ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԿԻԵՎՈՒՄ

Մայիսի 22-23-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում էին հավաքվել, այսպես կոչված, Կասպյան-սևծովյան և բալթյան էներգետիկ տարանցմամբ զբաղվող երկրները, որոնք արդեն երրորդ անգամ են փորձում միավորվել և իրենց երկրներով էնէրգետիկ ռեսուրսների փոխանցումների կարգավորման ընդհանուր քաղաքականություն մշակել: Սա՝ պաշտոնապես, իսկ իրականում հավաքի նշված ձևաչափը, ըստ ռուս շատ վերլուծաբանների, հակառուսական էր, քանի որ այս երկրներից շատերի տարածքով են դեպի Արևմուտք հոսում հենց ռուսական էներգակիրները` գազը և նավթը: Նշենք, որ պաշտոնական Մոսկվայի վերջին տարիների քաղաքականության արդյունքում այս երկրներից շատերը կարող են մեծ գումարներ կորցնել և զրկվել Ռուսաստանի վրա «խողովակային» ճնշում գործադրելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաքում էին հավաքվել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահները, ներկայացուցիչներ կային նաև ԱՄՆ-ից, Ղազախստանից, նաև Թուրքմենստանից: Հասկանալի է, որ գագաթաժողովը տեղի էր ունենում Եվրամիության հովանու ներքո, որը նույնպես շահագրգռված է թուլացնել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Անդրիս Պիեբալգսը գագաթաժողովի ընթացքում հայտարարեց, թե «չի կարելի թույլ տալ, որ նա (Ռուսաստանը) մտածի, որ ինքը մոնոպոլիստ է»1: Նկատենք, որ այս հավաքն անցած տարի Վիլնյուսում, իսկ այս տարի Կրակովում տեղի ունեցած հավաքների շարունակությունն է, որի նպատակն է նաև պաշտոնական Կիևի ու Վարշավայի կողմից հովանավորվող Օդեսա-Բրոդի-Պլոցկ-Գդանսկ նավթամուղի շինարարության ծրագրի հաստատումը: Հիշեցնենք, որ այս նախագծով (այն գնահատվում է մոտ 1.3 մլրդ դոլար) նախատեսվում է իրար կապել Սև և Բալթիկ ծովերը: Եվ Ուկրաինան ու Լեհաստանը հույս ունեն դեպի այս խողովակաշարն ուղղել Կասպից ծովի ավազանից և Կենտրոնական Ասիայից հոսող նավթը: Չնայած Եվրամիության, Ուկրաինայի և Լեհաստանի ակտիվ լոբբինգին՝ նավթամուղի շինարարությունը տեղից չի շարժվում, և ամենկարևորը՝ պարզ չէ, թե ինչ նավթ է հոսելու այս խողովակաշարով: Ահա հենց այս հարցի պատասխանն է, որ պետք է տրվեր Կիևում: Բացի այդ, մերձբալթյան երկրները ցանկանում են էներգետիկ փոխադրումների ընդհանուր քաղաքականություն մշակել: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանից դեպի Եվրոպա ուղղվող նավթի և գազի խողովակաշարերն անցնում են հենց այս երկրներով, ինչը նրանց հսկայական եկամուտներ էր բերում: Սակայն Կրեմլի քաղաքականության փոփոխությունը, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք» և «Հարավային հոսք» կոչվող գազամուղների կառուցումը, ինչպես նաև Բալթիկ ծովի ռուսական ափին նոր տերմինալների շահագործումն էականորեն կրաճատել է, իսկ հետագայում՝ էլ ավելի կկրճատի այս երկրների եկամուտները ռուսական էներգակիրների տարանցումից:
Հենց այս խնդիրներն են միմյանց մոտեցնում այս երկրներին, և կարող ենք ասել, որ չնայած էներգետիկ կոչվող գագաթաժողովին՝ իրականում Կիևում տեղի ունեցավ քաղաքական հավաք, որտեղ, փաստորեն, փորձ է արվում մշակել ընդդեմ Ռուսաստանի նոր քաղաքականություն: Ռուս հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի կարծիքով, որոշ երկրների` Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի համար այս հավաքի նպատակը սեփական քաղաքական նշանակությունը կարևորելն է, այն դեպքում, երբ տնտեսական կարևորությունը շատ կասկածելի է: «Ղազախստանի տնտեսական դժվարությունները, Ադրբեջանում նավթի պաշարների արդյունահանման կանխատեսելի նվազումը և Թուրքմենստանի էներգետիկ պաշարների կասկածելի գնահատականները վերջիններիս ստիպում են երկխոսություն սկսել «ժողովրդավարական» ռեսուրս ունեցող սնանկ երկրների հետ», ասում է Կոլերովը2: Ըստ նրա՝ առանց կենտրոնաասիական նավթի, այսպես կոչված, կասպյան-սևծովյան-բալթյան տարանցումն անիմաստ գործընթաց է, որն ապագա չունի: Ըստ մեկ այլ ռուս քաղաքագետի` Դմիտրի Վիդրինի, դժվար է էներգետիկ անվանել մի գագաթաժողով, որին չեն մասնակցել էներգետիկ ռեսուրսներ ունեցող «մատակարար» երկրներ3:
Նկատենք, որ էներգետիկ ռեսուրսներ ունեցող մեկ երկիր` Ադրբեջանը, այնուամենայնիվ, մասնակցել է գագաթաժողովին, սակայն ասել, թե դա լուրջ կշիռ է տալիս այս հավաքին՝ դժվար է: Միևնույն ժամանակ, նկատենք, որ Ուկրաինան հույս ունի, այնուամենայնիվ, համոզել Իլհամ Ալիևին, որ վերջինս Օդեսա-Բրոդի կոչվող խողովակաշար ուղղի որոշակի քանակությամբ նավթ: Սակայն դա հնարավոր կլինի միայն ի հաշիվ Բաքու-Ջեյհանի, ինչից կտուժի ոչ միայն Թուրքիան, այլ նաև Իսրայելը, որը ժամանակին ակտիվորեն զբաղվում էր այս նախագծի լոբբինգով, իսկ այժմ Ջեյհանից դուրս եկող նավթի հիմնական սպառողներից մեկն է:
Կիևյան էներգետիկ գագաթաժողովի հիմնական արդյունքն այն էր, որ կնքվեց, այսպես կոչված, գլոբալ էներգետիկ անվտանգության սկզբունքների մասին կիևյան հռչակագիրը։ Ըստ որոշ մասնագետների՝ սա, փաստորեն, Եվրամիության էներգետիկ խարտիայի կրկնությունն է: Գաղտնիք չէ, որ այդ խարտիան, իր հերթին, ստեղծվել է, որպեսզի ռուսական էներգետիկ քաղաքականության դեմ միասնական հայեցակարգ մշակվի: Այսինքն՝ իր ձևի մեջ սա ընդգծված հակառուսական փաստաթուղթ է, որն իր հերթին ստացավ Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի աջակցությունը: Էներգետիկ գագաթաժողովը դադարեց այդպիսին լինելուց և, փաստորեն, վերածվեց քաղաքական հավաքի, և ընդունված որոշումներն էլ ընդգծված քաղաքական են: Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկա ղեկավարության համար ռազմավարական նշանակություն ուենցող Օդեսա-Բրոդի-Պլոցկ-Գդանսկ նավթամուղին, ապա այդ հարցով ընդամենը ընդունվեց համատեղ հայտարարություն այն մասին, որ ստեղծվում է այս նախագծի տեխնիկատնտեսական հետազոտման աշխատանքային խումբ: Սակայն նավթամուղի հնարավոր ավարտման և այն նավթով ապահովելու մասին կոնկրետ ոչ մի պայմանագիր գագաթաժողովի ընթացքում չկնքվեց: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ընդգծված քաղաքական որոշումներով կիևյան հավաքի մասնակիցները ցանկանում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ինչի համար նրանց պետք է միասնական քաղաքականություն մշակել: Ինչպես նշեցինք, պաշտոնական Մոսկվան կրճատում է էներգակիրների տարհանումը նշված երկրներից, մասնավորապես՝ արդեն այս տարվանից համարյա ամբողջովին դադարեցվել է նավթի առաքումը լատվիական Վենտսպիլս նավահանգիստ: Այս նավահանգստը երկրի բյուջեին նախկինում տարեկան 400 մլն դոլար գումար էր բերում4: Ռուսաստանը մերձբալթայն երկրներից սիստեմատիկորեն կրճատում է նավթի առաքման ծավալները: Մասնավորապես, Էստոնիան տարեկան 80 մլն դոլար գումար է ապահովում ռուսական էներգակիրների տարանցումից: Ռուսական նավթի առաքումը դադարեցվել է նաև Լիտվայի Մաժեյկայի նավթավերամշակման գործարանին: Նշենք, որ արդեն 2010-ից Մոսկվան սկսում է ավելացնել նավթի արտահանումը ոչ միայն Բալթիկ ծովի ռուսական ափից, այլ նաև կառուցելու է նոր նավթամուղ դեպի Մուրմանսկ և Արխանգելսկ նավահանգիստներ, ինչը նրան հնարավորություն կտա դադարեցնել նավթի առաքումը մերձբալթյան հանրապետությունների նավահանգիստներից և նույնիսկ կրճատել առաքումը Դրուժբա նավթամուղով, այսինքն՝ Ուկրաինայի և Լեհաստանի տարածքով:
Կարող ենք ասել, որ Ռուսաստանի գործնական քայլերին նրա հարևան երկրները փորձում են քաղաքական պատասխան տալ՝ ստեղծելով տարբեր տրամաչափի «Էներգետիկ» միություններ, որոնց հակառուսականությունը բացատրվում է նրանց ցանկությամբ՝ ունենալ Ռուսաստանի էներգակիրների տարանցման հնարավորությունը որպես տնտեսական միջոց, որը միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում, և այն օգտագործել նաև որպես քաղաքական ճնշման գործիք Մոսկվայի նկատմամբ ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու ակնկալիքով:
Արևելաեվրոպական երկրների նման երկակի խաղը, հասկանալի է, արժանանում է Բրյուսելի և Վաշինգտոնի հավանությանը: Կարող ենք փաստել, որ այնուամենայնիվ, այս խաղում՝ Ռուսաստանն ընդդեմ նոր էներգետիկ դաշինքի, Մոսկվան ամուր դիրքեր ունի:
1ИА REGNUM «Новости», Еврокомиссар по энергетике: Россия - не монополист, и ей на это указали. www.regnum.ru/news/1009787.html 03.06.2008
2ИА REGNUM «Новости», Декларации энергетического саммита в Киеве - вопль отчаяния неэффективных союзников Запада: Модест Колеров, www.regnum.ru/news/1005164.html 25.05.2008
3ИА REGNUM «Новости», Политолог: Энергетический саммит в Киеве, прошедший без "поставщиков", сложно назвать полноценным. www.regnum.ru/news/1005996.html 27.05.2008
4ИА REGNUM «Новости», Ашот Егиазарян: Энергетическое НАТО и бунт транзитеров в Киеве, www.regnum.ru/news/1006563.html 28.05.2008
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]