
Հարավարևելյան Ասիա. իսլամական նոր կենտրոնի ձևավորումը

Վերջին շրջանում ակնհայտ են դարձել իսլամական աշխարհում գերակա դիրքեր ունենալու Ինդոնեզիայի, որոշ առումով` նաեւ Մալայզիայի հավակնությունները, ինչը նոր տեղաշարժ է միջազգային հարաբերություններում: Վերջիններիս այլեւս չի գոհացնում ծայրամասային իսլամական երկրներ կամ իսլամական աշխարհի «ֆորփոսթ» լինելու հանգամանքը: Տնտեսական բարձր ցուցանիշներ ունեցող այս երկրները մարտահրավեր են նետում առաջին հերթին արաբական երկրներին, որոնք գիտակցվում են որպես իսլամի ավանդական տարածման շրջաններ:
Սառը պատերազմի ավարտից եւ երկբեւեռ աշխարհի փլուզումից հետո Հարավարեւելյան Ասիայի մահմեդական երկրներում սկիզբ առան իսլամական վերածննդի գործընթացներ: Ինդոնեզիայում` իսլամական աշխարհի ամենամեծ բնակչություն (240 միլիոն) ունեցող երկրում, այն ժամանակագրորեն համընկավ Սուհարթոյի (1967-1998) աշխարհիկ վարչակարգի վերջին շրջանին: Արդեն Սուհարթոյին հաջորդած երկու նախագահները` Յուսուֆ Հաբիբին (1998-1999) եւ Աբդուռահման Վահիդը (1999-2001), երկրում որոշ չափով ակտիվացրին իսլամական դիսկուրսը: 2004թ. Ինդոնեզիայում նախագահական երկու թեկնածուները` Մեգավաթի Սուքարնոպուտրին (2001-2004) եւ Սուսիլո Յուդհոյոնոն, նախընտրական քարոզչության շրջանակներում «փոքր» հաջ կատարեցին Մեքքա: Իսկ Մալայզիայի վարչապետ Մահաթհիր բին Մուհամադը (1981-2003), նախաձեռնությունը իսլամականներից վերցնելու նպատակով, առաջ քաշեց երկրում իսլամի դերի ու նշանակության մասին սեփական գաղափարը: Նրանից հետո 2003թ. վարչապետ դարձավ աստվածաբանական կրթություն ունեցող Աբդուլլա Բադավին:
Նախկինում իսլամական աշխարհում ոչ այնքան ազդեցիկ աշխարհիկ այս երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ աստիճանաբար սկսեց ուրվագծվել իսլամական կուրսը, որը շատ դեպքերում ուղղորդվում էր հասարակությունների ներսից: Ինդոնեզիան եւ Մալայզիան սկսեցին գիտակցվել որպես չափավոր իսլամական երկրներ:
Թե՛ Ինդոնեզիայում եւ թե՛ Մալայզիայում համոզված են, որ իսլամական աշխարհում առաջնային դերակատարություն ունենալու համար պարտադիր չէ լինել իսլամի հայրենիքը եւ կամ էլ Ղուրանի լեզվի` արաբերենի կրողը: Այդ երկրներում ձգտում կա իսլամը մեկնաբանել եւ կիրառել ոչ թե արաբական տեսանկյունից, այլ` ազգային ինքնությունը հաշվի առնելով: Ըստ այդմ` Մուհամմադ մարգարեի ուսմունքին հետեւել չի նշանակում ընդօրինակել օտար կենսակերպ, ուստի մարգարեի արաբական ծագումը չի կարող արդարացնել արաբիզացիան: Ինդոնեզիայի մզկիթներում կրոնական ծիսակարգի լեզուն ինդոնեզերենն է եւ ոչ թե արաբերենը: Այստեղ աստիճանաբար սկսում է դուրս մղվել ողջույնի իսլամական «assalamu alaikum» ձեւը` իր տեղը զիջելով ողջույնի ինդոնեզական «selamat pagi» եւ «selamat sore» ձեւերին: Արաբական երկրների իմիջը հարցականի տակ է դրվում: Արաբական աշխարհը քննադատվում է իսլամական ումմայի խնդիրները լուծելու անկարողության մեջ:
Լինելով ծայրամաս` միեւնույն ժամանակ, այս երկրներում ձեւավորվել է համապատասխան արձագանք իսլամական աշխարհին հուզող բոլոր հիմնահարցերի նկատմամբ, ինչի կարեւոր բաղադրիչներն են պաղեստինյան, իրաքյան, լիբանանյան, իրանական եւ այլ խնդիրները: Իսլամական աշխարհում շարունակվող միջդավանական եւ միջէթնիկ հակասությունները, լարված քաղաքական իրավիճակը, միասնությանն ու առկա հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված արաբական երկրների ոչ այնքան հաջողված քայլերը եւ, վերջապես, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ աճող դերակատարությունն այստեղ սուր ձեւով են ընկալում: Դեռեւս 2003-ին մեծ արձագանք գտավ Մալայզիայում Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) գագաթաժողովում այդ երկրի վարչապետ Մահաթհիր բին Մուհամադի ելույթը, ով նշեց, թե իսլամական աշխարհը մերժում է օտար արեւմտյան ժողովրդավարական սկզբունքներն ու իսլամական աշխարհում ամերիկյան գործողությունների տրամաբանությունը:
Պետք է ասել, որ հարավարեւելյան իսլամական հասարակությունների առանձին շրջանակների բնորոշ են հակաարեւմտյան տրամադրությունները: Այս առումով ուշագրավ է 2006թ. նոյեմբերի 20-ին նախագահ Ջ.Բուշի` Ջակարտա կատարած վեցժամյա այցը, որն ուղեկցվեց բողոքի զանգվածային ակցիաներով: Նախքան նախագահի այցելությունը, իսլամական արմատական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանության առաջ կազմակերպեցին բողոքի ցույց: Նրանք կոչ էին անում Ինդոնեզիայի ժողովրդին եւ կառավարությանը թույլ չտալ Բուշի այցը: Ջակարտայում շուրջ հինգ հազար ցուցարարներ, նկատի ունենալով ԱՄՆ իրաքյան քաղաքականությունը, պահանջում էին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել այդ երկրի նախագահի հետ։
Թե՛ Ինդոնեզիան եւ թե՛ Մալայզիան միջազգային առանձին հարցերում պարբերաբար հանդես են գալիս քաղաքական ակտիվությամբ: Դեռեւս 2005-ի մայիսին Յուդհոյոնոն հայտարարեց, որ միջազգային ասպարեզում ուզում է լինել խաղաղասեր գործիչ եւ նպաստել առկա բարդ խնդիրների լուծմանը: 2006թ. մայիսին Իրանի նախագահ Ահմադինեժադի` Ջակարտա կատարած պաշտոնական այցելության ժամանակ Յուդհոյոնոն հայտնեց, որ աջակցում է Իրանի` խաղաղ նպատակներով զարգացվող միջուկային ծրագրին: Սակայն միջազգային հարաբերություններում գործուն դերակատարություն ունենալու Ինդոնեզիայի քայլերը միշտ չէ, որ համարժեք արձագանք են գտնում: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ Իրանի նախագահը մերժեց իրանա-ամերիկյան հարաբերություններում միջնորդ դերակատարություն ստանձնելու Ինդոնեզիայի առաջարկը` նշելով, որ ցանկանում է սեփական ուժերով լուծել իր երկրի առաջ ծառացած խնդիրները:
2006թ. իսրայելա-լիբանանյան պատերազմը հնարավորություն տվեց Հարավարեւելյան Ասիայի երկրներին` հանդես գալ որոշակի նախաձեռնությամբ: Իսլամական կոնֆերանս կազմակերպության Կուալա Լումպուրի արտահերթ հանդիպմանը որոշվեց ՄԱԿ հովանու ներքո Լիբանան ուղարկել նաեւ Ինդոնեզիայից, Մալայզիայից եւ Բրունեյից շուրջ 2000 խաղաղապահների: Հակամարտության ամենասուր շրջանում Մալայզիայի արտաքին գործերի նախարար Սեյիդ Համիդ Ալբարը ԻԿԿ անդամ պետություններին կոչ արեց «Հիզբալլահին» զենք ուղարկել: Նա նշեց, որ իսլամական երկրները չպետք է Իսրայելին անպատիժ թողնեն:
Թե՛ Մալայզիան եւ թե՛ Ինդոնեզիան հաճախ են հանդես գալիս պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ` Իսրայելին մեղադրելով ագրեսիայի մեջ: 2007թ. հունվարին պաղեստինյան ռազմաքաղաքական երկու ուժերի միջեւ ստորագրված Մեքքայի հայտնի համաձայնագրից հետո Հասան Վիրայուդան` Ինդոնեզիայի արտգործնախարարը, հայտնեց, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ «Համասի» եւ «Ֆաթհի» միջեւ:
Ինդոնեզիան առաջ է քաշել նաեւ իրաքյան ճգնաժամի հաղթահարման սեփական ծրագիր, որի հիմքում ընկած է Իրաքից ԱՄՆ դուրս գալու եւ այնտեղ ՄԱԿ կամ մեկ այլ երրորդ ուժի` տվյալ դեպքում Իսլամական կոնֆերանս կազմակերպության խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը: Բացի այդ, Ինդոնեզիան իր պատրաստակամությունն է հայտնել սեփական խաղաղապահ ուժերն ուղարկել Իրաք` այդպիսով օրինակ ցույց տալով մնացած իսլամական երկրներին:
Հավատարիմ մնալով իսլամական քարոզչությանը` 2007թ. հունվարի վերջին Ինդոնեզիան Պակիստանի հետ կազմակերպեց իսլամական երկրների պառլամենտականների միջազգային ֆորում` նվիրված իսլամական միասնության եւ անվտանգության խնդիրներին: Հանդիպմանը, որին մասնակցեցին 28 երկրներ, կարեւորվեց իսլամական երկրների միասնության անհրաժեշտությունը` որպես մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությանը հակակշիռ ստեղծելու հանգամանք: Փերվեզ Մուշարաֆը եւ Սուսիլո Յուդհոյոնոն, անհանգստություն հայտնելով շիաների եւ սուննիների միջեւ առճակատման կապակցությամբ, առաջարկեցին միջազգային իսլամական կոնֆերանս կազմակերպել մահմեդական աշխարհի ազդեցիկ կրոնական գործիչների մասնակցությամբ` մշակելու համար ֆեթվաներ, որոնք պետք է ուղղված լինեն Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ համաձայնության հաստատմանը: Կոնֆերանսի կազմակերպման պատասխանատվությունը դրվեց Ինդոնեզիայում մեծ համարում ունեցող երկու իսլամական խոշորագույն կառույցների` «Նահդաթուլ Ուլամայի» եւ «Մուհամմադիյայի» ղեկավարների վրա:
2007թ. հունվարին Ինդոնեզիան դարձավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Այս կապակցությամբ երկրի նախագահը հավաստիացրեց, որ միջազգային ասպարեզում վարելու է իսլամական օրակարգ եւ պայքարելու է իսլամաֆոբիայի դեմ: Սակայն շուտով
ԱԽ-ում Ինդոնեզիան ԱՄՆ ճնշմամբ քվեարկեց Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սանկցիաներն ուժեղացնելու օգտին: Իսլամական աշխարհը, որ զգայուն է նման դրսեւորումների ժամանակ, անմիջապես արձագանքեց: Խնդիրն այն է, որ իսլամական աշխարհում առաջնության հավակնող ցանկացած երկիր ստիպված պետք է լինի շատ դեպքերում ԱՄՆ հետաքրքրություններին հակոտնյա կողմնորոշումներ ունենալ, հակառակ դեպքում` կկորցնի իր հեղինակությունը:
2007թ. ապրիլի 3-4-ը Ինդոնեզիայում (Բոհորի նախագահական պալատում) տեղի ունեցավ նախատեսված միջազգային իսլամական կոնֆերանսը, որին հրավիրված 21 բարձրաստիճան կրոնավորներից մասնակցեցին միայն 12-ը: Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի ու Իրաքի սուննի եւ շիա առաջնորդները մերժեցին հրավերը` պատճառաբանելով այն Ինդոնեզիայի քվեարկության փաստով: Հանդիպմանն ընդունվեց հռչակագիր, որտեղ շիա եւ սուննի կրոնավորները պարտավորվեցին մի կողմ թողնել հակասություններն ու ուղիներ որոնել համախմբվելու համար, ինչը, թերեւս, միայն քարոզչական բնույթ է կրում:
Առհասարակ, իսլամի նշանակությունը, որպես համաշխարհային քաղաքականության բաղադրիչ, պարբերաբար աճում է, ինչը նկատելի է նաեւ Ինդոնեզիայի ու Մալայզիայի պարագայում: Այսօր իսլամական շատ երկրներում (այդ թվում եւ հարավարեւելաասիական) իսլամիստական ուժերը, որ մինչ այդ ընդդիմադիր էին իշխող վարչակարգերին, աստիճանաբար դառնում են լեգիտիմ ու նաեւ ժողովրդի կողմից աջակցություն ստացող: Մալայզիայում այսօր մեծ ժողովրդականություն ունեն առանձին իսլամական շարժումներ, որոնցից են` Պանմալայզիական իսլամական կուսակցությունը (որ ունի մեկ միլիոն անդամ եւ աջակից), Մալայզիական իսլամական երիտասարդական շարժումը (որ ունի կես միլիոն աջակից) եւ այլն: Ինդոնեզիայում ժողովրդականություն է վայելում Ինդոնեզիայի Արդարություն եւ բարգավաճում կուսակցությունը, որը սկիզբ առավ որպես ուսանողական շարժում եւ նպաստեց իշխանությունից Սուհարթոյին հեռացնելուն, ապա հայտնվեց կառավարության կոալիցիոն ուժերի մեջ` որպես հանգուցային դերակատար:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Հարավարեւելյան Ասիայի իսլամական երկրներն իրականում փորձում են լուծել ավելի բարդ խնդիր` կապված միջազգային մեծ ասպարեզ դուրս գալու հետ: Իսլամական ուղղությունն այդ պարագայում դառնում է արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչը: Միջազգային քաղաքականության նոր ծանրության (խաղաղօվկիանոսյան) կենտրոնի մասին խոսելիս` Հենրի Քիսինջերը նշում է, որ ներկայումս միջազգային ասպարեզի գրեթե բոլոր «խաղացողները» ձգտում են նորովի ձեւակերպել սեփական դերակատարումները:
Ինդոնեզիայի եւ Մալայզիայի ձգտումը` միջամտել իսլամական ումմայի միջազգային գործերին, վկայում է նաեւ իսլամական աշխարհում տեղի ունեցող նոր գործընթացների, մասնավորապես այն մասին, որ ավանդականորեն իսլամական հիմնահարցերի առաջատարը համարվող արաբական աշխարհը որոշակիորեն սպառել է իրեն: Որպես կանոն, իսլամական աշխարհում գերակայության հավակնություններ ունեցող հիմնական երկրներին (Սաուդյան Արաբիա, նաեւ` Պակիստան, Իրան) այսօր ավելանում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]