Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ


Ռուսաստանի ղեկավարության քաղաքական բառապաշարում կոշտ եզրերի գործածման հաճախակիությունը, իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները, տարածաշրջանային կոնֆլիկտների խաղաղ լուծման վերաբերյալ բանակցությունների ներկայիս փուլի անհեռանկարությունը հետին պլան են մղել Հարավային Կովկասի ինտեգրման` որպես միասնական տարածաշրջան ձեւավորելու բոլոր տիպի ծրագրերը: Սակայն որքան էլ ներկայումս այդ գաղափարները անհիմն եւ ուտոպիստական թվան, այնուամենայնիվ, ապագան ինտեգրման ծրագրերինն է: Ցավոք, ինչպես միշտ, տարածաշրջանի երկրները եւ ժողովուրդները դրանում համոզվում են միայն բոլոր` «եսակենտրոն» էություն ունեցող հնարավորությունները փորձարկելուց հետո:
Կովկասյան տարածաշրջանը պատմության ընթացքում գրեթե միշտ, բացառությամբ համեմատաբար կարճ ժամանակահատվածների, բնութագրվել է որպես մեծ տերությունների շահերի բախման գոտի: Պատերազմները հաջորդել են իրար, ինչի հետեւանքով տարածքները մի տերության ձեռքից անցել են մյուսին` առաջացնելով փախստականների ալիքներ, վերաբնակեցում, էթնիկական զտումներ, բախումներ կրոնական հողի վրա:
Այս տխուր, շարունակական գործընթացի մեջ կարճատեւ դադարները կապված էին բախվող կողմերից մեկի կտրուկ հզորացման հետ, ինչը մյուսների ոտնձգությունները դարձնում էր անհեռանկարային:
Մեծ տերություններն իրենց պատմություններն էին գրում, որոնցում տարածաշրջանի ժողովուրդները հիշատակվում էին միայն «տհաճ պատահականությունների» պատճառով: Իսկ տեղի ժողովուրդներն էլ իրենց պատմությունն ունեին, որը վիրավորանքների եւ դեռ լուծվելիք վրեժների ցանկ էր ներկայացնում:
Հավանաբար այս ամենը գրելն իմաստ չունենար, եթե պատմությունը նորից կրկնվելու միտումներ չդրսեւորեր: Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանը նորից բացվեց մրցակցության համար: Ռուսաստանի ազդեցության թուլացմանը զուգընթաց` տարածաշրջանի նկատմամբ իրենց բնական հետաքրքրությունները սկսեցին դրսեւորել թե՛ միակ գերտերություն մնացած Միացյալ Նահանգները, թե՛ ավանդաբար իրենց արտաքին քաղաքականության օրակարգում կովկասյան ուղղություն ունեցող եվրոպական առաջնորդ պետությունները եւ թե՛ տարածաշրջանային ծանրաքաշները` Թուրքիան եւ Իրանը: Սրանց միացան նոր խաղացողներ` այս տարածաշրջանում հստակ ձեւակերպած շահեր ունեցող Չինաստանը եւ տարաբնույթ միտումներով` արաբական/իսլամական աշխարհը:
Սակայն այս ամենը տեղի էր ունենում արդեն այն պայմաններում, երբ երկու համաշխարհային պատերազմներից հետո ավերակի վերածված Եվրոպան իր մեջ ուժ գտավ որդեգրելու համակեցության նոր կանոններ:
Ձեւավորվող եվրոպական ընտանիքի ծրագրերի հիմքում ընկած էր պատերազմների կործանարար հետեւանքների ազդեցության տակ ծնված մի կարեւորագույն գաղափար` եթե ազգային պետությունների շահերի բախումը կարող է հանգեցնել անլուծելի կոնֆլիկտների, ապա բախվող շահերի օբյեկտը պետք է տեղափոխել գերպետական մակարդակ, որտեղ հնարավոր կլինի եվրոպական հանրության ընդհանուր շահի դիրքերից լուծել վիճահարույց հիմնահարցը, ընդ որում` առանց հաղթողների եւ պարտվողների:
Այս նոր մոտեցումները հատկապես կարեւոր դարձան այն պահից, երբ նախկին խորհրդային ազդեցության գոտիներում ծավալվեց նոր մրցակցություն: Շնորհիվ այդ սկզբունքների հնարավոր դարձավ խուսափել արյունահեղություններից կոնֆլիկտային բազմաթիվ գոտիներում` բացառությամբ Հարավսլավիան եւ Հարավային Կովկասը:
Եթե Հարավսլավիայում սերբերին իրենց հակառակորդների հետ մեն-մենակ թողնելը դիտարկվեց որպես Ռուսաստանի վերջնական հեռացում Բալկաններից, ապա Հարավային Կովկասում իրավիճակը բոլորովին այլ բնույթ ուներ:
Նախկին հարավսլավական տարածքներում բռնկված կոնֆլիկտները աշխարհագրական առումով շատ մոտ էին գտնվում ՆԱՏՕ-ի համակարգին պատկանող կառույցներին, այն դեպքում, երբ Հարավային Կովկասին սահմանակից էր միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն իր առջեւ դրել էր այնպիսի խնդիրներ, որոնք սկզբունքորեն տարբերվում էին հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր շահերից: Այնուամենայնիվ, Թուրքիան, հետեւողականորեն ամրապնդելով իր հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, կարողացավ որոշակի չափով դառնալ այս երկրների համար նաեւ միջնորդ (երբեմն` անցանկալի) ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
Բացի այդ, Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա Ռուսաստանն ազդելու շատ ավելի գործուն միջոցներ ուներ, ուստի նրա նահանջն այս տարածաշրջանից չունեցավ քիչ թե շատ ամբողջական բնույթ:
Հակառակը, Մոսկվան սկսեց կառուցել այլընտրանքային անվտանգության համակարգ, փորձեց ստեղծել միասնական տնտեսական գոտի, մտցնել խաղի որոշակի ընդհանուր կանոններ: Պրոբլեմն այն էր, որ Ռուսաստանն այդ ամենն անում էր միայն իր շահերից ելնելով, առանց հաշվի առնելու ԱՊՀ գործընկերների օբյեկտիվ պահանջները: Այդ ժամանակաշրջանի համար բնորոշ էին այն գաղափարները, որոնք Ա.Չուբայսը բնորոշեց որպես «լիբերալ կայսրություն»: Կայսրականությունը մնաց նաեւ հետագայի համար, սակայն լիբերալիզմը զգալիորեն զիջեց դիրքերը, ինչն իր անմիջական ազդեցությունն ունեցավ Մոսկվայի գործընկերների քաղաքականության վրա: Նրանցից մի քանիսը հրաժարվեցին ԱՊՀ-ին անդամակցելուց, մյուսները դուրս եկան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:
Բոլոր պարագաներում, Հարավային Կովկասում դիրքավորված մեծ ուժերն այն դիտարկել եւ դիտարկում են որպես միասնական միավոր եւ այդպես էլ փորձում են կառուցել իրենց գործողությունները: Այդպիսին է, օրինակ, Ռուսաստանի քաղաքականությունը` այն ձգտում է «անդրկովկասյան» բոլոր պետությունները կապել իր հետ եւ բացառել մյուս արտաքին ուժերի ներկայությունն այստեղ: Հասկանալի է, որ այս հարցում Մոսկվան զգալիորեն ուշացել է, սակայն միտումը պարզ է:
Հարավային Կովկասի նկատմամբ եվրոպական եւ եվրաատլանտյան քաղաքական ծրագրերն իրարից շատ չեն տարբերվում: Միացյալ Նահանգները, օգտագործելով հյուսիսատլանտյան անվտանգության համակարգի հնարավորությունները, տարածաշրջանի պետություններից ամեն մեկի հետ ունի հատուկ հարաբերություններ, որոնք ձեւավորվել են համաձայն այն խնդիրների, որոնք ամերիկացիները ձեւակերպել են յուրաքանչյուր դեպքի համար: Այսպես, Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առաջնային խնդիր ձեւակերպելը կապված է այն հանգամանքի հետ, որ այդպիսով Ռուսաստանն աշխարհագրական առումով գրեթե ամբողջովին անջատվում է Հարավային Կովկասից, ինչը չափազանց դժվար է դարձնում նրա հետագա անդրկովկասյան քաղաքականությունը: Բացի այդ, այդպիսով Սեւ ծովի ավազանը վերածվում է ՆԱՏՕ-ի հսկողության գոտու, ինչը, որքան էլ դրան ընդդիմանան ռուսները եւ թուրքերը, հանգեցնում է ամերիկյան անմիջական ռազմական ներկայությանն այստեղ: Եվ այս դեպքում Միացյալ Նահանգների համար առանձնապես կարեւոր չէ, թե Վրաստանը կպահպանի Հարավային Օսիան ու Աբխազիան իր կազմում, թե ոչ: Կարեւորը վերը նշված խնդիրների լուծումն է:
Այս հարցում Եվրամիության դիրքորոշումը տարբեր է: Եվրամիության հիմքում ընկած արժեքային համակարգից եւ այս միավորման ամբողջ փորձից բխում է, որ տարածաշրջանային հիմնահարցերը կարելի է եւ անհրաժեշտ է լուծել միայն տարածաշրջանային ինտեգրման միջոցով, ուստի եվրոպացիների համար էական նշանակություն ունեն բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասի միասնականությունն ամրապնդելուն:
Որքան էլ Եվրամիության ընդլայնման հետ կապված դժվարությունները դանդաղեցնեն եվրաինտեգրման տեմպերը, ԵՄ-ը, ելնելով իր սեփական շահերից, պիտի ձգտի իրականացնել «նոր հարեւանների» ծրագիրը հատկապես Հարավային Կովկասում` միաժամանակ ուղղորդելով տարածաշրջանի երկրներին իրենց խնդիրների լուծման հարցում ղեկավարվել եվրոպական մոտեցումներով: Անշուշտ, էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից հսկայական ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության իրականացման տեմպերի եւ ձեւերի վրա, բայց ոչ` մոտեցումների եւ նպատակների:
Ղարաբաղյան հակամարտության հարցը թե՛ եվրոպացիների եւ թե՛ ամերիկացիների համար տարբերվում է տարածաշրջանային մյուս կոնֆլիկտներից: Այս մասին շատ է գրվել, սակայն կարեւոր է մի հանգամանք, որն առանձնապես չի վերլուծվել: Ղարաբաղը, գտնվելով երկու տարածաշրջանային պետությունների միջեւ, անջատում է ոչ թե տարածաշրջանը, օրինակ` Ռուսաստանից կամ Իրանից, այլ մի տարածաշրջանային պետությունը մյուսից, այսինքն` ստեղծում է հնարավորություններ, այսպես կոչված, «դիսոնանսային» քաղաքականության համար, երբ մի տերություն տարածաշրջանային ներքին խնդիրների վրա մակաբուծելով` ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն այնտեղ:
Եթե Հարավային Օսիայի դեպքում կարելի է ուղղակի հանել այս կազմավորումը տարածաշրջանի կազմից` փոխելով վերջինիս սահմանների մասին եղած պատկերացումները, ապա ԼՂՀ-ի դեպքում դա անհնար է: Այս հանգամանքը անհնար է դարձնում նաեւ կոնֆլիկտի լուծման որեւէ ռազմական տարբերակ, քանի որ պատերազմի դեպքում բաժանարար գիծը, միեւնույն է, պահպանվելու է:
Ի վերջո, կողմերը, միեւնույն է, գալու են այս հիմնահարցի եվրոպական մոդելին համապատասխանող լուծումներ գտնելուն, սակայն, ցավոք, դա կլինի նոր փորձությունների, ռազմականացման հետ կապված բոլոր բացասական արդյունքների հետեւանքները տեսնելուց եւ վերապրելուց հետո միայն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]