• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2018

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018

Արմեն Մանվելյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.

Աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային ընկերության՝ Բրիթիշ Փեթրոլիումի տարեկան զեկույցները ռազմավարական նշանակություն ունեն էներգետիկ բնագավառում զարգացումները, դրանց միտումները և հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Հետևաբար, պարբերական անդրադարձներն այդ զեկույցներին ու դրանց վերլուծությունը հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և այն ազդեցությունը, որ էներգետիկ ոլորտն ունի համաշխարհային գործընթացների՝ միջազգային հարաբերությունների, աշխարհատնտեսության ու անվտանգային միջավայրի վրա։

Անդրադարձը հենց գազին պատահական չէ, քանի որ այս վառելիքի պահանջարկը շարունակ աճում է, և ավելի ու ավելի շատ պետություններ են ներգրավվում այս ապրանքի արտադրության ու արտահանման գործին։ Իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների տնտեսական կտրուկ աճը հնարավորություն է տալիս մեծացնել գազի արդյունահանումը և այն արտահանել թե՛ խողովակաշարերով և թե՛ հեղուկացված տեսքով։

Ըստ BP-ի տարեկան զեկույցի (Statistical Review of World Energy-2018)1՝ 2017թ. գազի պահանջարկն աճել է 96 մլրդ մ3-ով կամ մոտ 3%-ով, ինչն այդ վառելիքի աճի ամենաարագ տեմպն է՝ սկսած 2010-ից։ Պահանջարկի աճի առաջատարը, ինչպես և սպասվում էր, Չինաստանն է՝ 31 մլրդ մ3, Միջին Արևելքը՝ 28 մլրդ մ3 և Եվրոպան՝ 26 մլրդ մ3։ Գազի սպառումը նվազել է ԱՄՆ-ում՝ մոտ 1.2%-ով կամ 11 մլրդ մ3-ով։

Սակայն նույն ժամանակահատվածում՝ 2017թ., գազի արտադրությունն ամբողջ աշխարհում աճել է 131 մլրդ մ3-ով կամ 4%-ով, որը վերջին 10 տարիներին գազի արդյունահանման կրկնակին է։ Այդ էներգակրի արդյունահանման աճի առաջատարը Ռուսաստանն է՝ 46 մլրդ մ3-ով, նրան հաջորդում է Իրանը՝ 21 մլրդ մ3-ով։

Գազի առևտուրն աշխարհում աճել է 63 մլրդ մ3-ով կամ 6.2%-ով, իսկ հեղուկացված գազի արտադրությունը և վաճառքն ավելանում են ավելի արագ, քան խողովակաշարային գազինը։ Հեղուկացված գազի արտահանման աճի առաջատարներն Ավստրալիան ու ԱՄՆ-ն են՝ համապատասխանաբար 17 և 13 մլրդ մ3-ով, ապա գալիս է Ռուսաստանը՝ 15 մլրդ մ3 և այլն։

Գազի շուկայի զարգացումները և դրա ազդեցությունը տարածաշրջանների ու պետությունների վրա հասկանալու համար կարևոր է հետազոտել, թե BP-ի տարեկան զեկույցն ինչպես է ներկայացնում գազի ապացուցված պաշարներն աշխարհում։ Հիշեցնենք, որ ապացուցված պաշարներ ասելով հասկանում ենք գազի կամ նավթի այն ռեսուրսները, որոնք հնարավոր է տեխնիկապես արդյունահանել և վաճառել։

Գազի ապացուցված պաշարներով, ըստ 2017թ. տվյալների, աշխարհի առաջատարը նորից Ռուսաստանն է՝ 18.1% կամ 35 տրլն մ3։ Վերջին տարիներին, պայմանավորված գազի գնի բարձրացմամբ, առաջատարն Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, սակայն այս վառելիքի գնի անկումը ստիպեց մասնագետներին վերահաշվարկ կատարել, ինչի արդյունքում Իրանը նորից հայտնվեց 2-րդ տեղում՝ 17.2% կամ 33.2 տրլն մ3-ով։

Գազի ապացուցված պաշարների առկայությամբ «պատվավոր» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Կատարը՝ 24.9 տրլն մ3 կամ 12.9%։ Չորրորդ հորիզոնականում է Թուրքմենստանը, որի գազի պաշարները կազմում են 10.1% կամ 19.5 տրլն մ3, հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում են ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան՝ համապատասխանաբար 4.5% և 4.2%։

Աշխարհում գազի ապացուցված պաշարների 40.9%-ը կենտրոնացված է Մերձավոր Արևելքում, որն այդպիսով շարունակում է պահպանել էներգետիկ աշխարհաքաղաքական կարևորագույն տարածաշրջանի կարգավիճակն այս բնագավառում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են ԱՊՀ տարածաշրջանի պետությունները՝ 30.6% համապատասխանաբար։ Հասկանալի է, որ առաջատարներն այստեղ Ռուսաստանը և Թուրքմենստանն են։ Երրորդ հորիզոնականում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 10%-ով կամ 19.3 տրլն մ3 գազի ծավալով։

Ըստ BP-ի զեկույցի՝ գազի շահագործման նման տեմպերի պահպանման դեպքում մերձավորարևելյան գազը կբավարարի ևս 120 տարի։ Համեմատության համար նշենք, որ 1987թ. այդ գազի ծավալը կբավարարեր առաջիկա 400 տարիներին, սակայն գազի սպառման և արդյունահանման ծավալների արագ աճը ստիպել է այս թվերը վերանայել։ ԱՊՀ տարածաշրջանի երկրներում, հատկապես Ռուսաստանում գազի արդյունահանման նման տեմպերի դեպքում այդ հումքը կբավարարի ևս 80 տարի։ Հասկանալի է, որ գազի արդյունահանման ընդլայնումը և շահագործման տեմպերի ավելացումը ստիպում են անընդհատ վերանայել այս թվերը։

Աշխարհում տարեկան արդյունահանվում է 3 տրլն 680.4 մլրդ մ3 գազ։ Գազի արդյունահանման առաջատարը Հյուսիսային Ամերիկան է՝ 951 մլրդ մ3, առյուծի բաժինը ընկնում է ԱՄՆ-ին՝ 734.5 մլրդ մ3 կամ աշխարհում արդյունահանվող գազի 20%։

Արդյունահանման ծավալներով երկրորդը ԱՊՀ պետություններն են՝ 815.5 մլրդ մ3, իսկ առաջատարը Ռուսաստանն է՝ 635 մլրդ մ3 կամ 17%, այս ցուցանիշով ռուսները զիջում են միայն ամերիկացիներին։ Երրորդ հորիզոնականն այս ցանկում, հասկանալի կերպով, պատկանում է Մերձավոր Արևելքին՝ 659.9 մլրդ մ3 ցուցանիշով։ Այստեղ առաջատարն Իրանի Իսլամական Հանրապետությունն է՝ 223 մլրդ մ3 տարեկան ցուցանիշով, ինչն աշխարհում արդյունահանվող գազի 6.1%-ն է։

Աշխարհում գազի արդյունահանման այս մրցակցության մեջ «պատվավոր» չորրորդ ու հինգերորդ հորիզոնականները պատկանում են Կանադային և Կատարին, որոնք արդյունահանում են՝ համապատասխանաբար 176,3 և 175,7 մլրդ մ3 գազ, ինչը կազմում է աշխարհում արդյունահանվող այդ վառելիքի 4.81% և 4,8%-ները։ Գազի խոշոր արդյունահանող են նաև Չինաստանը՝ 149.2 մլրդ մ3 կամ 4.1%, Նորվեգիան՝ 123.3 մլրդ մ3 կամ 3.3%։

Գազի հիմնական սպառումը, ինչպես և սպասվում էր, տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում՝ 942.8 մլրդ մ3, որից 739 մլրդ մ3 կամ 20.1%՝ միայն ԱՄՆ-ում։ Սպառման ծավալով երկրորդը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան է՝ 769 մլրդ մ3 կամ 21.0%: Այս տարածաշրջանի թիվ մեկ գազ սպառողը Չինաստանն է՝ 240.4 մլրդ մ3 կամ ընդհանուր սպառման 6.6%։

Սպառման ծավալներով հաջորդը ԱՊՀ պետություններն են՝ 574.6 մլրդ մ3, այս շարքում խոշորագույն սպառողը Ռուսաստանն է՝ 424.8 մլրդ մ3 կամ համաշխարհային սպառման ծավալի 11.6%-ը, սա, նկատենք, երկրորդ արդյունքն է ԱՄՆ-ից հետո։ Հաջորդ 4-րդ հորիզոնականն այս ցուցակում զբաղեցնում է Մերձավոր Արևելքը՝ 536.5 մլրդ մ3 տարեկան ծավալով, առաջատարներն այս տարածաշրջանում Իրանն ու Սաուդյան Արաբիան են՝ համապատասխանաբար 214.4 մլրդ մ3 և 111.4 մլրդ մ3 ծավալներով, ինչը կազմում է ընդհանուր սպառման 5.3% և 3.1%-ը։

Եվրոպական մայրցամաքը մի փոքր է զիջում այս տարածաշրջանին՝ գազի սպառման ծավալներն այստեղ կազմում են 531.7 մլրդ մ3 կամ գլոբալ սպառման 14.5%-ը: Այստեղ խոշորագույն սպառողն է Գերմանիան՝ 90.2 մլրդ մ3 տարեկան, ապա հետևում են Մեծ Բրիտանիան՝ 78.8 մլրդ մ3, Իտալիան՝ 71.1 մլրդ մ3 և այլն։

Ինչպես արդեն նշվեց, գազի սպառումը և արդյունահանումն անընդհատ աճում են, ինչը նշանակում է, որ ակտիվությունն այս շուկայում պահպանվում է։ Միաժամանակ, պետք է նկատենք, որ գազի միասնական շուկա և այդ ապրանքի գնագոյացման ընդհանուր համակարգ գոյություն չունի, հետևաբար գազի գինը տարածաշրջանից տարածաշրջան էականորեն տարբերվում է։

Այսպես, խողովակաշարային գազի գինը Եվրոպայում 2017թ. կազմել է միջինը $5.7 -mBtu (1 միլիոն mBtu-ն հավասար է 27.2 մ3)2, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում դրա գինը եղել է $2.96 mBtu, իսկ Կանադայում $1.9 mBtu, այսինքն՝ կրկնակի ու նույնիսկ եռակի էժան։ Հեղուկացված գազն էլ ավելի թանկ է, և դրա գինը Ճապոնիայի և Կորեայի շուկայում կազմում է մոտ $8 mBtu։

Խողովակաշարային գազ արտահանող ամենամեծ պետությունը Ռուսաստանն է՝ մոտ 215.4 մլրդ մ3 միայն 2017թ.։ Այդ գազի առյուծի բաժինը՝ 189.3 մլրդ մ3, գնացել է դեպի Եվրոպա, իսկ ԱՊՀ պետություններին մատակարարվել է մոտ 26.2 մլրդ մ3 գազ։ Եվրոպային գազ մատակարարող երկրորդ պետությունը Նորվեգիան է՝ 109.2 մլրդ մ3 տարեկան։

Հեղուկացված գազի շուկան թեև մեծ չէ, սակայն այստեղ կան շատ խաղացողներ, բայց դոմինանտ է Կատարը՝ 103.4 մլրդ մ3։ Հիմնական սպառողը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 69.6 մլրդ մ3։ Հեղուկացված գազի խոշոր մատակարար է նաև Ավստրալիան՝ 75.9 մլրդ մ3, և այս գազի սպառման հիմնական շուկան ևս ասիական պետություններն են։

Այսպիսով, գազի շուկան դինամիկ զարգացող և ընդլայնվող էներգետիկ շուկաներից է, որն իր առաջըթացն ապահովում է նաև նավթի շուկան գրավելու հաշվին։ Այս շուկայում առայժմ ուժեղ են Ռուսաստանի դիրքերը, սակայն նկատվում է, որ այստեղ էական փոփոխություններ են տեղի ունենում։ Հիմնական փոփոխությունը պայմանավորված է հեղուկացված գազի արտահանման ծավալների ընդլայնման ու դրանց գների շարունակական անկման մեջ։ Այսինքն՝ այս շուկայում առկա է գազի հեղուկացված և խողովակաշարային կոչվող տեսակների միջև ընթացող մրցակցություն։ Գազի սպառման հիմնական ծավալները, ինչպես և նավթի դեպքում, Արևմուտքից տեղափոխվում է դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

1 BP Statistical Review of World Energy-2018, https://www.bp.com/content/dam/bp/en/corporate/pdf/energy-economics/statistical-review/bp-stats-review-2018-full-report.pdf

2 Natural Gas and Coal Measurements and Conversions, https://www.extension.iastate.edu/agdm/wholefarm/html/c6-89.html



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր