Իրաքյան թնջուկ


2006թ. դեկտեմբերի 6-ին Իրաքի ուսումնասիրության խումբը (Iraq Study Group, ստեղծվել է Կոնգրեսի որոշմամբ` 2006թ. մարտին), որն առավել հայտնի է իբրեւ Բեյքեր–Համիլթոն հանձնախումբ, նախագահ Ջ.Բուշին ներկայացրեց այդ երկրի վերաբերյալ իր զեկույցը։ Դրանում ներկայացված 79 առաջարկների իրականացումը, ըստ հանձնախմբի, կարող է կայունացնել իրավիճակն Իրաքում։
Համաձայն փաստաթղթի, իրավիճակն Իրաքում վատթարանում է` սպառնալով վերաճել համընդհանուր քաոսի, անիշխանության եւ հումանիտար ճգնաժամի: Հանձնախումբն ամերիկյան վարչակազմին առաջարկում է Իրաքում եւ տարածաշրջանում գործադրել դիվանագիտական ու քաղաքական նոր ջանքեր, ինչպես նաեւ իրականացնել Իրաքում ամերիկյան զինված ուժերի գործառույթների փոփոխություն: Ամերիկյան բանակը (որի թիվը կարիք ունի ավելացման) պետք է ուսուցանի եւ մարզի իրաքյան բանակը, որը պետք է կարողանա իր վրա վերցնել ռազմական գործողությունների վարումը։
Բեյքեր–Համիլթոն հանձնախմբի ամենակարեւոր հանձնարարականներից մեկն իրաքյան խնդրի լուծման հարցում Իրանի ու Սիրիայի հատուկ դերակատարությունն է: Զեկույցի հեղինակները Իրաքում իրավիճակի կայունացման տեսանկյունից կարեւորում են նաեւ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականության ակտիվացումը` դրա մեջ ներառելով պաղեստինյան եւ սիրիական ուղղությունները:
Հանձնարարականների կատարումը, ըստ զեկույցի հեղինակների, պայմաններ կստեղծի, որպեսզի 2008-ի առաջին քառորդին հնարավոր լինի ամերիկյան զինուժն ընդհանուր առմամբ դուրս բերել երկրից:
Պաշտոնական Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում Իրաքի շուրջ երկխոսության մեջ ներառել Իրանը եւ Սիրիան` Իրանի պարագայում մատնանշելով վերջինիս միջուկային ծրագիրը, իսկ Սիրիայի պարագայում` Լիբանանին առնչվող հանգամանքները:
Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան քայլերն` ուղղված Իրաքում իրավիճակը կայունացնելուն, արդյունավետ չեն: ԱՄՆ-ի իրաքյան քաղաքականությանը վերաբերող դիսկուրսում հնչում են տեսակետներ այն մասին, որ ամերիկյան վարչակազմն ավելի շատ փորձում է տակտիկական, քան հայեցակարգային փոփոխություններ կատարել։ Ասվածի ապացույցն է 2005թ. դեկտեմբերի 30-ին Իրաքի նախկին առաջնորդ Ս.Հուսեյնի մահապատիժը, որը հոկտեմբերին իրաքյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել` 1982-ին Ալ-Դուջեյլ գյուղում 148 շիաների սպանության համար։ Ս.Հուսեյնի մահապատիժը մեծ աղմուկ առաջացրեց Իրաքում եւ միջազգային տարբեր շրջանակներում` երբեմն հակոտնյա գնահատականների տեղիք տալով։ Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ իսլամական այլ երկրներ ու գործիչներ տարակուսանք են արտահայտել մահապատիժն իսլամական ամենամեծ եւ սրբազան տոներից մեկի` Իդ Ալ-Ադհայի (կամ Կուրբան-բայրամի) ընթացքում իրականացնելու համար, ինչն անթույլատրելի է իսլամի տեսանկյունից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, նաեւ Եվրամիության մի շարք երկրներ, ՄԱԿ-ը, ՌԴ-ն Ս.Հուսեյնի մահապատիժը համարել են մեծագույն սխալ եւ դատապարտել այն: Ս.Հուսեյնի մահապատիժը գոհունակությամբ են ընդունել Իրանը, Իրաքի քրդերն ու շիաները:
Ամերիկյան վարչակազմի եւ իրաքյան իշխանությունների այն հավաստիացումները, թե Ս.Հուսեյնի մահապատիժը կնպաստի Իրաքի միասնությանը եւ վերջ կդնի Իրաքի պատմության մութ ժամանակներին, անհիմն են, եւ դա ապացուցվեց մահապատժին հաջորդած եւ սուննիների իրականացրած ահաբեկչությունների շղթայով: Առաջին պայթյունն արձանագրվեց դեկտեմբերի 30-ի հենց առավոտյան, շիաների սրբատեղի համարվող Քուֆա քաղաքի շուկաներից մեկում։
Իրաքյան հետագա գործընթացների տեսանկյունից ուշագրավ է 2007-ի հունվարի 10-ին նախագահ Ջ.Բուշի ծրագրային ելույթը Իրաքում ԱՄՆ-ի վարչակազմի նոր ռազմավարության մասին, որը, վերջինիս խոսքերով ասած, ոչ միայն նպատակ ունի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, այլեւ դառնալ կարեւոր հանգրվան միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Ծրագրի ամենակարեւոր կողմերից մեկն իրաքյան քաղաքականության մեջ ամերիկյան կողմի սխալների ու բացթողումների մասին Բուշի դիտարկումն էր եւ հիմնական մեղքի բաժինն իր վրա վերցնելը: Բուշն այդ երկրում իրավիճակի կայունացմանը խոչընդոտող երկու պատճառ առանձնացրեց` զինվորականության պակասը եւ ամերիկյան հրամանատարության` գործելու ոչ բավարար ազատությունը: Այդ իսկ պատճառով Իրաքում ամերիկյան համակազմն ավելանալու է ավելի քան 20 հազար զինվորականներով: Բացի այդ, լրացուցիչ միջոցներ պետք է ներդրվեն` կասեցնելու գրոհայինների մուտքը հարեւան երկրներից:
2007-ին երկրի անվտանգության հիմնական երաշխավոր պետք է լինի իրաքյան կառավարությունը, իսկ Բաղդադի ինը շրջանները պետք է անցնեն իրաքյան 18 բանակային եւ ոստիկանական բրիգադների հսկողությանը:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հասկացնել տվեց, որ Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունը չպետք է փորձարկի իրենց համբերությունը, եւ եթե չկարողանա կատարել իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես` ապառազմականացնել սուննի եւ շիա ռազմական խմբավորումներին, ապա կզրկվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ իրաքյան ժողովրդի աջակցությունից: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հ.Քիսինջերի կարծիքով` իրաքյան կառավարությունը երբեք չի կարող կասեցնել քաղաքացիական պատերազմն ու միջդավանական բախումները, իսկ դա նշանակում է, որ այդ երկրում հետագա զարգացումները կայունության չեն հանգեցնելու:
Բուշի կարծիքով` ներկա փուլում Իրաքից հեռանալը հղի է այդ երկրի համար կործանարար հետեւանքներով, ինչը հաստատում է նաեւ փորձագիտական հանրությունը։ Բուշը չի թաքցնում, որ նոր ռազմավարության խստագույն իրականացման դեպքում անգամ անհնար է հասնել շուտափույթ եւ դյուրին հաղթանակի: 2006-ի դեկտեմբերի վերջին Պենտագոնի նոր ղեկավար Ռոբերտ Գեյթսը Սենատի պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ նույնիսկ հայտարարեց. «Մենք չենք հաղթում, բայց եւ չենք պարտվում»։ Այս ձեւակերպումը հակասում է 2006թ. նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Իրաքի մասին Բուշի հաշվետվության մեջ տեղ գտած «Մենք, անկասկած, կհաղթենք» ձեւակերպմանը։ The Washington Post-ին տված հարցազրույցում Ջ.Բուշն ընդգծում է, որ պառլամենտական ընտրություններում հանրապետականների պարտությունը գնահատում է ոչ թե Իրաքում ամերիկյան ներկայությունն ընդհատելու, այլ` որպես ճգնաժամից նոր ուղիներ գտնելու անհրաժեշտություն։
Հունվարյան ելույթում Ջ.Բուշն իր երկրի քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենց սպասվում է ծանր տարի, որը կհանգեցնի նորանոր զոհերի ինչպես իրաքյան բնակչության, այնպես էլ ամերիկացի զինծառայողների շրջանում:
Բացի ռազմական ծրագրից, Բուշն առաջ քաշեց նաեւ տնտեսական ծրագրեր. ԱՄՆ-ը պատրաստվում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել` Իրաքում ենթակառուցվածքների վերականգնման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Ամերիկյան հայտնի քաղաքագետ Զ.Բժեզինսկին խիստ քննադատաբար է մոտենում Բուշի ծրագրին: Ըստ նրա, ընդունելով ԱՄՆ-ի պարտությունն Իրաքում` Բուշը փորձում է օգտագործել պատասխանատվությունից խուսափելու ստանդարտ ձեւ` պարտությունը համարելով իր սխալը: Քաղաքական հնարք է Իրաք լրացուցիչ զորք ուղարկելը։ Ռազմական հաղթանակի հասնել` չի նշանակում հաղթել պատերազմը: Ամերիկյան զինվորների մասնակցությունը փողոցային արյունոտ մարտերին եւ դրանց ելքը չեն կարող ազդել շարունակական քաոսի, էթնիկ եւ միջդավանական բռնության, ինչպես նաեւ գրոհայինների նպատակամղված հակաամերիկյան գործողությունների դադարեցման վրա:
Իսկ Իրաքում ռազմաքաղաքական իրավիճակը եւ անվտանգության ոլորտը շարունակում են մնալ բարդ: Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունը, չնայած բազմաթիվ խոստումներին, չի կարողանում արդյունավետ գործել։ Սուննի–շիա հակամարտության մեջ աստիճանաբար ավելի մեծ թվով պետություններ են ներքաշվում: Իրաքյան պաշտոնական տվյալներով` Սաուդյան Արաբիայի առանձին շրջանակներ հսկայական միջոցներ են տրամադրում սուննի գրոհայիններին, ինչը, բնականաբար, անհանգստացնում է Թեհրանին: Իր հերթին սաուդական հատուկ ծառայությունները մեղադրում են Իրանին` շիական ռազմաքաղաքական խմբավորումներին աջակցելու, իրաքյան տարածքում շիական պետություն ստեղծելու մեջ: Պաշտոնական Ռիադն արդեն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը ներկա փուլում հեռանա Իրաքից, ապա իրենք ստիպված կլինեն միջամտել իրաքյան խնդրին, օգնել եւ զինել սուննիներին, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել շիական սպառնալիքը։
Իրաքյան ներկայիս իրողությանը բնորոշ է ռազմական խմբավորումների գործունեությունը, ինչը հիշեցնում է լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ միմյանց հետ հակամարտող ռազմաքաղաքական կառույցների գործելակերպը: Իրաքում ներկա փուլի մյուս առանձնահատկություններից մեկը կապված է շիական եւ սուննիական «մահվան էսկադրոնների» գործողությունների հետ, որոնք ներգրավված են մարդկանց սպանության մեջ` ըստ կրոնական հատկանիշի: Բազմաթիվ տվյալներ կան այն մասին, որ շիական էսկադրոնները շատ դեպքերում օգտվում են պետական ուժային կառույցների աջակցությունից: Աստիճանաբար ակնհայտ է դառնում Բաղդադի բաժանումը երկու` արեւելյան (մեծ մասամբ` շիական) եւ արեւմտյան (հիմնականում` սուննիական) մասերի: Այն եւս հիշեցնում է կրոնական հիմքի վրա Բեյրութի բաժանումը քաղաքացիական պատերազմի շրջանում: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` շիաները ձգտում են աստիճանաբար դուրս մղել սուննիներին Բաղդադից: Միջդավանական թշնամությունից եւ ջարդերից խուսափելու համար շատերը հեռացել են իրենց մշտական բնակության վայրերից դեպի անվտանգ շրջաններ: 2003-ից ի վեր մոտ 2 միլիոն մարդ է արտագաղթել երկրից:
Իրաքյան պառլամենտի խոսնակ, սուննիադավան Մահմուդ Ալ-Մաշհադանիի կարծիքով` իրաքյան հասարակության երկփեղկվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրաքյան քաղաքական եւ կրոնական ուժերը չեն հրաժարվել ծայրահեղությունից եւ իրենց նեղ քաղաքական հետաքրքրություններից: Թե երբ եւ ինչպես դա պետք է տեղի ունենա, պարզ չէ, հատկապես որ արտաքին դերակատարները դրանում, կարծես, շահագրգիռ չեն:
Փորձագետների գնահատմամբ, 2007 թվականին մերձավորարեւելյան տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կշարունակվի լարվածությունը. մասնավորպես` Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Պաղեստինում Ֆաթհ եւ Համաս խմբավորումների միջեւ, Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ, Լիբանանի ներքաղաքական կյանքում, Աֆղանստանում եւ, ի վերջո Իրաքում, որտեղ առկա իրավիճակի հետագա շարունակումը, ինչպես նշել է Ռոբերտ Գեյթսը, կարող է հանգեցնել «տարածաշրջանային պայթյունի»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]