Եվրոպայի միավորումը և անկախացումների նոր ալիքը


Եվրոպայում, կարծես, սկսվում է անկախացումների երկրորդ ալիքը, որը հաջորդում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների անկախացմանը` Խորհրդային Միության, հարավսլավական և չեխոսլովակյան դաշնությունների փլուզումից հետո:
Անկախացման երկրորդ ալիքի սկիզբ կարելի է համարել 1990-ականներին Կոսովոյի իրադարձությունները, երբ Սերբիայի կազմում գտնվող Կոսովոյի ինքնավար երկրամասը ՆԱՏՕ-ի ռազմական ուժի աջակցությամբ ձեռք բերեց փաստացի անկախություն Բելգրադից: Ալբանացիները, լինելով Եվրոպայի ամենահին ազգերից մեկը, չունենալով իրենց շրջապատող ժողովուրդների հետ էթնիկ որևէ կապ, անկախության համար պայքարի ելան Սերբիայում, ապա Մակեդոնիայում և արդյունքում կարողացան հասնել Կոսովոյի վրա միջազգային պրոտեկտորատի հաստատմանը, ինչն ի վերջո պիտի հանգեցնի երկրամասի անկախացմանը, իսկ Մակեդոնիայում` իրենց իրավահավասարության ճանաչմանը միջազգային երաշխիքներով:
Ապա հերթը հասավ Մոնթենեգրոյին (Չեռնոգորիա), որը միակ նախկին հարավսլավական հանրապետությունն էր, որ 1991 թվականից հետո չգնաց Սերբիայի հետ ապահարզանի և կազմավորեց նրա հետ ընդհանուր պետություն` Հարավսլավիայի Միութենական Հանրապետություն: Դեռևս 2000 թվականին, երբ ընկավ Սլոբոդան Միլոշևիչի վարչակարգը, Մոնթենեգրոն դե ֆակտո դարձավ անկախ (արդեն այդ ժամանակ հանրապետության տարածքում պաշտոնական արժույթ էր դարձել եվրոն):
Այն պահից, երբ 2003-ին ՀՄՀ-ը փոխակերպվեց Սերբիայի և Չեռնոգորիայի ընկերակցության, Մոնթենեգրոյի անկախացումը կանխորոշված էր, քանի որ նա դարձավ փաստացի սուվերեն պետություն, որտեղ զուտ ձևականորեն էին գործում ընկերակցության օրենքները: Այդ ժամանակ որոշվեց նաև, որ երեք տարի անց պետք է անցկացվի Չեռնոգորիայի հետագա կարգավիճակի մասին հանրաքվե, որը և կայացավ այս տարվա մայիսին:
Ստանալով անհրաժեշտ դրական արդյունք` Մոնթենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում հունիսին հռչակվեց Եվրոպայի նոր` թվով 48-րդ անկախ պետությունը: Դարեր շարունակ Մոնթենեգրոն եղել է Բալկաններում միակ ինքնիշխան պետությունը, որի ասպետական-վանական եղբայրությունները թույլ չէին տալիս օսմանների կայսրությանը և Վենետիկին հաստատել իրենց վերահսկողությունը այս տարածքի նկատմամբ: Եվ հիմա այն դարձավ վերջինը, որ անկախություն նվաճեց Հարավսլավիայի փլատակների վրա:
Մոնթենեգրոյի և Կոսովոյի անկախացումը կարելի է համարել Հարավսլավիայի գերեզմանին դրված վերջին քարը: Բալկանյան պատերազմների և հարավսլավական միասնության փլուզման հետևանքով վերացավ Եվրոպայում առավել դինամիկ տնտեսություն, լավ բանակ և ռազմարդյունաբերական համալիր ունեցող քաղաքական կենտրոններից մեկը: Հասկանալի է, որ ԵՄ-ին, առավել ևս նրա առանցքային դերակատար Գերմանիային, որն արդեն հարյուր տարուց ավելի Բալկանները դիտում է որպես իր հարավային ազդեցության շարունակություն և ելք դեպի Միջերկրական ծով ու Մերձավոր Արևելք, առանձնապես պետք չէր իր կողքին ունենալ հավասարազոր ներուժով մրցակից երկիր: Պատահական չէ, որ հենց Գերմանիան առաջինը զարկ տվեց տիտոյական Հարավսլավիայի քայքայմանը, երբ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից առաջ ընկնելով` ճանաչեց Սլովենիայի և Խորվաթիայի անկախությունը, ապա գործուն մասնակցություն ունեցավ բոսնիական և կոսովյան պատերազմներին, իսկ այսօր տնտեսական ներխուժում է իրականացնում Բալկաններում:
Միացյալ Նահանգները` մարտավարության տեսանկյունից դառնալով Բալկաններում «իրերի որոշողը», ռազմավարական առումով այսօր դուրս է մղվում այս տարածաշրջանից: Իսկ Ռուսաստանի գործոնը, որին շատ են հիշատակում Բալկանների մասին խոսելիս` որպես իբրև թե սերբերի իրական և միակ դաշնակից, այսօր գրեթե հավասարվել է զրոյի, մինչդեռ ընդամենը հարյուր տարի առաջ հենց Բալկանների համար էր ռուսական պետությունն անընդհատ պատերազմներ մղում կենտրոնաեվրոպական տերությունների և Օսմանյան կայսրության դեմ: Այսօր Եվրոպան` ԱՄՆ-ի հետ միասին (կարելի է անգամ ասել` նրա միջոցով) Ռուսաստանին լրիվ դուրս է մղել տարածաշրջանից:
Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ, որ Հարավսլավիան, իրոք, չափազանց արհեստական պետություն էր, որը ձևավորվել էր Առաջին աշխարհամարտի արդյունքների հիման վրա: Այդ պետության մեջ միավորվել էին այնքան խայտաբղետ տարածքներ, որոնց միասին պահում էր շատ քիչ բան, և ի վերջո այդ կաթսան պետք է պայթեր, ինչը տեղի ունեցավ 90-ականների սկզբին: Ինչքան էլ Սերբիայի առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչը փորձեց պահպանել Հարավսլավիան, այդ փորձերը միայն մեծ կորուստներ և տառապանքներ պատճառեցին բալկանյան ժողովուրդներին, իսկ իրեն` Միլոշևչին, հասցրին Հաագայի դատարան և մահվան: Իսկ այսօր, երբ Միլոշևիչի վարչակարգն արդեն վեց տարի ոչ ևս է, Մոնթենեգրոն կարողացավ ապահարզանի հասնել Սերբիայի հետ: Այստեղ ավելի շուտ գործեց Չեխիայի և Սլովակիայի միջև «թավշյա» ապահարզանի նախադեպը, երբ 1992-ին երկու ժողովուրդները որոշեցին ինքնուրույն ապրել և առանց լուրջ դիմակայության բաժանվեցին իրարից: Սա վկայում է, որ Բալկանները, որոնք վերջին երկու հարյուրամյակում համարվել են Եվրոպայի «վառոդի տակառը», աստիճանաբար սովորում են եվրոպական նոր խաղի կանոններին:
Մոնթենեգրոյի անկախացումը վերջնականապես թաղեց պանսլավոնականության միֆը և միաժամանակ ապացուցեց եվրոպական միասնության գաղափարի գրավչությունը, քանի որ անկախության հռչակումն ուղղված էր նախ և առաջ հենց միջազգային մեկուսացումից դուրս գալուն և Եվրամիությանը միանալուն, մինչդեռ Սերբիայի հետ միասին Պոդգորիցան դեռ երկար պետք է սպասեր այդ որոշմանը:
Միաժամանակ, այսօր նմանատիպ գործընթացներ` մի փոքր այլ երանգներով, տեղի են ունենում Եվրոպայի արևմտյան մասում: Իսպանական Կատալոնիայում հունիսին կայացավ ինքնավարության ընդլայնման հանրաքվե, որը բերեց Ֆրանկոյի իշխանության տարիներին ճնշման տակ գտնվող կատալոնցիների ազգային ինքնության ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, իսպանական կառավարության և տարանջատման ձգտող բասկերի միջև նախաձեռնվել են բանակցություններ, իսկ Հս. Իռլանդիայում երկարատև դադարից հետո գումարվեց ազգային ասամբլեան:
Փորձագետները պնդում են, որ Մոնթենեգրոյի և Կատալոնիայի հանրաքվեները և դրանց հետ կապված զարգացումներն իրենց էական ազդեցությունը կունենան անկախության ձգտող բազմաթիվ տարածքների և շարժումների վրա` զարկ տալով Եվրոպայում (կամ նրա հարևանությամբ) նոր պետությունների առաջացմանը, որոնց շարքը բավական երկար է. Բասկերի երկիր, նույն Կատալոնիան, Շոտլանդիա, Հս. Իռլանդիա, Կորսիկա, Կոսովո, Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հվ. Օսիա, Հս. Կիպրոս ևն:
Միջազգային հանրությանը մտահոգում է, որ իրար հետևից ասպարեզ կարող են գալ անկենսունակ փոքր պետություններ, որոնք կքայքայեն ներկայիս աշխարհակարգը, և արդյունքում Եվրոպան կգլորվի դեպի անկայունության նոր փուլ: Սակայն երբեմն հանուն այդ նույն կայունության պետք է գնալ ապահարզանի, քանի որ բռնի կերպով այլ ժողովրդի հետ «միասնության» մեջ մնալը բերում է միայն ավելի ծանր հետևանքների:
Միաժամանակ, ակնկալել, որ, օրինակ, Մոնթենեգրոյի անկախացումը կարող է ազդել մնացած «վիճելի տարածքների» հիմնախնդիրների կարգավորման վրա, այնքան էլ ճիշտ չի լինի: Մոնթենեգրոյի անկախացման գործընթացն առավել հստակ էր և, թերևս, մշակված: Դեռևս 2003 թվականին ԵՄ հովանավորությամբ որոշում ընդունվեց եռամյա ժամկետ տալ Սերբիայի և Չեռնոգորիայի բաժանման համար, որը պետք է հաստատվեր հանրաքվեով: Սերբիան, իր հերթին, համաձայնեց ընդունել հանրաքվեի ցանկացած արդյունք և պարտավորվեց ճանաչել Մոնթենեգրոյի անկախությունը:
Վերջին հաշվով, Մոնթենեգրոն վիճելի տարածք չէր, այն արդեն ուներ պետականության համարյա բոլոր նշանները` Հարավսլավիայի, ապա Սերբիայի հետ դաշնության կազմում: Այսօր այն գնաց անկախացման` որպես հիմնական շարժառիթ ունենալով ԵՄ-ին միանալու և եվրոպական ինտեգրմանը լիակատար մասնակից դառնալու մղումները, ինչպես այսօր դա տեղի է ունենում այլ բալկանյան երկրների` Ռումինիայի, Բուլղարիայի կամ Խորվաթիայի հետ: Առավել ևս, որ Մոնթենեգրոյի միացումը ԵՄ-ին որևէ լուրջ խնդիրներ Միության համար չի հարուցելու, քանի որ այս երկիրն այնքան էլ մեծ չէ, և նրա քաղաքական ու տնտեսական ադապտացումը եվրոպական չափանիշներին կընթանա շատ արագ: Օգնությունն էլ, որն անհրաժեշտ է տրամադրել նորանկախ երկրին, ևս ծանր բեռ չի դառնա Եվրոպայի համար, ինչպես, օրինակ, դա կարող է լինել Լեհաստանի, Թուրքիայի կամ Ուկրաինայի դեպքերում:
Որպես «նախադեպ» ավելի շատ կարող է ծառայել Կոսովոյի դեպքը, եթե վերջինիս անկախությունը ճանաչվի առանց նրա նախկին կենտրոնական կառավարության` Բելգրադի համաձայնության: Մինչ օրս Սերբիան չի ցանկանում տեսնել այս երկրամասը որպես անկախ պետություն, իսկ Կոսովոյի ալբանացիները պատրաստ են արյամբ նվաճել իրենց անկախ կարգավիճակը:
Կոսովոյի համար ընտրված է այլ` յուրօրինակ ուղի: Սկզբից այն պետք է հասնի ոչ լրիվ ինքնիշխանության կարգավիճակի, որտեղ որոշակի գործառույթներ, օրինակ` մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, կվերապահվեն միջազգային հանրությանը: Հայտնի է նաև, որ Կոսովոյի անկախությունը պայմանավորվում է Ալբանիային նրա չմիանալու նախապայմանով: Միաժամանակ Կոսովոյում պահպանվելու են ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը, որոնք թույլ չեն տա կոսովցիներին վարել ավելի հարձակողական քաղաքականություն: Ապա պետք է սկսվեն ԵՄ-ին Կոսովոյի միանալու մասին բանակցություններ, և ի վերջո Կոսովոն, Սերբիան և մնացյալ նախկին հարավսլավական հանրապետությունները կդառնան «ընդհանուր ինքնիշխանության» կրողներ` միավորվելով ԵՄ-ի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Չեխիայի և Սլովակիայի դեպքում:
Մոնթենեգրոյի և Կատալոնիայի փորձը ցույց է տալիս, որ ինքնորոշման և նրա ձևերի փոփոխման պրոբլեմները հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, եթե մյուս կողմը (տվյալ դեպքում` Բելգրադն ու Մադրիդը) համարժեք է արձագանքում և ընդունում դիմացինի ընտրությունը:
Մոնթենեգրոյի և Կատալոնիայի դեպքում մենք վկա ենք դառնում երկու հայեցակարգերի` պետությունների Եվրոպայի և ռեգիոնների Եվրոպայի միաժամանակյա հակադրմանը և համադրմանը: Ռեգիոնները ձգտում են հետզհետե ավելի մեծացնել իրենց գործառույթները` խլելով դրանք կենտրոնական իշխանությունից և հարաբերվել ԵՄ-ի հետ ուղղակիորեն: Այսինքն` այսօր առկա է խնդիր, թե ինչքանով արդի եվրոպական պետություններն ունակ կլինեն դիմագրավել ազգային ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդների ինքնիշխանության ընդլայնման մարտահրավերին, արդյոք այդ գործընթացը կբերի եվրոպական պետությունների քայքայմա՞նը, թե՞ ամրապնդմանը:
Մոնթենեգրոյի և ամբողջ Բալկանների, ինչպես նաև Կատալոնիայի, Բասկերի երկրի կամ Շոտլանդիայի դեպքերը կոչված են ցույց տալու, թե, քաղաքական իմաստով, ինչի պետք է ծառայի Եվրոպական Միությունը: Այսինքն` ինչքանով այն կարող է ծառայել «տանիք», որը պաշտպանում է ինչպես մայրցամաքի ազգային բազմազանությունը, այնպես էլ նրա պետությունների միասնականությունը:
Փորձը ցույց է տալիս, որ տարբեր ազգություններով բնակեցված տարածաշրջանների առկայության դեպքում` չափազանց մեծ կենտրոնացումը բերում է կենտրոնական իշխանությանը դիմադրության ուժեղացմանը: Առավել ևս, որ տվյալ դեպքում այդ իշխանությունն այլևս միակը չէ և կարելի է նրա գլխից վերև դիմել Բրյուսելին:
Կատալոնիան առաջարկել է մոտեցում` ազգային ինքնություն, հարկային-մաքսային ինքնուրույնություն, բայց` Իսպանիայի կազմում: Դրան այսօր ձգտում են նաև Շոտլանդիան, Ուելսը, Հս. Իռլանդիան: Իսպանիան կամ Մեծ Բրիտանիան այնպիսի պետություններ են, որոնք ունակ են ընկալել դիմացինի պրոբլեմները և հնարավորինս չխոչընդոտել դրանց լուծմանը: Այստեղ կենտրոնական կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել անջատողականների հետ և որոշակի պայմաններում անգամ ճանաչել այդ տարածքների անջատման իրավունքը:
Բոլորովին այլ է իրադրությունը Բալկաններում, առավել ևս Հարավային Կովկասում: Այն երկրները, որոնք չեն կարող առաջարկել գրավիչ ինտեգրացիոն մոդելներ և չունեն անհրաժեշտ որակներ արդեն առկա մոդելներին միանալու համար, անում են ամեն ինչ, որ ապացուցեն սեփական գերակայությունը, որպեսզի իրենց կենտրոնական իշխանությունը հասնի բացարձակ մակարդակի: Նրանց համար անընդունելի է անգամ ինքնավարություններին որոշ իրավասությունների փոխանցման գաղափարը. արդյունքում` նրանք կանգնում են այդ ինքնավարությունները լրիվ կորցնելու փաստի առջև, ինչը մենք տեսնում ենք Սերբիայի, Վրաստանի և Ադրբեջանի դեպքերում:
Այնպես որ, քանի դեռ վերոնշյալ խնդրահարույց տարածքների վրա չի հայտնվել ԵՄ-ի «տանիքը», բոլոր առաջարկվող լուծումներն այդպես էլ կմնան կիսատ և անբավարար:
ևս մի էական պահ: Դատելով Բալկանյան թերակղզում տեղի ունեցող վերջին զարգացումներից (Սլովենիայի կայացած և Բուլղարիայի ու Ռումինիայի կայանալիք միացումը ԵՄ-ին, Խորվաթիայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սկիզբը, Բոսնիայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի փոխարինումը ԵՄ խաղաղապահներով, Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքը, բալկանյան երկրների բավական արագ ժողովրդավարացումը և ահա Մոնթենեգրոյի անկախացումը)` կարելի է պնդել, որ այս տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ հայտնվում է ԵՄ-ի ազդեցության գոտում, իսկ մոտ ապագայում նաև այդ Միության ամբողջական մաս կկազմի:
Արդեն հաջորդ տարի ԵՄ-ը պետք է որոշում կայացնի մինչև 2014թ. իր կազմի մեջ բալկանյան բոլոր երկրների ընդունման վերաբերյալ: Անգամ ծրագրվում է այդ տարի հուլիսի 1-ին Սարաևոյում ԵՄ գագաթաժողով անցկացնել, ինչով կխորհրդանշվի մայրցամաքում աշխարհամարտերի ժամանակաշրջանի (նույն քաղաքում հարյուր տարի առաջ սանձազերծված) ավարտը:
Ինչ-որ առումով այսօրվա Եվրոպայի բազմաթիվ պրոբլեմների արմատները պետք է փնտրել այն ազգային-քաղաքական-կրոնական հանգույցում, որտեղով տարածվում էր երբեմնի Օսմանյան կայսրությունը: Եթե նայում ես Բալկաններին, Կովկասին և Մերձավոր Արևելքին, ապա տեսնում ես, որ հենց այստեղով էին անցնում օսմանների տերության սահմանները, իսկ այսօր հենց այստեղ են գտնվում մոլորակի ամենաթեժ կետերը: Ստեղծվել է խայտաբղետ թույլ պետություններից բաղկացած մի ցանց, որոնք փաստացի միջազգային կառավարման կարիք են զգում:
Բալկանյան ժողովուրդներն ամբողջ հարյուրամյակ ձգտում էին կառուցել իրենց ազգ-պետությունները Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունների փլատակների վրա: Սակայն, քանի որ նրանք անցնում են այդ ուղին բազում արյունալի բախումների և սեփական հասարակությունների թուլացման միջոցով, ապա ԵՄ-ը որոշել է փաստորեն ստանձնել բալկանյան պետությունները կայացնողի և երաշխավորի դերակատարումը: Ընդ որում, այդ դերակատարումը որոշակիորեն տարբերվում է այն դերից, որն իրականացնում էր Միացյալ Նահանգները Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ իր վրա վերցրեց Գերմանիայի և Ճապոնիայի պետական վերակառուցման (nation-building կամ state-building) գործառույթը: Տվյալ դեպքում ԵՄ-ը կառուցում է «ի՛ր անդամ-պետությունները» (member-state building): Այս դեպքում Կոսովոյի նման պետությունները, դասական իմաստով, այլևս չեն լինելու լիարժեք ազգ-պետություններ:
Այս ամենը ենթադրում է, որ օսմանյան միջնադարյան ժառանգության մնացորդները կլանվելու են Եվրոպայի նեոմոդեռնիստական կայսրության կողմից, առավել ևս, որ ծրագրվում է միացնել ԵՄ-ին այդ ժառանգության սիրտը` Թուրքիան:
Մայրցամաքի այլ մասերում ևս առկա են ազգային հողի վրա միատարրության նվազեցման միտումներ: Սլովակիայում և Ռումինիայում ապրում են բազմաթիվ հունգարացիներ, Հունգարիայում` սլովակներ, Բոսնիայի խորվաթներն ու սերբերն առանց այդ էլ անընդհատ մտածում են անջատվելու կամ իրենց մայր երկրներին միանալու մասին: Դա էլ ստիպում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ե՛ւ քաղաքական, ե՛ւ ուժային մեթոդներով վերահսկողություն սահմանել ամբողջ Արևելյան և Հարավային Եվրոպայի նկատմամբ:
Ամեն դեպքում, այսօր Եվրոպայում գնում է ինչպես ինտեգրման, այնպես էլ մասնատման գործընթաց: Միաժամանակ, եվրոպական քաղաքականության մեջ տարածում է գտնում «հարաբերական ինքնիշխանության» հայեցակարգը, որը մենք տեսնում ենք թե՛ Մեծ Բրիտանիայի կամ Իսպանիայի նման երկրների, թե՛ Սերբիայի, Մոնթենեգրոյի, Կոսովոյի նման պետությունների մակարդակներում: Այն ենթադրում է ինչպես պետական սուվերենության կիսում կենտրոնական և ինքնավար մակարդակների միջև, այնպես էլ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նման վերազգային ուժերի կողմից որոշ եվրոպական պետությունների նկատմամբ վերահսկողության սահմանում:
Այդ պատճառով ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն շարունակելու են ընդլայնվել` անցնելով Բալկաններով, ապա հասնելով Կովկասյան լեռներ և Կասպից ծով:
Սակայն ԵՄ-ին միացումը մեխանիկորեն չի լուծի ազգամիջյան խնդիրները: Ավելի շուտ, Բալկանները և Կովկասը փորձադաշտ են, ուր կոմպակտ տարածքի վրա գոյատևում են տարբեր ազգեր և կրոններ, որոնց համագոյակցության մոդելներն Արևմուտքը ներկայումս փորձարկում է` ապագայում դրանցից առավել հաջողվածները պրոյեկտելու համար Արևմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ հետզհետե առաջանում են կրոնական և ազգային անկլավներ` ի դեմս ասիական և աֆրիկյան ներգաղթյալների:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]