• am
  • ru
  • en
Версия для печати
23.04.2007

Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը

   

Արաքս Փաշայան

2007թ. մարտի 28-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում տեղի ունեցավ արաբական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի` Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)1 XIX գագաթաժողովը` «Համերաշխություն» խորագրով: Բավական է նշել, որ առաջին անգամ արաբական երկրների պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը. մասնակցում էին եվրոպական, ասիական եւ աֆրիկյան մի շարք երկրների ներկայացուցիչներ: Ներկա էին արաբական տասնյոթ երկրների առաջին դեմքեր:

Գագաթաժողովի հիմնական նպատակներից մեկն այն էր, որպեսզի տարանջատված եւ բազմաբեւեռ արաբական աշխարհն ի վերջո փորձի համախմբվել եւ կարողանա միացյալ ուժերով դիմագրավել արաբական աշխարհին սպառնացող մարտահրավերները: Օրակարգի հիմնական հարցերը կապված էին մերձավորարեւելյան հիմնախնդիրներին` պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Իրաքում եւ Լիբանանում, ինչպես նաեւ Սուդանում եւ Սոմալիում ստեղծված իրավիճակներին։ Հանդիպմանն ընդունվեց ամփոփիչ կոմյունիկե եւ հռչակագիր:

Գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Սաուդ Ալ-Ֆեյսալը` Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը, նշեց, որ արաբ ղեկավարները պետք է պատասխանատվության զգացողություն ունենան տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ, պետք է փորձեն գործնական որոշումներ ընդունել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին:

Մեծ հնչեղություն ստացավ գագաթաժողովին պաղեստինա-իսրայելական հակամարտության սաուդական ծրագրի (կամ խաղաղության արաբական նախաձեռնության) գործադրման մասին որոշումը: Սույն ծրագիրն առաջին անգամ ընդունվել է 2002թ. Բեյրութի ԱՊԼ գագաթաժողովում: Ռիադի գագաթաժողովում որոշվեց հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել հիշյալ ծրագրով` առանց որեւէ ուղղման, ինչը պնդում էր Թել Ավիվը:

Արաբական նախաձեռնությունը նկատի է առնում համակողմանի խաղաղության հաստատում կամ հող` խաղաղության դիմաց հայտնի դրույթի ընդունում, բոլոր արաբական երկրների կողմից Իսրայել պետության ճանաչում` պայմանով, որ վերջինս դուրս գա 1967թ. արաբական գրավյալ տարածքներից, իսկ պաղեստինցի փախստականների խնդրին տրվի արդար լուծում։

Արաբական երկրների առաջնորդները հայտարարեցին, որ աջակցում են Պաղեստինի ազգային միասնության կառավարությանը: Գրեթե բոլոր բանախոսներն անընդունելի համարեցին Պաղեստինի Ինքնավարության բյուջեի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները: Այս կապակցությամբ ընդունվեցին «Պաղեստինի ազգային միասնության կառավարությանն աջակցելու մասին» եւ «Պաղեստինի ազգային վարչակազմի բյուջեին եւ պաղեստինցի ժողովրդի տոկունությանն աջակցելու մասին» բանաձեւերը:

Ռիադի գագաթաժողովը դատապարտեց ԱՄՆ-ին Իրաքի օկուպացման համար` անհրաժեշտ համարելով օտար զորքերի դուրսբերումը: Լիբանանում, Սուդանում եւ Սոմալիում ստեղծված վիճակի համար մեղավոր ճանաչվեցին արտաքին ուժերը: Ինչպես միշտ, ընդունվեցին «Սիրիական արաբական Գոլանի բարձունքների գրավման մասին», «Լիբանանի հետ համերաշխության եւ նրան աջակցելու մասին», «Իրաքի իրավիճակի մասին», «Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող Արաբական ծոցի (Պարսից ծոցի–Ա.Փ.) երեք կղզիների` Մեծ եւ Փոքր Թոմբի եւ Աբու Մուսայի գրավման մասին» բանաձեւերը:

Կարեւոր էր գագաթաժողովում «Արաբական ազգային անվտանգության» մասին բանաձեւը: Դրանում նշված է, որ ԱՊԼ անդամ պետությունները խնդիր ունեն պահպանելու իրենց անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ աջակցելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Նրանք պետք է ամրապնդեն միջպետական կապերը, իսկ իրենց միջեւ ծագող հակամարտությունները կարգավորեն խաղաղ ճանապարհով: Այսինքն` ԱՊԼ անդամ պետությունները պետք է ձգտեն արաբական ռեգիոնում պահպանել ստատուս քվոն` իր ներկա սահմաններով ու առկա վարչակարգերով: Սակայն բանաձեւում հստակ նշված չէ, թե ինչ ռեսուրսներով եւ մեխանիզմներով պետք է արաբական երկրներն իրականացնեն ռեգիոնի անվտանգությունը։

Հանդիպմանն ընդունվեց նաեւ «ԱՊԼ անդամ պետություններում ատոմային էներգիայի խաղաղ զարգացման մասին» բանաձեւը, որտեղ նշված է, որ ատոմային էներգիայի խաղաղ զարգացման ծրագիրը պետք է հիմնված լինի միջազգային համաձայնագրերի եւ փաստաթղթերի վրա: Մի շարք դրույթներ ընդունվեցին միջարաբական տնտեսական կապերի զարգացման վերաբերյալ:

Գագաթաժողովում վերստին արձանագրվեց, որ տարածաշրջանը եւ, մասնավորապես, արաբական աշխարհն անբաղձալի վիճակում է։ Ռիադի հռչակագրում նշված է. «Մեր տարածաշրջանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում. արաբական հայրենիքը ենթարկվում է բռնության, արաբական ռեսուրսները վատնվում են, սպառնալիքի տակ են արաբական ինքնությունը եւ մշակույթը...»։

Աբդալլահ թագավորը, գագաթաժողովի բացման իր խոսքում, մատնանշելով արաբական աշխարհի կնճռոտ խնդիրները, խոստովանեց, որ իրենք հայտնվել են մի իրավիճակում, որ չեն կարողանում ոչինչ անել` իրենց եղբայրներին օգնելու համար: Արաբական աշխարհը, ըստ նրա, մատնված է եղել անգործության, որի պատասխանատվությունն ընկած է ոչ թե Լիգայի, այլ արաբ ղեկավարների վրա, որոնք գտնվում են միմյանց հետ հակասությունների մեջ: Ըստ Աբդալլահ թագավորի` սխալ կլինի կարծել, թե տարաձայնությունն արաբների ճակատագիրն է: Այդ իսկ պատճառով արաբական աշխարհը պետք է անի առաջին քայլը` վերադարձնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Ռիադի գագաթաժողովն ի ցույց դրեց, որ արաբ առաջնորդները ցանկանում են իրենք իրենց ուժերով վճռել արաբական աշխարհին վերաբերող խնդիրները, ինչը, սակայն, ոչ իրատեսական է թվում` հաշվի առնելով հակամարտությունների կարգավորման մենաշնորհը իր ձեռքում կենտրոնացրած միաբեւեռ ուժային կենտրոնի առկայությունը։ Այս տեսանկյունից հատկանշական է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ Ալ-Ֆեյսալի` «Նյուսվիքին» տված հարցազրույցը: Ըստ նրա` արաբական աշխարհում գործողությունները զարգանում են այնպես, կարծես թե այստեղ ժողովուրդներ չեն ապրում, որ ունենան սեփական անկախ ցանկություններ, կամ որոնք ի վիճակի լինեն պաշտպանել իրենց հետաքրքրությունները եւ իրենց տարածքները։

Միեւնույն ժամանակ հստակ է, որ Լիգայի քաղաքական ընտրանին շատ դեպքերում համաձայնեցնում է իր քաղաքականությունը Վաշինգտոնի հետ եւ չի պատրաստվում նրա հետ առճակատման գնալ։ Արաբական աշխարհում ստեղծված խնդիրները, միջարաբական եւ միջդավանական հակասությունները, ըստ արաբ առաջնորդների, ունեն իրենց պատճառները, ինչը, սակայն, ինչպես կարելի է ենթադրել, այդքան էլ կապ չունի Միջին Արեւելքում ամերիկյան քաղաքականության հետ։ Ըստ արաբ առաջնորդների, առկա խնդիրների հիմնական պատճառն այն է, որ արաբական աշխարհը կորցրել է սեփական ինքնության զգացողությունը, այդ իսկ պատճառով նա պետք է փորձի վերակենդանացնել արաբական համերաշխության ոգին, վերանայի իր կողմնորոշումները, եւ որ ամենակարեւորն է` կարողանա որդեգրեÉ միասնական համաարաբական դիրքորոշում։

Արաբական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը հայտարարեց, որ անընդունելի է համարում այն քայլերը, որոնք փորձում են կասկածի տակ դնել իրենց արժեքները, արատավորել իրենց կրոնն ու սրբատեղիները, միջդավանական հակասություններ հրահրել, որոնք քաղաքական նպատակ ունեն եւ միտված են բաժանելու ազգը:

Ռիադի գագաթաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ նախագահ Վ.Պուտինը, որտեղ նշված էր, որ Մերձավոր Արեւելքում ստեղծված անկայուն իրավիճակը պայմանավորված է միաբեւեռ ուժային կառավարման անարդյունավետությամբ։

Ռիադի գագաթաժողովի բացմանը հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Աբդալլահ թագավորի անձնական հյուրն էր: Հատկանշական է, որ Թուրքիայի վարչապետն առաջին անգամ էր մասնակցում արաբական բարձր մակարդակի գագաթաժողովին: Վերջին շրջանում նկատվում է Թուրքիայի եւ արաբական աշխարհի մերձեցման միտում: Նախկինում արաբական/իսլամական աշխարհը բավական վերապահ մոտեցում ուներ Թուրքիայի նկատմամբ` հաշվի առնելով օսմանյան տիրապետության պատմական հիշողությունը, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող կարեւոր ոլորտներում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ Թուրքիայի համագործակցությունը:

Ռիադի գագաթաժողովի ուղղվածությունը շատ դեպքերում պայմանավորված էր տարածաշրջանի հանգուցային խնդիրների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշմամբ։ Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ Սաուդյան Արաբիան հավակնում եւ գործնականում փորձում է հիմնավորել տարածաշրջանային կարեւոր դերակատար դառնալու իր նշանակությունը։ Սաուդցիներն արդեն իրականացրել են մի շարք գործնական քայլեր։ Ռիադի հանդիպման շրջանակներում Աբդալլահ թագավորին հաջողվեց, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համաձայնի ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորայի հետ, ով Դամասկոսին մեղադրում է իր երկրի գործերին միջամտելու մեջ: Նշենք, որ Սաուդյան Արաբիան բավական մեծ դերակատարում ունի ներլիբանանյան զարգացումներում եւ մեծ ազդեցություն` սուննի շրջանակներում:

Ինչ վերաբերում է Լիգայում ընդունված որոշումներին հետեւելու արաբական երկրների քաղաքական կամքին, ապա հարկ է նշել, որ մինչեւ օրս թղթի վրա են մնացել ամենատարբեր ոլորտներում համագործակցելու վերաբերյալ Լիգայի կողմից ընդունված բազմաթիվ որոշումներ, որոնցից շատերը հիմնականում քարոզչական նշանակություն ունեն: Արաբական պետություններից շատերը բազմաթիվ անգամ խախտել են նաեւ ԱՊԼ կանոնադրության մեջ ընդունված այն դրույթը, համաձայն որի` անդամ պետություններն իրավունք չունեն միջամտել միմյանց ներքին գործերին: Աշխարհաքաղաքական տարբեր հետաքրքրություններ, էթնոդավանական խառը պատկեր, ինչպես նաեւ քաղաքական ու տնտեսական տարբեր կողմնորոշումներ ունեցող արաբական աշխարհի համար արդի փուլում դժվար կլինի միասնական արաբական դիրքորոշում ունենալը։

1 Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ստեղծվել է 1945թ. մարտի 22-ին, արաբական յոթ պետությունների կողմից։ Լիգայի նպատակն արաբական երկրների սերտ համագործակցությունն է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական եւ կենսական այլ կարեւոր ոլորտներում։ ԱՊԼ կանոնադրությունն արգելում է անդամ պետության դեմ ուժի կիրառումը։ Լիգայի նստավայրը Կահիրեում է։ Կազմակերպությանն անդամակցում են 22 արաբական պետություններ։ ԱՊԼ-ն գումարում է պետությունների ղեկավարների գագաթաժողովներ եւ նախարարների մակարդակով կոնֆերանսներ։ ԱՊԼ ներկայիս գլխավոր քարտուղարը Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան է։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր