• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2018

ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018


Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, պ.գ.թ.:

Էներգետիկ շուկայում իր առանձնահատուկ տեղն ունի գազը, որն, ի տարբերություն մյուս էներգակիրների (նավթ, ածուխ, հարստացված ուրան), չի հանդիսանում բորսայական ապրանք, հետևաբար այդ էներգակրի գինն էլ չի որոշվում ավանդական՝ Լոնդոնի կամ Նյու Յորքի բորսաներում։ Գազի շուկայի այս փակ համակարգը որոշակի առավելություն է տալիս արտահանող պետություններին, որոնք կարող են ազդել գնագոյացման քաղաքականության վրա և փորձում են այն օգտագործել որպես միջոց սեփական շահերն առաջ մղելու համար։

Այս համակարգում, սակայն, սկսեց որոշակի փոփոխություն կատարվել, երբ գազի շուկան հարստացավ հեղուկացված գազով (Liquefied Natural Gas – LNG), որը մրցակցության մեջ մտավ արդեն ավանդական համարվող խողովակաշարային գազի (Piped Natural Gas – PNG) հետ և, կարելի է ասել, մարտահրավեր նետեց այդ շուկայում գերիշխողներին։ Այս մրցակցությունը որոշակիորեն փոխեց գազի շուկան՝ թուլացնելով այստեղ ավանդաբար մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի, Նորվեգիայի և Ալժիրի դիրքերը, որոնք ԵՄ գազի հիմնական արտահանողներն են1։

Հեղուկացված գազի պահանջարկի ավելացումը պայմանավորված էր մի քանի հանգամանքով. նախ՝ ավանդական գազի պաշարների արդյունահանման նվազում սկսվեց այդ էներգառեսուրսի նկատմամբ պահանջարկի աճի ֆոնին։ Սա, իր հերթին, նպաստեց, որ ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման ծավալներն աճեն՝ որպես այլընտրանք ավանդական գազի պաշարներին։ Այս փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ սպառման հիմնական շուկայի տեղաշարժ՝ Եվրոպայի մայրցամաքից դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

Չինաստանի տնտեսության աննախադեպ աճը, էներգակիրների սպառման ծավալների մեծացումը Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում ստիպեցին վերջիններիս ավելի մեծ ուշադրություն դարձնել գազի պաշարների ներմուծման հարցին։ Իսկ քանի որ կար դեպի այդ պետություններ գազն արտահանելու ուղիների հարց, վերջիններս սկսեցին ներմուծման համար ավելի շատ կենտրոնանալ գազի հեղուկացված տարբերակի վրա, որի առաքման համար ճանապարհների և ուղիների ընտրության ավելի լայն ու ճկուն հնարավորություններ կան, քան խողովակաշարային առաքման դեպքում։

2000թ. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառվում էր աշխարհի էներգակիրների ընդամենը 28%-ը, մինչև 2013թ. սպառման ծավալներն աճեցին ամբողջ աշխարհում, սակայն դրա առյուծի բաժինը՝ 76%-ը, տեղի ունեցավ հենց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Չինաստանում էներգակիրների սպառումն այդ ընթացքում եռապատկվեց, Հնդկաստանում կրկնապատկվեց, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պահանջարկն ավելացավ ընդհանուր առմամբ 36%-ով։

Համաշխարհային էներգետիկ շուկայում սպառվող էներգակիրների 23.7%-ը գազ է։ Այս ցուցանիշով այն զիջում է միայն նավթին՝ 35.8% և ածխին՝ 28.4%։ Համաձայն միջազգային էներգետիկ գործակալության տվյալների՝ մինչև 2030թ. սպասվում է, որ գազի պահանջարկը կաճի 88%-ով՝ ներկա 2.75 մլրդ մ3-ից մինչև 5.16 մլրդ մ3 օրական2։

Ասիայում էներգակիրների սպառման ծավալի աճը, պայմանավորված տնտեսական արագացմամբ, կանխատեսելի էր։ Հարավասիական այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մալայզիան և Ինդոնեզիան, որոնք նախկինում նավթ արդյունահանող պետություններ էին, այժմ ստիպված են այն ներմուծել։ Եթե 2002թ. տվյալներով ասիական պետությունները ներմուծում էին իրենց էներգակիրների 10%-ը դրսից, ապա ներկայում այդ թիվը կազմում է 70%:

Ասիական պետություններն իրենց էներգակիրների առյուծի բաժինը ներմուծում են Պարսից ծոցից, լցանավերի միջոցով։ Այս առումով ծովային այդ ուղին բախվում է անվտանգության մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ծովահենների հարձակումների, Մալակա նեղուցն անցնելու պրոբլեմին, համապատասխան ծավալի նավթա-գազատարների ոչ բավարար քանակին և ծովային երթուղիներում առկա խցանումներին։ Բացի այդ, կան հակամարտության շրջաններ Չինական ծովում՝ հարավարևելյան հատվածում Չինաստանի, Վիետնամի և Ֆիլիպինների միջև, սա նույնպես դժվարացնում և ռիսկային է դարձնում ասիական պետություններ գազի և նավթի ներմուծումը Մերձավոր Արևելքից։

Մերձավորարևելյան նավթին և գազին ասիական շուկայում կարող են այլընտրանք լինել ռուսական էներգակիրները։ Ռուսաստանը, սակայն, ինչպես հայտնի է, ավանդաբար իր նավթի և գազի մոտ 70%-ը վաճառում է Եվրոպայում։ Ներկայում ասիական երկրները տարեկան մոտ 46.8 մլրդ մ3 գազ ստանում են Պարսից ծոցից, իսկ Ռուսաստանից՝ միայն 16 մլրդ մ3։

Ինչպես նշեցինք, հեղուկացված գազի շուկայում իրավիճակի փոփոխմանը նպաստում էր նաև ԱՄՆ ոչ ավանդական (unconventional) գազի արդյունահանման աճը։ 1960-2000թթ. ԱՄՆ-ում ավանդական գազի արդյունահանումը կրճատվեց մեկ երրորդով, ինչը հանգեցրեց գազի գնի աննախադեպ բարձրացման՝ $1.92-ից մինչև $7.33 28.3 մ3 գազի դիմաց3։

Գազի գնի աննախադեպ թանկացումն, իր հերթին, նպաստեց ոչ ավանդական գազի արդյունահանման տեխնոլոգիաների և ռեսուրսների մշակմանը։ Սկսեցին ակտիվ կերպով օգտագործել «շերտերի ճեղքման» հորատանցման մեթոդը, որը չնայած շատ ավելի թանկ էր, քան ավանդական հորատանցումը, սակայն գազի բարձր գների պայմաններում արդարացնում էր արված ծախսերը։ Թերթաքարային գազի պաշարներ ունեցող պետությունների առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Չինաստան, Արգենտինա, Ալժիր, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Ռուսաստան, Բրազիլիա։ Այս պետությունները միասին վերահսկում են թերթաքարային գազի պաշարների 80%-ը՝ մոտ 26 տրլն մ3 պաշարներ4։

Գազի սպառումը միջազգային շուկայում շարունակաբար աճում է. 2025թ. այն կկազմի աշխարհում սպառվող էներգակիրների 30%-ը։ Գազի սպառման ընդհանուր շուկայում հեղուկացված գազը 2010թ. զբաղեցնում էր ընդամենը 9%, սպասվում է, որ 2020թ. այն կկազմի արդեն 14%, աճը՝ 61%: Թերթաքարային գազի հեղափոխության շնորհիվ 2015-ից սկսած՝ ԱՄՆ-ը դարձավ գազ արտահանող պետություն։ Եթե միջազգային շուկայում 2000թ. վաճառվում էր մոտ 100 տոննա հեղուկացված գազ, ապա 2011թ. այս թիվն աճեց մոտ երկուսուկես անգամ՝ մինչև 242 տոննա տարեկան5։

Հեղուկացված գազի արտադրության կտրուկ ավելացումը 2013-2016թթ. հանգեցրեց այդ ապրանքի գնի նվազմանը՝ ԱՄՆ-ում $4.5-ից մինչև $1.9, Եվրոպայում՝ $10.6-ից մինչև $4.2, իսկ Ասիայում՝ $17-ից մինչև $4.4։ Ներկայում հեղուկացված գազը կազմում է աշխարհում վաճառվող գազի 10%-ը կամ 332 մլրդ մ3 տարեկան։ Հեղուկացված այդ գազի 60%-ը սպառվում է Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Ըստ որոշ հետազոտությունների՝ 2030թ. հեղուկացված գազի ծավալը կհասնի 680 մլրդ մ3-ի կամ աշխարհում վաճառվող գազի 16%-ին6։

Թերթաքարային գազի արդյունահանման ծավալների աննախադեպ աճը ԱՄՆ-ում հանգեցրեց այդ պետության էներգետիկ համակարգի հզորացմանը և այդ ապրանքի՝ գազի արտահանման հնարավորությունների ավելացմանը։ Սա որոշակիորեն փոխեց էներգետիկ աշխարհաքաղաքական համակարգը՝ հզորացրեց ԱՄՆ-ը որպես գազ և նավթ արդյունահանող ու արտահանող պետություն։

Ամերիկյան հեղուկացված գազի արդյունահանումը որոշ չափով նվազեց՝ պայմանավորված այդ ապրանքի գնի անկմամբ, շատ ընկերություններ սնանկացան, սակայն նույնիսկ այդ պայմաններում ԱՄՆ-ում դրա արդյունահանումը չդադարեց։ Որոշ ժամանակ անց արդյունահանման ծավալները նորից վերականգնվեցին, և ամերիկյան հեղուկացված գազը միջազգային շուկայում սկսեց մրցակցել հիմնական արդյունահանող պետությունների՝ Կատարի և Ավստրալիայի հետ։ Այդ մրցակցությունը ծավալվում էր հեղուկացված գազի սպառման հիմնական շուկայում՝ Ասիայում։

Հեղուկացված գազի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ դանդաղ աճող էներգակիրների սպառման ֆոնին հեղուկացված գազի հանդեպ պահանջարկի կտրուկ աճով։ Սպասվում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ էներգակրի նկատմամբ պահանջարկը կաճի 50%-ով։ 2020թ. հեղուկացված գազի արդյունահանմամբ ԱՄՆ-ը կլինի երրորդը՝ զիջելով միայն Կատարին և Ավստրալիային7։

Այսպիսով, հեղուկացված գազի նկատմամբ պահանջարկի աճը և այս գործընթացում ԱՄՆ դերի աճը, որպես այդ ապրանքն արտադրող հիմնական երկրներից մեկը, փոխում է էներգետիկ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Տեղի է ունենում աշխարհառազմավարական տեղաշարժ՝ գազ արդյունահող մի շարք կենտրոնների, հատկապես Պարսից ծոցի դերի նվազում և ԱՄՆ դերի բարձրացում։ Աշխարհառազմավարական երկրորդ փոփոխությունը տեղի է ունենում այդ ապրանքի սպառման շուկայում. եթե նախկինում գազի սպառման ամենամեծ շուկան ԵՄ-ն էր, ապա այսօր այս հարցում առաջատարը Ասիա-խաղաղօվկիանոսյան պետություններն են։ Այսինքն՝ մենք ականատեսն ենք էներգետիկ աշխարհաքաղաքական բնապատկերի փոփոխության, որը նոր է սկսվել և որը խորացման ու զարգացման միտում ունի։ Կարելի է պնդել, որ էներգետիկ աշխարհառազմավարական այս փոփոխությունները միայն նոր-նոր են սկսվել և հետագայում էլ ավելի կփոխեն էներգետիկ շուկայի այն համակարգը, որը ձևավորվել էր 20-րդ դարում։

1 Mikkal E. Herberg, «Introduction», Mikkal E. Herberg, Ed. Energy Security and the Asia-Pacific: Course Reader (Washington DC: National Bureau of Asian Research, 2014).

2 International Energy Agency (IEA), Key world energy statistics 2016 (Paris: IEA, 2016).

3 American Chemistry Council, «Shale Gas and New Petrochemicals Investment: Benefits for the Economy, Jobs, and US Manufacturing», March 2011.

4 US Energy Information Administration (EIA), «Shale in the United States», December 15, 2016.

5 The Economist, Hub or hubris?: The outlook for natural gas in Asia? May 2013.

6 Accenture, «Gas grows up, part I: developing new sources of LNG demand», 2016.

7 Robert D. Blackwill and Meghan L. O’Sullivan, «America’s Energy Edge: The Geopolitical Consequences of the Shale Revolution», March/April 2014, Foreign Affairs.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր