• am
  • ru
  • en
Версия для печати
12.05.2008

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐ (խողովակաշարերի պատերազմ)

EnglishРуский

   

Արմեն Մանվելյան

china_russia (original) Ղազախստանը Կասպյան ափամերձ շրջանի նավթով հարուստ թիվ 1 երկիրն է: Ըստ որոշ տվյալների՝ Կասպիցի նավթի 2/3-ը կենտրոնացած է հենց Ղազախստանի ափամերձ շրջաններում: Սա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես պայքար սկսվեց Ղազախստանի նավթային սեկտորի նկատմամբ վերահսկողություն սահմանելու շուրջ: Եթե այդ պայքարի առաջին փուլի մասնակիցները Ռուսաստանը և ԱՄՆ-ն էին, ապա երկրորդ փուլին միացավ Չինաստանը:

Ղազախական գործոն: Երկարատև բանակցություններից հետո և ԱՄՆ քաղաքական պասիվության պայմաններում ռուսներին հաջողվեց համոզել ղազախներին՝ նավթով հարուստ Թենգիզի շրջանից դեպի Նովոռոսիյսկ նոր նավթամուղ կառուցել: Ռուսական կողմն այս հետևությանը եկավ երկարատև տատանումներից հետո: Մինչ այդ պաշտոնական Մոսկվան Ղազախստանից նավթի առաքման ծավալները կրճատելու համար դիմում էր տարբեր քայլերի: Ռուսաստանից հետո նախկին ԽՍՀՄ նավթով հարուստ երկրորդ երկիրը նավթի առաքման լուրջ խնդիրներ ուներ: Վերջինիս տարածքում կար մոտ 6 հազար կմ երկարությամբ նավթամուղների ցանց, որն այդ երկիրը կապում էր Ռուսաստանի Սամարա քաղաքի հետ: Ատիրաու (Ղազախստան)-Սամարա (Ռուսաստան) նավթամուղը, որը գործում էր դեռ ԽՍՀՄ տարիներին, Ղազախստանը կապում էր ռուսական Սամարա քաղաքի հետ, այնտեղից էլ՝ դեպի Եվրոպա ձգվող «Դրուժբա» նավթամուղին: Փաստորեն, սա միակ ճանապարհն էր, որով այդ երկիրը կարող էր իր նավթն առաքել միջազգային շուկա:

Պաշտոնական Աստանան ռուսական ուղու այլընտրանք էր փնտրում: Ամերիկյան նավթային ընկերությունների մուտքը Ղազախստանի նավթային սեկտոր դժկամությամբ ընդունվեց Ռուսաստանում: 1993-ին Ալմա Աթայում Ն.Նազարբաևը Chevron նավթային ընկերության նախագահ Կ.Դերիի հետ կնքեց ԱՊՀ տարածքում ամենամեծ նավթային համատեղ ընկերության ստեղծման պայմանագիրը: Թենգիզի նավթադաշտի շահագործման համար ստեղծվեց «ԹենգիզՇևրՕյլ» ընկերությունը, որի հիմնական փայատերերը, բացի Chevron-ից, դարձան «ՂազախՕյլը», Mobil-ը, «Լուկարկոն» և «ԼուկՕյլը», որին պատկանում էր բաժնետոմսերի 5%-ը1: Այս պայմանագիրը Ռուսաստանում գնահատվեց որպես հարված սեփական շահերին։ Կրճատվեց Ղազախստանից դեպի Սամարա հոսող նավթամուղների թվաքանակը: Ռուսական արգելքը հաղթահարելու համար Chevron-ը սկսեց նավթի մի մասն ուղղել դեպի Ակտաու և Թուրքմենբաշի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ նավթատարներով Բաքու: Ադրբեջանում նավթը ցիստեռններով, երկաթուղով ուղարկում էին Բաթում նավահանգստի նավթամբարներ: Այս բարդ սխեմայով Chevron-ին հաջողվում էր ղազախական նավթն ուղղել միջազգային շուկա։ 1997-ին այս ճանապարհով Վրաստանի սևծովյան նավահանգիստ էր ուղարկվել մոտ 3.7 մլն տոննա ղազախական նավթ, ինչն ավելին էր, քան դեպի Սամարա ուղղվող նավթը: Ինչևէ, այս պայմաններում Ղազախստանի և Ռուսաստանի միջև ակտիվ բանակցություններ էին ընթանում նոր նավթամուղի` Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարի կառուցման շուրջ: Համաձայնագիրը երկու երկրների միջև, Օմանի սուլթանության մասնակցությամբ, կնքվել էր դեռ 1992-ի հունիսի 17-ին, սակայն այն իրական, գործող պայմանագրի վերածվեց շատ ավելի ուշ՝ 1996-ին: Նպաստեց նաև այն, որ նավթամուղի (Թենգիզ-Նովոռոսիյսկ) կառուցումը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին, և փաստորեն այն, կարելի է ասել, մասամբ գոյություն ուներ: 1996թ. ապրիլին կնքվեց համապատասխան պայմանագիր երկու երկրների` Ռուսաստանի և Ղազախստանի միջև2: Մոտ 1600 կմ երկարությամբ և $2 մլրդ արժողությամբ նավթամուղը օրական մինչև 500 հազար բարել նավթ պետք է մղեր դեպի Սև ծովի ռուսական ափին գտնվող Նովոռոսիյսկ նավահանգստի նավթամբարները: Կիսակառույց նավթամուղի անցկացումն ավարտին հասցնելու համար Ռուսաստանը ձեռնամուխ եղավ նոր կոնսորցիումի ստեղծմանը, որը պետք է ֆինանսավորեր ու կառուցեր խողովակաշարը: Պաշտոնական Մոսկվան շտապում էր դիրքերն ամրապնդել Կասպից ծովի ափերին։ Նավթամուղը, ըստ նրա, պետք է ամրապնդեր Ռուսաստանի գերակայությունը տարածաշրջանում և հատկապես Կասպից ծովի ավազանում: Պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ, Ղազախստանի, Օմանի մասնակցությամբ, ստեղծվեց Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը։ Բացի երեք պետություններից, մասնակցում էին նաև նավթային այլ ընկերություններ: 1996թ. ապրիլի 27-ին Մոսկվայում, Բ.Ելցինի և Ն.Նազարբաևի ներկայությամբ, կնքվեց նավթամուղի կառուցման պայմանագիրը։ Ռուսաստանն ուներ ամենամեծ փայաբաժինը3: Նորաստեղծ կոնսորցիումում Ռուսաստանին էր պատկանում բաժնետոմսերի 24%-ը, 19-ը Ղազախստանինն էր, իսկ Օմանի սուլթանությունը ստացավ փայաբաժնի 7%-ը: Ամերիկյան նավթային հսկա Chevron-ը իր ձեռքում կենտրոնացրեց բաժնետոմսերի 15%-ը, ռուսական «ԼուկՕյլը»՝ 12.5, Mobil–ը (ԱՄՆ)՝ 7.5, «Ռօսնեֆտը»՝ 7.5, Agip Spa-ն (Իտալիա)՝ 2%, British Gaz-ը (Մեծ Բրիտանիա)՝ 2%-ը, Oryx-ը (ԱՄՆ)՝ 1.75%-ը և ղազախական Munaigaz-ը՝ 1.75%-ը:

2001-ի օգոստոսին ավարտվեց խողովակաշարի կառուցումը, և նավթը սկսեց հոսել դեպի Նովոռոսիյսկ: Սակայն նավթամուղի բացման պաշտոնական արարողությունը կայացավ շատ ավելի ուշ՝ 2001-ի նոյեմբերի 27-ին։ Հաջորդ օրը Նովոռոսիյսկից դուրս եկավ առաջին նավթատարը՝ ղազախական Tengiz տեսակի նավթով բեռնված: Սկզբնական շրջանում խողովակաշարով հոսում էր մինչև տարեկան 8 մլն տոննա նավթ, սակայն հետագայում այն հասցվեց մինչև 28 մլն-ի: Այդ շրջանում Ղազախստանը տարեկան արտահանում էր մինչև 60 մլն տոննա նավթ, որից 28 մլն-ն՝ Նովոռոսիսյկի, 15 մլն-ն՝ Սամարայի ուղղությամբ: Այսինքն՝ խողովակաշարի շահագործմամբ էլ ավելի ուժեղացավ Ղազախստանի տնտեսական կախվածությունը ռուսական խողովակաշարերից:

Եվ այսպես, 1990-ական թթ. կեսերին Մոսկվայում արդեն ձևավորվել էր քաղաքական կարծիք, թե ԱՄՆ-ը ակտիվացնում է ազդեցությունը տարածաշրջանում: Քաղաքական նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը 1994թ. հուլիսի 21-ին ստորագրեց արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Եվգենի Պրիմակովի պատրաստած՝ Կասպից ծովի ավազանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության մասին4 փաստաթուղթը, որից հետո Ռուսաստանն ակտիվացրեց իր նավթային քաղաքականությունը՝ արագ տեպերով ձեռնամուխ լինելով Բաքու-Նովոռոսիյսկ ու Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարերի կառուցմանը և վերագործարկմանը: Փաստորեն, այս նավթամուղների շահագործումը միանշանակորեն գնահատվեց որպես ռուսական քաղաքականության հաղթանակ այս տարածաշրջանում:

Չինական ուղղություն: Էներգակիրներով հարուստ Կասպից ծովի նկատմամբ մեծ է նաև Չինաստանի հետաքրքրությունը։ Եվ եթե 1990-ականների առաջին կեսին այդ երկրի ակտիվությունը նկատելի չէր, ապա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ փոխվեց: Չինաստանը, որի տնտեսությունն արագ թափով առաջ էր շարժվում, էներգակիրների մեծ պահանջարկ ուներ: Պաշտոնական Պեկինը նույնիսկ ստիպված էր դադարեցնել նավթի առաքումը, տեղական հումքը հազիվ էր հերիքում ներքին սպառմանը: Այդ պատճառով էլ Չինաստանն սկսեց հետաքրքրվել Կասպից ծովի ավազանով և հատկապես Ղազախստանով։ Չինաստանի հետաքրքրությունը ղազախական նավթով բխում էր նաև Աստանայի շահերից: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վաղուց ցանկանում էր առանձնացնել ղազախական նավթի ուղղությունը և թուլացնել կախվածությունը Ռուսաստանից: Արևմուտքն աջակցում էր Ղազախստանի նախագահին՝ առաջ քաշելով Բաքու-Ջեյհանի գաղափարը։ Սակայն չինական ուղղությունը չէր մտնում ԱՄՆ տարածաշրջանային ծրագրերի մեջ: Ղազախա-չինական բանակցությունների առաջին արդյունքը գրանցվեց 1997-ի սեպտեմբերին, երբ պաշտոնական այցով Աստանայում գտնվող Չինաստանի վարչապետ Լի Պենը ստորագրեց համաձայնագիր ղազախա-չինական նավթամուղի կառուցման մասին: 3200 կմ երկարությամբ և տարեկան մոտ 20 մլն տոննա թողունակությամբ նավթամուղը, որի արժեքը գնահատվում էր $3-3.5 մլրդ, պետք է սկիզբ առներ ղազախական Ատիրաուից և ավարտվեր չինական Ալաշանկաո քաղաքում: Ծրագրի ֆինանսավորումն ամբողջովին իր վրա վերցրեց չինական կողմը: Սակայն հետագայում, երբ նավթի գներն էականորեն ընկան, խոսվում էր այս և նման այլ ծրագրերի աննպատակահարմարության մասին: Սակայն թե՛ այս նախագծի և թե՛ հետագայում Բաքու-Ջեյհանի դեպքում առաջնայինը քաղաքականն էր. խողովակաշարերը ֆինանսավորող կողմերը, բացի տնտեսականից, կարևորում էին նաև հարցի քաղաքական ենթատեքստը:

Սակայն հետագայում նավթի գների բարձրացումը միայն նպաստեց այս ծրագրի իրականացմանը: 2003-ի հունիսին Չինաստանի նախագահ Հու Ձզինթաուի՝ Ղազախստան կատարած այցի ժամանակ Չինաստանի ազգային նավթային ընկերությունը Ղազախստանի ղեկավարության հետ կնքեց ղազախա-չինական (Ատասու-Ալաշանկաու) նավթամուղի կառուցման պայմանագիրը: Ըստ դրա՝ ոչ միայն այդ նավթամուղն էր կառուցվում, այլև Չինաստանը սկսում էր լուրջ ներդրումներ կատարել Ղազախստանի նավթային սեկտորում, ինչն ամրապնդում էր Չինաստանի ներկայությունը Կենտրոնական Ասիայում և Կասպից ծովի ավազանում:

Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի, հատկապես ԱՄՆ ջանքերին, այդպես էլ չհաջողվեց խանգարել այս նավթամուղի կառուցմանը: 2006-ի մայիսին տեղի ունեցավ Ղազախստան-Չինաստան նավթամուղի առաջին գործարկումը, սակայն բացման պաշտոնական արարողությունը կատարվեց նույն թվականի դեկտեմբերի 15-ին5: Նավթամուղը կարող էր Չինաստան մղել տարեկան մոտ 20 մլն տոննա նավթ: Այսպիսով, Ղազախստանը կառուցեց առաջին նավթամուղը, որը շրջանցելով Ռուսաստանը՝ նավթ կմատակարարեր Չինաստանին: Սա Կասպից ծովի ավազանի երկրներում կառուցված առաջին նավթամուղն է, որը շրջանցում է Ռուսաստանը: Նման երկրորդ նավթամուղը, ինչպես հայտնի է, Բաքու-Ջեյհանն է:

Ղազախա-չինական նավթամուղի կառուցումը կարևոր նշանակություն ունեցավ Ղազախստանի համար: Վերջինս այսպիսով մուտք էր գործում իր համար կարևոր ու հեռանկարային շուկա, թուլացնում էր կախվածությունը Ռուսաստանից և, վերջապես, կառուցում էր նավթամուղ, որն ամբողջովին անցնում էր իր տարածքով: Նավթամուղի շահագործման համար ստեղծվեց Ղազախստան-Չինաստան խողովակաշար համատեղ ընկերությունը, որտեղ հավասար իրավունքներով կառավարում էին Չինաստանի և Ղազախստանի պետական նավթային ընկերությունները6: Կողմերը պայմանավորվել են նաև գազամուղի կառուցման շուրջ:

Կարող ենք ասել, որ Ղազախստանի նախագահին հաջողվեց որոշակիորեն կրճատել իր երկրի կախվածությունը ռուսական ուղղությունից, սակայն նոր ուղղություններով նավթ առաքելու քաղաքականության համար պաշտոնական Աստանան շարունակում է բանակցություններ վարել մյուս հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի հետ:

1Бутаев А., Каспий: зачем он Западу? http://www.caspiy.net/dir3/west/6.html

2R.Hrair Dokmejian & Hovann H. Simonian, Troubled Waters.The Geopolitics of The Caspian Region. New York, 2001, p-36.

3Rosemarie Forsythe, The Politics of Oil in the Caucasus and Central Asia http://www.treemedia.com /cfrlibrary/library/background/forsythe.html

4Robert V. Barylski, «Russia, the West, and the Caspian Energy Hub», Middle East Journal, vol. 49, no. 2, Spring 1995.

5Ian MacWilliam, Kazakh-China oil pipeline opens, BBC News, Almaty.

6Dmitry Kosyrev, Kazakh-Chinese oil pipeline a new reality of global politics, RIA Novosti, 31/ 05/ 2006.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր