• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2008

ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ

   

Դավիթ Հովհաննիսյան

image (medium)Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը ենթադրում է առանձին պետությունների տնտեսական զարգացման գործընթացում լրջագույն պրոբլեմներ, արդեն իսկ սկսել է դրսեւորել իր ազդեցությունը: Գաղտնիք չէ, որ տնտեսության կայուն եւ դինամիկ զարգացման հիմնական գրավականը էներգիայի անխափան մատակարարման երաշխիքն է (քանի դեռ նոր տեխնոլոգիաներ չեն ստեղծվել): Այս հանգամանքն էլ ավելի է ակտուալացնում էներգետիկ պաշարներով հարուստ պետությունների դերը, հատկապես, եթե նրանք փորձում են իրենց ինքնուրույն քաղաքականությունն իրականացնել, որը նման պայմաններում, բնականաբար, հակասում է այդ պաշարները սպառող պետությունների շահերին:

2008թ. սկիզբը դարձավ այն ժամանակաշրջանը, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման վաղուց արդեն հասունացած միտումներն իրենց շոշափելի նոր դրսեւորումները գտան: Ս.թ. փետրվարի 5-ին ամերիկյան հետախուզության տնօրեն, ծովակալ Մայքլ ՄըքՔոնելը ԱՄՆ Սենատին ներկայացրեց իր համակարգի մեջ գտնվող հատուկ ծառայությունների գնահատականներն այն վտանգների մասին, որոնք սպառնում են Միացյալ Նահանգներին, իսկ փետրվարի 6-ին պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը եւ Շտաբների հրամանատարների հանձնաժողովի պետ, ծովակալ Մայքլ Մալենը ներկայացրին Պենտագոնի հաջորդ ֆինանսական տարվա համար նախատեսվող բյուջեն: Սակայն մինչ ԱՄՆ ռազմական բյուջեի քննարկմանն անցնելը նշենք, որ նախագահ Բուշի Կոնգրես ներկայացրած բյուջեն Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ անցել է 3 տրլն դոլարի սահմանագիծը` կազմելով 3,1 տրլն դոլար: Նույնիսկ հաշվի առնելով դոլարի արժեզրկման գործակիցը` այս թիվը ռեկորդային է:

Պաշտպանության նախարարությունը պահանջել է 515,4 մլրդ դոլար, այդ թվում` 45,6 մլրդ` օդուժին, 16,9 մլրդ` ծովուժին, զամաքային ուժերին` 9,2 մլրդ, տիեզերական ռազմական ուժերի զարգացմանը` 10,7 մլրդ, գիտահետազոտական նպատակներին` 11,5 մլրդ եւ այլն: Երկու հետեւյալ տվյալները չափազանց ուսանելի են: Պենտագոնը նախատեսում է ծախսել բանակի մարտունակության մակարդակի բարձրացման համար 158,3 մլրդ, իսկ զինծառայողների բնակարանային պայմանների, բժշկական սպասարկման, աշխատավարձերի եւ կենսամակարդակի բարձրացման համար` 149,4 մլրդ: Ինչպես նշում են ամերիկյան մեկնաբանները, Միացյալ Նահանգների ռազմական ծախսերն ավելի շատ են, քան աշխարհի մնացած բոլոր պետությունների ռազմական ծախսերը միասին վերցրած: Նշենք նաեւ, որ բյուջեի այլ հոդվածներով նախատեսված է եւս 91 մլրդ դոլար` այլ բնույթի ռազմական ծախսերի, օրինակ` Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողություններ վարելու համար:

Շտաբների պետերի հանձնախմբի ղեկավարը նշել է իր ղեկավարած կառույցի երեք հիմնական ուղղությունները.

ա) ամերիկյան շահերի ապահովում Մեծ Միջին Արեւելքում,

բ) ամերիկյան զինուժի մոդեռնացում,

գ) գլոբալ կոնֆլիկտներին դիմակայելու պատրաստվածություն:

ԱՄՆ հետախուզության ղեկավարը, որպես հատուկ ծառայությունների առաջնային նպատակ, նախկինի պես նշել է միջազգային ահաբեկչական ցանցերի դեմ պայքարը` ընդգծելով, որ գլոբալացումը նոր հնարավորություններ է ստեղծել «ալ-Կաիդայի» եւ այլ նման ցանցային կազմակերպությունների համար` հատկապես կիբերհարձակումների առումով:

Առաջնահերթ սպառնալիքների թվում այս զեկույցում վերստին նշվել է միջուկային զենքի տարածումը, որտեղ ամենալուրջ վտանգների աղբյուր են համարվում Հյուսիսային Կորեան եւ Իրանը: Միաժամանակ, հատուկ ծառայությունների ղեկավարը կրկնել է, որ Իրանը 2003թ. կանգնեցրել է իր միջուկային զենքի ձեռքբերմանն ուղղված ծրագրերի իրականացումը, սակայն բացառված չէ, որ 2015թ. հետո նա, այնուամենայնիվ, կդառնա միջուկային զենք ունեցող պետությունների ակումբի անդամ: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ Հյուսիսային Կորեան, համաձայն ամերիկյան հետախուզության տվյալների, իր հրթիռային տեխնոլոգիաների մի մասը վաճառել է Իրանին եւ մի քանի այլ միջինարեւելյան երկրների, ինչն ավելի լուրջ է դարձնում հյուսիսկորեական միջուկային տեխնոլոգիաների արտահոսքի վտանգը:

Հատկանշական է, որ Ռուսաստանին, ի տարբերություն պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի զեկույցի, հետախուզության զեկույցում շատ քիչ տեղ է հատկացված: Միաժամանակ դիտորդները նշում են, որ վերջին ժամանակահատվածում այս պետության անունն առաջին անգամ է հայտնվում հետախուզության զեկույցում: Հարցը մատուցվում է հետեւյալ կտրվածքով` Ռուսաստանի, Չինաստանի եւ մի քանի նավթագազային պաշարներով հարուստ պետությունների ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս այս երկրներին ավելի էֆեկտիվ կերպով լուծել իրենց քաղաքական խնդիրները, ինչը սպառնալիք է հանդիսանում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:

Այսպիսով, դատելով թե՛ ամերիկյան ռազմական գերատեսչության բյուջեի կառուցվածքից, թե՛ հետախուզության ղեկավարի զեկույցի եզրակացություններից, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է միջազգային մամուլն այսքան սրություն հաղորդում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի քննարկումներին: Հասկանալի է, որ Կոսովոյի հարցի շուրջ եղած տարաձայնությունները եւ գործարքները որոշակի էմոցիոնալ երանգ են հաղորդել դրանց: Հասկանալի է նաեւ, որ Վ.Պուտինի մյունխենյան ճառը իր կնիքն է դրել այս քննարկումների եւ վերլուծությունների վրա: Այս ամենին պետք է ավելացնել նաեւ նախընտրական կրքերը Միացյալ Նահանգներում, որտեղ բոլոր թեկնածուներն իրենց վերաբերմունքն են դրսեւորել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հիմնահարցին (նշենք, որ այս ուղղությամբ տեսակետներն առանձնապես չեն տարբերվում):

Ուրեմն ի՞նչ է խնդիրը: Անշուշտ, երկու պետությունների միջեւ գոյություն ունեն լուրջ հակասություններ: Դրանք հիմնականում վերաբերում են ամերիկյան ծրագրերին` Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման, հետխորհրդային պետություններում ազդեցության ծավալման, ամերիկյան «երեք ծովերի համակարգի» նախագծի իրականացմանն ուղղված քաղաքական ռազմական միջոցառումներին եւ այլն: Միաժամանակ, առկա է համագործակցության անհրաժեշտությունը գլոբալ անվտանգության հետ կապված բոլոր ոլորտներում եւ հարթություններում:

Կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը պայմանավորված է նաեւ գրեթե աննկատ անցած ռուս-չինական մի նախաձեռնությամբ, որն ուղղված է տիեզերքի ապառազմականացմանը եւ արդեն իսկ մտել է ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողով` Անվտանգության խորհրդում քննարկումների համար մշակվելու նպատակով: Միացյալ Նահանգներն առայսօր եւ տեսանելի ապագայում կասկածի տակ չդրվող առավելություն ունի տիեզերքում: Այս առավելությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին հավակնել ղեկավարման այնպիսի համակարգեր ստեղծելուն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ավելի ռացիոնալ կերպով կառավարել գլոբալ ենթակառուցվածքները, այսինքն` համաշխարհային տնտեսությունը: Տիեզերքում գերիշխելով` Միացյալ Նահանգները ոչ միայն կկարողանան պաշտպանել իրենց ինֆորմացիոն համակարգերը կիբերհարձակումներից, այլ նաեւ իրենք այդ սպառնալիքի տակ կդնեն աշխարհի մյուս բոլոր պետությունների կենսապահովման համակարգերը:

Սա հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմը կապված է պետությունների զարգացման հիմնական միտումների հետ: Եթե Միացյալ Նահանգների ներկայիս կառավարող էլիտայի համար այն կապված է համակարգային տրանսֆորմացիայի գաղափարի հետ, որը ենթադրում է ամերիկյան ժողովրդավարական կաղապարի տարածում եւ որից նույնիսկ այս վարչակազմին հաջորդող որեւէ էլիտա չի կարողանա հրաժարվել, ապա Եվրամիության համար հիմնական գաղափարը` օրենքի գերակայությունն է, որը նույնպես արժեքային հիմք ունեցող մոդել է հանդիսանում եւ ուրեմն քաղաքակրթական հոսքերով տարածվում է նրա կենսական շահերի գոտիներում: Այս հակասությունները լուծելի են արեւմտյան մշակութային ընդհանրական դաշտում, սակայն մուտք գործելով եվրասիական մշակութային տարածքներ` դրանք ոչ միայն բախվում են սկզբունքային արժեքային հնչեղություն ունեցող խոչընդոտների, այլ նաեւ սրվում են հակասությունները հենց իրենց միջեւ: Արժեքային հակասությունները «իրական քաղաքականության» մեջ ստանում են զեկույցների, ելույթների, ճառերի, բայց նաեւ զորքերի եւ նավատորմերի տեղաշարժման, ռազմաքաղաքական համաձայնությունների տեսք:

Կա եւս մեկ դիտարկում. վրա հասնող համաշխարհային տնտեսական ճգնաժամին նախապատրաստվելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի սեփական տնտեսությունները նվազագույն կորուստներ կրեն: Այդ նպատակով ռազմական բյուջեն ուռճացվում է, որպեսզի ազգային ընկերություններն ապահովված լինեն պետական պատվերներով, ինչը թույլ կտա խուսափել լուրջ սոցիալական հետեւանքներից: Սակայն չար լեզուներն ասում են, որ տրանսնացիոնալ ընկերությունների հետ կապված` Բուշերի ընտանիքը նախագահական շրջանն ավարտելուց եւ Սպիտակ տունը լքելուց առաջ կատարում է այն խոստումները, որոնք տրվել էին էներգետիկ եւ ռազմարդյունաբերական հսկաներին:

Ամենայն հավանականությամբ, այս ամենն անցողիկ բնույթ ունի: Ինչպես գրում է ամերիկյան հանրաբան Ադամ Դանիել Ռոթֆելդը, «չկա որեւէ նշան, որ վկայի այն մասին, թե համաշխարհային տերություններն իրար դեմ նախահարձակման են պատրաստվում»: Բազմաթիվ կոնֆլիկտների եւ միջազգային ահաբեկչության ազդեցության հետեւանքով արմատացած անորոշության զգացումը, որը լրացվում է մեր դարաշրջանի ոգուն հատուկ անկանխատեսելիությամբ, տրամաբանորեն հանգեցնելու է առաջատար պետությունների համագործակցությանը, ինչն առաջին հերթին բխում է հենց նրանց շահերից: Անհրաժեշտություն է դարձել ձեւավորել 21-րդ դարի ինֆորմացիոն քաղաքակրթությանը համապատասխանող քաղաքական փիլիսոփայություն:

Ավարտելով` մի մեջբերում հայտնի վերլուծաբան Ռոբերտ Կուպերից. «Կա նոր աշխարհ, սակայն չկա նոր աշխարհակարգ, բայց չկա եւ նոր համաշխարհային անկարգություն»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր