• am
  • ru
  • en
Версия для печати
29.08.2006

Իսլամն ԱՄՆ-ում

Руский

   

Արաքս Փաշայան

Իսլամն Ամերիկա է թափանցել 17-րդ դարի սկզբին, Աֆրիկայից` ստրուկների միջոցով: Աֆրիկյան մայրցամաքից Ամերիկա էին բերվում սեւամորթ մահմեդականներ, որոնց մեծ մասը «նոր հայրենիքում» հավատափոխ էր արվում եւ ձեռք բերում եվրոպական անուններ: Սակայն արդեն 20-րդ դարի սկզբին «սեւերի» շրջանում ի հայտ են գալիս ակունքներին վերադառնալու միտումներ, եւ իսլամն աստիճանաբար սկսում է ներկայացվել որպես այլընտրանք «սպիտակների» քրիստոնեությանը: 1913թ. Նյու Ջերսիում հիմնվում է առաջին մզկիթը:

Չնայած ի սկզբանե ԱՄՆ-ում միայն սեւամորթներն էին դավանում իսլամ, սակայն սկսած 1870-80-ական թվականներից` Միացյալ Նահանգներն իսլամադավան էմիգրացիոն խմբեր է ընդունում Մեծ Սիրիայից (սիրիացիներ, լիբանանցիներ, հորդանանցիներ)՝ հիմնականում աշխատավորներ:

1948թ. Իսրայել պետության ստեղծումից եւ արաբ-իսրայելական պատերազմից հետո ԱՄՆ են արտագաղթում պաղեստինցի առաջին գաղթականները: Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ-ում արդեն գործում էին 50-ից ավելի մզկիթներ:

1950–1960-ական թվականները նշանավորվում են ԱՄՆ սեւամորթ բնակչության իսլամական ինքնագիտակցության վերելքով: Դրան նպաստում են թե՛ ամերիկյան իշխանության խտրական քաղաքականությունը, թե՛ Մերձավոր եւ Միջին Արեւելքից ԱՄՆ-ում հաստատված էմիգրանտները: Այս շրջանում աֆրոամերիկացիները ստեղծում են առանձին կազմակերպություններ, որոնք իրենց ցեղակիցներին առաջարկում էին հրաժարվել ստիպողաբար ընդունած քրիստոնեությունից եւ վերադառնալ իսլամին՝ ուծացվելուց խուսափելու, աֆրիկյան ինքնությունը պահպանելու համար:

Այս նոր իրողությանը մեծապես նպաստեց 1960-ականների սկզբներին ԱՄՆ-ում մեծ թափ ստացած եւ հաջողությամբ պսակված ռասայական խտրականության դեմ շարժումը, որի առաջատարն էր սեւամորթ հոգեւորական Մարթին Լյութեր Քինգը: Այդ տարիների աֆրոամերիկյան մահմեդական երիտասարդության կուռքերից էր նշանավոր հասարակական գործիչ Մալքհոլմ Էքսը, որը փոխեց իր քրիստոնեական անունը` դառնալով Էլ-Հաջջի Մալիք էլ-Շաբազզ:

1965թ. ազատականացվում են էմիգրացիոն օրենքները. եթե մինչեւ 1960-ականները ներգաղթածները հիմնականում չկրթված աշխատավորներ էին, ապա 1960-ականներից հետո ներգաղթողները որոշակի մասնագիտություն ունեցողներ են, որոնց կարիքն ԱՄՆ-ը ուներ: Դրանք, միաժամանակ, ազգային ինքնագիտակցություն ունեցող, սեփական մշակույթին եւ պատմությանը ծանոթ մարդիկ էին, որոնք մեծացել էին Երկրորդ աշխարհամարտից հետո անկախություն ձեռք բերած ազգ-պետություններում: Նոր միջավայրում նրանք գիտակցում էին ազգային եւ կրոնական տեսանկյունից համախմբված ապրելու անհրաժեշտությունը:

Արդյունքում` ԱՄՆ-ի իսլամական սփյուռքը զգալիորեն աշխուժացավ՝ ընդունելով էթնոդավանական տարբեր խմբեր արաբական երկրներից, Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից: Այս շրջանից ի վեր զգալի թիվ սկսեցին կազմել նաեւ ուսանելու եկածները, որոնց մեծ մասը կրթությունը վերջացնելուց հետո հաստատվում էր ԱՄՆ-ում եւ աշխատանք գտնում իր մասնագիտությամբ:

Այս շրջանում իր գործունեությունն է ակտիվացնում 1931թ. ստեղծված եւ մինչեւ օրս գործող «Իսլամի ազգ» (Nation of Islam) կազմակերպությունը, որն աստիճանաբար դառնում է ազդեցիկ եւ հզոր կառույց: Արդեն տեւական ժամանակ կազմակերպության առաջնորդը հայտնի տեսաբան եւ հռետոր, արմատական համարում ունեցող գործիչ Լուիս Ֆարահանն է:

«Իսլամական ազգի» կորիզը աֆրիկյան ծագում ունեցող սուննի մահմեդականներ են: Նրա ակտիվիստները վստահ են, որ իսլամի միջոցով հնարավոր է պայքարել տարբեր արատների եւ հանցագործությունների դեմ, ինչպես նաեւ ինքնակատարելագործվել եւ կարգապահ դառնալ:

«Իսլամի ազգից» հետո աֆրիկյան ծագում ունեցող մահմեդականների ամենամեծ կազմակերպությունը «Ամերիկյան-մահմեդական առաքելությունն» է, որի ստեղծած կառույցները, որպես կանոն, կոչվում են «Մասջիդ Մուհամադ» («Մուհամադի մզկիթ»):

Առավել մեծ կազմակերպություններից է սպիտակների «ԱՄՆ-ի եւ Կանադայի մահմեդական ուսանողների ասոցիացիան»՝ իր 300 մասնաճյուղերով, որը նպատակ ունի օգնել մահմեդական երիտասարդներին ներգրավվելու ամերիկյան իրականության մեջ՝ առանց ինքնությունը կորցնելու: Ազդեցիկ կառույց է նաեւ «Մզկիթների խորհուրդը»՝ իր 100 մասնաճյուղերով, որ ձգտում է միավորիչ դեր խաղալ:

ԱՄՆ-ում իսլամական բնակչության ճշգրիտ թիվը հայտնի չէ: Վիճակագրական վերջին տվյալներով` այն հաշվվում է մոտ 7 միլիոն: ԱՄՆ-ի մահմեդականները կրոնական փոքրամասնությունների մեջ չորրորդ տեղն են զբաղեցնում: Նրանց 1/3-ը աֆրիկյան ծագում ունի, մնացածը՝ ասիական: «Սեւ» իսլամի ներկայացուցիչները հաշվվում են շուրջ 4 մլն: Pew Research Center for the People and the Press-ի անցկացրած հարցախույզի տվյալներով՝ մահմեդականների 10%-ը ցածր կենսամակարդակ ունի, 52%-ը՝ միջին, իսկ 28%-ը իրեն կարող է համարել հարուստ մարդ՝ ի տարբերություն Արեւմտյան Եվրոպայի մահմեդականների, որոնց մեջ շատ են սեւագործ աշխատանքով զբաղվողները: Փաստորեն, ըստ հարցախույզի, ԱՄՆ-ում կան զգալի թվով ազդեցիկ մահմեդականներ: Ի դեպ, արվեստի ու սպորտի բնագավառում եւս հայտնի են բազմաթիվ հանրաճանաչ մահմեդականներ:

Մահմեդականները հոծ խմբերով ապրում են Նյու Յորքում, Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Վաշինգտոնում, Իլինոյսում, Մասաչուսեթսում, Օհայոյում: ԱՄՆ-ում գործում են իսլամական հարյուրավոր կենտրոններ, ցերեկային եւ կիրակնօրյա դպրոցներ, հազարից ավելի մզկիթներ: Ուշագրավ է, որ մզկիթներն իրենց ճարտարապետությամբ ավելի ամերիկյան, քան իսլամական մշակույթի կնիքն են կրում:

Սակայն, ընդհանուր առմամբ, իսլամական սփյուռքն ԱՄՆ-ում համախմբված եւ միասնական չէ, ինչը պայմանավորված է նաեւ էթնոդավանական տարբերություններով: Աֆրիկյան եւ ասիական ծագմամբ մահմեդականները շատ դեպքերում գործում են զուգահեռաբար, բայց անկախ:

ԱՄՆ-ում ապրող մահմեդական շրջանակները հիմնականում զերծ են արմատական տրամադրություններից, նրանցից շատերը նույնիսկ մզկիթ չեն հաճախում: Գրեթե չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, որ ահաբեկչությունների մասնակիցներ լինեն ԱՄՆ-ի իսլամադավան քաղաքացիները: Անգամ այս երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին ամերիկացի մահմեդականներ չեն մասնակցել: Արմատական իսլամական կազմակերպությունների թիվը քիչ է: Դրանցից է «Ջամաաթ ալ-Ֆուկրը», որի նպատակներից է ստեղծել իսլամական գետոներ ողջ ԱՄՆ-ի տարածքում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի 2006թ. տվյալներով՝ ԱՄՆ-ում գործում են այս կազմակերպության շուրջ երեք հազար ակտիվիստներ:

ԱՄՆ-ի մահմեդականների համար լուրջ մարտահրավեր էր սեպտեմբերի 11-ը: Կարծես դրանից հետո ամերիկացիները նկատեցին իրենց կողքին ապրող մահմեդականներին: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ արեց ազգին՝ ձեռնպահ մնալ մահմեդականների դեմ վրեժխնդրության գործողություններից, ինչից, սակայն, հնարավոր չեղավ խուսափել. մահմեդական առանձին թաղամասեր ենթարկվեցին հարձակումների:

Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 11-ը մեծացրեց հետաքրքրությունն իսլամի նկատմամբ: Ղուրանը եւ իսլամին վերաբերող գրքերը սկսեցին շատ ավելի լավ վաճառվել գրախանութներում: Մեծացավ իսլամական ինտերնետային կայքերից օգտվողների թիվը:

Արդի շրջանում իսլամական համայնքի առաջնային խնդիրներից է՝ չեզոքացնել իսլամի հանդեպ այն թյուր կարծիքը, որ ձեւավորել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները: Արդեն սկսել է գործել մահմեդական առաջին կաբելային անգլիալեզու հեռուստաընկերությունը՝ Bridges TV-ն, որ նպատակ ունի տալ իսլամի եւ ամերիկյան իսլամական սփյուռքի ճշմարիտ պատկերը:

The Pew Forum on Religion & Public Life-ի՝ 2005թ. անցկացրած հարցախույզը նպատակ ուներ ճշտել ամերիկացիների դիրքորոշումը ԱՄՆ-ում ապրող մահմեդականների եւ իսլամի նկատմամբ: Հարցախույզի տվյալների համաձայն՝ ամերիկյան մահմեդականների նկատմամբ դրական է արտահայտվել հարցվածների 55%-ը, բացասական 25%-ը: Իսլամի նկատմամբ դրական է արտահայտվել հարցվածների 39%-ը, բացասական՝ 36%-ը: Ամերիկացիների 36%-ը համոզված է, որ իսլամն աջակցում է բռնությանը: 2004թ. նման տեսակետ էր արտահայտել հարցվածների 44%-ը: ԱՄՆ-ի այն շրջանակները, որոնք լավատեղյակ են իսլամին, լոյալ են վերաբերվում այդ կրոնին: Հակաիսլամական միտումներն ավելի ուժեղ են չկրթվածների շրջանում:

Չնայած սեպտեմբերի 11-ի իրողությանը, ԱՄՆ-ում մահմեդականներն իրենց համեմատաբար հանգիստ են զգում, նրանք ազատ դավանում են իրենց կրոնը, շփվում քրիստոնյաների եւ հրեաների հետ, մասնակից դառնում միջդավանական երկխոսությունների: Նրանք այժմ ավելի կազմակերպված են ապրում, գիտեն իրենց իրավունքները: Տեղական հեռուստատեսությամբ մահմեդականներին ողջունում են Ռամադանի կապակցությամբ:

Գրեթե բոլոր ուսումնասիրությունները փաստում են ԱՄՆ-ում մահմեդականների ժողովրդագրական աճը: Մասնավորապես, ամերիկյան բանակում մահմեդականները մեծ թիվ են կազմում: (Ծոցի առաջին պատերազմի ժամանակ իսլամ են ընդունել ավելի քան 3 հազար ամերիկացի զինծառայողներ):

Ի դեպ, ԱՄՆ-ում շատ են իսլամ ընդունելու դեպքերը հատկապես բանտերում, որտեղ ամեն տարի մահմեդական են դառնում շուրջ 135.000 բանտարկյալներ: Իսլամ է ընդունում աֆրիկյան ծագում ունեցող 10 բանտարկյալից մեկը: Նորադարձությունը պայմանավորված է գոյապահպանության հրամայականով: Իսլամական համայնքն օգնում է նորահավատներին եւ պաշտպանում նրանց իրավունքները: Բանտերում մահմեդական խմբերը համատեղ աղոթում են, կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ:

Իսլամական արժեքների հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ ամերիկյան բարոյականության սկզբունքների նկատմամբ եղած դժգոհությամբ:

Ինչեւէ, փաստ է, որ իսլամն այսօր իր հաստատուն տեղն ունի

ԱՄՆ-ում եւ շոշափելի ազդեցություն` ամերիկյան մշակույթի վրա: Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ 2010թ. ԱՄՆ-ում մահմեդական համայնքն իր թվաքանակով, քրիստոնյաներից հետո, կլինի երկրորդը՝ շրջանցելով հրեականը: Եվ թվում է, որ այս երկիրն այլեւս չի կարող միայն քրիստոնեությունն ու հուդայականությունը համարել իր հիմնական կրոնները եւ պետք է հաշվի նստի իսլամի հետ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր