• am
  • ru
  • en
Версия для печати
14.01.2008

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Руский

   

Արաքս Փաշայան

1 (original) 2007թ. նոյեմբերի 17-19-ը Բաքվում կայացավ Բարեկամության, եղբայրության եւ համագործակցության թուրքախոս երկրների եւ համայնքների կազմակերպության XI կոնգրեսը։ Հիշյալ ձեւաչափի հանդիպումներ որոշակի պարբերականությամբ տեղի են ունենում Թուրքիայում 1993-ից ի վեր, եւ առաջին անգամ է, որ այն կազմակերպվեց Թուրքիայի սահմաններից դուրս` Ադրբեջանում: Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան 500 պատվիրակներ 30 երկրներից եւ թուրքալեզու շրջաններից։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի պետական-կառավարական պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Ռուսաստանի թուրքալեզու մարզերից (Թաթարստան, Ալթայ, Կաբարդինա-Բալկարիա, Դաղստան, Չուվաշիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Սիբիր), նաեւ` Ուկրաինայի (Ղրիմի), ԱՄՆ-ի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի թուրքական համայնքների պատվիրակներ։

Հանդիպման նպատակն էր սերտացնել ընդհանուր պատմական ժառանգություն, լեզու եւ մշակույթ ունեցող թուրքախոս երկրների եւ համայնքների հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում, հնարավորություններ ստեղծել փոխանակելու տեղեկատվություն, զարգացնելու տնտեսական համագործակցությունը, քարոզելու թուրքական մշակույթը, ուղիներ եւ մեխանիզմներ մշակել` լուծելու համընդհանուր թուրքական հիմնահարցերը։ Քննարկվեցին նաեւ թուրք փոքրամասնություններին (Իրաքի, Աֆղանստանի, Վրաստանի եւ այլն) վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացման» հարցը։

Հանդիպման առանցքային կողմը թուրքախոս պետությունների ինստիտուցիոնալ համագործակցության` Թուրքիայի մշակած հայեցակարգի ներկայացումն էր։ Կոնգրեսում ելույթ ունենալով` Էրդողանն առաջարկեց ստեղծել թուրքախոս պետությունների քաղաքական մի կառույց` միավորելու ջանքերը հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, որտեղ Թուրքիայի տեսանկյունից գլխավորապես կարեւոր են Իրաքի եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող խնդիրները։ Նրա համոզմամբ` եթե կա անգլիախոս, ֆրանսիախոս եւ իսպանախոս երկրների` մեկ լեզվի եւ մշակույթի շուրջ համախմբվելու նախադեպ, ուրեմն կարող են միավորվել նաեւ թուրքախոս երկրները:

Թուրքախոս երկրների քաղաքական կառույց ստեղծելու ծրագիրը Թուրքիայի կողմից պաշտոնապես առաջարկվել է 2006թ. սեպտեմբերին Անթալիայում թուրքախոս երկրների X կոնգրեսի ժամանակ։ Գիտակցելով, որ իրական միասնության համար բացակայում են տնտեսական եւ ռազմաքաղաքական նախադրյալները, Անկարան համագործակցության առաջին փուլի համար թուրքալեզու պետություններին առաջարկում է մեխանիզմներ մշակել արտաքին քաղաքականությունը կոորդինացնելու ոլորտում։

Էրդողանը, ըստ էության, կոչ է անում վերակենդանացնել կորսված հնարավորությունները: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Թուրքիան փորձեց ստեղծել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների դաշինք։ Այդ շրջանում շեշտը դրվում էր տնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցության վրա։ Սակայն Թուրքիայի առաջ ծառացած տնտեսական դժվարությունները, ներքաղաքական խնդիրներն ու աշխարհաքաղաքական իրողությունները ձախողեցին այդ գաղափարը։

Ներկայումս Թուրքիան, որոշակիորեն հաղթահարելով այդ խնդրում առկա խոչընդոտները, ամեն կերպ ձգտում է գործնականում կյանքի կոչել համաթուրքականության իր ավանդական հայեցակարգը։ Այս հարցում զգալի դեր են խաղում նաեւ արտաքին գործոնները։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ ունեցած որոշակի դժվարությունների արդյունքում` Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ աստիճանաբար ավելի տիրապետող են դառնում թյուրքական եւ Մերձավոր ու միջինարեւելյան ուղղությունները։

Թուրքիայի ներկայիս իշխանությունների համոզմամբ` նախագահ Ահմադ Նեջդեթ Սեզերի օրոք հարաբերությունները հետխորհրդային Կենտրոնական Ասիայի երկրների հետ ոչ առաջնահերթ տեղ են զբաղեցրել, մինչդեռ ներկայումս այդ երկրների հետ հարաբերությունները կարիք ունեն վերարժեւորման, այնպես, ինչպես նախագահ Ս.Դեմիրելի (1993–2000) օրոք էր։

Ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության Թուրքիայի առաջարկին թուրքախոս պետություններից առաջինն արձագանքեց Ադրբեջանը, եւ պատահական չէ, որ հանդիպումը կազմակերպվել էր հենց Բաքվում։ Վերջին շրջանում թուրքական ֆորումներում Ի.Ալիեւը հաճախ է նշում, որ թուրքալեզու շրջանակների խնդիրները պետք է դիտարկվեն որպես ընդհանուր խնդիրներ։ Նույն հռետորականությամբ նա միջազգային իսլամական ֆորումներում նշում է, որ ումմայի խնդիրները բոլոր մահմեդական ժողովուրդների խնդիրներն են։ Բնականաբար, Բաքուն նպատակ ունի օգտագործել թուրքական երկրների ֆորումներն ու հնարավորությունները, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնահարցը շահարկելու համար, այնպես, ինչպես օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության ամբիոնը։

Կասպյան հետազոտությունների թինկ-թանկի նախագահ Վաֆա Գուլուզադեի համոզմամբ` թուրքախոս երկրների համար շատ կարեւոր է սերտ համագործակցությունը հենց Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան օրինակելի մոդել է թուրքալեզու հանրապետությունների համար` հաշվի առնելով ժողովրդավարության, արեւմտյան կողմնորոշման, տնտեսական առաջընթացի Թուրքիայի փորձը։ Բացի այդ, այն կարող է այլընտրանքային տրանզիտ դառնալ էներգետիկ ռեսուրսներով հարուստ կենտրոնաասիական երկրների համար, որպեսզի նրանք նվազ կախվածության մեջ լինեն Ռուսաստանից: Միեւնույն ժամանակ, ըստ Գուլուզադեի, նախկին խորհրդային հանրապետությունները չպետք է Թուրքիան դիտարկեն իբրեւ «մեծ եղբայր»` փոխարինելով այն Ռուսաստանով:

Ադրբեջանի կողմից Թուրքիայի ընկալումը համարժեք է Գուլուզադեի դիտարկմանը։ Մինչդեռ ԱՊՀ կառույցին անդամագրված կենտրոնաասիական հանրապետությունների դիրքորոշումը Թուրքիայի եւ նրա կողմից առաջ քաշվող ծրագրերի նկատմամբ ավելի քան զգուշավոր է։ Հատկանշական է, որ առաջիկայում Էրդողանը եւ Գյուլը ծրագրում են այցելել այս տարածաշրջան` ապագա քաղաքական կազմակերպության հարցում աջակցություն ստանալու համար։

Անկարան ձգտում է հարթել նաեւ այն անհամաձայնությունները, որ կան թուրքալեզու շրջանակներում։ Դրանք մասնավորապես առնչվում են սահմանային խնդիրների վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի, ինչպես նաեւ Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի տարաձայնություններին։ Ենթադրվում է, որ հնարավոր կլինի հարթել Կասպյան հիմնահարցերում Ռուսաստանի եւ Իրանի հետ Ադրբեջանի ու Թուրքմենստանի ունեցած խնդիրները։ Առանձին հակասություններ կան նաեւ Ուզբեկստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը կապված է վերջինիս կողմից Ուզբեկստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խախտումներն արձանագրելու հետ։ Տաշքենդին անհանգստացնում են նաեւ Ուզբեկստանում իրականացվող սոցիալական եւ կրոնական ուղղվածությամբ թուրքական առանձին ծրագրեր։ Պատահական չէ, որ ո՛չ Ուզբեկստանի եւ ո՛չ էլ Թուրքմենստանի նախագահները չէին մասնակցում Բաքվի հանդիպմանը։

Չնայած թուրքախոս երկրների հանդիպումների ընդարձակ եւ հավակնոտ օրակարգերին, դրանք նախկինում ի վիճակի չեն եղել գործնականում իրականացնել իրենց ընդունած որոշումները։ Համենայնդեպս, առաջին քայլերը թուրքախոս երկրների միավորման ուղղությամբ արվեցին հենց Բաքվի հանդիպմանը, որի ավարտին ընդունված փաստաթղթում որոշում կայացվեց ինստիտուցիոնալացնել թուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթաժողովները` հիմնելով մշտական քարտուղարություն, որը կփորձի կազմավորել ապագա կառույցը։ Գործող քարտուղարության (որն, ամենայն հավանականությամբ, կգործի Ստամբուլում) պաշտոնական բացումը տեղի կունենա երկու ամիս անց` թուրքական պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Բաքվի հանդիպմանը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ա.Բույուքայան առաջարկեց Եվրախորհրդարանի նմանությամբ ստեղծել համաթուրքական հիսուն տեղանոց խորհրդարան։ Այն կգործի Ստամբուլում, իսկ նրա քվոտաները կբաշխվեն ըստ տվյալ երկրի բնակչության թվաքանակի։ Բացի այդ, քննարկվեց համաթուրքական օլիմպիական խաղերի կազմակերպման, միջազգային թուրքական հեռուստաընկերության եւ ռադիոընկերության հիմնման հարցը։ Անկարան առաջարկեց թուրքերենը դարձնել միջազգային թուրքական կազմակերպությունների պաշտոնական լեզու:

Կարելի է ասել, որ միջազգային թուրքական կառույց ստեղծելու գաղափարը Էրդողանի համար դարձել է idee fixe: Որքանով են իրատեսական զգալի ֆինանսական եւ այլ կարգի ռեսուրսներ պահանջող համաթուրքական ծրագրերն այժմ, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. Անկարան ձտում է միջազգային կազմակերպության միջոցով լեգիտիմացնել իր դիրքորոշումներն, առաջին հերթին, արտաքին քաղաքական հարցերում (Կիպրոսի եւ Իրաքյան Քուրդիստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այլն)։ Եթե Թուրքիային իսկապես հաջողվի այդ հարցերի շուրջ ձեւավորել համաթուրքական միասնական դիրքորոշում, ապա դա լուրջ նախադրյալներ կստեղծի նրա էքսպանսիոնիստական հետագա քայլերի համար։ Եվ բնական է, որ Թուրքիան երբեք առիթը բաց չի թողնում գերակայություն ունենալ աշխարհի շուրջ 200 մլն թուրքալեզու ժողովուրդների վրա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր