՄ ռազմական համագործակցությունն է: Դրան այսօր խոչընդոտում է թուրքական դիրքորոշումը Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում: Հայտնի է, որ ԵՄ-ի կողմից Կիպրոսին` որպես իր անդամին ցուցաբերվող աջակցությունը դառնում է լուրջ արգելք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործում: Մյուս կողմից, Անկարան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի քաղաքականության ու անվտանգության հարցերով կոմիտեի ներկայացուցիչների միջեւ հանդիպումների անցկացումը` պնդելով, որ Կիպրոսը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր: Որպես հետեւանք` Ա.Դավութօղլուն հայտարարեց, որ չարժե ակնկալել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ–ի միջեւ լիարժեք համագործակցություն, քանի դեռ Թուրքիային թույլ չեն տալիս մասնակցել այդ համագործակցության ձեւաչափին:

Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխադարձ օտարացումը կարելի է համարել իրական: Անշուշտ, դեռեւս վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի հեռանալու մասին, սակայն ոչ հեռու ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է գալ այն կետին, որտեղ պետք է որոշում կայացնի: Հաշվի առնելով վերը նշված զարգացումները եւ Անկարայի հարաբերությունների սերտացումը Թեհրանի եւ Դամասկոսի հետ` ՆԱՏՕ-ն դժվար թե տրամադրի իր առաջատար ռազմական տեխնոլոգիաները Թուրքիային: ՆԱՏՕ-ի ներսում փորձագիտական մակարդակով արդեն հաստատվել է այն տեսակետը, որ թեպետ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցը, սակայն` ոչ այնքան հուսալի դաշնակիցը: Նմանապես, Թուրքիայի ներսում էլ հասունանում է այն մտայնությունը, թե Արեւմուտքի շահերը չեն համընկնում թուրքական շահերի հետ:

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովը կարելի է հաջողված համարել Թուրքիայի համար` այն տեսանկյունից, որ Անկարան կարողացավ պահպանել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ եւ ՆԱՏՕ-ում իր շահերը: Սակայն հետագայում եւս Թուրքիայի առջեւ կանգնելու է տարածաշրջանային երկրների եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում հավասարակշռության ապահովման խնդիրը:

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է մնալ ԱՄՆ ռազմավարության կարեւոր գործիքներից մեկը, որի միջոցով ապահովվում է ամերիկյան ներգրավվածությունը եվրոպական գործերում: Այսպես, Լիսաբոնում ընդունված ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգը լիովին համընկնում է ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի կողմից հնչեցված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին, Ռուսաստանի հետ «վերաբեռնավորման» եւ Թուրքիայի ներգրավման ու զսպման ուղեգծին: Եվ եթե նախկինում Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Թուրքիան դիմադրում էին Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման ամերիկյան ծրագրին, այսօր նրանք ներգրավվեցին դրանում որպես մասնակիցներ` հույսը դնելով այն բանի վրա, որ ծրագրի ֆինանսական հիմնական բեռը կտանի ԱՄՆ-ը:

ՆԱՏՕ-ի գործոնը կանխում է նաեւ եվրոպացի որոշ փորձագետների կողմից առաջարկվող ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի (Եվրոպայի երեք բեւեռների)` մեկ ձեւաչափի մեջ միավորման գաղափարի իրագործումը: Դժվար թե ԱՄՆ-ը, որն ամբողջ Եվրոպան համարում է իր ազդեցության գոտին, թույլ տա նման ձեւաչափերի ստեղծումը:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն շարունակելու է ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Ռուսաստանի եւ Իրանի հետ նրա հետագա մերձեցումը թույլ չտալու նպատակով:

Մի կարեւոր հանգամանք եւս: Նոր աշխարհակարգում պետությունների եւ դաշինքների նույնականացման հարցի տեսանկյունից` առաջին պլան է դուրս գալիս քաղաքակրթական գործոնը: Այս առումով, ՆԱՏՕ-ն պետք է դառնա այնպիսի կազմակերպություն, որն իր անդամների եւ գործընկերների անվտանգության երաշխիքները կներկայացնի քաղաքակրթական կամ արժեհամակարգային սկզբունքների հիման վրա: Այդ դեպքում Թուրքիայի տեղն ու դերը դաշինքում իրոք կենթարկվեն լուրջ վերիմաստավորման:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր