
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի առաջ Եվրոպական միությունն ընթացք տվեց Արեւելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցության նոր` «Արեւելյան գործընկերություն» անվանումը կրող ծրագրին. 2009թ. մայիսի 7-ին ԵՄ 27 եւ գործընկեր 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելառուս) ներկայացուցիչներ ստորագրեցին համաձայնագիր, որով նախատեսվում է «արագացնել քաղաքական մերձեցումը եւ խորացնել տնտեսական ինտեգրումը» Եվրամիության ու վերոհիշյալ վեց պետությունների միջեւ:
Մեծ հաշվով, «Արեւելյան գործընկերությունը» որեւէ նոր բան չէր ներկայացնում` հանդիսանալով ԵՄ-ի կողմից 2003թ. ի վեր իրականացվող Եվրոպական հարեւանության քաղաքականության շարունակությունը:
Նախաձեռնելով «Արեւելյան գործընկերությունը»` ԵՄ-ը միասնականացրեց նախկին խորհրդային վեց պետությունների հետ իր փոխհարաբերությունները: Փաստորեն, այդ երկրների հետ տարվում է նույն քաղաքականությունը, որը կիրառվեց 1990-ականներին նախկին սոցիալիստական ճամբարի երկրների հետ, երբ նրանք հետզհետե ինտեգրվեցին Եվրոպական միությանը:
Միեւնույն ժամանակ, որոշ փորձագետներ համարում են, որ այդ նախաձեռնությունը տվյալ փուլում այնքան էլ արդիական չէ, քանզի այն վերը նշված վեց երկրներին չի տալիս ԵՄ-ին անդամակցելու հեռանկար, իսկ ԵՄ-ում ֆինանսական ճգնաժամի առաջացրած խնդիրների հետեւանքով Բրյուսելը չունի հնարավորություններ մայրցամաքի արեւելյան հատվածում իր ազդեցությունը ծավալելու համար:
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ եվրոպական քաղաքականությունը գերադասում է դանդաղ գործելակերպ, կարելի է պնդել, որ «ԱԳ» ծրագիրը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում է Ռուսաստանի մոտեցումը ծրագրին: Հենց սկզբից Եվրամիության ստրատեգների այս նախաձեռնությունն արժանացավ Ռուսաստանի բացասական վերաբերմունքին` առաջ բերելով վերջինիս խանդը. Մոսկվան ի դեմս «Արեւելյան գործընկերության» տեսավ եւ շարունակում է տեսնել ԵՄ-ի կողմից կատարվող ոտնձգություն իր ավանդական ազդեցության գոտի համարվող հետխորհրդային տարածքի նկատմամբ:
Եվ չնայած ԵՄ պաշտոնյաների հավաստիացումներին, որ ծրագիրը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ եւ այն իրականացվելու է ՌԴ-ի հետ ԵՄ-ի համագործակցության ու մերձեցման ընթացքին զուգահեռ, Մոսկվան շարունակում է մեծ կասկածով վերաբերվել «ԱԳ»-ին եւ, հավանաբար, դեռ կփորձի բարդություններ ստեղծել դրա իրականացման ճանապարհին: Այսպես, վերջերս ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը հայտարարեց, որ ԱՊՀ երկրների հետ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կարող է վնասել Ռուսաստանի հետ այդ երկրների հարաբերություններին, ավելացնելով, սակայն, որ անհանգստանալու պատճառ առայժմ չկա:
Միաժամանակ, Եվրոպայում չեն թաքցնում, որ այս նախաձեռնությունն ուղղակի արձագանք էր 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմին եւ պարբերական հաճախականություն ձեռք բերող ռուս-ուկրաինական գազային ճգնաժամերին:
Այս ծրագրով ԵՄ-ը հետապնդում էր նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման նպատակ. Բրյուսելում հույս ունեին, որ Հարավային Կովկասի երկրների օգնությամբ հնարավոր կլինի Կենտրոնական Ասիայից անցկացնել այլընտրանքային նավթա- եւ գազամուղներ դեպի Եվրոպա:
«Արեւելյան գործընկերության» շրջանակներում պետք է իրականացվի գործընկեր երկրների օրենսդրության հարմարեցումը ԵՄ իրավական նորմերին, ինչն արդեն մղում է այդ երկրներին եվրոպական քաղաքական ազդեցության դաշտ: Նույնը կատարվում է ազատ առեւտրային գոտիների ստեղծման հարցում: Այսպես, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն բանակցություններ են վարում` ԵՄ ազատ առեւտրի գոտուն միանալու համար, իսկ Բելառուսը ձեռնպահ է մնում Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանը միանալուն, քանզի Բելառուսի տնտեսության համար ավելի շահավետ է գործել հենց եվրոպական գոտում:
Մոսկվայում նաեւ հասկանում են, որ այն պահից, երբ Ուկրաինան, Մոլդովան եւ երեք հարավկովկասյան պետությունները (Բելառուսի հետ դեռեւս բանակցություններ չեն տարվում) ստորագրեն ԵՄ-ի հետ համապատասխան պայմանագրերը, կարելի է ասել, որ ԱՊՀ-ն դադարում է գոյություն ունենալ, քանի որ այն բոլոր համաձայնությունները, որոնց հիման վրա ստեղծվել էր հետխորհրդային տարածքը միավորող այդ կառույցը` ազատ առեւտրի գոտի, միասնական իրավական դաշտ, առանց մուտքի արտոնագրերի բնակչության ազատ տեղաշարժ, դրանք բոլորն այլեւս տարածվելու են ԵՄ-ի հետ վերոնշյալ երկրների հարաբերություններում:
Ներկայում Եվրամիության քաղաքականությունն «արեւելյան» ուղղությամբ ենթարկվում է վերարժեւորման եւ էական մշակման: Եվրոպական ստրատեգները շեշտում են, որ հիմա բացվում են նոր հնարավորություններ, եւ եվրոպական քաղաքական վերնախավը գալու է այն գաղափարին, որ Եվրոպայի համար փրկության միակ ուղին ընդլայնվելն է:
Նման մոտեցումն ունի որոշակի հիմքեր: 2009թ. ուժի մեջ մտած Լիսաբոնի պայմանագրով ԵՄ-ը փաստորեն վերածվեց թեեւ թույլ, բայց դաշնության: Ծավալվող տնտեսական ճգնաժամն էլ ավելի է արագացնում մայրցամաքի միավորման գործընթացը: Այսպես, եվրոյի ճգնաժամը բերում է միասնական ֆինանսական ու բյուջետային քաղաքականության ձեւավորմանը: Սկսվում է ԵՄ ինտեգրման նոր փուլը, որի տրամաբանական սկիզբն է համարվում Հունաստանի կամ Կենտրոնական Եվրոպայի երկրների ֆինանսական փրկությունը: Այս առումով Եվրամիությունը դուրս է գալիս դեպի տարածաշրջանային առաջնորդության ավելի բարձր մակարդակ, քան նա ուներ մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Ընդ որում, դա արվում է ԱՄՆ համաձայնությամբ: ԵՄ-ում ստեղծված ֆինանսական ճգնաժամն ուժեղացրեց եվրոպական պետությունների կախվածությունը Միացյալ Նահանգներից: Այն, որ ԵՄ-ը համաձայնեց հանձնել Հունաստանի «փրկության գործը» ԱՄՀ-ին, գնահատվում է որպես եվրոպական ինքնուրույնության սահմանափակում` հօգուտ Վաշինգտոնի:
Դրա հետ մեկտեղ, Բ.Օբամայի վարչակազմը, փաստորեն, վերջ դրեց «հին» ու «նոր» Եվրոպաների բաժանմանը, ինչպես նաեւ փակվեց արեւելաեվրոպական պետությունների կողմից Ռուսաստանին հակադրվելու ժամանակաշրջանը: Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի խնդիրները դադարեցին դիտվել որպես Վաշինգտոնի առաջնահերթ ուշադրությունը պահանջող հարցեր: Սառեցվեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության թեման: Փոխարենը Վաշինգտոնն ուղղորդում է ԵՄ արտաքին քաղաքականությունը դեպի հետխորհրդային տարածք` ներառյալ Ռուսաստան եւ Կասպիական ավազան: Այսպիսով, ենթադրվում է, որ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել հակակշիռներ` ի դեմս ԵՄ-ի ու Ռուսաստանի, որոնք ստիպված են լինելու հաճախ ապավինել ամերիկյան հզորությանը:
Այս մոդելը փորձելու է ապահովել ամերիկյան գլոբալ հեգեմոնիան մեղմ տեսքով, ինչին է ուղղված նաեւ ս.թ. մայիսի 27-ին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ առաջնային են հռչակվում համաշխարհային ասպարեզում ԵՄ-ի հետ Միացյալ Նահանգների ռազմավարական համագործակցության սկզբունքը եւ ՌԴ շահերի հետ հաշվի նստելու մոտեցումը:
Հաշվի առնելով, որ ԱՄՆ ռազմավարության ուշադրությունը կենտրոնանում է Մեծ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Իրանի, ինչպես նաեւ Հարավային ու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, ապա Արեւելյան Եվրոպայի ուղղությունը «հանձնվում» է ԵՄ եւ ՌԴ տնօրինությանը: Այս առումով Վաշինգտոնն իր գործընկերներին առաջարկում է իրենց վրա վերցնել հարակից տարածաշրջաններում կայունության ապահովման բեռը: Նախաձեռնելով Մոսկվայի հետ հարաբերություններում «վերաբեռնավորման» քաղաքականությունը` ԱՄՆ-ը համաձայնեց Ռուսաստանի տարածաշրջանային դերի բարձրացմանը: Սակայն, հետաքրքրական է, որ այդ քայլը կատարվեց ոչ միայն ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի, այլ նաեւ ԵՄ-ի եւ Ռուսաստանի թուլացման պայմաններում: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ ռազմավարական շահերի համար ԵՄ-ի կամ Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարման ուժեղացումը լուրջ վտանգ չի ներկայացնում:
Ավելին, դա նաեւ նշանակում է, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում մի լրացուցիչ բեռ` համաձայնելով ֆինանսավորել նախակոլապսային վիճակում գտնվող նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսությունը, ինչպես, օրինակ, Ուկրաինայի դեպքում, որին Մոսկվան մոտակա տասը տարում ավելի էժան գնով գազով է ապահովելու` Ղրիմում ռուսական նավատորմի խորհրդանշական ներկայության պահպանման դիմաց: Այս առնչությամբ հետխորհրդային տարածքում այսօր ընթացող գործընթացները ոչ թե Խորհրդային կայսրության վերականգնման կամ Ռուսաստանի շուրջ նոր ինտեգրացիոն բլոկի ստեղծման գործընթացներ են, այլ ընդամենը ժամանակավոր քաղաքական իրողություն, որը հակակշռվում է նույն հետխորհրդային երկրների եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական ու սոցիալական կապերի ամրապնդման գործընթացով:
Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքականությունը, դառնալով ավելի համախմբված, հեռանում է Ռուսաստանի հետ առճակատման ուղեգծից, ինչը ցույց են տալիս Ուկրաինայի սրընթաց մերձեցումը Մոսկվայի հետ, Լեհաստանի եւ Ռուսաստանի միջեւ դարավոր թշնամանքի մեղմացման միտումները եւ Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ իրականացվող «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» էներգետիկ նախագծերը: Դա նշանակում է, որ քաղաքականապես ուժեղ ԵՄ-ը պետք է կարգավորի Արեւելյան Եվրոպայի խնդիրները` Ռուսաստանի հետ հարաբերությունների փաթեթով:
Որոշ փորձագետների կարծիքով, այսօր Արեւմուտքը մտնում է ռազմավարական «դադարի փուլ», որի ավարտից հետո սկսվելու է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ ալիքը, որը կներառի Ռուսաստանին եւ մյուս հետխորհրդային երկրներին: Որպես դրա ազդանշաններ կարելի է ընդունել վերջերս գերմանացի ազդեցիկ քաղաքագետների եւ բարձրաստիճան զինվորականների հնչեցրած տեսակետները` ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը քննարկելու մասին: Նրանք կարեւորում են Ռուսաստանը Արեւմուտքի կողմից «պաշարված ամրոցի» հոգեբանությունից ազատելու գաղափարը: Ռուսաստանում եւս ամրապնդվում է այն տեսակետը, որ երկրի արդիականացման համար անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ:
Մյուս գործոնը, որը բերեց ԵՄ-ի «արեւելյան քաղաքականության» վերագնահատմանը, այսպես կոչված, «զարգացող աշխարհի» երկրների համաշխարհային կշռի մեծացումն է:
Չինաստանի արագ աճող գլոբալ ազդեցությունը լուրջ մտահոգություն է պատճառում թե՛ ԵՄ-ին, թե՛ Ռուսաստանին: Պեկինի տնտեսական քաղաքականությունն արդեն հսկայական վնասներ է պատճառել եվրոպական երկրների տնտեսությանը:
Չինաստանին եւ Հնդկաստանին միացան նաեւ Բրազիլիան ու Թուրքիան, որոնք Իրանի հետ «միջուկային գործարքի» կնքման արդյունքում ցուցադրեցին իրենց գլոբալ դերակատարության հավակնությունները: Նման նոր խաղացողների առաջացման պայմաններում պարզ է դառնում, որ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ Ռուսաստանն այլեւս չեն կարող հավակնել համաշխարհային միակ գերտերության` ԱՄՆ-ի եւ մնացած աշխարհի միջեւ համագործակցության եւ հակամարտությունների հարցերում միջնորդի դերակատարությանը: Եթե առաջներում եվրոպական երկրները եւ Ռուսաստանն անընդհատ փորձում էին հանդես գալ «զարգացող աշխարհի» իրավունքների եւ շահերի պաշտպանների դերում, ապա այսօր այդ գործառույթը հաջողությամբ իրականացնում են այդ աշխարհի առաջատար երկրները: Այս վիճակում ԵՄ-ի եւ ՌԴ-ի մերձեցումը ԱՄՆ-ի հետ դառնում է օրինաչափ:
Արեւմուտքն էլ, իր հերթին, չի ցանկանում թողնել Ռուսաստանին մեն-մենակ Ասիայի ծագող տերությունների դեմ, իսկ նրա սիբիրյան հարստությունները` Պեկինին:
Ամփոփելով` հարկ է նշել, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը դեռ երկար ժամանակ պահպանելու է իր ամորֆությունը, ինչն արտացոլում է ԵՄ դասական քաղաքական սկզբունքը` ազդել, սակայն ուղղակի չմիջամտել: Եվրամիությունը դեռեւս չի հստակեցրել իր «արեւելյան քաղաքականության» վերջնական նպատակները, բայց միեւնույն ժամանակ չի ցանկանում հետխորհրդային տարածքի երկրներին դուրս թողնել իր ազդեցության ոլորտից: Ամենայն հավանականությամբ, ԵՄ «արեւելյան քաղաքականության» նպատակները կհստակեցվեն այն ժամանակ, երբ ԵՄ-ը դուրս կգա ներկա ֆինանսական ճգնաժամից` արդեն որպես ավելի կենտրոնացված, դաշնության հատկանիշներ կրող գլոբալ ուժային կենտրոն: Անշուշտ, եթե կենտրոնախույս տրամադրությունները նոր անակնկալներ չմատուցեն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈԻՐՋ[01.11.2011]
- ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ[07.10.2011]
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ [26.07.2011]
- ԳԼՈԲԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ[28.06.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[18.05.2011]
- ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ[19.04.2011]
- ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ[15.03.2011]
- ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[16.02.2011]
- ԹՈՒՐՔԻԱ–ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.12.2010]
- ԵՎՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՃԳՆԱԺԱՄԸ[19.11.2010]
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ[20.10.2010]