ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

2007թ. օգոստոսի 28-ին Թուրքիայում խորհրդարանական գործընթացի երրորդ փուլի արդյունքում իշխող իսլամամետ Արդարություն եւ զարգացում կուսակցությունից /ԱԶԿ/ առաջադրված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի ընտրվելը նախագահի պաշտոնում կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության ամենաբարդ քաղաքական գործընթացներից մեկը: Այդպիսով, Թուրքիան դառնում է մահմեդական բնակչությամբ աշխարհիկ մի երկիր, որի նախագահը հրապարակային առումով մահմեդական է` հետեւում է իսլամական ծիսակարգին, մեծ տեղ է տալիս իսլամական հռետորականությանը, իսկ նրա կինը, իսլամական ավանդույթի համաձայն, գլխաշոր է կրում:
Աշխարհիկ շրջանակներն այս իրողությունը դիտարկում են որպես սպառնալիք թուրքական լաիցիզմի սկզբունքներին, որն ամրագրվել է դեռեւս 1923-ին: Զինվորական ընտրանին, որը չորս անգամ /1960, 1971, 1980, 1997թթ./ կանխել է աշխարհիկ կարգերին ուղղված սպառնալիքը, հերթական անգամ Գյուլին մեղադրում է երկրի բնույթը փոխելու մտադրության մեջ: Մինչդեռ վերջինս հավաստիացնում է, որ հավատարիմ է մնալու հանրապետության հիմնարար սկզբունքներին` աշխարհիկությանն ու ժողովրդավարությանը:
Ամեն պարագայում, թե՛ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի, թե՛ Գյուլի հաղթանակը վկայում են թուրքական հասարակության մեջ առկա իսլամականացման միտումների մասին, ինչի ապացույցն են նաեւ վերջին շրջանում Թուրքիայում մեծ թափ ստացած գլխաշորի մասին հասարակական քննարկումները:
Տարիներ շարունակ իսլամական աշխարհում առկա է աշխարհիկության եւ իսլամիզմի դիսկուրսը, եւ այս առումով` Թուրքիայում ԱԶԿ-ի իշանության գալը իսլամական աշխարհում դիտարկվում է որպես հետաքրքիր փորձառություն եւ հասարակական նոր մոդելի ձեւավորման գործընթացի սկիզբ։
Չնայած ԱԶԿ-ի ժողովրդավարական կուրսի խոցելիությանը, Բոստոնի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Հուսեյն Հականիի կարծիքով` եթե կառավարություններն իսլամական աշխարհում բաց լինեն ժողովրդավարության առաջ, ապա կծնվի քաղաքական մի նոր շարժում, ինչպիսին ԱԶԿ-ն է, որը միավորում է հանդուրժողականությունն իսլամական ավանդույթի հետ:
Իսլամական աշխարհում հակոտնյա գաղափարախոսությունների պայքարի համատեքստում այսօր Թուրքիան, որի նկատմամբ երկար տարիներ իսլամական աշխարհը վերապահ մոտեցում ուներ /հաշվի առնելով վերջինիս աշխարհիկ բնույթն ու բազմակողմ համագործակցությունն Արեւմուտքի եւ Իսրայելի հետ/ ձգտում է փոխկապակցության մեջ դնել իսլամական եւ արեւմտյան արժեքները, ինչը, սակայն, մշակված չէ հայեցակարգային առումով: Ըստ այդմ` ճիշտ չէ ԱԶԿ-ն համարել իսլամիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն, քանի որ իսլամիզմը կրոնաքաղաքական փիլիսոփայություն է, որն աչքի է ընկնում արմատական մոտեցումներով եւ առաջ է քաշում պետության եւ հասարակության մեջ շարիաթական սկզբունքների ներդրման գաղափարը: Այսօր դեռեւս հստակ չեն ԱԶԿ-ի հետագա քայլերը: Սակայն մի բան պարզ է, որ ներկայումս ավելի հաճախ է խոսվում այն մասին, թե Թուրքիան շարժվում է չափավոր իսլամի ուղիով, չնայած Էրդողանը վերջերս իր ելույթներից մեկում նշեց, որ իրենք չեն ընդունում «չափավոր իսլամ» եզրը:
Ընտրություններում Գյուլի հաղթանակը լայն արձագանք գտավ իսլամական աշխարհում: Այն որոշակի ոգեւորությամբ ընկալվեց Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի կողմից: Վերջինս հույս ունի, որ Գյուլի օրոք երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան առավել քան լավ:
Արաբական աշխարհում, որտեղ վարչակարգերի մեծ մասը ավտորիտար է, ընտրությունների նկատմամբ արձագանքը որոշակիորեն պասիվ էր, ինչը պայմանավորած է թուրքական փորձի ընդլայնման նկատմամբ առկա մտավախությամբ: Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները շատ դեպքերում անտեսեցին ընտրությունների արդյունքները` այդ մասին տրամադրելով միայն տեղեկատվություն: Ընտրություններին հաջորդած օրերին արաբական շատ թերթեր միայն համեմատություններ էին անցկացնում Թուրքիայի եւ արաբական երկրների միջեւ, մատնանշում Թուրքիայի առաջ ծառացած քրդական, հայկական խնդիրները, Կիպրոսի հարցը: Մինչդեռ վարչակարգերին ընդդիմախոս ուժերը, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության ակտիվիստները ողջունեցին ԱԶԿ-ի հաղթանակը: Անկախ մամուլը դրականորեն արձագանքեց ընտրություններին, քանի որ դրանք անցել են դեմոկրատական ճանապարհով, ինչը կարող է նախադեպ դառնալ նաեւ արաբական երկրների համար, որտեղ այդ փորձառությունը չկա:
Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունն արաբական երկրներում վերաճեց իսլամիզմի մասին դիսկուրսի, ինչն այսօր առաջնահերթ տեղ ունի իսլամական աշխարհի քաղաքական օրակարգում: Իսլամական չափավորների /պոստ-իսլամիստների/ եւ նրանց համախոհների կարծիքով` Թուրքիայում կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ իսլամական արմատներ ունեցող կուսակցությունը կարող է որդեգրել ժողովրդավարության սկզբունքը, ինչը վերստին ապացուցում է, որ ժողովրդավարությունը եւ իսլամը համատեղելի գաղափարներ են: Ըստ այդմ` Գյուլի ընտրությունը լիովին հաջողված փորձ է, որը խրախուսում է չափավոր իսլամը:
«Համաս» շարժումը Գյուլի հաղթանակը դիտարկեց որպես իսլամական աշխարհում իսլամիզմին միտված եւ աշխարհիկությանը հակազդելու ձգտում, ինչը վկայում է, որ տարածաշրջանը շրջադարձ է կատարում դեպի իսլամը:
Արաբական մամուլում հայտնվեցին նաեւ հոդվածներ, որտեղ արաբական աշխարհում ժողովրդականություն վայելող, իսլամական արդի շարժումներին ընդդիմախոս հեղինակները համեմատություններ էին անցկացնում չափավոր իսլամի արաբական եւ թուրքական փորձերի միջեւ` հօգուտ ԱԶԿ-ի: Նրանց կարծիքով` արաբական կրոնաքաղաքական կուսակցությունները, ի տարբերություն ԱԶԿ-ի, կառչած են մնում ժամանակավրեպ գաղափարախոսությունների: Մինչդեռ ԱԶԿ-ն ընկալվում է իսլամական չափավորության, առաջադիմության եւ ռացիոնալիզմի տեսանկյունից։ Նշվում է, որ Թուրքիան թեւակոխում է նոր փուլ, որտեղ աշխարհիկությունը ձեռք ձեռքի տված քայլում է իսլամական գլխաշորի հետ, կամ էլ` Թուրքիայում տեղի է ունենում ազգայնականության եւ իսլամի հաշտեցում:
Իսլամական աշխարհում առկա առանձին տեսակետների համաձայն` Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն, իրականում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մերժման արդյունք են, ինչը հիմնավորվում է մշակութային եւ քաղաքակրթական տարբերություններով: Այս հանգամանքն է, որ նպաստել է, որպեսզի Թուրքիան հետ գնա դեպի իր արմատները։
Հատկանշական է, որ իսլամական աշխարհում գործուն քաղաքական գործչի համարում ունեցող Գյուլի հաղթանակը Թուրքիային նոր եւ կենտրոնական դեր է վերապահում Միջին Արեւելքում: Փաստ է, որ 2002-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության միջինարեւելյան կամ իսլամական ուղղության մեջ որոշակի տեղաշարժեր են նկատվել։ Թուրքիան ավելի հաճախ է խոսում իսլամական ումմայի եւ ընդհանուր խնդիրների մասին։ Թուրքիան ակտիվորեն գործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության մեջ եւ դրա կից կառույցներում։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը Թուրքիայի ներկայացուցիչ եւ իսլամական աշխարհում բավական մեծ համարում ունեցող Էքմալուդդին Իհսանօղլուն է։ Բացի Իսլամական կոնֆերանսից, Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է հարաբերություններն արաբական աշխարհի հետ` համագործակցելով նաեւ Արաբական պետությունների լիգայի հետ։ Այս տեսանկյունից ուշագրավ է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի կարծիքը: Վերջինս համոզված է, որ Գյուլի նախագահության շրջանում Թուրքիան կարող է ջանքեր գործադրել` աջակցելու անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը եւ Իրաքի ճգնաժամի հաղթահարմանը:
Այսպիսով, Թուրքիան ընտրում է մի ճանապարհ, որը հեռու է թե՛ արմատական իսլամիզմից, թե՛ արմատական աշխարհիկությունից: ԱԶԿ-ն իրեն բնութագրում է ավելի շատ որպես չափավոր պահպանողական, քան իսլամիստական կուսակցություն, այն առաջ չի քաշում երկրում իսլամական օրենքների ներդրման գաղափարը, չնայած այսօր Թուրքիայում խոսվում է գլխաշորի արգելքի վերացման մասին օրենքի ընդունման հնարավորության շուրջ, ինչը, թերեւս, կարող է առաջ բերել զինվորականության կոշտ միջամտությունը: Ի դեպ, թե՛ Էրդողանը, թե՛ Գյուլը Էրբաքանի իսլամիստական շարժման ակտիվ մասնակիցներն են եղել եւ հայտնի են ժամանակին հնչեցրած իրենց արմատական իսլամական ելույթներով, ինչը ԱԶԿ-ի ընդդիմախոսներին առիթ է տալիս թերահավատորեն վերաբերվել լաիցիզմի սկզբունքներին հավատարիմ մնալու կուսակցության խոստումներին:
Հատկանշական է, որ չնայած իսլամամետությանը, ԱԶԿ-ի գործիչները, այդ թվում Գյուլը, որքան էլ դա հակասական թվա, միեւնույն ժամանակ, համարվում են լիբերալ, արեւմտամետ ուժեր: ԱԶԿ-ի առաջնորդ Էրդողանի օրոք Թուրքիան ձեռնամուխ եղավ ԵՄ-ին անդամակցության գործընթացին: Շարունակվեցին սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ազատականացման եւ որոշակի առաջընթացի ուղիով ընթացավ տնտեսության զարգացումը, մեծացավ օտարերկրյա ներդրումների չափը, առանձին ոլորտներում իրականացվեցին որոշակի բարեփոխումներ:
Ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակը, ինչպես նաեւ իսլամական աշխարհում չափավոր իսլամիզմի արժեհամակարգի ներդրումը կարող է պայմանավորված լինել նաեւ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ձգտումներով: Չի բացառվում, որ Թուրքիան դառնա մոդել իսլամական այլ, այդ թվում` արաբական երկրների համար: ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված է. «Մենք ողջունում ենք թուրքական ժողովրդավարության այս փորձը: Այն շարունակում է այդ երկրում դեմոկրատական զարգացման կուրսը»:
Թուրքիայի հեռանկարի հետ կապված դիտարկումների տեսանկյունից հետաքրքրական է նաեւ թուրք քաղաքական մեկնաբան Ջենգիզ Ջանդարի տեսակետը. «Դուք չպետք է ակնկալեք արմատական փոփոխություններ Գյուլից` որպես նախագահ: Նրա ընդդիմախոսները, ովքեր խուճապի մեջ են, որ նա կանի դա, անակնկալի կգան, իսկ նրա աջակիցները, արմատական տեղաշարժերի հույսեր ունենալով, կհիասթափվեն»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]