ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ գրանցված բազմաթիվ թեկնածուներից հաղթելու իրական հնարավորություն ունի միայն գործող նախագահը, որի թեկնածությունն առաջ է քաշվել իշխող Ենի Ազըրբայջան (Նոր Ադրբեջան) կուսակցության, ինչպես նաեւ իշխանամետ մի քանի այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կողմից:
Նախընտրական բուն գործընթացը սկսվել է օգոստոսի 1-ից` թեկնածուների գրանցմամբ, որն ավարտին հասավ սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 15-ը քարոզարշավի մեկնարկն է: Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ունենալու համար թեկնածուները պետք է հավաքեն շուրջ 40 հազար ստորագրություն, իսկ քարոզչության ժամանակահատվածը նախկին չորս ամիսների փոխարեն այժմ տեւելու է 2,5 ամիս:
Ադրբեջանի գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները, իսկ ընտրություններին մասնակցող եւ ընդդիմադիր կեցվածք ունեցող թեկնածուներից ոչ մեկն ազդեցիկ կամ կշիռ ունեցող գործիչ չէ։
Ընտրությունները բոյկոտելու առաջարկով առաջինը հանդես եկավ Ազադլըգ (Ազատություն) դաշինքը, որն իր մեջ միավորում է Ժողովրդական ճակատը, Լիբերալ կուսակցությունը, Քաղաքացիական եւ զարգացման կուսակցությունը։ Ավելի ուշ, Մուսավաթը, Ժողովրդական կուսակցությունը, Բաց հասարակության կուսակցությունը, Դասական ժողովրդական ճակատը, Ազգային անկախության կուսակցությունը համարժեք կեցվածք ընդունեցին։ Ադրբեջանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մեծ մասն իր համակրանքը հայտնեց բոյկոտին։
Դեռ հուլիսին Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիթորինգի հանձնախմբի (Ագոյի խումբ) պատվիրակության հետ հանդիպմանը Ազադլըգի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կբոյկոտեն Ադրբեջանում 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները, եթե երկրում չստեղծվեն համապատասխան պայմաններ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, փոփոխություններ չմտցվեն ընտրական օրենքում:
Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի համոզմամբ` մնացած ընդդիմադիր ուժերին այլընտրանք չի մնում, քան` միանալ մեծամասնությանը։ Բոյկոտին միացան նաեւ մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում` Էլդար Նամազովը, ով ընդդիմության կողմից հավանական թեկնածու էր համարվում։
Նախագահական ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերն իրենց որդեգրած նման դիրքորոշումը հիմնավորում են մի քանի փաստարկներով։ Նրանք նշում են, որ ընտրական օրենքում կատարված փոփոխությունները, ասենք` քարոզարշավի ժամանակահատվածի կրճատումը, կամ` ընտրական հանձնաժողովներում ոչ թե հավասար, այլ իշխող կուսակցության 2/3-ի ներկայացվածությունը, հիմք են ստեղծում կեղծելու ընտրությունների արդյունքները, ուստի դրանց մասնակցելը միայն օրինական է դարձնում կեղծիքը: Ընդդիմության համոզմամբ` 120-ից 75 օր դարձած քարոզարշավի ժամանակահատվածը բավարար չէ, եթե ավելացնենք, որ հանրային հեռուստաալիքը նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին շատ սահմանափակ ժամանակ է տրամադրում, իսկ պետական հեռուստատեսությունն այլեւս անվճար եթերաժամանակ չի տրամադրում։
Հատկանշական է, որ ընդդիմության նման կեցվածքը ադրբեջանական հասարակության մեջ լուջ դիսկուրսներ առաջ բերեց, ընդ որում` հակոտնյա։ Ընդդիմության որոշմանը դեմ արտահայտվեցին հենց ընդդիմադիր կուսակցությունների շատ անդամներ, հասարակության առանձին շրջանակներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց կարծիքով` անկախ հաղթելու կամ չհաղթելու հնարավորությունից, ընտրությունները հարմար առիթ են` հակադարձելու ներկա վարչակարգին: Ըստ այդմ` ընդդիմադիրների մասնակցությունը կլիներ վարչակարգի դեմ ուղղված մարտահրավեր, ինչը կարող էր մրցակցության նախադրյալներ ստեղծել։ Հնչած տեսակետներից մեկի համաձայն` ընդդիմադիրների նման կեցվածքը միայն ապացուցում է նրանց տկարությունն ու անկարողությունը։
Սակայն թե՛ տեղական, թե՛ օտար փորձագետների գնահատմամբ, վերջին տարիների ընթացքում վարկաբեկված ընդդիմության գործիչները գիտակցում են, որ եթե անգամ իրենց հաջողվեր միավորվել մեկ թեկնածուի շուրջ, Իլհամ Ալիեւին իրական այլընտրանք հնարավոր չէր լինի ստեղծել:
Սեպտեմբերի 5-ին Ազադլըգ դաշինքի մեջ մտնող կուսակցությունները, նաեւ` ընդդիմադիր Մուսավաթը եւ Հանուն Ադրբեջանի հասարակական ֆորումը, համատեղ մի փաստաթուղթ ստորագրեցին, որում հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվելիք թե՛ նախագահական ընտրությունները, թե՛ դրանից հետո ձեւավորվող իշխանությունները համարվեցին անօրինական։ Սակայն նման փաստաթղթի առկայությունն ամենեւին էլ չի փաստում, որ ընդդիմադիր դաշտում առկա քաղաքական ուժերի միջեւ լիարժեք փոխհամաձայնություն կա։ Ժամանակ առ ժամանակ նրանք հանդես են գալիս իրար դեմ ուղղված քննադատությամբ։ Որոշ դեպքերում միմյանց նկատմամբ անվստահությունը կապված է այս կամ այն ընդդիմադիր ուժի` իշխանության հետ համագործակցելու հնարավորության հետ։
Մինչդեռ Իլհամ Ալիեւի վարկանիշը շարունակում է բավական բարձր մնալ: Այդ մասին են վկայում թե՛ տեղական, թե՛ արեւմտյան հարցախույզները, որոնց տվյալները փաստում են, որ Իլհամ Ալիեւն ընտրություններին հաղթելու է բավական ծանրակշիռ առավելությամբ:
Հատկանշական է, որ այս տարի Ադրբեջանում ընտրական գործընթացին առնչվող նորարարություններ են արվել: Բյուջեով մեծ գումար է հատկացվել տեխնիկապես գերհագեցած առանձին ընտրատեղամասերի կառուցման համար: Նման լայնածավալ աշխատանք հետխորհրդային որեւէ հանրապետությունում չի իրականացվել:
Ադրբեջանում նախընտրական գործընթացն առայժմ ընթանում է առանց ցնցումների: Այս առումով, թերեւս, բացառություն է օգոստոսի 17-ի երեկոյան աղոթքի ժամանակ Բաքվի Աբու Բաքր վահաբական մզկիթում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում զոհվեցին եւ վիրավորվեցին մի շարք մարդիկ։ Վիրավորվեց նաեւ մզկիթի իմամը: Միջադեպն աննախադեպ էր եւ մեծ հնչեղություն ստացավ:
Ահաբեկչության կապակցությամբ հիմնականում մի քանի կարծիքներ հնչեցին: Պաշտոնական տեսակետի համաձայն` պայթյունը նպատակ ուներ նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել սոցիալ-քաղաքական իրավիճակն Ադրբեջանում: Նույնիսկ տեսակետ հնչեց արտաքին ուժերի միջամտության մասին. նման կարծիք հայտնեց Ադրբեջանի իսլամական կուսակցությունը: Մեկ այլ վարկածի համաձայն` ահաբեկչությունը կարող էին կազմակերպած լինել արմատական իսլամի կողմնակիցները։ Վերջիններս, թեեւ իրենց չափազանց քիչ թվաքանակին, պայքարում են Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծելու համար: Խնդիրն այն է, որ իր համայնքում մեծ հեղինակություն վայելող Համեթ Սուլեյմանովը հայտնի է արմատական խմբավորումների դեմ իր բացասական կեցվածքով։ Արդեն երկար ժամանակ է, ինչ նա սուննի իսլամի տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին կոչ է անում համաձայնության գալ։
Չի բացառվում, որ իսլամի տարբեր ուղղությունների միջեւ ծայր առնող հակասությունները ոչ պակաս շահեկան են հենց պետության համար, որն օգտագործելով առիթը` ժամանակի ընթացքում արդեն օրենքի ուժով կարգելի նրանց գործունեությունը։ Հայտնի է, որ իսլամի տարբեր ուղղությունների, այդ թվում` վահաբականների դեմ պարբերաբար իրականացվում են ճնշումներ ու ձերբակալություններ: Պետությունը խստորեն վերահսկում է կրոնական կազմակերպությունների, կրոնա-քաղաքական տարբեր ուժերի գործունեությունը:
Չնայած մեկ անգամ չէ, որ իշխանությունները հայտարարել են, թե ձգտում են, որպեսզի Ադրբեջանում ձեւավորվի առողջ եւ կառուցողական ընդդիմություն, իրականում հազիվ թե դժգոհ լինեն, որ երկրում կենսունակ քաղաքական ուժեր չկան։ Եվ այսօր Իլհամ Ալիեւը, որ տնօրինում է Ադրբեջանի նավթային տնտեսությունը, իր ղեկավարության օրոք արձանագրել է էական հաջողություններ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում, ոչ մի լուրջ մրցակից չունի։
Այսպիսով, Հարավային Կովկասի մյուս հանրապետությունների համեմատությամբ, որտեղ նախընտրական եւ հետընտրական շրջանին բնորոշ էին սոցիալ-քաղաքական հուզումները, Ադրբեջանում ընտրական գործընթացն ընթանում է առանց լուրջ ցնցումների:
Ակնհայտ է, որ ընդդիմությունը վերջին տարիների ընթացքում հայտնվել է ճգնաժամի մեջ, ինչը համակարգային բնույթ ունի: Ընդդիմադիր գործիչներին չի հաջողվում միավորվել: Նրանց չի հաջողվում նաեւ դրսից ֆինանսական աջակցություն գտնել: Ադրբեջանում համոզված են, որ արտասահմանյան հիմնադրամները գումար չեն ներդնի անհեռանկար նախագծերում:
Ըստ էության, Ադրբեջանում չկան հասարակական լայն աջակցություն վայելող ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են ոտքի հանել հասարակությանը: Հատկանշական է, որ անգամ ընտրությունները բոյկոտած ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնաբար չեն գործում։
Ադրբեջանի վերաբերյալ քաղաքագիտական վերլուծություններում թեեւ հաճախ է նշվում, որ նախագահ Ալիեւի հաջողությունը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացով եւ կենսամակարդակի աճով` ի հաշիվ նավթային եկամուտների, սակայն Ադրբեջանը կոռուպցիայի բարձր ցուցանիշ եւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր է: Այնպես որ, վարչակարգի նկատմամբ իրականում կա որոշակի հասարակական դժգոհություն, ինչը, սակայն, չի հասունացել այն չափով եւ կամ էլ չի ուղղորդվում այն ձեւով, որպեսզի հնարավոր դարձնի իշխանափոխությունը:
Այնպես որ, առաջիկա ընտրությունները կլինեն, թերեւս, ամենականխատեսելին Ադրբեջանի վերջին տարիների պատմության մեջ: Նախագահի պաշտոնում հինգ տարի ժամանակով կվերընտրվի Ադրբեջանի ներկա նախագահը։ Ընտրությունները, թերեւս, կանխատեսելի կլինեին անգամ այն դեպքում, եթե ընդդիմությունն ունենար միասնական թեկնածու: Միանշանակ է, որ այդ դեպքում եւս պետական մեքենան բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեր Իլհամ Ալիեւին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]