• am
  • ru
  • en
Версия для печати
23.11.2018

ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ

   

Արմեն Մանվելյան, պ.գ.թ.

Զարգացումներ եւ հնարավորություններ

Չինաստանը վերածվում է աշխարհի գերհզոր աշխարհառազմավարական կենտրոնի, որի տնտեսական զարգացումը ո՛չ միայն հիացմունք, այլեւ վախ է ներշնչում այն պետություններին, որոնք այդ փոփոխությունները գնահատում են որպես մարտահրավեր: Չինաստանի տնտեսական աննախադեպ աճի ֆենոմենը առանձին քննարակման եւ հետազոտման թեմա է, քանի որ այն կարող է օրինակելի դառնալ աշխարհի շատ պետությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել տնտեսական զարգացման իրենց ուրույն մոդելը, ինչը հնարավորություն կտա առանց պատճենահանելու, սակայն, սովորելով նրանից` այն կրկնել:

Նոյեմբերի 21-ին Երեւանի «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` կազմակերպված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան համատեղ ջանքերով: Գիտաժողովի թեման Չինաստանի բարեփոխումների քաղաքականության 40-տարիներն էին, մի ժամանակաշրջան, երբ վերջինիս տնտեսությունը թռիչքաձեւ աճ էր ապահովում` հանգեցնելով այդ պետության հզորացմանը:

Գիտաժողովին ներկա էին եւ ելույթ ունեցան գիտնականներ, դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, որոնք ներկայացրին Չինաստանի զարգացման էտապներն ու առանձնահատկությունները: Բացման խոսքով հանդես եկավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ելույթներ ունեցան ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Էրլոնը, Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Չինաստանից` պրոֆեսոր Սուն Հունը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ ուրիշներ:

Դեսպան Տյան Էրլոնն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ նմանատիպ գիտաժողովները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու շփումների խորացմանը: Ապա հավելեց, որ անցած 40 տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը աճել է 22.5 անգամ, տարեկան միջինը կազմելով 9.5%:

Տնտեսական այս աննախադեպ աճը հնարավորություն է տվել մոտ 470 միլիոն չինացիների դուրս բերել աղքատության ճիրաններից: Ըստ դեսպանի, արդեն 2020թ-ին Չինաստանն իր 1.4 մլրդ բնակչության համար կդառնա միջին բարեկեցիկ պետություն:

Դեսպան Տյան Էրլոնը նշեց, որ բարեփոխումների եւ բաց դռների քաղաքականությունն արտահայտում է Չինաստանի բնակչության մեծ մասի կամքն ու ցանկությունը: Այդ քաղաքականությունը տանում է դեպի զարգացում եւ ինտեգրում թե՛ միջազգային տնտեսական, թե՛ տարածաշրջանային քաղաքական համակարգերում: Դեսպանն իր խոսքն ավարտեց հիշեցնելով, որ հայ-չինական հարաբերությունները սկսվել են դեռ հին ժամանակաշրջանից, երբ գործում էր Մետաքսի ճանապարհը:

Չինաստանի հասարակագիտական ակադեմիայի միջազգային տնտեսության եւ քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Սուն Հունն իր ելույթում անդրադարձավ բարեփոխումների քաղաքականության դինամիկային` շեշտելով, որ անցած 40 տարիների ընթացքում` 1978-2018թթ., այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 294 մլրդ. դոլարից մինչեւ 11.016. տրիլիոն դոլլարի: Այդ ընթացքում Չինաստանին հաջողվել է հաղթահարել համատարած աղքատությունը եւ, եթե 1978թ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 200 դոլար, ապա 2018թ.-ին այն արդեն պետք է լինի մոտ 8 հազար դոլար:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով Չինաստանի տնտեսական աճի երեւույթին, շեշտեց քաղաքակրթական այն առանձնահատկությունները, որոնք նպաստեցին այդ զարգացմանը: Մասնավորապես սեփականության նկատմամբ ավանդական մոտեցումները, պետական ընկերությունների դերի կարեւորումն ու համատեղ ձեռնարկությունների հիմնումը:

Ըստ Հրանտ Բագրատյանի` չինական շուկայական հարաբերությւոնների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ պետությունը սուբսիդավորում է ենթակառուցվածքները` տրանսպորտի, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի գները եւ այլն, սակայն մնացած հարցերում գործում են շուկայական հարաբերությունները: Մասնավորապես անցած 40 տարիների ընթացքում երկրում կառուցվել է 120 հազար կիլոմետր երկաթուղի, ենթակառուցվածքների վրա Չինաստանի ծախսը 4 անգամ ավելի է, քան` ԱՄՆ-ում:

Միաժամանակ Բագրատյանը նշեց, որ պետությունն է երկրի թիվ մեկ ներդրողը, ինչն իր հերթին նպաստում է, որ այլ պետություններ եւ ընկերություններ ներդրումներ կատարեն: 1998թ.-ից վերացվեց արտահանման նկատմամբ պետության մոնոպոլիան, եւ այսօր այդ երկրի արտահնման 60% պատկանում է մանր ու միջին արտադրողներին:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն անդրադառնալով Չինաստանի տնտեսական աճի ֆենոմենին, այն բնութագրեց որպես չինական քաղաքակրթական ներուժի դրսեւորում: Մեջբերելով ռուս չինագետ Վլ. Մալյավինի խոսքերը, Գագիկ Հարությունյանը Չինաստանը բնութագրում է, որպես «գիտնականների կայսրություն»:

Ըստ «Նորավանքի» տնօրենի, Գիտահետազոտական փորձագիտական մշակումներում Չինաստանի ներդրումները կազմում են 395 մլրդ. դոլար` զիջելով միայն ԱՄՆ-ին: Սակայն վերջին տարիներին ծախսերի աճի տեմպը ՉԺՀ-ում 2.5 անգամ ավելի է, քան Ամերիկայում, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում ներդրումները կգերազանցեն ԱՄՆ-ի ցուցանիշները: Պատենտների հայտերի քանակով Չինաստանն արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, իսկ Բլոկչեյնի տեխնոլոգիաների ոլորտում ստացված հայտերից 56%-ը չինական է:

Անդրադառնալով չինական տնտեսական ֆենոմենի մեջ Դեն Սյաո Պինի ներդրումին, «Նորավանքի» տնօրենը նկատեց, որ իրավիճակը փոխվեց, երբ Չինաստանի առաջնորդը միակուսակցական համակարգում ներդրեց ազատականության եւ կոնսերվատիվ (կոնֆուցիոնիստական) գաղափարախոսության դրույթները, զուգահեռաբար պահպանելով սոցիալիստական գաղափարախոսության առավելությունները: Արդյունքում Չինաստանը դարձավ առաջատար ինչպես տնտեսական, ռազմական, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտում:

«Նորավանք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը կարեւոր ներդրում էր Չինաստանի տնտեսական զարգացման առանձնահատկությունները հասկանալու եւ գիտության ոլորտում Հայաստան-Չինաստան հարաբերությունների բարելավումը առաջ մղելու տեսակետից:

https://azg.am/AM/2018112306



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր