• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2011

ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Սուրեն Սարյան

Ներկայումս, ինչպես եւ սառը պատերազմի տարիներին, շարունակվում է համաշխարհային տերությունների միջեւ պայքարը գլոբալ կառավարման եւ ռեսուրսների համար: Սակայն եթե առաջ այդ պայքարն ուներ պարզ կառուցվածք` Արեւելք–Արեւմուտք, կոմունիզմ–ժողովրդավարություն գծով, ապա այսօր այն դառնում է բազմապլանային` ներառելով մի շարք ուժային կենտրոններ:

Այս առումով, ուշադրության է արժանի վերջին շրջանում Չինաստանի գլոբալ ակտիվությունը, ինչպես նաեւ էներգետիկ ռեսուրսների եւ հումքային պաշարների ձեռքբերման հարցում սեփական շահերի պաշտպանության նրա քաղաքականությունը:

Փորձագետները նշում են, որ Չինաստանի գործողություններն Աֆրիկայում, Միջին Արեւելքում, Լատինական Ամերիկայում եւ Կենտրոնական Ասիայում ու նույնիսկ Հարավային Կովկասում պայմանավորված են էներգետիկ անվտանգության նկատառումներով: Ընդ որում, չինական ներդրումային առաջարկները չեն ուղեկցվում քաղաքական պայմաններով` ի տարբերություն ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի նմանատիպ քայլերի: Այսօր արդեն ՉԺՀ-ն դարձել է Կենտրոնական Ասիայի պետությունների կենսականորեն անհրաժեշտ ռազմավարական գործընկերը: Դրա վկայությունն են արդեն գործող չին-ղազախական նավթամուղն ու չին-թուրքմենական գազամուղը:

Բացի այդ, Չինաստանը դարձել է գլխավոր ներդրողը Կենտրոնական Ասիայի երկրների ենթակառուցվածքների զարգացման գործում` գումարների փոխարեն ձեռք բերելով էներգակիրներ եւ նույնիսկ տարածքներ, ինչպես դա տեղի է ունենում Ղազախստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի պարագայում: Չինաստանի հնարավորությունները նաեւ լուրջ սպառնալիք են Ռուսաստանի ապագայի համար: Այսպիսով, տարածքային գրոհը դեպի Կենտրոնական Ասիա, ինչպես նաեւ դեպի Հարավարեւելյան Ասիա ակտիվ արտագաղթի խթանումը, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում ու Արեւմտյան Ասիայում «մեղմ ուժի» քաղաքականության կիրառումը չինական ներկա ռազմավարության ուղենիշներն են:

ԱՄՆ պահպանողական ուղղվածության փորձագետները կարծում են, որ Չինաստանի ռազմական հավակնությունները շուտով սպառնալու են ԱՄՆ ասիական դաշնակիցներին եւ հարվածի տակ են դնելու ԱՄՆ գլոբալ առաջնորդության ռազմավարությունը: Նրանք պնդում են, որ ՉԺՀ-ն դադարում է լինել ստատուս քվոյի տերություն` շահագործման հանձնելով նոր ռազմական տեխնոլոգիաներ եւ սպառազինությունների տեսակներ: Չինաստանը սկսել է ակտիվորեն հավակնել Հարավչինական ծովում կղզիների եւ նավթային հանքերի ձեռքբերմանը: Այդ պատճառով, նշված փորձագետների կարծիքով, ապագա հակամարտությունների դաշտն է լինելու ոչ թե Մերձավոր Արեւելքը, այլ Արեւելյան Ասիան:

Սակայն անգամ եթե վերոնշյալ վերլուծաբաններն իրավացի են` Չինաստանի կողմից Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը վիճարկելու հարցում, ապա պետք է հաշվի առնել, որ ՉԺՀ-ն չունի այդ ներուժը` նման ծրագիր իրականացնելու համար: Առկա են լուրջ սահմանափակումներ ռեսուրսների եւ արտաքին շուկաների հարցերում, որոնք զսպում են չինական հավակնությունները: Ինչքան Չինաստանը կոշտ դիրք է փորձում գրավել, այնքան վատթարանում են նրա հարաբերություններն իր հիմնական հարեւանների` Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Հվ.Կորեայի հետ: Իսկ դա ուժեղացնում է հենց ԱՄՆ դերը` Ասիայում անվտանգության համակարգի ապահովման գործում:

Բացի այդ, իրականում ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն չունեն շահերի խոր բախում, որը կբերեր այդ երկու գերտերությունների լուրջ առճակատմանը: Թերեւս, միակ սուր հակադրությունը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ հնարավոր է Թայվանի հարցում, սակայն դժվար է ասել, թե որքանով է այն այսօր ակտուալ:

Այս տարվա հունվարին ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն եւ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման Վաշինգտոնում ստորագրեցին կողմերի փոխադարձ շահերի ճանաչման մասին փաստաթուղթ: Վերլուծաբանները նշում են, որ այդ փաստաթուղթը որոշում է նոր աշխարհակարգը XXI դարում:

Հետաքրքրական է նշել, որ 2011թ. զարգացումներում Չինաստանը, որի վերելքի մասին այդքան խոսվում էր 2010-ին, գրավեց սպասողական դիրք: Մինչ այդ Չինաստանը բավական ակտիվ էր՝ հայտարարելով Հարավչինական ծովի ավազանն իր ազգային շահերի կենսական գոտի, ինչպես նաեւ սկսելով հավակնել գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամում ելք գտած առաջնորդի դերին: Սակայն գլոբալ ստատուս քվոյի խախտումը ստիպեց չինական ռազմավարության ճարտարապետներին հետ քաշվել` սպասելով եւ հետեւելով դեպքերի զարգացմանը:

Չինաստանը նաեւ զսպվածություն է ցուցաբերում ամերիկյան տնտեսության հետ կապված վիճակի առնչությամբ: Հասկանալով, որ ամերիկյան շուկայի փլուզումը պարզապես կկազմալուծի չինական տնտեսությունը, Պեկինը զերծ մնաց կոնկրետ քայլերից` ամերիկյան դոլարն այլ պահուստային արժույթով փոխարինելու հարցում: Այդ փոխադարձ կախվածության նշանը դարձավ օգոստոսին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Պեկին, որի ընթացքում պարտապանը վստահեցրեց պարտատիրոջը, որ ամեն ինչ մնում է նույն կերպով եւ չինական պարտքերին սպառնալիք չի ստեղծվել: Ինչպես նշում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Չինաստանն առանցքային դերակատարում ունի ամերիկյան տնտեսության վերականգնման գործում:

Նա նաեւ գտնում է, որ Չինաստանն առանցքային դեր ունի նոր աշխարհակարգի կառուցման խնդրում: Եվ չին-ամերիկյան հարաբերությունները, որոնք սկսվել են որպես ռազմավարական նախագիծ` խորհրդային վտանգը զսպելու նպատակով, այսօր վերածվել են գլոբալ կառավարման եւ անվտանգության համակարգերի կենտրոնական կառույցի: Ի պատասխան այս ձեւակերպումներին, չինացի պետական պաշտոնյաները եւս նշում են, որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կառուցողական համագործակցության կայացումն ու զարգացումը դարձել են պատմական անհրաժեշտություն:

Չինացի փորձագետները համարում են, որ աշխարհը դարձել է ավելի անկանխատեսելի եւ անկայուն. տերությունների միջեւ հակասությունները, մահմեդական ծայրահեղականության աճը, հնացած միջազգային կազմակերպությունները, միջուկային զենքի տարածման խորացող վտանգը, հաճախակի տարածաշրջանային հակամարտությունները ստեղծում են անիշխանություն եւ անորոշություն: Այս իրավիճակը ստեղծում է բոլորի համար ինչպես լավ հնարավորություններ, այնպես էլ լուրջ ռիսկեր:

Պեկինն, ի տարբերություն Վաշինգտոնի, դեռ չի մշակել կամ առաջ չի քաշում իր տեսլականը` գլոբալ համակարգում Չինաստանի դերի համար: Ամեն դեպքում, դեռ շատ հարցերում Չինաստանը մնում է հետնապահ երկիր, եւ արագընթաց վերելքի դեպքում Պեկինը բախվելու է նոր լուրջ մարտահրավերների: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն իր կայսերական առաքելությունը տեսնում է ամբողջ մարդկության համար «բլրի գագաթին փայլատակող քաղաք» լինելու մեջ, Չինաստանը, եւս լինելով կայսրություն, հետաքրքրվում է արտաքին աշխարհով այնքանով, որքանով այն կարող է օգնել իրեն` սեփական ներքին խնդիրների լուծման հարցում:

Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ–ՉԺՀ հարաբերություններում առկա է փոխադարձ շահի գործոնը, երբ ԱՄՆ-ը ապահովում է իր համար էժան արտադրանքի ներկրման հնարավորություն, իսկ Չինաստանը դրա դիմաց ստանում է համաշխարհային արժույթ հանդիսացող դոլարներ, որոնցով գնում է նավթահումքային պետություններից իր զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ էներգակիրներն ու հումքը: Այսինքն՝ ԱՄՆ-ն էլ իր տնտեսական կայունությունն ապահովելու համար պետք է թույլ տա Չինաստանին ձեռք բերել այդ ռեսուրսները: Եթե Չինաստանի ռեսուրսային քաղաքականությունը վտանգ ներկայացներ ԱՄՆ-ի համար, ապա դժվար թե բոլոր այն երկրները, որտեղ քաղաքական էլիտան սերտորեն կապված է Վաշինգտոնի հետ, չինական կորպորացիաներին թույլ տային շահել բազմաթիվ տենդերներ եւ շահագործել իրենց հումքը: ՉԺՀ-ն կկարողանա վարել ԱՄՆ-ից ինքնուրույն քաղաքականություն այն դեպքում միայն, եթե առաջ անցնի ռազմական սպառազինությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Սակայն հենց այստեղ ամերիկյան առաջնորդությունն անվիճարկելի է մնալու դեռ երկար ժամանակ:

Բացի այդ, այն պայմաններում, երբ սկսել է արագ զարգանալ մյուս ասիական հսկան` Հնդկաստանը, որի հետ ԱՄՆ-ը կառուցում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այդ թվում` ռազմաքաղաքական ասպարեզում, Չինաստանի համար ազատության դաշտը բավական նեղանում է: Եվ նա ստիպված է ամեն կերպ աջակցել Պակիստանին` հնդկա-ամերիկյան դաշինքին հակակշիռ ստեղծելու համար: Չինաստանը ներդրել է 1,7 մլրդ դոլար` Պակիստանում Գվադար նավահանգստի կառուցման նպատակով, որն առանցքային նշանակություն ունի դեպի Պարսից ծոցի նավթագազային հարստությունները Չինաստանի ելքն ապահովելու գործում: Բացի այդ, ՉԺՀ-ն ծրագրում է Գվադարը դարձնել իր եւ Պակիստանի համատեղ ռազմածովային բազա:

Որոշ վերլուծաբաններ Չինաստանի համար կանխատեսում են համաշխարհային առաջնորդության ստանձնում մոտակա տասնամյակում կամ տասնամյակներում, քանի որ այն կարող է շուտով անցնել ԱՄՆ-ին իր տնտեսական ցուցանիշներով: Սակայն լինել ամենամեծը՝ դեռ չի նշանակում լինել առաջինը: Բացի աշխարհում թիվ 2 տնտեսությունը լինելուց, Չինաստանը դեռ հեռու է այլ ոլորտներում առաջատար դիրքեր գրավելուց կամ մրցակից դառնալուց (ռազմաստրատեգիական, նոր տեխնոլոգիաների, սոցիալական եւ այլն):

Չինաստանի խոցելի տեղերն են մնում էներգակիրների եւ սննդի մատակարարումները: Ընդ որում, բացի Ռուսաստանից, Չինաստանի էներգետիկ մայրուղիներն անցնում են անկայուն տարածաշրջաններով: Անկայունության ներուժ ունի անգամ նրա սեփական տարածքը` Սինձյան-Ույղուրական շրջանը, որը սահմանակից է Կենտրոնական Ասիային եւ Աֆղանստանին:

Այժմ հարցն այն է, թե արդյոք Չինաստանը 2012-2013թթ. նոր ղեկավարության հետ արդեն կփորձի նվազեցնել իր արտաքին կախվածության աստիճանը:

Այսպես, Չինաստանը զերծ մնաց G-2 տանդեմի ստեղծման միջոցով աշխարհը կիսելու ԱՄՆ առաջարկներն ընդունելուց՝ իրեն համարելով «զարգացող երկիր»: Պեկինը ձգտում է ակտիվորեն օգտվել գլոբալ կառավարման տնտեսական լծակներից եւ համաշխարհային ռեսուրսներից, սակայն ամեն կերպ խուսափում է դրա քաղաքական եւ քաղաքակրթական օրակարգի հարցերի քննարկումներից:

Ըստ էության, ՉԺՀ ղեկավարությունը շարունակելու է Դեն Սյաոպինի պատգամների իրագործումը` չմիանալ որեւէ ռազմաքաղաքական դաշինքի եւ ցուցաբերել զսպվածություն արտաքին գործերում: Սակայն, մյուս կողմից, Չինաստանի տնտեսական հաջողությունները սնուցում են նաեւ այդ տերության աշխարհաքաղաքական հավակնությունները եւ ազգայնականության աճը, իսկ բուն տնտեսական կարիքները հարկադրում են ակտիվացնել չինական ջանքերը` էներգետիկ եւ այլ հումքային ռեսուրսների ձեռքբերման հարցում: Ամեն դեպքում, ապագայում Չինաստանի կարեւորագույն որոշումները պայմանավորված են լինելու ոչ թե ներքին կամքով եւ սեփական ռազմավարությամբ, այլ արտաքին հանգամանքներով: Այդ պատճառով ՉԺՀ-ն կառուցում է իր ռազմավարական գործընկերությունը հենց ԱՄՆ-ի հետ, ապա նաեւ ակտիվորեն կայացնում Շանհայի համագործակցության կազմակերպությունը, զարգացնում ազատ առեւտրի գոտիները` Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ միասին:

Իսկ առայժմ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սուդանի բաժանումը (Սուդանից արտահանվող նավթը մեծ մասամբ արտահանվում էր դեպի ՉԺՀ) եւ Լիբիայի դեմ ՄԱԿ-ի կողմից արտոնված պատերազմը, վկայում են, որ ՉԺՀ-ն չի ձգտում դիմադրել ԱՄՆ-ի կողմից նոր աշխարհակարգի կառուցման ընթացքին, այլ ընդհակառակը` փորձելու է ներգրավվել դրա մեջ` պաշտպանելով սեփական շահը: Պետք է հաշվի առնել, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ՉԺՀ-ն առեւտրային կայսրություններ են. այսինքն՝ երկուսն էլ գերադասում են առեւտրի մեջ մտնել եւ պայմանավորվել որեւէ հարցի շուրջ կամ պարզապես «գնել» դիմացինին, ու միայն ծայրահեղ դեպքում դիմել ուժային սցենարին: Ուստի, Չինաստանը պարզապես դեմ է լինելու ամերիկյան դոլարի` որպես համաշխարհային արժույթի փոխարինմանը, քանի որ, ինչքան էլ ցանկանա, դրա առաջին հարվածն ինքն է ստանալու: Պեկինը, ինչպես եւ մնացած տերությունները, նաեւ պատրաստ չէ փոխարինել ԱՄՆ-ին գլոբալ կառավարման համակարգում, քանի որ հակառակ դեպքում կառաջանա վակուում, որտեղ ծայրահեղական ուժերը ձեռքերի ազատություն կստանան:

Ամերիկյան փորձագետները կոչ են անում վերանայել ԱՄՆ գլոբալ առաջնորդության հայեցակարգը, քանի որ Միացյալ Նահանգները վերցրել է իր ուժերից ու ռեսուրսներից վեր բեռ եւ հարկ է այն կիսել համաշխարհային այլ դերակատարների, այդ թվում` Չինաստանի հետ: Լիբիական պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն այսուհետ գործելու է ոչ միայնակ: Ինչպես խոստովանեց սենատոր Ջոն Մակքեյնը, Լիբիայում Միացյալ Նահանգները ղեկավարումն իրականացնում էր կողքից: Այսինքն՝ Օբամայի վարչակազմի ուղեգիծն այն է, որ ԱՄՆ-ը գործի բոլոր մնացած խաղացողների անունից: Կամ՝ նրանց ձեռքով:

Չինաստանի ուղղությամբ Միացյալ Նահանգները որդեգրել է ռազմավարական հանդարտեցման ուղեգիծը, երբ հաստատուն դիվանագիտությունը զուգորդվում է Համաշխարհային օվկիանոսում հզորագույն ամերիկյան նավատորմի առկայության հետ: Քանի ամերիկյան նավատորմը վերահսկում է ամբողջ Համաշխարհային օվկիանոսը, Չինաստանը, որի էներգակիրների մեծ մասը հասցվում է ծովային ուղիներով, գտնվում է ԱՄՆ-ից կախվածության վիճակում: Այդ պատճառով էլ Պեկինը սկսել է մտահոգվել սեփական նոր նավատորմի կառուցման հարցով:

Ըստ էության, Վաշինգտոնն ու Պեկինն այսօր ուղիներ են փնտրում Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիաներում հաշտեցման համար: Դա լինելու է ոչ թե ազդեցության գոտիների բաժանում, այլ համատիրություն: Ամեն դեպքում, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություններն, իրոք, ձեւավորելու են նոր աշխարհակարգի օրակարգը:

Ունենալով պահպանողական աշխարհաքաղաքական մտածելակերպ` ՉԺՀ-ն հակադրվում է ԱՄՆ «հեղափոխական» մտածելակերպին, քանի որ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն հասկանում է, որ աշխարհի տարածաշրջաններում ձեւավորված ստատուս քվոն իրեն սպառում է: Ակնհայտ է ԱՄՆ ձգտումը` հօգուտ իրեն շրջել գլոբալ զարգացման ընթացքը: Հարկ է նշել նաեւ, որ Արեւմուտքը երբեւէ չի վախեցել ստատուս քվոն խախտելուց, ինչի ապացույցն են Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունները:

ԱՄՆ-ը փոխում է մարտավարությունը, սակայն ոչ ռազմավարությունը: Անիրական է թվում աշխարհի միակ գերտերության կապիտուլյացիան ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ տարածաշրջանային ուժերի առաջ, այսինքն` ամբողջ Եվրասիայի հանձնումը նրանց ձեռքը: Վերլուծաբանները նշում են, որ եթե անգամ տեղի ունենա ամերիկյան տնտեսության դեֆոլտը, որից ԱՄՆ-ը խուսափեց օգոստոսի սկզբին, եւ որին կհաջորդեն աշխարհի մնացած բոլոր տնտեսությունները, ապա առաջին երկիրը, որը կապահովի իր տնտեսական եւ ֆինանսական վերակենդանացումը, կլինի հենց Միացյալ Նահանգները:

Ուստի, կարելի է նաեւ կանխատեսել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն ավելի համարձակ է գնալու գլոբալ ստատուս քվոյի խախտմանը, քանի որ առաջին շահողը եւս նա է դուրս գալու: Չինաստանին այս վիճակում մնում է հետեւել ԱՄՆ-ին` հետնապահի դերում չհայտնվելու համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր