ՊԱՅՔԱՐ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Կասպից ծովից գազի արտահանման այլընտրանքային ուղու կառուցման գաղափարն ակտիվորեն առաջ է մղվում ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ երկրների կողմից: Եվ եթե ԱՄՆ-ի համար այս հարցը զուտ քաղաքական նշանակություն ունի (թուլացնել տարածաշրջանի երկրների կախվածությունը ռուսական խողովակաշարերից և հետևաբար՝ ռուսական ազդեցությունից), ապա Եվրամիության համար այս հարցը կարևորվում է նաև տնտեսական առումով: Բանն այն է, որ եվրոպական գազի շուկան լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից: Այն թուլացնելու համար, ԱՄՆ և Եվրամիության ակտիվ ջանքերով, 1999թ. նոյեմբերի 18-ին Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրեցին միջկառավարական հռչակագիր Անդրկասպյան գազամուղի կառուցման նախագծի վերաբերյալ1:
Այս հռչակագրի համաձայն՝ գազամուղը Թուրքմենստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով պետք է ձգվեր դեպի Թուրքիա: Անդրկասպյան գազամուղը, որի երկարությունը պետք է կազմի մոտ 2000 կմ, գնահատվում է $2-3 մլրդ, սակայն այլ հետազոտողներ կարծում էին, որ ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի մինչև $9 մլրդ-ի2: Ինչևէ, բանակցությունների ընթացքում շահագրգիռ կողմերի միջև լուրջ խնդիրներ առաջացան. Ադրբեջանը և Թուրքմենստանը չէին կարողանում համաձայնության գալ, թե որ երկիրն ինչ չափով պետք է գազ մղի: Այս հակասություններն այնքան խորացան, որ ծրագրի իրականացման հիմնական համակարգող, Եվրոպայի խոշորագույն` անգլո-հոլանդական Royal Dutch/Shell ընկերությունը 2000թ. հոկտեմբերին նույնիսկ ստիպված էր փակել իր գրասենյակը Աշգաբադում: Հակասություններն առաջացան այն բանից հետո, երբ Ադրբեջանի ափամերձ տարածքում` Շահդենիզում հայտնաբերվեցին գազի հսկայական պաշարներ, և եթե պաշտոնական Բաքուն սկզբում համաձայն էր, որ խողովակաշարով հոսող գազի միայն 30%-ը կազմի ադրբեջանական գազը, ապա հետագայում պահանջեց, որ իր «փայաբաժինը» հասցվի մինչև 50%-ի: Նման փոփոխությունն առաջացրեց Թուրքմենստանի նախագահի դժգոհությունը, և բանակցությունները, փաստորեն, դադարեցին, իսկ պայմանավորվածությունները մնացին թղթի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը համոզված էր, որ 2002-2003թթ. արդեն կհաջողվի գազ արդյունահանել Շահդենիզի հանքավայրից3, սակայն հիշեցնենք, որ իրականում միայն 2007թ. հաջողվեց սկսել գազահանքի շահագործումը: Երբ հայտնի դարձավ, որ Շահդենիզի հանքավայրում գազի պաշարները հասնում են մոտ 1 տրիլիոն խմ-ի4, Ադրբեջանը սկսեց ակտիվ բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ այնտեղ սեփական գազի մատակարարման և նոր գազամուղի կառուցման հարցի շուրջ: Ըստ ադրբեջանցի շատ վերլուծաբանների՝ նման վարքագիծը (թուրքմենական գազից հրաժարումը) ձեռնտու չէր Ադրբեջանին, քանի որ վերջինս զրկվում էր միջինասիական գազի Արևմուտք արտահանման տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից՝ այստեղից բխող տնտեսական և քաղաքական օգուտներով հանդերձ:
Չնայած տարաձայնություններին և չեղյալ հայտարարված պայմանավորվածություններին, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ կողմերը նորից են վերակենդանացնում Անդրկասպյան գազամուղի կառուցման ծրագիրը և վերսկսում բանակցություններն այդ հարցի շուրջ: 2001թ. հոկտեմբերին Թուրքմենստանը և Ադրբեջանը նորից սկսեցին բանակցել գազամուղի կառուցման հարցի շուրջ: Սակայն մինչ այդ, նույն թվականի մարտին, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համաձայնագիր էր ստորագրվել նոր խողովակաշարի` Բաքու-Էրզրում գազամուղի կառուցման շուրջ: Նման դիրքորոշումը պայմանավորված էր ոչ միայն Բաքվի՝ սեփական գազը Թուրքիա և հետագայում Եվրոպա արտահանելու ցանկությամբ, այսպիսով նվազեցնելով Թուրքմենստանի ազդեցությունը, այլ նաև այն հաշվարկով, որ Կասպից ծովի ընդերքով գազամուղի կառուցումը քիչ հավանական է: Նման կարծիքը պայմանավորված էր մի քանի հանգամանքով:
Նախ՝ գոյություն չուներ Կասպից ծովի կարգավիճակի մասին միջազգային պայմանագիր տարածաշրջանի երկրների միջև և հետո՝ այս ծրագրի դեմ ակտիվորեն հանդես էին գալիս Ռուսաստանը և Իրանը: Վերջիններիս համար անընդունելի էր ցանկացած ծրագիր ԱՄՆ հովանու ներքո: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնիսկ հանդես եկավ հայտարարությամբ՝ գազամուղի կառուցման ծրագիրը գնահատելով որպես «չմտածված» քայլ, որը կարող է վտանգել ծովի բնապահպանական վիճակը, և կոչ անելով հետաձգել նախագծի իրականացումը մինչև ծովի կարգավիճակի շուրջ բանակցությունների ավարտը5: Ընդդիմանալով այս ծրագրին՝ Իրանը հույս ուներ, որ կողմերը կվերադառնան Թուրքմենստան-Իրան-Թուրքիա գազամուղի կառուցման գաղափարին, ինչի շուրջ նախկինում երկարատև բանակցություններ են վարվել: Ռուսաստանն ընդդիմանում էր այս ծրագրին նաև այն պատճառով, որ ցանկանում էր սեփական գազը մատակարարել Թուրքիային՝ առաջ քաշելով «Երկնագույն հոսք»` Սև ծովի ընդերքով գազամուղի կառուցման ծրագիրը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 1997թ.: Սև ծովով մոտ 1213 կմ երկարությամբ գազամուղով (այս գազամուղի 400 կմ-նոց հատվածն անցնում է Սև ծովի ընդերքով) Ռուսաստանը պարտավորվել էր տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Թուրքիային: Մինչև Անկարա ձգվող այս գազամուղով Գազպրոմը պետք է 25 տարում 365 մլրդ խմ գազ մատակարարեր թուրքական Botas` գազի առաքմամբ և մատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Օգտվելով Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններից՝ Ռուսաստանը կարողացավ նոր պայմանագիր կնքել տարածաշրջանի գազով հարուստ երկրի` Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ, այսպիսով ամրապնդվելով որպես միջինասիական գազը միջազգային շուկա արտահանող երկիր:
Պաշտոնական Մոսկվան փորձում էր խոչընդոտել տարածաշրջանից գազի արտահանման ցանկացած այլ ծրագրի իրականացմանը։ Այս պայքարում կարևոր տեղ էր հատկացվում «Երկնագույն հոսք» նախագծին, որը կարողացավ շահագործման հանձնել 2005թ. նոյեմբերին: Ընդհանրապես, թե՛ Ռուսաստանից, թե՛ Կենտրոնական Ասիայից և թե՛ Իրանից Արևմուտք` Եվրոպա ձգվող գազա- և նավթամուղների համար տարանցիկ երկիր դառնալը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր։ Չնայած Ռուսաստանը հետագայում հրաժարվեց Թուրքիայի տարածքով գազի երկրորդ ճյուղի կառուցման գաղափարից, սակայն պաշտոնական Անկարան շարունակում էր աջակցել Կասպից ծովի ավազանից իր տարածքով խողովակաշարերի կառուցման գաղափարին, մանավանդ որ 1990-ական թթ. վերջին այս հարցում նա ուներ Քլինթոնի վարչակազմի ակտիվ աջակցությունը: Ըստ ամերիկյան որոշ հեղինակների՝ Տրանսկասպյան գազամուղի կառուցման հարցում ամերիկյան աջակցության դեմ ակտիվորեն հանդես էին գալիս Վաշինգտոնում գործող ամերիկա-հայկական և ամերիկա-հունական լոբբիստական կառույցները6:
Չնայած Անդրկասպյան գազամուղն այդպես էլ չի կառուցվել, սակայն գաղափարը մինչև օրս էլ շրջանառվում է, և ԱՄՆ աջակցությամբ ժամանակ առ ժամանակ վերսկսվում են բանակցություններն այս հարցի շուրջ: Հատկապես Բաքու-Ջեյհանի կառուցումից հետո պաշտոնական Անկարան բազմիցս այս հարցը բարձարցրել է տարբեր բանակցությունների ժամանակ: 2006թ. Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերը հերթական անգամ հարցը քննարկել է այդ երկրի ղեկավարության հետ7: Ըստ Սեզերի՝ արդեն կառուցված Բաքու-Էրզրում գազամուղը կնպաստի այս ծրագրի արագ իրագործմանը:
Անդրկասպյան գազամուղի կառուցման հարցը մինչև օրս էլ մնում է արևմտյան տերությունների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ Թուրքմենստանի ներկա ղեկավար Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Մեծ Բրիտանիայի Էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ ինքը շարունակում է քննարկել այլընտրանքային գազամուղի կառուցման հարցը8: Հարցով արևմտյան տերությունների հետաքրքրությունն այնքան մեծ է, որ Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, թե Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը չի կարող գազամուղի կառուցման խոչընդոտ լինել9: Ակնհայտ է, որ Անդրկասպյան գազամուղի կառուցման խնդիրը դարձել է լուրջ խաղաթուղթ արևմտյան տերությունների և հատկապես ԱՄՆ-ի համար: Վերջիններս այն ցանկանում են օգտագործել ոչ միայն Կենտրոնական Ասիայից գազի նոր պաշարների ստացման, այլ նաև Ռուսաստանից կախվածության թուլացման և տարածաշրջանում սեփական քաղաքական ազդեցության մեծացման համար:
1Energy Information Administration. Caspian Sea Region. February 2002. http://www.eia.doe.gov/emeu/cabs/ caspian2.html.
2TW-p 38.
3Ализаде Ф., В России и Турции газовый праздник. Газета Зеркало, 22 ноября 2005.
4Energy Information Administration. Caspian Sea Region: Survey of Key Oil and Gas Statistics and Forecasts July 2006 www.eia.doe.gov.
5Nancy Lubin. Energy Wealth, Development, and Stability in Turkmenistan. NBR ANALYSIS., Energy, Wealth, and Development inCentral Asia and the Caucasus, v. 10, # 3, august 1999, p-64.
6Nancy Lubin. Energy Wealth, Development, and Stability in Turkmenistan. NBR ANALYSIS., Energy, Wealth, and Development in Central Asia and the Caucasus, v. 10, # 3, august 1999, p-65.
7ИА REGNUM «Новости», Алиев и Сезер намерены реанимировать идею строительства Транскаспийского газопровода., www.regnum.ru/news/571130.html 12.01.2006.
8ИА REGNUM «Новости», Туркмения намерена экспортировать нефть и газ через Азербайджан и Турцию. www.regnum.ru/news/888463.html 21.09.2007.
9ИА REGNUM «Новости», МИД Азербайджана: Нерешенность правового статуса Каспия - не проблема для реализации транскаспийского газопровода. www.regnum.ru/news/883929.html 12.09.2007.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]