ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱԲԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2008թ. մարտի 29-30-ը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)` Դամասկոսում տեղի ունեցած գագաթաժողովը վերստին ի հայտ բերեց այն հակասությունները, որ կան Իրանի եւ արաբական աշխարհի միջեւ։ Արաբական առաջատար պետությունները (մասնավորապես, Սաուդյան Արաբիան, Ծոցի երկրները, Եգիպտոսը, Հորդանանը), որոնք իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ որոշակիորեն հաշվի են առնում ամերիկյան հետաքրքրությունները, անհանգստացած են արաբական քաղաքականության մեջ Իրանի ակտիվ միջամտության փաստով։
Հակաիրանական միտումներն արաբական աշխարհում նոր երեւույթ չեն եւ պայմանավորված են քաղաքական ու կրոնական գործոններով: Իրանն այն բացառիկ իսլամական պետություններից է, որի բնակչության մեծ մասը շիա է: Մինչդեռ արաբական երկրների եւ ընդհանրապես իսլամական աշխարհի հիմնական հատվածը դավանում է սուննիզմ:
Իսլամի այս երկու ճյուղերի տարբերությունները դրսեւորվում են կրոնական պրակտիկայում, քաղաքական մշակույթներում, ավանդույթների, սովորույթների, նաեւ` դավանաբանության մեջ, իսկ հակասությունները սկիզբ են առել դեռեւս իսլամի պատմության վաղ փուլում:
Միջազգային հարաբերություններում շիական գործոնի ակտիվացումն անմիջականորեն կապված է Իրանի արտաքին քաղաքականության հետ։ Թեհրանը նպատակ ունի գերակայել ոչ միայն շիական աշխարհում, այլեւ տարածաշրջանում, ինչի ապացույցն Իրաքում եւ Լիբանանում իրանական քաղաքականությունն է։ Սուննի աշխարհում նման հավակնությամբ հանդես է գալիս Սաուդյան Արաբիան` որպես իսլամի հայրենիք, որի արտաքին քաղաքական կողմնորոշումները որոշակիորեն հակոտնյա են իրանականին։
Ծոցի երկրների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններում դեռեւս սառը պատերազմի շրջանում առկա էր որոշակի լարվածություն։ 1960-ականների վերջին, երբ բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ 1971-ին դուրս է բերելու զորքերը տարածաշրջանից, առաջացած վակուումը ձգտում էր լրացնել շահական Իրանը, որի համար Ծոցի քաղաքականությունը կարեւոր ռազմավարական նշանակություն ուներ։ 1957թ. իրանական կառավարության որոշմամբ` Բահրեյնը հայտարարվել էր Իրանի XIV նահանգ։ 1971թ. իրանական ուժերը գրավեցին Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող եւ Ծոցի ջրերում գտնվող երեք կղզիները` Աբու Մուսան, Մեծ եւ Փոքր Թոմբերը, որոնց նկատմամբ Իրանը միշտ էլ հավակնություններ ուներ։ Այդպիսով, Իրանը վերահսկողություն հաստատեց Հորմուզի նեղուցում։
Կղզիների գրավումն արաբական աշխարհում բացասական արձագանք գտավ: Վաթսուն տոկոսից ավելի շիա բնակչություն ունեցող Իրաքը, որ ձգտում էր կանխել Իրանի հարաճուն առաջխաղացումը եւ սեփական ազդեցությունն ունենալ Միջին Արեւելքում, խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Հատկանշական է, որ վերջերս Դամասկոսում տեղի ունեցած ԱՊԼ գագաթաժողովում ընդունված կոմյունիկեում ամրագրված է երեք կղզիների հարցը։ Հանդիպմանը ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան Իրանին նախազգուշացրեց, որ եթե կղզիները չվերադարձվեն, ապա իրենք ստիպված կլինեն դիմել Հաագայի միջազգային դատարան։
1979թ. Իրանում իսլամական հեղափոխությունը լարվածության նոր ալիք առաջ բերեց։ Ծոցի արաբական երկրները, եւ հատկապես Իրաքը, զգուշանում էին «իսլամական հեղափոխության արտահանման»` Թեհրանի որդեգրած քաղաքականությունից։ Գաղափարախոսական տարաձայնություններն ի վերջո հանգեցրին Իրանի եւ Իրաքի միջեւ լայնածավալ պատերազմի, որի ընթացքում (1980–1988) Ծոցի երկրներն աջակցեցին Իրաքին, իսկ Սիրիան` Իրանին։
1981թ. Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ կազմավորվեց Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որի մեջ մտան Ծոցի վեց արաբական երկրներ (Իրանից եւ Իրաքից բացի), որին մինչ օրս չի հաջողվել մշակել համատեղ անվտանգության համակարգ նաեւ Իրանի հակազդեցության պատճառով։ Վերջինս ձգտում է մաս կազմել Ծոցի համատեղ անվտանգության համակարգի ձեւավորմանը, նաեւ` տարածաշրջանի երկրների հետ բազմակողմ համագործակցության հաստատմանը։
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի արտաքին, այդ թվում` արաբական քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ տեղի ունեցան։ Իրանը հայտարարեց, որ աջակցում է արաբական, մասնավորապես` պաղեստինյան, հիմնախնդիրներին։ Հակաիսրայելական հռետորականությունը նպաստեց, որպեսզի Իրանն ամրապնդի դիրքերը Միջին Արեւելքում։ Իրանի անմիջական մասնակցությամբ եւ հովանավորությամբ ստեղծվեց լիբանանյան «Հիզբալլահ» շարժումը, որը տարածաշրջանում Իրանի կարեւորագույն հենակետերից մեկն է։ 2006թ. Իսրայելի պատերազմը Լիբանանի դեմ, որն ուղղված էր «Հիզբալլահի» ռազմական հենակետերի ոչնչացմանը, ցույց տվեց, որ Իրանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր հակամարտության դեպքում կարող է նաեւ առավելություններ ունենալ։ Պատերազմի օրերին Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհրդի անդամներից մեկը` շեյխ Ալ-Օբիկանը, հայտարարեց, որ շարիաթի տեսանկյունից «Հիզբալլահի» գործունեությունն անօրինական է, իսկ կառույցը ջիհադի կոչեր անելու իրավունք չունի։
Ծոցի երկրներն անմիջական վտանգ են տեսնում Իրանի արտաքին քաղաքականությունից: Մեկ անգամ չէ, որ նրանք քննադատել են Իրանի միջուկային ծրագիրը, քանի որ այն խախտում է տարածաշրջանում գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը։ 2007թ. արաբական հասարակական առանձին շրջանակներ Ծոցի երկրների համագործակցության խորհրդին կոչ արեցին Իրանի դեմ միացյալ ճակատ ստեղծել։ Անդամ երկրները մեղադրվում էին Իրանի կողմից իրենց ինքնիշխանությանը սպառնացող անուղղակի եւ ուղղակի վտանգներն անտեսելու մեջ։ Նմանօրինակ խնդիրները պարբերաբար անդրադարձ են գտնում արաբական մամուլում: Քուվեյթյան «Աս-սիյասա» օրաթերթի 2007թ. նոյեմբերի համարներից մեկն այս կապակցությամբ մեջբերում է իրանական «Քայհան» թերթի խմբագրի այն դիտարկումը, թե Բահրեյնը եւ երեք կղզիները պատկանում են Իրանին, նաեւ` Իրանի հոգեւոր առաջնորդի ռազմական գծով խորհրդական Ալի Շամխանիի այն հայտարարությունը, որ եթե ԱՄՆ-ը հարձակվի իր երկրի միջուկային օբյեկտների վրա, իրենք պատերազմ կսկսեն տարածաշրջանի երկրների դեմ։
Իրանը մեղադրվում է Իրաքում ստեղծված անկայունության մեջ եւս։ Լոնդոնում հրատարակվող սաուդական «Աշ-շարկ ալ-աուսատ» թերթի 2007թ. հոկտեմբերի 9-ի խմբագրականում քննարկվում է Իրաքի հեռանկարը, նշվում, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո այդ երկրում անմիջապես կհաստատվեն Միջին Արեւելքում իրենց ազդեցությունը ձգտել հաստատող Իրանն ու Սիրիան։ Թերթը նաեւ նշում է, որ կրոնաքաղաքական շարժումներին աջակցելու առումով` Իրանը եւ Սիրիան առաջնորդվում են երկակի չափանիշներով. մի կողմից` Իրանը պայքարում է Իրաքի սուննիների դեմ, մյուս կողմից` համագործակցում պաղեստինյան «Համասի» հետ, որը սուննիական շարժում է. իր հերթին, Սիրիան իր երկրում ճնշում է «Մուսուլման եղբայրներին», սակայն աջակցում է «Համասին» եւ «Հիզբալլահին»: Ի դեպ, վերոնշյալ խմբագրականը չի բացառում, որ Իրաքից եւ Լիբանանից հետո իրանական-իսլամական հեղափոխության պաշարման մեջ հայտնվի Ծոցի շրջանը, որտեղ ապրում են զգալի թվով շիաներ:
Վերոնշյալ «Աշ-շարկ ալ-աուսատ» թերթը, 2008թ. ապրիլի իր համարներից մեկում, անդրադառնալով Իրաքում իրանական միջամտությանը, զետեղել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Մուվաֆակ Ալ-Ռուբայիի տեսակետը, որի համաձայն` Միջին Արեւելքում ահաբեկչությունը կարող է արմատախիլ արվել միայն ռեգիոնալ համագործակցության միջոցով, սակայն այս նպատակին հնարավոր չի լինի հասնել այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը եւ Սիրիան շարունակում են աջակցել ահաբեկիչներին: Նշվում է, որ Իրանն աջակցում է Մուկթադա Աս-Սադրի կողմից ղեկավարվող Մահդիի բանակին, ինչպես նաեւ ռազմաքաղաքական այլ կառույցների, որոնք ծառայում են Իրանի շահերին։ Ըստ այդմ` Իրանի վերջնական նպատակն է Իրաքում իրանամետ շիա կառավարության ստեղծումը, ինչը երբեք տեղի չի ունենա, քանի որ Իրաքի շիաները, որոնք բնակչության մեծամասնությունն են, արաբական ինքնության կրողներ են:
2008թ. մարտի 26-ին կատարական «Ալ-արաբ» օրաթերթը հարցազրույց է հրատարակել իրաքյան «Համաս» կազմակերպության խոսնակ Ահմադ Սալահ Ադ-Դինի հետ, ով նշում է, թե իրաքյան «Ալ-կաիդան» ռազմական, ֆինանսական եւ տարաբնույթ այլ օգնություններ է ստանում Իրանից եւ չնայած սուննիական ուղղվածությանը` իր պայքարն ուղղել է դիմադրության մյուս սուննի խմբավորումների դեմ: Խոսնակը նշում է, որ Իրանը ցանկանում է փոխել Իրաքի, հատկապես` Բաղդադի ժողովրդագրությունը հօգուտ շիաների։ Այս համատեքստում Իրանն առավել մեծ թշնամի է դիտարկվում, քան ԱՄՆ-ը:
Իսկ սաուդական մամուլը Իրանին մեղադրում է նաեւ Լիբանանում ժողովրդագրական փոփոխություններին նպաստելու մեջ, «Հիզբալլահը» մեղադրվում է այն բանում, որ զոհում է Լիբանանը` հանուն Իրանի եւ Սիրիայի հետաքրքրությունների:
Այսպիսով, Իրանը ոչ համարժեք է ընկալվում արաբական շրջանակներում։ Անընդունելի է համարվում միջարաբական քաղաքականության ավանդական ոլորտներում` Պաղեստինում, Իրաքում, Լիբանանում, Իրանի չափազանց ակտիվ մասնակցությունը: Սիրիայի եւ Իրանի միջեւ օրեցօր խորացող համագործակցությունը ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում, նրանց աջակցությունը «Հիզբալլահին», «Իսլամական ջիհադին», «Համասին», «Ալ-ֆաթհ ալ-իսլամին» հակազդեցությամբ է ընդունվում Ծոցի երկրներում։
Թե՛ Սիրիան, թե՛ Իրանը մեղադրվում են Լիբանանում ներքաղաքական ճգնաժամին նպաստելու, Իրաքում եւ Պաղեստինում իրավիճակի կայունացմանը խոչընդոտելու, ծայրահեղական խմբավորումներին աջակցելու մեջ։ Ակնհայտ է, որ միեւնույն տարածաշրջանում գտնվող Իրանի եւ արաբական երկրների միջեւ առկա են աշխարհաքաղաքական, գաղափարախոսական եւ դավանաբանական տարբերություններ, որոնք արգելքներ են ստեղծում համագործակցության եւ փոխադարձ վստահության ճանապարհին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]