• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2017

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)

Руский

   

Արմեն Մանվելյան
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

Արդեն նշել են նավթային շուկայի, դրա առանձնահատկությունների և արդի միջազգային հարաբերությունների վրա վերջինի ազդեցության որակների մասին։ Այժմ կանդրադառնանք էներգետիկ բնագավառի ամենաարագ աճող շուկաներից մեկի՝ գազի շուկայի առանձնահատկություններին և հիմնախնդիրներին, որոնց դերն արդի միջազգային հարաբերություններում օրեցօր աճում է, հետևաբար՝ այն մանրակրկիտ ուսումնասիրման, քննարկման ու վերլուծության կարիք ունի։ Սակայն, մինչև գազի գործոնի ազդեցությանն անդրադառնալը, հարկավոր է առանձնացնել մի շարք կարևոր ուղղություններ, որոնք ձևավորում են միջազգային ներկա հարաբերությունները՝ պայմանավորված էներգետիկ գործոնով։

Միջազգային հարաբերություններում էներգետիկ գործոնի դերը հասկանալու համար հարկավոր է նախ և առաջ առանձնացնել այդ գործոնի ազդեցության մի շարք ուղղություններ.

1. էներգակիրներ արդյունահանող և սպառող պետությունների միջև միջպետական հարաբերություններ,

2. միջպետական հարաբերությունները ձևավորվում են նաև արդյունահանող և սպառող պետությունների շահերը ներկայացնող միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ OPEC-ի (organization of the petroleum export countries) և IEA-ի (international energy agency) միջև նույնպես,

3. արդյունահանող և սպառող պետությունների ու նրանց շահերը ներկայացնող միջազգային կառույցների ներսում ձևավորվում է հարաբերությունների մի որակ, որը շատ դեպքերում արտահայտվում է այդ պետությունների միջև ընթացող սուր մրցապայքարի տեսքով, որտեղ հաճախ այդ կառույցները (OPEC և IEA) միջնորդ կազմակերպությունների դեր են ստանձնում այդ լարվածությունները մեղմելու համար,

4. և վերջապես հարաբերությունների, կարելի է ասել, չորրորդ որակը ձևավորվում է էներգետիկ շուկայի ազդեցության շնորհիվ, որն իր առանձնահատկությամբ ազդում է թե՛ սպառող և թե՛ արդյունահանող պետությունների վրա՝ ստիպելով նրանց ստեղծել միջպետական հարաբերությունների նոր որակ՝ սեփական շահերն այդ շուկաներում առաջ մղելու համար։

Այս՝ չորրորդ տիպի հարաբերություններն իրենց հերթին կարելի է բաժանել ըստ էներգետիկ շուկաների՝ պայմանավորված դրանց տեսակով, ծավալներով, զարգացման դինամիկայով և ազդեցությամբ ընդհանուր համաշխարհային շուկայում.

1. նավթի շուկա,

2. գազի շուկա,

3. ածխի շուկա,

4. միջուկային վառելիքի շուկա,

5. վերականգնվող էներգետիկայի շուկա։

Այս շուկաների ներքին զարգացումը, օրինակ՝ գնագոյացման գործընթացը, իր հերթին ազդում է այդ շուկայում ընթացող մրցակցության և դրանում ներգրավված պետությունների հարաբերությունների որակի վրա։

Գազի շուկան և դրա առանձնահատկությունները

Գազի շուկան աչքի են ընկնում իր, այսպես կոչված, ոչ կազմակերպվածությամբ: Ի տարբերություն նավթի, գազի ընդհանուր համաշխարհային շուկա որպես այդպիսին գոյություն չունի: Այսինքն՝ չկա գազի միասնական շուկա, և գոյություն չունի գազի գնի ձևավորման մեկ միասնական մեխանիզմ, հետևաբար՝ գազի գներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրարից էականորեն տարբերվում են: Գազն, ի տարբերություն նավթի կամ ածխի, բորսայական ապրանք չէ, և նրա համաշխարհային գները չեն ձևավորվում Նյու Յորքի կամ Լոնդոնի բորսայում: Չնայած նկատենք, որ նույն այդ Նյու Յորքի բորսայում վաճառվում է նաև գազ, որի գինն այս պահին (12.06.2017թ.) մոտ $120 է 1000 մ3-ի դիմաց (3.04 USD/MMBtu)1: Բայց սրանք միայն ներամերիկյան գներ են, և դա, ի տարբերություն նավթի, ոչ մի կերպ չի ազդում այդ ապրանքի` գազի համաշխարհային գները ձևավորելու վրա:

Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը գազի միասնական շուկայի բացակայությունն է, ինչն էապես ազդում է այդ ապրանքի նկատմամբ դասական` առաջարկ-պահանջարկ բանաձևով գնի ձևավորման մեխանիզմն օգտագործելու համար: Այսինքն՝ այս ապրանքի գնի ձևավորման գործում մեծ է արդյունահանող ու մատակարարող պետությունների դերը, որոնք շատ դեպքերում ուղղակիորեն կարողանում են գին թելադրել սպառող պետություններին այդ էներգակիրը կայուն ներմուծելու համար: Այլ կերպ ասած` գազի գնի ձևավորման գործում մեծ է քաղաքական գործոնի դերը, ինչը հնարավորություն է տալիս մատակարար պետություններին այն որպես զենք օգտագործել իրենց սեփական քաղաքական շահերն առաջ մղելու համար:

Նմանատիպ քաղաքականության դասական օրինակ է Ռուսաստանը, որն իր գազը տարբեր պետությունների վաճառում է տարբեր գներով, որոնք երբեմն մինչև 50% տարբերություն են տալիս։ Գնային այս քաղաքականության մեջ Ռուսաստանը շարժվում է՝ ելնելով իր քաղաքական շահերից, այդ պետությունների հետ դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններից և այլն: Այսպես, վերլուծելով նախկին ԽՍՀՄ երկրներին կամ Եվրամիության անդամ պետություններին վաճառվող գազի գինը՝ կարելի է նաև կանխատեսել այդ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը։ Նկար 1-ում ներկայացված է ռուսական գազի գինը 2010թ. դրությամբ, այսօր այն մոտ երկու անգամ նվազել է՝ պայմանավորված նավթի գների անկմամբ, սակայն աղյուսակն արտացոլում է հարաբերությունների այն մակարդակը և որակը, որը Ռուսաստանի Դաշնությունն ուներ տվյալ պետությունների հետ 2010թ. դրությամբ։

Այսինքն՝ գազը որպես «զենք» օգտագործելու մարտավարությունը պայմանավորված է հենց այդ շուկայի անկատարությամբ՝ մեկ միասնական առևտրային հարթակի բացակայությամբ, ինչը հնարավորություն չի տալիս գազի գնագոյացման շուկայական մեխանիզմներ ձևավորել։ Այս իրավիճակը նաև զրկում է սպառող պետություններին գնագոյացման գործընթացի վրա ազդելու հնարավորությունից և թուլացնում է նրանց դիրքերը գազի շուկայում։ Նկատենք, որ, օրինակ, նավթի շուկայում մեծ է սպառող պետությունների դերը՝ հաշվի առնելով վերջիններիս ազդեցությունն այդ ապրանքի գնագոյացման վրա, սակայն գազի դեպքում նման հնարավորություն սպառողները գոնե առայժմ չունեն։

Գազի գները նաև տարբերվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Այսպես, եթե ԱՄՆ-ում գազի գինը բավական էժան է, ապա Ճապոնիայում այն քառակի թանկ է, Եվրոպայում ավելի միջինացված գներ են, ու այսպես շարունակ։ Մեր հարևան Իրանը գազը Թուրքիային վաճառում է մոտ $400-ով 1000մ3-ի դիմաց։ Ադրբեջանը Վրաստանին գազը վաճառում է $215-ով, իսկ Թուրքիային՝ մոտ $290-ով։

Այսպիսով, գազի միասնական շուկայի բացակայությունը թույլ չի տալիս ձևավորել գազի գնի ձևավորման միասնական մեխանիզմ, չնայած դրան ուղղված աշխատանքեր տարվում են։ Եվրամիությունն իր էներգետիկ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գազի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու համար փորձում է ձևավորել գազի եվրոպական միասնական շուկա։ Ու չնայած այս հարցում առաջընթացը դեռ մեծ չէ՝ պայմանավորված Եվրոպայում գազի հիմնական սպառող պետության՝ Գերմանիայի դիրքորոշմամբ, որը վախենում է, որ միասնական շուկան կհանգեցնի գազի գնի բարձրացմանը, այս քաղաքականությունը որոշակի հաջողությունների հասել է՝ ստիպելով Ռուսաստանին վերանայել գազի գինը Եվրամիության մի շարք պետությունների համար։

Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ գազի պահանջարկն աշխարհում շարունակաբար աճում է, հետևաբար՝ պայքարն այս շուկայում ազդեցություն ձեռք բերելու համար դեռ նոր է թափ հավաքում։ Ռուսաստանը փորձում է այս պայքարում դաշնակիցներ ձեռք բերել՝ հանձինս գազով հարուստ Իրանի, Կատարի և այլ պետությունների, որոնք շահագրգռված են մեծացող այդ շուկայում իրենց դիրքերի ու ազդեցության պահպանմամբ։ Այս պայքարում նրանց դիմակայում են առաջին հերթին ԱՄՆ-ը, Եվրամիության անդամ մի շարք պետություններ, Ճապոնիան և այլն։

Այս պայքարին դիմակայելու համար գազ արտահանող մի շարք պետություններ դեռ 2001թ. Իրանի մայրաքաղաք Թեհրանում ստեղծեցին Գազ արտահանող պետությունների ֆորում (GECF- Gas Exporting Countries Forum), որին անդամակցեցին Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Իրանը, Կատարը, Տրինիդատ և Տաբագոն, Նիգերիան, Վենեսուելան, Լիբիան և Հասարակածային Գվինեան։ Ռուսաստանն այս ֆորումին միացավ միայն 2008թ., որից հետո այն որոշակի քաշ ձեռք բերեց գազի շուկայում։ Այդ կառույցի կենտրոնակայանը Կատարի մայրաքաղաք Դոհայում է։ 2014-ից այդ կառույցը ղեկավարում է Իրանի ներկայացուցիչը3։

Ինչևէ, կարող ենք պնդել, որ գազի շուկայի վերահսկողության համար էներգետիկ աշխարհաքաղաքական պայքարը նոր է ձևավորվում, և հիմնական հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի ձևավորել միասնական շուկա, և որ ամենակարևորն է՝ ո՞ր հարթակներում է որոշվելու գազի գինը։ Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում Սանկտ Պետերբուրգի հումքային բորսան վերածելու գազի առքուվաճառքի կարևորագույն կենտրոնի։ Նույն աշխատանքն իրականացվում է նաև ԵԱՏՄ շրջանակներում՝ փորձելով ստեղծել գազի գնի ձևավորման մի նոր հարթակ, որտեղ էլ կորոշվի այդ հումքի գինը, և այն, հավանաբար, պարտադիր կլինի անդամ պետությունների համար։ Այս ծրագրի նպատակն է՝ Ռուսաստանի կողմից վերահսկողություն սահմանել գազի գնի ձևավորման գործընթացի վրա՝ թույլ չտալով, որ նավթի օրինակով այն տեղափոխվի Լոնդոնի կամ Նյու Յորքի բորսաներ։

Եթե ռուսական ծրագիրը հաջողվի, ապա գազի վաճառքի Սանկտ Պետերբուրգի հարթակը միջպետական հարաբերությունների ձևավորման գործընթացին նոր որակ կհաղորդի, ինչը կազդի արդյունահանող և սպառող պետությունների վրա։ Սակայն սանկտպետերբուրգյան ծրագրի իրականացման հաջողությունը կախված է այն հարցի պատասխանից, թե ինչ արժույթով է տեղի ունենալու գազի վաճառքի գործընթացն այդ հարթակում. եթե ամերիկյան դոլարով, ապա դրա հաջողությունը խիստ կասկածելի է, իսկ եթե ռուսներին հաջողվի այն իրականացնել ռուսական ռուբլով, ապա սա ավելի հեռանկարային է զուտ ռուսական շահերից ելնելով, սակայն այստեղ ևս հարցեր են առաջանում՝ պայմանավորված ռուսական արժույթի կայունությամբ ու նրա միջազգային գործածության ծավալներով և այլն։

1 Crude Oil & Natural Gas, https://www.bloomberg.com/energy

2 Global Trade Markets-2010.

3 Tե՛ս Gas Exporting Countries Forum, https://www.gecf.org/

Շարունակելի


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր