• am
  • ru
  • en
Версия для печати
19.11.2010

ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ

   

Սուրեն Սարյան

Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, ներկայում Եվրոպային, ինչպես եւ ողջ Արեւմուտքին (ներառյալ Ամերիկան եւ Ռուսաստանը) սպասում է անկայունության մի վտանգավոր շրջան, որն ուղեկցվում է սոցիալական ապակայունացմամբ, քանի որ լայն զանգվածներն այլեւս զրկվում են սոցիալական բարիքներից օգտվելու հնարավորություններից: Որպես ճգնաժամից ելք` առաջարկվում է անցնել խնայողության ռեժիմի, որը ենթադրում է արտոնությունների կրճատում, անվճար ծառայությունների նվազեցում, թոշակային տարիքի ավելացում:

Վերջին ամիսների զանգվածային սոցիալական բողոքները Ֆրանսիայում, որոնք երբեմն վերածվում էին բռնի գործողությունների` փաստացիորեն կաթվածահար անելով երկիրը, կարծես թե վերոնշյալի մասին են վկայում:

Առաջին հայացքից այսօր Ֆրանսիայում ծավալվող իրադարձությունները նման են 1968թ. ուսանողական հուզումներին: Այդ ժամանակ ակնհայտ էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մայրցամաքում հաստատված հասարակարգն այլեւս ի վիճակի չէ բավարարել հետպատերազմյան սերունդների պահանջները: 1968 թվականը բերեց Եվրոպայում քաղաքական ու սոցիալական նոր մոդելի հաստատմանը` քաղաքական կյանքում քաղաքացիների ընդլայնված մասնակցությամբ եւ սոցիալական բարիքների վերաբաշխմամբ:

Այսօր Եվրոպան համակած ճգնաժամն արդեն վերաբերում է գործող մոդելի անկենսունակությանը:

Շուրջ հիսուն տարի Եվրոպան ապրում էր տնտեսական վերելքի եւ կյանքի որակի ու մակարդակի մշտական բարելավման ժամանակաշրջան: Պետք է հաշվի առնել, որ հետպատերազմյան Եվրոպայի հզորության վերելքի գործոններն էին. ա/ պատերազմից մնացած հիշողությունները, որոնցով ղեկավարվում էին առաջնորդների նախորդ սերունդները, բ/ խորհրդային սպառնալիքի առկայությունն ու ամերիկյան աջակցությունը, որոնք համախմբում էին եվրոպացիներին եւ ապահովում մայրցամաքի անվտանգությունը, գ/ Գերմանիայի ձգտումը` ռեաբիլիտացնել իրեն եվրոպացիների առջև եւ ապահովել հարեւանների աջակցությունը երկրի վերամիավորման գործում, դ/ Ֆրանսիայի ձգտումը` առաջնորդել Եվրոպան: Այսօր այդ գործոնները կա՛մ չկան, կա՛մ բավական թույլ են:

Ասպարեզ են եկել այլ գործոններ: Մայրցամաքի երկրներում ժողովրդագրական փոփոխությունները, որոնք ուղեկցվում են կյանքի տեւողության շարունակական աճի ու ծնելիության անկման միտումներով, ծանրացնում են սոցիալական բեռը բոլոր աշխատողների համար: Մինչդեռ, այսօր վերելք ապրող Ասիայի երկրները չունեն ոչ բնակչության թվաքանակի պակաս, ոչ ծախսատար սոցիալական ապահովության համակարգեր, ինչի շնորհիվ ձեռք են բերում էական առավելություններ Եվրոպայի համեմատ: Արդյունքում` եվրոպական երկրների տնտեսություններն այսօր այլեւս համաշխարհային առաջին երեք տնտեսությունների շարքում չեն` իրենց տեղերը զիջելով ԱՄՆ-ին, Չինաստանին եւ Ճապոնիային:

Ճիշտ է, Եվրոպական միությունը մնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը, դեռ տիրապետում է կոշտ ու մեղմ ուժի զանազան միջոցների, սակայն միտումներն այսօր աշխատում են Եվրոպայի դեմ:

Արդեն 2009թ. դեկտեմբերին Կոպենհագենում կայացած գլոբալ կլիմայական հարցերով համաշխարհային գագաթաժողովի ժամանակ գլխավոր հիմնահարցերը քննարկվում էին ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի եւ Բրազիլիայի միջեւ, մինչդեռ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ էլ որեւէ եվրոպական տերություն բանակցությունների սենյակում չէր գտնվում: Այս իրողությունը դարձավ ահազանգ Եվրոպայի համար` իր առաջատար դիրքերի կորստի առումով:

Մինչդեռ Եվրոպան ունի հզոր մտավոր ներուժ, որի օգտագործումը կարող է ապահովել Եվրոպայի տեղը XXI դարի առաջատար հասարակություններում: Սակայն դրա համար անհրաժեշտ է սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական պետության մոդելի վերիմաստավորում, որը գործում էր մի քանի տասնամյակ:

Փորձագետներն այն կարծիքին են, որ ամբողջ Եվրոպան կանգնած է նոր, դրամատիկական փոփոխություններով հղի փուլի շեմին, որը պետք է դուրս բերի մայրցամաքը զարգացման բոլորովին նոր մակարդակի:

Ամեն դեպքում, Եվրոպան պետք է պատրաստ լինի անխուսափելի փոփոխությունների, որոնք ենթադրում են կենսամակարդակի զգալի անկում: Դրան զուգահեռ` մեծանում է վաղվա օրվա նկատմամբ եվրոպացիների անվստահությունը, զգացում, որը նրանք չեն ունեցել առնվազն 1960-ականներից ի վեր:

Կարգավորիչ մեխանիզմներն այլեւս չեն գործում: Եվրոպական երկրների արժեքային համակարգն այսօր համարվում է ոչ համարժեք ժամանակի մարտահրավերներին: Հենց դրա նկատմամբ գրեթե թշնամական վերաբերմունքն է պայմանավորում երիտասարդության ներգրավումը փողոցային հուզումների մեջ: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ինքը վերջերս խոստովանեց, որ Եվրոպայում առկա արժեքային եւ ֆինանսական համակարգերը սպառել են իրենց:

Տնտեսական, ֆինանսական, սոցիալական ճգնաժամի հետեւում կանգնած է խոր մտավոր եւ հոգեւոր ճգնաժամ, որը կասկածի է ենթարկում եվրոպական ժողովուրդների կողմնորոշիչները:

Երիտասարդության փողոց դուրս գալը վկայությունն է, որ սկսվել է եվրոպական կամ արեւմտյան զարգացման ուղու ճգնաժամը: Պարզվեց, որ եվրոպական զարգացման ուղուն այլընտրանքներ կան` ի դեմս ասիական զարգացող հասարակությունների: Տնտեսական գլոբալացումը բերեց նրան, որ չինացի աշխատավորն ավելի մրցունակ է, քան ֆրանսիացի աշխատավորը:

Դրան ավելանում է նաեւ երիտասարդության լուրջ մտահոգությունն իր ապագայի նկատմամբ: Իսկ Շտուտգարտում անկարգությունները դարձան Գերմանիայի ժամանակակից պատմության մեջ ոստիկանության հետ ամենախոշոր բախումները:

Որպեսզի համոզեն իրենց ժողովուրդներին` հրաժարվել արտոնություններից եւ գնալ ինքնասահմանափակումների, եվրոպական էլիտաները պետք է վայելեն վստահություն եւ բարոյական հեղինակություն: Սակայն նման էլիտաներ այսօր դեռեւս չեն նշմարվում:

Եվրոպական քաղաքների փողոցներ դուրս եկած ցուցարարները մեղադրում են իրենց քաղաքական ու գործարար վերնախավերին երկակի ստանդարտների մեջ, երբ հասարակ մարդկանց ստիպում են ձգել գոտիները, իսկ նույն վերնախավի ներկայացուցիչներն այդ զրկանքները եւ պատասխանատվությունը կրելու պատրաստակամություն չեն ցուցաբերում:

Գրեթե բոլոր եվրոպական երկրներում առկա է լիդերության ճգնաժամ: Այսօրվա եվրոպական լիդերներն ի վիճակի չեն ոգեւորել իրենց ազգերին եւ առաջարկել ոչ ստանդարտ լուծումներ` վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

Արդեն Հունաստանի պարագայում ակնհայտ դարձավ, որ եվրոպական քաղաքական էլիտան ունակ չէ համարժեք պատասխան եւ լուծումներ գտնել առաջ եկած հիմնախնդիրներին: Ինչպես նշում է եվրոպացի հայտնի մտածողներից մեկը` Ժակ Ատալին, նկատի ունենալով եվրոպական կառույցների անարդյունավետությունը, «այն, ինչ կատարվում է այսօր, պարզապես փողերի շռայլ վատնում է: Մենք դեռեւս գործ ունենք քաղաքական գործիչների հետ, որոնք XX դարի մարդիկ են եւ ուշանում են մի ամբողջ հարյուրամյակ»: Ատալին նաեւ շեշտում է, որ ճգնաժամը նոր է սկսվում, եւ վատթարագույն սցենարներից խուսափելու համար Եվրոպան պետք է արթնացնի իր քաղաքական դասին:

Եվրոպան կանգնած է լրջագույն երկընտրանքի առաջ. կամ մրցունակության կորուստ, կամ աշխատավորների իրավունքների, այլ կերպ ասած` մարդու իրավունքների սահմանափակում: Իսկ մարդու իրավունքները Եվրոպայի համար դարձել էին նոր կրոն: Այս տեսանկյունից, ԵՄ-ի ու եվրոպական առանցքային պետությունների քաղաքականությունը` հաստատել մարդու իրավունքների գերակայությունը, հակասության մեջ է մտնում նաեւ եվրոպական երկրների ավանդական մշակութային արժեքների եւ որոշ եվրոպական ազգերի ձեւավորման պատմական պայմանների հետ:

Այսպես, մոտ մեկ տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծնողների ներկայացրած հայցերի հիման վրա վճիռ կայացրեց. հանրային վայրերում, այդ թվում` կրթական հաստատություններում խաչերի առկայությունը ճանաչել որպես ծնողների իրավունքների խախտում` սեփական երեխաներին իրենց համոզմունքներով դաստիարակելու իրավունքի տեսանկյունից: Այդ վճիռն առաջացրեց զանգվածային բողոքներ եւ նույնիսկ ուղղակի հրաժարում` կատարելու այն Իտալիայում, Լեհաստանում եւ Լիտվայում, որոնք առավել ավանդապահ կաթոլիկ երկրներն են:

Անկասկած, նման խնդիրները հետագայում ավելի են խորանալու: ԵՄ հիմնարար իրավունքների խարտիայից, որի հիման վրա կայացվեց վերոնշյալ դատավճիռը, վաղը կարող են օգտվել եվրոպական երկրներում բնակվող մահմեդականները, ինչի արդյունքում հնարավոր կդառնա օրինականորեն Եվրոպային պարտադրել օտար արժեքներ, նույն` շարիաթի օրենքները:

Միաժամանակ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում առկա պատմական հիմնախնդիրները եւս ստեղծում են կոնֆլիկտածին իրավիճակներ. անցյալի հանդեպ վերաբերմունքը եւ «պատմական սխալների» ուղղման պահանջները շարունակում են մնալ եվրոպական օրակարգում:

Զուգահեռ աճում է լարվածությունը ներգաղթյալների նկատմամբ, որոնք դարձել են ավելորդ բեռ եվրոպական պետությունների սոցիալական ապահովության համակարգերի համար: Իսկ դա անխուսափելիորեն հանգեցնելու է եվրոպական քաղաքների փողոցներում ինչպես էթնոկրոնական, այնպես էլ սոցիալական արմատներ ունեցող կոշտ բախումների, որոնց նախերգանքը դարձան 2005թ. Փարիզում տեղի ունեցած անկարգությունները:

Պատմությունը վկայում է, որ Եվրոպան միշտ հաղթահարել է իր առջեւ ծառացած մարտահրավերները` ողջ հասարակությամբ: Սակայն ի տարբերություն 1968-ի կամ 1980-ականների` այսօր շատ դժվար է նորից համախմբել եվրոպացիներին: Հասարակությունները պառակտված են: Եվրոպայի ներկա քաղաքական վերնախավն այլեւս ունակ չէ մոբիլիզացնել մարդկանց: Այսօրվա վիճակում այդ մոբիլիզացումն ավելի հաջող է ստացվում նոր աջերի մոտ, որոնք առաջ են քաշում մահմեդականների կամ առհասարակ ներգաղթյալների դեմ ուղղված պահանջներ:

Այս պայմաններում, անորոշ ժամանակով սառեցվում է ԵՄ-ի ընդլայնման ընթացքը, քանի որ այն առաջացնում է եվրոպական երկրների քաղաքացիների դժգոհությունը եւ դժկամությունը` ուրիշ երկրների սոցիալ-տնտեսական խնդիրները սեփական ուսերի վրա վերցնելու հարցում: Դրա վառ օրինակը դարձան Հունաստանի շուրջ ծավալված վերջին զարգացումները, երբ Գերմանիայի եւ այլ պետությունների բնակչությունը հավանության չարժանացրեց հունական տնտեսությունը փրկելու համաեվրոպական ծրագիրը, որտեղ որպես գլխավոր դոնոր հանդես էր գալիս Գերմանիան:

Մյուս կողմից, սակայն, Եվրոպան չի կարող ինքնամեկուսանալ, քանի որ դա հղի է աշխարհում լիակատար հեղինակազրկմամբ եւ այսօրվա դիրքերի անխուսափելի հանձնմամբ, առավել եւս, որ Ասիայում եւ Լատինական Ամերիկայում եվրոպական երկրների տեղերի համար հավակնորդների պակաս չի զգացվում:

Այսօր անորոշ է, թե ինչ զարգացման մոդել եւ փուլ են մտնում եվրոպական հասարակությունները: Ժողովրդի ձայնը մայրցամաքում սկսում է կորցնել իր ուժը. կառավարության փոփոխությունն ընտրությունների միջոցով` չի բերում իրավիճակի բարելավմանը: Այս պայմաններում եվրոպական ժողովրդավարությունը` որպես մոդել, դադարում է գործել:

Այսպիսով, ներկայում Եվրոպայում ծավալվող զարգացումները սկիզբ են տալիս լուրջ եւ անկանխատեսելի մի գործըթնացի, որի արդյունքում կամ Եվրոպան նոր վերածնունդ կապրի, կամ էլ` ինչպես Հին Հռոմի անկումից հետո, կընկղմվի նոր «մութ դարերի» մեջ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր