• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2017

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017


Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, պ.գ.թ.

Էներգետիկ գործոնը կարևոր տեղ է զբաղեցնում արդի միջազգային հարաբերություններում, հետևաբար էներգետիկ ռեսուրսների վերահսկողության հարցը միշտ էլ վճռական նշանակություն է ունեցել միջպետական հարաբերություններում։ Էներգակիրների կայուն արտահանումը և ներմուծումը դարձել են այդ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչը։ Քանի որ էներգակիրները պետությունների տնտեսական զարգացման արյունատար անոթներն են, հետևաբար՝ դրանց կայուն մատակարարման հարցը միշտ էլ վճռական է եղել բոլոր պետությունների համար։

Սակայն էներգակիրների կարևորությունն էլ ավելի նշանակալի դարձավ արդյունաբերության արագ զարգացմանը զուգահեռ, երբ ներքին այրման շարժիչը դարձավ կարևորագույն գործոն պետությունների առաջընթացի ապահովման հարցում։ Այսօր աշխարհում արդյունահանվող նավթի 80%-ը սպառվում է որպես բենզին և դիզվառելիք, իսկ դրա պահանջարկի շարունակական աճը պայմանավորված է ավտոմեքենաների պահանջարկի աճով, ինչը հատկապես նկատելի է արագ զարգացող Չինաստանում և Հնդկաստանում։ Հետևաբար, առաջիկայում կարող ենք ականատեսը լինել էներգակիրների շուրջ ընթացող պայքարի մի նոր շրջանի, երբ, բացի ավանդական նավթից ու գազից, մրցակցություն կծավալվի նաև էներգետիկ նոր տեխնոլոգիաների շուրջ, ինչի նշանակությունը վճռական է դառնում հատկապես վերականգնվող էներգիայի արտադրության և սպառման ծավալների ընդլայնման հետ միասին։

Էներգետիկ հիմնախնդիրը միշտ էլ կարևորվել է էներգիա արտահանող և սպառող պետությունների կողմից, որոնք իրենց շահերի պաշտպանության համար ստեղծել են տարբեր միջազգային կառույցներ, որոնց նպատակն էր միավորել նույն խնդիրներն ունեցող պետություններին և համատեղ պայքարել ընդհանուր պրոբլեմների լուծման ուղղությամբ: Նմանատիպ առաջին կառույցներից մեկը Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունն էր` ՕՊԵԿ-ը, որի նպատակն էր պաշտպանել նավթ արդյունահանող պետությունների շահերն անդրազգային նավթային ընկերություններից և նրանց թիկունքում գտնվող արևմտյան տերություններից:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ էներգետիկան միավորող հզոր ուժ ունի՝ պայմանավորված բոլոր պետությունների համար դրա կարևորությամբ։ Եվրամիության միավորման հիմնական մոտիվացիան հենց էներգակիրներն էին, և իզուր չէ, որ 1951թ.1 կնքված առաջին պայմանագիրը՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև, որին հետագայում միացան եվրոպական այլ պետություններ, կոչվում էր «ածխի ու պղնձի» համաձայնագիր։ Հետագայում, արդեն 1957թ., կնքվեց Եվրոպայի ատոմային էներգիայի միության ստեղծման պայմանագիրը, որոնք էլ հիմք հանդիսացան Եվրոպական լիարժեք միության ստեղծման համար2։

Միջազգային էներգետիկ գործակալություն

1973թ. հայտնի նավթային էմբարգոյից հետո, որը կազմակերպվեց ՕՊԵԿ անդամ պետությունների կողմից և որին աջակցեցին նավթ արդյունահանող այլ երկրներ ևս, նավթ սպառող պետությունները հասկացան, որ իրենց տնտեսությունները խոցելի են նմանատիպ կառույցների առաջ։ Եվ ընդհանրապես, պետությունների նավթային կախվածությունը լուրջ սպառնալիքներ է ստեղծում իրենց ազգային շահերին։ Բացի այդ, պարզ դարձավ, որ չկան նման քաղաքականությանը դիմակայելու գործուն մեխանիզմներ և կառույցներ։

Էներգակիրներ սպառող պետությունները 1961թ. ստեղծեցին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որը եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի և հետագայում դրանց միացած Ճապոնիայի տնտեսությունների համակարգման ու զարգացման, այդ թվում՝ վերլուծության ու զարգացումների հնարավոր սցենարներով զբաղվող կազմակերպություն էր3։ Նախատեսված էր, որ այս կառույցը նաև պետք է զբաղվի անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության խնդիրներով, այդ թվում՝ էներգետիկ հիմնահարցերով։ Հատուկ դրա համար ստեղծվել էին նաև նավթի և էներգետիկ հարցերի հանձնաժողովներ, որոնք պետք է դիմակայեին այն ճգնաժամերին, որոնք, հնարավոր է, ծագեին նավթի և ընդհանրապես էներգետիկ շուկայում առաջացած պատճառներով։

Սակայն 1973թ. նավթային էմբարգոն ցույց տվեց, որ այս կառույցը չունի բավարար ռեսուրս նման ճգնաժամերին դիմակայելու և համապատասխան քաղաքականություն մշակելու համար: Թեև վերջինս խորհուրդ էր տվել անդամ պետություններին կատարել նավթի հնարավորինս մեծաքանակ պահեստավորում, սակայն այն ժամանակ նման մատակարարումների սահմանափակության պայմաններում համապատասխան քանակով պահեստավորում իրականացնելը բավական բարդ էր։ Բացի այդ, եվրոպական պետություններից շատերը չունեին հնարավորություններ նավթի մեծաքանակ պաշարներ պահեստավորելու համար4։

Ինչևէ, արդեն 1973թ. պարզ էր, որ ստեղծված իրավիճակում հարկավոր է ստեղծել նոր կառույց, որն ավելի մասագիտորեն կզբաղվեր էներգակիրներ սպառող պետությունների շահերի պաշտպանության խնդիրներով։ Արդեն 1973թ. դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերն առաջարկեց հիմնադրել արդյունաբերական պետությունների շահերը պաշտպանող միջազգային էներգետիկ գործակալություն, իսկ Կոպենհագենում նույն այդ ժամանակ տեղի ունեցող գագաթաժողովում Արևմտյան Եվրոպայի մի շարք պետություններ նոր միջազգային կառույցի ստեղծման պատրաստակամություն հայտնեցին, որը կգործի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում5։

Մի քանի ամիս անց, 1974թ. Վաշինգտոնում ընթացող Էներգետիկ կոնֆերանսի ժամանակ նավթ սպառող 13 պետություն պաշտոնապես հայտարարեց, որ ՏՀԶԿ շրջանակներում ստեղծում են նոր կազմակերպություն իրենց էներգետիկ շահերի պաշտպանության համար` Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ)։ Որոշում ընդունվեց, որ այս կառույցը, որը փաստորեն հիմնվում էր արդյունաբերական պետությունների կողմից, պետք է զբաղվի էներգետիկ շուկայի վերլուծությամբ, վիճակագրական տվյալների հավաքագրմամբ, ունենա իր աշխատակազմը, իրավական կարգավիճակը և այլն։ Որոշվեց նաև, որ կառույցը, լինելով ՏՀԶԿ համակարգում, այնուամենայնիվ, կունենա կառավարման ինքնավարություն և գործողությունների ինքնուրույնություն6։

Միջազգային էներգետիկ գործակալությունը պաշտոնապես հիմնադրվեց 1974թ. նոյեմբերի 18-ին։ Որոշում ընդունվեց նաև, որ դրան կարող են անդամակցել միայն ՏՀԶԿ անդամ պետությունները, բացառություն կատարվեց միայն Չիլիի, Իսլանդիայի, Մեքսիկայի և հետագայում՝ Սլովենիայի համար։ 2014թ. ՏՀԶԿ-ին միացավ Էստոնիան՝ դառնալով նաև ՄԷԳ անդամ։ Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մարոկոն, Սինգապուրը և Թաիլանդը ՄԷԳ ասոցացված անդամի կարգավիճակ ունեն։

Ընդհանուր առմամբ, կազմակերպությանն անդամակցում է 29 պետություն՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Ստեղծված կառույցի կենտրոնակայանը Փարիզում է։ Այն որպես էներգետիկ հարցերով խորհրդատու կառույց աշխատում է կազմակերպության անդամ բոլոր պետությունների համար՝ միաժամանակ համագործակցելով ոչ անդամ այլ պետությունների և կառույցների հետ։ ՄԷԳ նպատակներից է վերլուծել և հասկանալ նավթի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները՝ առաջարկելով կանխարգելիչ այն քայլերը, որոնք կնպաստեն նավթային և ընդհանրապես էներգետիկ ճգնաժամից խուսափելուն։

Կազմակերպությունն ակտիվ աշխատում է նաև ՕՊԵԿ անդամ պետությունների, ինչպես նաև ոչ անդամ նավթ արտահանող այլ պետությունների, օրինակ՝ Ռուսաստանի հետ։ Միջազգային էներգետիկ գործակալության քաղաքականության առանցքում էներգետիկ անվտանգությունն է, տնտեսական զարգացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Սա կոչվում է երեք E-ի քաղաքականություն (Energy Security, Economic Development and Environmental Protection), ինչը մշակվում է ՄԷԳ-ի կողմից և իրականացվում անդամ պետությունների տարածքում7։ Ավելի ուշ կազմակերպությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց կլիմայի փոփոխությունների խնդիրների վրա, իսկ հետագայում սկսեց զբաղվել նաև, այսպես կոչված, այլընտրանքային էներգիայի աղբյուրներով, վերականգնվող էներգետիկայով, էներգախնայողության խնդիրներով, նոր էներգետիկ տեխնոլոգիաներով և այսպես կոչված ռացիոնալ էներգետիկ քաղաքականության մշակմամբ ու դրա առաջմղմամբ անդամ պետություններում։

Միջազգային էներգետիկ գործակալությունն անդամ պետություններից պահանջում է, որ վերջիններս պահեստավորեն նախորդ տարի սպառած նավթի 90 օրվա պաշարի չափով նավթ։ Սա էներգետիկ անվտանգության կարևոր պայմաններից է ՄԷԳ անդամ պետությունների համար։ Հայտնի է, որ, օրինակ, 2009թ. դրությամբ ՄԷԳ անդամ պետություններում կար պահեստավորված մոտ 4.3 մլրդ բարել նավթ, ինչը կազմում է համաշխարհային նավթի պաշարների մոտ 0.3%-ը8: Համարվում է, որ նման քանակությամբ նավթի պահեստավորումը բավարար է՝ անհրաժեշտության դեպքում ապահովել պետությանը նավթային հնարավոր էմբարգոյի հասցրած վնասներից և նվազեցնել հնարավոր ռիսկերը պետության համար։ Բացի այդ, գործակալության որոշմամբ, անդամ պետությունները երբեմն-երբեմն կարող են միաժամանակ վաճառքի դուրս բերել իրենց պահեստավորած նավթը՝ այսպիսով ազդելով միջազգային բորսաներում նավթի գնի ձևավորման քաղաքականության վրա։

Միջազգային էներգետիկ գործակալությունն իր գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացնում էներգիայի պահեստավորման խնդիրներին և նոր տեխնոլոգիաների առաջմղմանը՝ այն դիտարկելով որպես առաջիկայում էներգետիկ անվտանգության կարևոր պայման։ Անցած դարի 80-ական թվականներից վերջինս սկսել է, այսպես կոչված, Էներգիայի կոնսերվացումը դրա պահեստավորման միջոցով ծրագիրը (Energy Conservation through Energy Storage (ECES

Այս ծրագրի իրականացման և համապատասխան տեխնոլոգիաների ստեղծման համար գործակալությունը 1981-2015թթ. կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, որոնց նպատակն է մշակել ջերմային, նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման նորանոր միջոցներ։ Վերջին նման գիտաժողովը տեղի է ունեցել Պեկինում (Ջերմային էներգիայի պահեստավորման 13-րդ միջազգային գիտաժողովը)9։ Նման մեծ ուշադրությունը էներգիայի կոնսերվացմանը և պահեստավորմանը պայմանավորված է այն հաշվարկով, որ այդպիսով հնարավոր կլինի նվազեցնել էներգիայի գինը և զարգացնել վերականգնվող էներգետիկան, որի աշխատանքը, ինչպես հայտնի է, սեզոնային բնույթ է կրում։

Միջազգային էներգետիկ գործակալությունն իր աշխատանքի հիմքում տեսնում է էներգետիկ քաղաքականության հարցում անդամ պետությունների միասնական և համահունչ գործունեությունը, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել և մեղմել էներգակիրներ արդյունահանող պետությունների քաղաքականությունը։ Այս հարցում ՄԷԳ-ն առաջին հերթին հենվում է նավթի և գազի համապատասխան պաշարների պահեստավորման և ժամանակ առ ժամանակ դրանք միջազգային շուկայում վաճառելու միջոցով գնագոյացման վրա ազդելու քաղաքականության վրա։ Սակայն հիմնական շեշտը դրվում է էներգետիկ նոր, այլընտրանքային միջոցների ստեղծման, ինչպես նաև ջերմային, էլեկտրաէներգիայի և այլ տիպի էներգիայի պահեստավորման ու նորարարական տեխնոլոգիաների զարգացման վրա։ ՄԷԳ-ը սպառող պետությունների էներգետիկ քաղաքականության համակարգմամբ կարողացել է կանխել խորքային ճգնաժամերը և, առավել ևս՝ էմբարգոների կրկնությունը։ Հետևաբար, կարելի է գնահատել, որ այն առայժմ կարողանում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ էներգետիկ շուկայի կայունության պահպանմամբ սպառող պետությունների շահերի պաշտպանությունը։

1 European Coal and Steel Community (ECSC), https://www.britannica.com/topic/European-Coal-and-Steel-Community

2 Նույն տեղում։

3 Convention on the Organisation for Economic Co-operation and Development, http://www.oecd.org/about/history/

4 Scott, Richard (1994). History of the IEA: The First 20 Years (PDF). Volume I: Origins and Structure. OECD/IEA. ISBN 92-64-14059-X. Archived from the original (PDF) on 2007-04-15, p. 34.

5 Նույն տեղում։

6 Նույն տեղում, էջ 20:

7 "IEA Energy Scenarios: Change We Have to Believe In". Allianz Knowledge. 2008-06-23. Retrieved 2008-07-03.

8 Energy Conservation through Energy Storage (ECES), https://iea-eces.org/

9 IEA ECES Programme (2015). "Greenstock 2015", https://iea-eces.org/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր