• am
  • ru
  • en
Версия для печати
05.03.2007

Իրաքահայ համայնքը՝ նոր մարտահրավերների առջեվ

   

Արաքս Փաշայան

Իրաքի հինգերորդ էթնոդավանական խումբը (հայ համայնք)

Իրաքահայ համայնքը համալրվել է Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներով: 1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ երկրից, մի մասը հայրենադարձվեց Հայաստան:

Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է 22.000-25.000, որից շուրջ 15-17.000-ը բնակվել է Բաղդադում, մնացյալը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք և հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում: Նշված բոլոր հայաբնակ շրջաններում եղել են հայկական դպրոցներ: Համայնքում գործել են կրթական, մարզական, մշակութային և բարեգործական հաստատություններ: Հայկական պարբերականներ գրեթե չեն հրատարակվել: Իրաքահայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նրանց մեջ եղել են նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ:

Իրաքահայերը ներկայացված են լուսավորչական և կաթոլիկ համայնքներով: Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 9 եկեղեցի: Ամենամեծ եկեղեցին Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Բաղդադում կան հայկական հինգ եկեղեցիներ: Իրաքի քրիստոնյաները երկրի ընդհանուր բնակչության մոտ երեք տոկոսն են։ Նրանց մեջ ամենամեծ խումբը խալդեացիներն են, հետո` հայերն ու ասորիները։ Իրաքի քրիստոնյաների մեծ մասն ապրում է Բաղդադում, կան շուրջ 50 եկեղեցիներ։ Հայերը համարվել են թվով հինգերորդ էթնոդավանական խումբը արաբներից, քրդերից, քաղդեացիներից և թուրքմեններից հետո: 2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության մեջ նշված է, որ հայերենը կարող է օգտագործվել որպես մայրենի լեզու։

Հայերը Սադամ Հուսեյնի իշխանության շրջանում

Չնայած ավտորիտար վարչակարգի առկայությանը՝ Սադամ Հուսեյնի իշխանության շրջանում (1979-2003) հայերն ապրել են ապահով և բարեկեցիկ կյանքով։ Նրանք մեծ համարում են ունեցել նախևառաջ որպես հմուտ արհեստավորներ: Իրաքահայերը քաղաքական կյանքում որևէ դերակատարում չեն ունեցել, ինչը բնորոշ է Միջին Արևելքի հայկական գաղթօջախներին: Երկիրը միանձնյա ղեկավարում էր Արաբական վերածննդի սոցիալիստական «Բաաս» կուսակցությունը՝ ի դեմս սուննի փոքրամասնության: Երկրում հակակառավարական ամեն մի փորձ, կրոնադավանական ուղղվածությամբ ցանկացած ելույթ դատապարտված էր ձախողման և անողոք հաշվեհարդարի: Վարչակարգից դժգոհ առանձին իրաքահայեր տարբեր ժամանակներում արտագաղթել են Հայաստան կամ այլ երկրներ: Նրանցից են ֆրանսահպատակ Իշխան Մարտիրոսյանը (որը 1995-ից Հայաստանում գործող Իրաքահայերի միության ներկայիս նախագահն է) և 1970-ականներից Երևանում հաստատված իրավաբան Երվանդ Մինասյանը (ներկայումս՝ ԵՊՀ դասախոս, արաբագետ), որը նույն միության փոխնախագահն է: Սադամի իշխանության շրջանում շուրջ 16 տարի (1986-2002) բանտում է անցկացրել իրաքահայ Պերճ Կիրակոսյանը, որին անհիմն կերպով մեղադրել էին ԳՖՀ-ի համար լրտեսություն անելու մեջ:

Իրաքահայերն զգալիորեն տուժեցին իրանա-իրաքյան ութնամյա (1980-1988) պատերազմից: Մի քանի տասնյակ հայեր մահացան, իսկ մի քանի տասնյակն էլ գերի ընկան: Հայաստանի և արտերկրի իրենց հայրենակիցներին ուղղված նամակներում շատ իրաքահայեր, հավանաբար զգուշանալով պետական գրաքննությունից, գրում էին, թե Իրաքն արդար է և անպայման կհաղթի պատերազմում: Իրաքահայերի շրջանում զոհեր և կորուստներ եղան նաև Ծոցի երկրորդ պատերազմի ժամանակ, երբ 1990թ. օգոստոսին Իրաքը ներխուժեց Քուվեյթ: Ինչպես պատմում է իրաքահայ Կարապետ Հակոբ Կետիկյանը, որն այդ տարիներին Իրաքի ամենահարուստ գործարարներից էր, 1992-ին իրեն ստիպում են, որպեսզի արտասահմանյան բանկերում ունեցած հաշիվները տրամադրի իրաքյան կառավարությանը: Սակայն մերժումից հետո Կետիկյանին կտտանքների են ենթարկում, իսկ ունեցվածքը՝ բռնագրավում:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Հայաստանի և Իրաքի միջև հաստատվում են երկկողմ բարեկամական հարաբերություններ: 2001թ. Երևանում բացվում է Իրաքի դեսպանատուն, Բաղդադում՝ Հայաստանի: ՀՀ Ազգային ժողովում սկսում է գործել Իրաքի հետ բարեկամության հանձնախումբը՝ Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ:

Իրաքահայերը 2003թ.պատերազմից հետո. իսլամիստները` որպես սպառնալիք

ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացմամբ սկիզբ առած պատերազմական իրավիճակը մի կողմից ամերիկյան զորքի և ապստամբների միջև, մյուս կողմից՝ միջդավանական և միջէթնիկ հակասությունները ստեղծել են քաոսային և անիշխանության իրավիճակ, որից տուժում են ոչ միայն սուննի և շիա մահմեդականները, այլև քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը:

Քրիստոնյաների համար վտանգավոր հակառակորդ են ծայրահեղ արմատական իսլամական խմբավորումները, որոնք երկրում ստեղծված իրավիճակը համարում են պայքար իսլամական և քրիստոնեական աշխարհի միջև՝ Իրաքի քրիստոնյաներին (որպես կոալիցիոն ուժերի «դաշնակից») դարձնելով պայքարի թիրախ: Իրաքահայերը խուճապի մեջ էին հայտնվել, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղապահ ուժեր է ուղարկելու Իրաք: Հակահայկական հակազդեցությունների հավանականությունն այնպիսի մտավախության էր մատնել իրաքահայությանը, որ Բաղդադի հայկական դպրոցի տնօրեն Ծովինար Իշխանյանի խոսքով՝ բաղդադահայերը սկսել էին իրենց երեխաներին տեղափոխել այդ դպրոցից, քանի որ նրանց կարծիքով՝ հայկական դպրոցը կարող էր դառնալ ահաբեկչական գործողության թիրախ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատրյանը 2004թ. սեպտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում և դրանից առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղած նամակում տեղեկացրել էր, որ իրենք դեմ են այդ գաղափարին:

Առանձին տեղեկությունների համաձայն՝ 2003թ. ապրիլի 9-ից մինչև 2004թ. օգոստոս սպանվել են 102 քրիստոնյաներ, որոնց մի մասը՝ ալկոհոլային խմիչքներ վաճառելու կամ ամերիկացիների մոտ թարգմանիչ և կամ էլ այլ աշխատանք կատարելու պատրվակով: Դեռևս 2003թ. նոյեմբերին ահաբեկիչները Բաղդադում սպանեցին երկու հայ կնոջ, քանի որ նրանք ամերիկացիների մոտ աշխատում էին որպես լվացարարներ:

Հայկական և ազգային կառույցները` վտանգված

Հայկական ազգային կամ կրոնական կառույցները ևս զերծ չեն մնացել բռնություններից: Պատերազմից հետո Բասրայի և Քիրքուքի հայկական ակումբները կողոպուտի են ենթարկվել: 2004թ. օգոստոսի 1-ի երեկոյան Բաղդադ և Մոսուլ քաղաքներում հինգ տարբեր քրիստոնեական ուղղությունների պատկանող եկեղեցիների, ինչպես նաև Բաղդադի հայ կաթողիկե եկեղեցու մոտ պայթեցվել են ավտոմեքենաներում տեղադրված ռումբեր, ինչի հետևանքով զոհվել են 11 մարդ և տուժել 47-ը: Առաջին ռումբը պայթել է Բաղդադի Կարադա արվարձանում գտնվող հայ կաթողիկե եկեղեցու մոտ: Առաջին անգամ էր, որ Իրաքի քրիստոնյա փոքրամասնությունները ենթարկվում էին այդ մասշտաբի ահաբեկության: Նույն թվականի դեկտեմբերի 7-ի երեկոյան մի խումբ զինյալներ, ներխուժելով Մոսուլ քաղաքի հայկական եկեղեցին, ուժով դուրս են բերել պահակին և եկեղեցում գտնվող մարդկանց: Նրանք պայթուցիկ նյութեր են տեղադրել եկեղեցում: Պայթյունի հետևանքով շինությունը մեծապես վնասվել է: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Իրաքահայերը, նկատի ունենալով ահաբեկչության սպառնալիքը, որ կարող է ուղղված լինել ազգային և կրոնական կառույցներին, խուսափում են մասսայական տեղերում հայտնվելուց: Եկեղեցիների մի մասը չի գործում:

Ահաբեկչությունը` որպես կենսակերպ

Միևնույն ժամանակ, սխալ կլինի կարծել, թե իրաքահայերն ահաբեկչության զոհ են դառնում իրենց ազգային կամ դավանական պատկանելության պատճառով։ Առհասարակ, Իրաքում մարդիկ կարող են զոհվել ամեն պահի՝ շենքում, շուկայում կամ փողոցում տեղադրված ռումբի կամ ինքնասպան ահաբեկչի պայթյունից: «Ասպարէզ» օրաթերթի հաղորդման համաձայն՝ միայն 2003թ. ապրիլի 7-ից մինչև 2005թ. հոկտեմբերի վերջը բռնության զոհ են դարձել 18 իրաքահայեր, որոնցից 5-ը զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում, մյուսները` եկեղեցիներում կամ հասարակական այլ վայրերում կատարված պայթյունների կամ զինյալ խմբավորումների գործողությունների հետևանքով:

Իրաքի քաղաքացիների համար սպառնալիք են ոչ միայն ահաբեկչական խմբերը, այլև կոալիցիոն ուժերը: 2005թ. հոկտեմբերին մեր հայրենակիցներից մեկը սպանվեց ամերիկացի զինվորների կրակոցից, երբ իր ավտոմեքենայով տուն էր վերադառնում: Նա առաջին իրաքահայն էր, որ 2003 թվականի ապրիլի 9-ից հետո, այսինքն՝ Բաղդադի գրավումից ի վեր, սպանվել է ամերիկյան զինվորների կողմից:

Հանցագործ խմբերը և առկա վտանգները

Երկրում լայն տարածում են գտել հանցագործ խմբերը, որոնք առևանգում են մարդկանց՝ փրկագին շորթելու համար: Այս պարագայում էթնոդավանական պատկանելությունը դեր չի խաղում: Նման երևույթների զոհ են դարձել նաև մեր հայրենակիցները: 2005թ. ոստիկանական համազգեստով մի քանի անձինք կանգնեցրել են հայ բժշկի ավտոմեքենան՝ պատանդ վերցնելով նրան և որպես փրկագին ընտանիքից պահանջելով $75 հազար: Նույն թվականի վերջին անհետացել են երկու հայեր, մեկը՝ գործարար, մյուսը՝ ոսկերիչ: 2005թ. օգոստոսի 21-ին Բաղդադում մի խումբ գրոհայիններ առևանգել են մի կիպրահայ գործարարի, որը 130 օր հետո ազատ է արձակվել $200 հազար փրկագնի դիմաց: Առևանգող խումբը սպառնացել էր սպանել նրան, եթե այն ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, չդադարեցներ Իրաքում ամերիկյան զորքին սնունդ և խմիչք մատակարարել:

Ի դեպ, իրաքահայերից պահանջվել է տուրքեր վճարել մոջահիդներին, իսկ վճարման նվազագույն չափը սահմանվել է ըստ տվյալ ընտանիքի նյութական վիճակի: Հատկանշական է, որ իսլամիստների սպառնալիքներից վախենալով՝ 2006թ. ապրիլին Իրաքի գեղեցկության մրցույթում առաջին տեղը շահած հայուհի Թամարա Կորեկյանը հրաժարվեց ստանալ «Միսս Իրաք» տիտղոսը և փախավ Հորդանան: Մրցույթի 2-րդ և 3-րդ տեղերը շահած մահմեդական իրաքուհիները նույնպես հրաժարվեցին վերցնել առաջին տիտղոսը: Ի վերջո, այն հանձնվեց մրցույթի 4-րդ տեղը շահած մեկ այլ հայուհու՝ Սիլվա Սահակյանին:

Արտագաղթ Իրաքից

Այսօր Իրաքում կյանքը կաթվածահար վիճակում է: Հայաբնակ շրջաններից ամենավտանգավոր գոտին, թերևս, Բաղդադն է: Իրաքահայերը հայտնվել են անելանելի բարդ իրավիճակում. չկա աշխատանք, անվտանգության երաշխիք և հեռանկար՝ այդ երկրում ազգային գոյապահպանության համար: Նրանք ճարահատյալ փախչում են երկրից, հաճախ` ձեռնունայն, քանի որ արդեն գրեթե անհնար է տուն վաճառելը: Իրաքից դուրս եկած հայերը հիմնականում հաստատվել են հարևան Հորդանանում, Սիրիայում, Լիբանանում, նաև եվրոպական երկրներում (մասնավորապես՝ Հոլանդիայում), ԱՄՆ-ում: Հատկանշական է, որ իրաքահայերի արտագաղթը երկրից ուժեղացավ 2003-ից հետո, սակայն դրանից առաջ էլ` 2000-ից ի վեր, նման միտումներ արդեն կային։

Նոր բնակավայրերի ձևավորում

Բազմաթիվ իրաքահայեր (հատկապես Բաղդադից) ներկայումս տեղափոխվել և բնակություն են հաստատում առավել անվտանգ՝ հյուսիսային քրդաբնակ գյուղատիպ շրջաններում։ Դրանցից են Էրբիլի շրջանի Այն Քավա գյուղը, Դոհուքի շրջանում (Զախո քաղաքից 30կմ հեռավորության վրա) գտնվող Ավզրուք գյուղը և այլն: Մեր ունեցած տեղեկություններով՝ Իրաքում ապրող հայերի ներկա թիվն այսօր 5.000 - 10.000 է: Շրջանառվում են նաև այլ` ավելի նվազ կամ բարձր թվեր։ Իրենց նշանակությունը չեն կորցրել քրդական նախկին բնակավայրերը, հատկապես Զախոն։

Իրաքահայերը Հայաստանում

Իրաքահայերից շատերը հաստատվել են Հայաստանում: Նրանց ներհոսքը դեռևս շարունակվում է: Իրաքից Հայաստան եկողները դասվում են ժամանակավոր ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների թվին: Ներկայումս իրաքահայերի մի մասը բնակվում է վարձով, մյուս մասը հասցրել է բնակարաններ գնել: Նրանք, ովքեր այնտեղ կարողացել են, վաճառել են իրենց ունեցվածքը, դրա հնարավորությունն ունեն: Կան իրաքահայեր, ովքեր սովորում են Երևանի բժշկական համալսարանում:

Իրաքահայերից շատերը հեռանում են կամ պատրաստվում են հեռանալ Հայաստանից` սոցիալական դժվարությունների, հիմնականում աշխատանք չգտնելու պատճառով:

Հայաստանում ապաստանած իրաքահայերի ընդհանուր թվի վերաբերյալ Փախստականների և գաղթականների վարչությունը հստակ տեղեկություններ չունի: Այսօր չկա որևէ հաստատություն, որ կարողանա ստույգ ներկայացնել իրաքահայերի միգրացիոն վիճակագրությունը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում այսօր ապրում է մոտ 1000 իրաքահայ:

Հետևություններ

  • Հայոց ցեղասպանությունից հետո Իրաքում հաստատված տարագիր հայերի սերունդներն այսօր նորից բռնել են գաղթի ճանապարհը:
  • Կասկածի տակ է Իրաքում հայկական գաղութի հետագա գոյությունը: Իրաքում շարունակում են մնալ այն հայերը, ովքեր այլ երկիր տեղափոխվելու որևէ հնարավորություն չունեն:
  • Իրաքահայերն այսօր պետության և հասարակության աջակցության խիստ կարիքն են զգում:
  • Այսօր Հայաստանի տեղեկատվական դաշտում իրաքահայերին առնչվող թեմաները սուղ են: Հայ հանրությունը գրեթե տեղյակ չէ իր հայրենակիցների ճակատագրի մասին, առավել ևս, թե ինչ հոգսերով են ապրում Իրաքից մազապուրծ եղած իրենց հայրենակիցները Հայաստանում:
  • Թե՛ մեր ժողովրդի պատմության բազմամյա փորձը և թե՛ ներկայումս հայկական գաղութներում տիրող իրավիճակը մեկ անգամ ևս հաստատում են այն ճշմարտությունը, որ հայերի բնակության միակ վայրը պետք է դառնա պատմական հայրենիքը՝ Հայաստանը: Օտար հողում, ինչպես վստահ էր ժամանակին հայ հասարակական-մշակութային գործիչ Մեսրոպ Թաղիադյանը, ոչինչ պետք չէ կառուցել: Ակնհայտ է, որ Հայաստանից դուրս ազգային գոյապահպանության ցանկացած փորձ անխուսափելիորեն դատապարտված է:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր