• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2009

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Руский

   

Արաքս Փաշայան

Araks Pashayan (original)Վերջին շրջանում իսլամը ձեռք է բերել էական նշանակություն Ադրբեջանի հասարակական գործընթացներում: Եթե խորհրդային եւ հետխորհրդային տարիներին իսլամական ինքնությունն Ադրբեջանում (որի մուսուլման բնակչության 2/3-ը շիա է, 1/3-ը` սուննի) առավելապես հիմնված էր մշակույթի եւ էթնիկության, քան կրոնի վրա, ապա կրոնականացվածությունն այլեւս բնորոշ է դարձել ադրբեջանական հասարակությանը: Ասվածի ապացույցն է գլխաշոր (հիջաբ) կրող աղջիկների եւ կանանց, իսլամական գործառույթ իրականացնող հավատացյալների, կրոնական կրթություն ստանալ ցանկացողների, իսլամական սրբատեղիներ մեկնել կամեցողների հարաճուն թիվը:

Հատկանշական է, որ երկրում որոշակիորեն հիմնավորվել է նաեւ կրոնական արմատականությունը, տարածում ստացել իսլամին վերաբերող տարաբնույթ (այդ թվում` քարոզչական) գրականությունը, կարեւոր նշանակություն է ձեռք բերել կրոնական հռետորականությունը:

Գիտակցելով աշխարհիկ ինստիտուտներին սպառնացող վտանգը` երկրի իշխանությունները մշտապես փորձել են թուլացնել կրոնի դերը հասարակական-քաղաքական կյանքում, ինչը դրսեւորվել է կրոնականացված տարրերի հետապնդումների եւ կրոնական խնդիրների նկատմամբ սահմանափակումների միջոցով։ Օրինակ, վերջերս իշխանություններն արգելեցին մզկիթի բակում կամ հարակից տարածքում աղոթելը: Ադրբեջանում արգելված է գլխաշորով կրթական հաստատություններ մուտք գործելը (չնայած հասարակության մեջ գլխաշոր կրելն արգելված չէ), պաշտոնական փաստաթղթերի համար հիջաբով նկարվելը, որի հետեւանքով 16 տարին լրացած աղջիկներից շատերը չեն կարողանում անձնագիր ստանալ: Որոշակի ճնշումներ են իրականացվում այն մարդկանց նկատմամբ, որոնց արտաքին կերպարի մեջ կան ընդգծված կրոնական տարրեր, որոնցից է, օրինակ, երկար եւ անխնամ մորուքը (ինչը վկայում է սուննի իսլամի սալաֆիական կամ վահաբական կողմնորոշման մասին): Հայտնի են դեպքեր, երբ ոստիկանները ստիպել են մարդկանց սափրել մորուքը:

Նշենք, որ Ադրբեջանում շատ բարդ է կրոնական համայնքների եւ կազմակերպությունների գրանցման կարգը, որը ենթադրում է ստանալ Կովկասի մուսուլմանների վարչության թույլտվությունը: Բավական խիստ է նաեւ կրոնական գրքերի գրաքննությունը: Համապատասխան մարմնի եզրակացության դեպքում արգելվում են այն գրքերը, որոնք սերմանում են դավանական անհանդուրժողականություն, ծայրահեղականություն եւ անջատողականություն:

Ադրբեջանական հասարակության մեջ իսլամի դերի ակտիվացումը, ըստ էության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են` խոսքի ազատության բացակայությունը, սոցիալական եւ տնտեսական խնդիրները, հիասթափությունն արեւմտյան արժեքների նկատմամբ եւ այլն: Երկրում առկա են քաղաքական եւ հոգեւոր ճգնաժամին բնորոշ տարրեր, երբ մարդիկ, փաստորեն, չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը եւ ո՛չ էլ պաշտոնական իսլամի ներկայացուցիչներին:

Հատկանշական է, որ առկա իրավիճակում թե՛ սուննի, թե՛ շիա շրջանակներում տարածում է ստանում կրոնական արմատականությունը, որն իսլամի տեսանկյունից փորձում է մեկնաբանել սոցիալական եւ քաղաքական առկա խնդիրները եւ առաջարկել դրանց լուծումները` միեւնույն ժամանակ իր համար թիրախ դարձնելով հասարակական, քաղաքական եւ մշակութային այն գործիչներին, որոնք ունեն ընդգծված աշխարհիկ տեսակետներ կամ դեմ են արտահայտվում իսլամին առնչվող որեւէ իրողության: Նրանց նկատմամբ նույնիսկ հրապարակվում են մահվան դատավճիռներ, հնչեցվում են ջիհադի կոչեր։

Այս տեսանկյունից բավական աղմկահարույց էր 2007-ին Ադրբեջանում գրող-հրապարակախոս Ռաֆիկ Թաղիի եւ «Սանաթ» թերթի խմբագիր Սամիր Սեդաղաթօղլուի դատավարությունը: Պատճառը նույնանուն թերթում Ռ.Թաղիի հրատարակած «Եվրոպան եւ մենք» հոդվածն էր, որտեղ հեղինակը խոսել էր իսլամական արժեքների նկատմամբ քրիստոնեական արժեքների գերակայության մասին, ինչը կրոնականացված շրջանակներն ընկալել էին որպես անարգանք իսլամին եւ նրա սրբություններին։ Հոդվածի դեմ արտահայտվել էր նաեւ Փաշազադեն, իսկ շիական Նարդարան գյուղում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած միտինգի ժամանակ Ռ.Թաղիի դեմ հասարակական մահապատժի որոշում էր ընդունվել։ Ռ.Թաղիի եւ Ս.Սեդաղաթօղլուի դատավարությանը մասնակցել էին կրոնական արմատականներ, որոնք այնուհետեւ պահանջել էին մահապատժի ենթարկել վերջիններիս։ Հատկանշական է, որ հիշյալ դեպքը արձագանք գտավ նաեւ Իրանում. հայտնի այաթոլլա Մուհամմադ Ֆազիլ Լանքյարանին մահվան ֆեթվա հրապարակեց հոդվածագրի եւ խմբագրի համար, ինչն աղերսներ ունի Սալման Ռուշդիին առնչվող հայտնի դեպքի հետ։

Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով` իսլամն Ադրբեջանում ներկայումս զբաղեցնում է այն վակուումը, որը ժամանակին, մինչեւ 2005թ. խորհրդարանական ընտրությունները, զբաղեցնում էր արեւմտամետ ընդդիմությունը, որին իշխանությունները դուրս մղեցին քաղաքական դաշտից: Նման իրավիճակ ստեղծվեց նաեւ Ուզբեկստանում, որտեղ իշխանությունների կողմից դուրս մղված ընդդիմության տեղը զբաղեցրեց միջազգային իսլամական արմատական շարժումներից մեկը` «Հիզբ ութ-թահրիրը»: Ըստ Յունուսովի` Ադրբեջանում փաստորեն պայքար է ծավալվում միայն երկու գաղափարախոսությունների` հեյդարիզմի եւ իսլամիզմի միջեւ։

Իսլամիստական տրամադրությունների աճով աչքի են ընկնում հատկապես հյուսիսային շրջանները, որտեղ բնակվում են էթնոդավանական փոքրամասնություններ, ինչպես նաեւ Ապշերոնի թերակղզին, մասնավորապես Բաքվի որոշ հատվածներ եւ դրան հարակից բնակավայրեր, ինչպես, օրինակ, իրանամետ Նարդարանը:

Իսլամի արմատական ուղղություններից Ադրբեջանում ներկայումս բավական ժողովրդականություն է վայելում սուննի իսլամի սալաֆիական կամ վահաբական հոսանքը, չնայած այդ հոսանքի կողմնակիցներն իրենց վահաբի չեն անվանում, այլ` «ճշմարիտ իսլամի» հետեւորդներ: Շարժումն Ադրբեջան է ներթափանցել մի քանի, այդ թվում` արաբական ճանապարհով, իսկ նրա հաջողություններից մեկը կապված է Բաքվի սալաֆիական կողմնորոշման «Աբու Բաքր» մզկիթի երիտասարդ իմամ, խարիզմատիկ գործիչ Համեթ Սուլեյմանովի անվան հետ:

Հատկանշական է, որ 2008թ. իշխանությունները փակեցին «Աբու Բաքրը», պատճառաբանելով, որ օգոստոսին մզկիթի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո այն այլեւս անվտանգ չէ հավատացյալների համար: Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ իշխանություններին առավել մտահոգում է երկրում սալաֆիականության ընդլայնման փաստը:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանում գաղափարախոսական բացը փորձ է արվում լրացնել պաշտոնական իսլամից դուրս գործող մզկիթներում: Հայտնի է, որ ուրբաթ օրվա իմամի կրոնական քարոզից` խուտբայից հետո, նույն իմամի կողմից մզկիթում քննարկվում են նաեւ սոցիալ-քաղաքական հարցեր: Արդյունքում, խոսքի ազատության բացակայության պայմաններում` Ադրբեջանում առանձին մզկիթներ դառնում են յուրօրինակ քաղաքական ակումբներ:

Իսլամին առնչվող գործընթացներում Ադրբեջանի իշխանությունների համար բարդ խնդիր է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելը: Լինելով հարեւան Իրանին, Թուրքիային եւ Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանին (որտեղ ամուր հիմքեր ունեն իսլամի ծայրահեղական ուղղությունները), նաեւ գտնվելով Մերձավոր Արեւելքի հարեւանության մեջ, Ադրբեջանը թիրախ է արտաքին իսլամական ազդեցության համար։ Դեռեւս 1990-ականներից Ադրբեջան սկսեցին ներթափանցել կրոնական քարոզիչներ Իրանից, Թուրքիայից, արաբական երկրներից, ի հայտ եկան միջազգային իսլամական մի շարք արմատական շարժումների մասնաճյուղեր, որոնք տարբեր ժամանակներում իշխանությունների կողմից հիմնականում չեզոքացվեցին։ Իշխանությունները կարողացան մեծ հարված հասցնել հատկապես իրանական ազդեցությանը։

Հատկանշական է, որ իսլամական հարցերում իշխանությունների կողմից ընդունելի է համարվում թուրքական սուննի իսլամը, քանզի վերջինս չեզոքացնում է իրանական եւ այլ ազդեցությունները եւ համարժեք է Ադրբեջանի աշխարհիկ պետության մոդելին։ Ադրբեջանի իշխանությունները կրոնական հարցերում Թուրքիայի հետ ակտիվորեն համագործակցում են։ Թուրքիան ֆինանսավորել է որոշ մզկիթների վերանորոգումը, մի շարք հոգեւորականներ վերապատրաստվել են Թուրքիայում, Ադրբեջանից շատերն ուսանել են Թուրքիայի իսլամական կրթական հաստատություններում։ Ադրբեջանում գործում են նաեւ թուրքական ոչ պաշտոնական իսլամական շրջանակներ, որոնցից է Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, մասնավորապես` «Նուրսու» խմբերը, որոնք 2007-ին Ալլահշյուքյուր Փաշազադեի կողմից հայտարարվել են «ոչ ցանկալի»։ Նուրսույականները բազմաթիվ համախոհներ ունեն նաեւ իշխանական շրջանակներում։

2006-ից, ինչպես նշում է Ա.Յունուսովը, միջազգային իսլամական գործոնը սկսեց մեծ դեր խաղալ Ադրբեջանում։ Այստեղ սկսեցին բավական հիվանդագին ձեւով արձագանքել այն իրողություններին, որոնք կապված էին իսլամի կամ Արեւմուտք–Արեւելք հակասությունների հետ։ Ադրբեջանում ձեւավորվեց հակաարեւմտյան եւ հակաիսրայելական հռետորականությունը, որին չէր խանգարում նույնիսկ այն փաստը, որ, օրինակ, նույն Իսրայելի հետ Ադրբեջանն ուներ ռազմավարական գործընկերություն:

2006-ին Ադրբեջանում կազմակերպվեցին բողոքի աննախադեպ ակցիաներ ընդդեմ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների։ 2006թ. ձմռանը Նարդարանում անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ այրվեցին ԱՄՆ-ի, Իսրայելի, Դանիայի, նաեւ` Հայաստանի եւ Շվեյցարիայի դրոշները։ Փետրվարի 11-ին «Ենի խաբար» քիչ հայտնի թերթը քրիստոնեական թեմաներով ծաղրանկարներ հրապարակեց, իսկ 2006-ի ապրիլին հրեական կազմակերպությունները սպառնալից նամակներ ստացան տեղական իսլամիստներից։

2006թ. ամռանը բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ընդդեմ Լիբանանում «Հիզբալլահի» դեմ իսրայելական պատերազմի, իսկ 2008թ. դեկտեմբերին` Ղազայում սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմի: Ի դեպ, հակաքրիստոնեական բովանդակություն ունեցող հակաարեւմտյան հռետորականության միջոցով են նաեւ արտահայտվում հակահայկական տրամադրություններ:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլմիրա Ախունդովայի կարծիքով` հասարակության հարաճուն արմատականացումը, որը տեղական միջավայրում ստանում է յուրօրինակ ձեւեր, մտահոգության եւ տագնապի առիթ է ստեղծում, որի դեմ իշխանությունները պետք է անհետաձգելի քայլեր ձեռնարկեն: Սակայն որքան էլ իշխանությունները փորձեն լուծել խնդիրները, միեւնույն է` քաղաքական միաբեւեռ համակարգի խորացումն ու առկա սոցիալական խնդիրները, գաղափարախոսական վակուումի պայմաններում, անխուսափելիորեն հանգեցնելու են իսլամի նշանակության աճին:

Փաստորեն, Ադրբեջանում մի կողմից` մեծանում է իսլամի ազդեցությունը հասարակական գիտակցության մեջ, մյուս կողմից` մեծանում է միջազգային իսլամական գործոնի ազդեցությունն Ադրբեջանի հասարակական գործընթացներում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր