• am
  • ru
  • en
Версия для печати
08.11.2018

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018


Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

Անդրադառնալով Բրիթիշ փեթրոլիումի տարեկան զեկույցներին՝ նշել էինք, որ էներգակիրների և հատկապես նավթի արդյունահանման ու սպառման հարցերը դիտարկելիս կարելի է նկատել, որ տեղի է ունեցել աշխարհառազմավարական փոփոխություն, ինչն արտահայտվում է մի շարք գործոններով։ Նախ՝ դա Պարսից ծոցի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի դերի նվազումն է նավթի համաշխարհային շուկայում։

Գաղտնիք չէ, որ այս տարածաշրջանում է կենտրոնացված նավթի համաշխարհային պաշարների մոտ 45%-ը, այս հանգամանքը նպաստել էր, որ տարածաշրջանը ձեռք բերի ռազմավարական նշանակություն էներգետիկ աշխարհաքաղաքականության համակարգում։ Ծոցի պետություններն իրենց աշխարհաքաղաքական այս առավելությունն իրականացնելու համար ստեղծեցին Նավթ արտահանող պետություների կազմակերպությունը, որն ավելի շատ հայտնի է ՕՊԵԿ անվամբ։

Այս կառույցի նպատակն էր պաշտպանել նավթ արդյունահանող հիմնական պետությունների շահերը արևմտյան նավթային ընկերություններից, որոնք իրականում տիրապետում էին այդ պետությունների եկամտաբեր հանքերին և փաստորեն իրենց կամքն էին թելադրում այդ շուկայում։ Նման քաղաքականությունը՝ ՕՊԵԿ-ի ստեղծումը, ուղղված էր Արևմուտքի դեմ, քանի որ Եվրոպան և ԱՄՆ-ն էին նավթի ամենախոշոր սպառողներն աշխարհում։

Այսինքն՝ նավթի միջազգային շուկան աչքի էր ընկնում բևեռացվածությամբ, որտեղ մի բևեռում նավթ արդյունահանող պետություններն էին՝ հանձին ՕՊԵԿ-ի, իսկ մյուսում՝ նավթ սպառողները, հանձին Արևմուտքի (Եվրոպա և ԱՄՆ)։ Սակայն սա համաշխարհային նավթի շուկայում անցած դարի 70-ական թթ. իրավիճակն էր, ներկայում իրողություններն ամբողջովին փոխվել են, և թե՛ Մերձավոր Արևելքը, թե՛ Արևմուտքը կորցրել են էներգետիկ աշխարհառազմավարական նշանակությունը. առաջինը դադարել է լինել նավթի հիմնական մատակարարը, իսկ երկրորդը՝ նավթի հիմնական սպառողը։

Ինչպես ներկայացվել էր նախորդ հոդվածում, տեղի է ունեցել աշխարհառազմավարական տեղաշարժ, ինչը փոխել է իրավիճակը նավթի համաշխարհային շուկայում։ Ներկայում ՕՊԵԿ անդամ չհանդիսացող պետություններն արտադրում են աշխարհում սպառվող նավթի մոտ 60%-ը, իսկ ամենախոշոր սպառողների՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի փոխարեն դոմինանտ են Չինաստանը և Հնդկաստանը։ Այս փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ընդհանուր առմամբ նվազել է ՕՊԵԿ և առհասարակ Մերձավոր Արևելքի նշանակությունը, փոխարենը՝ մեծացել է այն երկրների դերը, որոնք կտրուկ ավելացրել են նավթի արդյունահանումը։

Նավթի արդյունահանման շուկայում պատվավոր առաջին տեղը, ինչպես նշել էինք, զբաղեցնում է ԱՄՆ-ը։ Այս հանգամանքն էականորեն փոխում է այս պետության նշանակությունն այդ շուկայում՝ վերածելով նրան ամենախոշոր սպառողից ամենամեծ արտադրողի։ ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ծավալներով ազդում է այդ ապրանքի գնագոյացման վրա։

2014-ից սկսած՝ կարելի է ասել, ԱՄՆ-ը էականորեն նվազեցրել է նավթի ներմուծումը, հատկապես Մերձավոր Արևելքից և Կոնգրեսի թույլտվությամբ հանել է 1976թ. արգելքը այդ հումքի արտահանման համար. ԱՄՆ-ը սկսել է նավթ արտահանել։ Այս փոփոխությունն էլ ազդել է նավթի շուկայի վրա՝ մեծապես նպաստելով այդ ապրանքի գների նվազմանը։

Սպառման ոլորտում, ինչպես նշել ենք, «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցնում են Չինաստանը և Հնդկաստանը։ Այս իրողություններն էլ նոր օրակարգ են թելադրում էներգետիկ համաշխարհային շուկային՝ ստիպելով նորովի նայել ու դիտարկել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առջև։

Ըստ Բրիթիշ փեթրոլիումի տարեկան զեկույցի (Statistical Review of World Energy-2018)1՝ աշխարհում թիվ մեկ նավթ արդյունահանող պետությունը 2017թ. եղել է ԱՄՆ-ը՝ 13 միլիոն 57 հազար բարել օրական, կամ աշխարհում արդյունահանվող նավթի 14,1%-ը։ Նկատենք, որ 2017թ. նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 5,6%, և այս աճը շարունակական է։

Նավթի արդյունահանման ծավալով այս ցուցակի պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ 11 միլիոն 951 հազար բարելով, ինչպես և սպասվում էր, զբաղեցնում է Սաուդյան Արաբիան։ Վերջինս արդյունահանում է համաշխարհային նավթի 12,9%-ը, սակայն այստեղ, ի տարբերություն ԱՄՆ-ի, նավթի արդյունահանման նվազման միտում կա մոտ 3,6%-ով։

ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային հաջորդում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 11 միլիոն 257 հազար բարել տարեկան ցուցանիշով, ինչը կազմում է աշխարհում արդյունահանվող նավթի 12,2%-ը։ Ռուսաստանում ևս արդյունահանման նվազման միտում կան, սակայն այն կազմում է ընդամենը 0,1%։

Այս երեք պետությունները, միանշանակ, առաջատարն են նավթի արդյունահանման համաշխարհային շուկայում։ Նրանց հաջորդող պետությունները՝ Իրանը և Կանադան, արդյունահանում են օրական համապատասխանաբար 4 միլիոն 982 հազար և 4 միլիոն 831 հազար բարել։

Այսպիսով, ըստ BP-ի տարեկան զեկույցի՝ ՕՊԵԿ անդամ պետություններն օրական արդյունահանում են մոտ 39 միլիոն 436 հազար բարել նավթ կամ աշխարհում արդյունահանվող նավթի 42,6%-ը, իսկ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող պետություններն արդյունահանում են մոտ 53 միլիոն 213 հազար բարել նավթ, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 57,4%-ը։ Եթե ՕՊԵԿ անդամ պետություններում նավթի արդյունահանման նվազում է նկատվում, ապա ՕՊԵԿ անդամ չհանդիսացող պետություններում, ընդհակառակը, որոշակի աճ կա։

Նման իրավիճակը պայմանավորված է նավթի գնի վրա ազդելու քաղաքականությամբ։ Եթե ՕՊԵԿ անդամ պետություներն այն ցանկանում են բարձրացնել, ապա հիմնական սպառողները, ընդհակառակը, փորձում են նվազեցնել այն։ Այս պայքարը շարունակական է, ինչն արտահայտվում է նաև շուկայում նավթի նկատմամբ պահանջարկի և առաջարկի անընդհատ փոփոխությամբ։

2017թ. նավթի օրական պահանջարկն աճել է օրական մոտ 1.7 միլիոն բարելով, սա աննախադեպ աճ է, քանի որ նախորդ 10 տարիների ընթացքում նավթի սպառման ծավալների աճը միջինը կազմել է 1.1 միլիոն բարել/օրական։ Ամենամեծ աճը, ինչպես և սպասվում էր, եղել է Չինաստանում՝ 0,5 մլն բ/օրական։ 2017թ. զարմանալիորեն նավթի պահանջարկն աճել է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, համապատասխանաբար 0,3 և 0,2 մլն բարել/օրական չափով, սա՝ այն դեպքում, երբ այնտեղ վերջին տասնամյակում կայուն կերպով գրանցվում էր նավթի սպառման ծավալների անկում։

Նավթի նկատմամբ պահանջարկի ավելացումը կարելի է բացատրել տնտեսական այն աճով, որը վերջին տարիներին գրանցվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ 2008թ. ֆինանսական հայտնի ճգնաժամից հետո այս պետությունների տնտեսություններում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր, ինչն էլ ազդել է նավթի պահանջարկի աճի վրա, այս գործընթացին նպաստել են նաև նավթի ցածր գները, որոնք գրանցվել էին 2015-ից հետո։

Ինչ վերաբերում է նավթի սպառման ծավալներին, ապա այստեղ առաջատարը ԱՄՆ-ն է՝ 19.8 մլն բարել/օրական կամ համաշխարհային պահանջարկի 20.2%-ը, 2017թ. այն աճել է 1%-ով, ինչն աննախադեպ է, քանի որ նախորդ 10 տարիներին անկումը կազմում էր միջինը 0.5% տարեկան։ Նկատենք, որ ԱՄՆ-ը, էներգակիրների սպառման միավորված հաշվարկում (նավթ, գազ, ածուխ, միջուկային և վերականգնողական էներգետիկա) առաջին տեղը զիջելով Չինաստանին, այնուամենայնիվ, շարունակում է առաջատարը լինել նավթի սպառման բնագավառում։

Չինաստանի ցուցանիշն այստեղ երկրորդն է՝ 13% կամ 12.7 մլն բարել/օրական։ Նավթի սպառման ծավալը 2017թ. Չինաստանում աճել է 4%-ով, այն դեպքում, երբ նախորդ 10 տարիներին պահանջարկի աճը տարեկան կազմել է միջինը 5.2%։

Այս երկրներից հետո նավթի ամենախոշոր սպառողները՝ 4.8% և 4.1% համապատասխանաբար, Հնդկաստանը և Ճապոնիան էին։ Սակայն, եթե Հնդկաստանում նավթի սպառումը, տարեկան կտրվածքով, 2017թ. աճել է 2.9%-ով, ապա Ճապոնիայում նվազել է 1.1%։ Հետաքրքիր է, որ նավթի սպառման ծավալներով առաջատար հնգյակն ավարտում է Սաուդյան Արաբիան՝ 4% տարեկան, իսկ Ռուսաստանն այստեղ ընդամենը 6-րդն է՝ 3.3%։

Այսպիսով, նավթի պահանջարկի և առաջարկի շուրջ ընթացող մրցակցությունում կարևորվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, և այս միտումը պահպանվում է արդեն մեկ տասնամյակից ավելի։ Այս տարածաշրջանում է սպառվում արտադրված նավթի մոտ 35.2%-ը, Հյուսիսային Ամերիկան՝ Կանադան, ԱՄՆ-ը և Մեքսիկան, երկրորդն են՝ 24.7%, սակայն եթե այստեղ գրանցվում է շարունակական անկում տարեկան 0.6%-ով, ապա Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում աճը կազմում է 3%։

Այսպիսով, նավթի սպառման ծավալների աճի առումով՝ պահանջարկ-առաջարկ հաշվառմամբ, պահպանվում է այն միտումը, որ նավթի սպառման հիմնական աշխարհառազմավարական կենտրոնը Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Այս փոփոխությունը զուգակցվել է նաև Միջին Արևելքի՝ որպես նավթի հիմնական արտադրողի, դերի նվազմանը, ինչի արդյունքում այդ տարածաշրջանը կորցրել է նախկին գրավչությունը որպես նավթի հիմնական արտադրող աշխարհում։ Սա էլ, իր հերթին, հանգեցրել է Պարսից ծոցի էներգետիկ աշխարհառազմավարական դերի նվազմանը, նաև ՕՊԵԿ-ի՝ որպես նավթի հիմնական մատակարարի, նշանակության անկմանն աշխարհում։

1 BP Statistical Review of World Energy-2018, https://www.bp.com/content/dam/bp/en/corporate/pdf/energy-economics/statistical-review/bp-stats-review-2018-full-report.pdf



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր