ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Միացյալ Նահանգների քաղաքական ընտրանու ներսում պետության եւ հասարակության առջեւ կանգնած մի շարք կարեւորագույն խնդիրների վերաբերյալ մշտապես գոյություն ունեցող անհամաձայնությունը ներկայումս ձեռք է բերել ծայրաստիճան սուր բնույթ, ինչը հանգեցրել է այնպիսի վիճակի, երբ գործադիր իշխանությունը, այդ թվում` երկրի նախագահը, գործնականում ի վիճակի չէ ընդունել իր տեսակետից անհրաժեշտ որոշումներ։
ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին վերջերս հայտարարել է, որ Սպիտակ տունը չի կարող առանց Կոնգրեսի համաձայնության ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, իսկ Կոնգրեսը նման համաձայնություն մտադիր չէ տալ, նույնիսկ եթե նախագահ Ջորջ Բուշը նման հարցով դիմի այս մարմնին։ Միաժամանակ, բազմաթիվ ամերիկյան թինք թանքերի եւ վերլուծական կենտրոնների հրապարակումներում շեշտվում են այն վտանգները, որոնց առջեւ կկանգնի աշխարհը, եթե միջուկային զենքի տարածման վերաբերյալ ներկայումս գործող արգելքները վերացվեն։ Նույն ժամանակ Իսրայելի օդուժը ռմբակոծում է սիրիական մի օբյեկտ, որի տարածքում, համաձայն ամերիկյան եւ իսրայելական գաղտնի ծառայությունների տեղեկությունների, կառուցվում էր միջուկային ռեակտոր, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքերով` «նախկինում ռազմական նպատակների համար ծառայող, սակայն ներկայումս չգործող արտադրություն է եղել»։
Անշուշտ, Միջին Արեւելքի նման տարածաշրջանում, որտեղ թե՛ բացահայտ եւ թե՛ թաքնված բնույթ ունեցող կոնֆլիկտները բազմաթիվ են, իսկ պատերազմական գործողությունները գրեթե չեն ընդհատվում, միջուկային զենքի տարածման հիմնահարցը ձեռք է բերում չափազանց վտանգավոր բնույթ։ Միաժամանակ, նավթի եւ գազի պահանջարկի կտրուկ աճի պայմաններում էժան միջուկային էներգիա արտադրելու մտադրությունը շատ բնական է, հատկապես այնպիսի երկրների համար, որոնք ածխաջրածնային վառելիքի մեծ պաշարներ չունեն։
Այս առումով Իրանի միջուկային ծրագրերը, որոնց իրականացումն արդեն հասել է այն փուլին, որից հետո միջուկային զենք արտադրելը տեխնիկական բարդություններ չի ներկայացնի, առաջացնում է բազմաթիվ հարցեր, քանի որ Իրանի տարածքում են գտնվում համաշխարհային գազի պաշարների 16 տոկոսը եւ նավթի` 10 տոկոսը։
Մյուս կողմից, Իրանը տերություն է, որն իր ազդեցությունն ունի թե՛ միջինարեւելյան, թե՛ Պարսից ծոցի, թե՛ Կենտրոնական Ասիայի եւ թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջաններում: Այն իր տարածքով 17-րդն է աշխարհում, բնակչության քանակով` 18-րդը, ՀՆԱ ծավալով` 19-րդը, նավթի արտահանման ծավալներով` 4-րդը։ Իրանի հարեւանությամբ կան մի քանի պետություններ, որոնք ունեն միջուկային զենք, ընդ որում` Իսրայելի միջուկային զենքն իրանական կողմը գնահատում է որպես իր անվտանգության անմիջական սպառնալիք։ Այս ամենն օբյեկտիվորեն կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի Իրանի ղեկավարությունը նախաձեռներ միջուկային զենքի արտադրման ծրագրերի իրականացումը, սակայն այն կտրուկ հակազդեցությունը, որը միասնականորեն հանդես բերեցին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը, այսինքն` «միջուկային ակումբի» բոլոր անդամները, ստիպեց Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիին եւ երկրի նախագահ Ահմադինեժադին հայտարարել, որ իրենց երկիրը միջուկային զենք ստեղծելու «ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնելու»։ Հասկանալի է, սակայն, որ եթե Իրանը ինքնուրույն իրականացնի ուրանի հարստացման իր ծրագիրը, ապա ոչինչ չի խանգարի նրան անցնել միջուկային զենքի արտադրմանը, ուստի նման հայտարարությունները չեն կարող պատասխանել բոլոր ծագող հարցերին, հատկապես այն դեպքում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի հետ բանակցություններում դեռեւս չի հասել այս պետության միջուկային ծրագրերի նկատմամբ ամբողջական վերահսկման եւ թափանցիկության իրականացմանը։
Փաստորեն, ստեղծվել է բավական բարդ վիճակ, քանի որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կոշտ դիրքորոշմանը եւ նրանց առաջարկներին` ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, հակադրվում են Ռուսաստանը եւ Չինաստանը, ԱՄՆ քաղաքական էլիտայում եւս կան խիստ տարաձայնություններ այս հիմնախնդրի վերաբերյալ. իրավիճակը Իրաքում եւ Աֆղանստանում ստիպում է ամերիկյան վարչակազմին որոշակի համագործակցության հնարավորություններ որոնել եւ օգտվել այս երկրներում Իրանի ունեցած ազդեցությունից եւ հնարավորություններից, ինչը հատկապես կարեւորվում է Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների լարվածության եւ Պակիստանում տեղի ունեցող իրադարձությունների անկանխատեսելիության ֆոնին։ Բաղդադում ԱՄՆ եւ Իրանի դեսպանների բանակցությունների երկու փուլերից հետո, որոնց ընթացքում քննարկվել են հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ, գործընթացը կարող է կամ խորանալ, եւ այս դեպքում բանակցությունների ընթացքում քննարկվող հարցերը շատ ավելի լուրջ բնույթ կկրեն, կամ էլ, ելնելով ընդհանուր մթնոլորտից, ժամանակավորապես դադարեցվել, քանի որ առջեւում են 2008թ. ԱՄՆ նախագահի եւ Իրանի պառլամենտական ընտրությունները, որոնցից մեծապես կախված է, թե ինչ բնույթ կունենան այս պետությունների իշխանությունները։
Սակայն եթե պատկերացնենք, որ բանակցությունների մակարդակը բարձրացվում է եւ ձեւաչափը` փոխվում, ապա ի՞նչ փիլիսոփայական եւ ինտելեկտուալ հիմք դրանք կարող են ունենալ այն պայմաններում, երբ մի քանի տասնամյակների ընթացքում իրար վրա են կուտակվել ոչ միայն երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հակասություններ եւ լուծում չունեցող հարցեր, այլ նաեւ արմատացել է նույնիսկ իրար լսելու եւ հասկանալու հնարավորությունը մերժող, այսպես կոչված, «քաղաքակրթությունների բախման» տեսությունը: Տեսություն, համաձայն որի` արեւմտյան եւ իսլամական քաղաքակրթությունները պետք է բախվեն. տեսություն, որը կոչված էր հիմնավորելու Միացյալ Նահանգների «միաբեւեռության» սկզբունքի վրա հիմնված քաղաքականությունը։
Մեր տեսակետից, ներկա պայմաններում, երբ գրեթե անհավանական է դարձել հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծումը եւ, մյուս կողմից, չափազանց հրատապ է միջուկային զենքի տարածման հնարավորությունը կանխելու խնդիրը, միակ հնարավոր ուղին մնում է իրանա-ամերիկյան հարաբերությունների էության սկզբունքային փոփոխությունը, որը կարելի է իրականացնել մի քանի մակարդակների վրա լայնածավալ բանակցային գործընթաց սկսելով։ Բանակցությունները քաղաքական գործիչների եւ դիվանագետների միջեւ անպտուղ կլինեն, եթե նախապատրաստված չլինեն երկու հասարակություններում հարգանք եւ հեղինակություն ունեցող ինտելեկտուալների հանդիպումներով, քանի որ հիմնական խնդիրները, որոնք իմաստ ունի քննարկել այս դեպքում, աշխարհայացքային բնույթ ունեն։
Հարկ է նշել, որ ներկայումս երկու հասարակությունների ներսում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ավելի հավանական են դարձնում փոխըմբռնումը եւ արտահայտած տեսակետների նկատմամբ հանդուրժողականությունը։ Մասնավորապես, ամերիկյան հասարակության արձագանքները, որոնք հնչեցին Իրանի նախագահ Ահմադինեժադի Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորությունից հետո, վկայում են այդ մասին։ Միաժամանակ, վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած ուսանողական բողոքի ցույցերը նույնպես վկայում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում քաղաքական բեմ է դուրս գալիս նոր սերունդ, որի տեսակետները խիստ տարբերվում են ներկայիս քաղաքական ղեկավարության տեսակետներից։
Հարցը շատ հստակ է ձեւակերպված. եթե ոչ պատերազմ եւ ոչ էլ միջուկային զենքի տարածում, ապա ի՞նչ։ Միակ տրամաբանական այլընտրանքը բանակցություններն են եւ փոխզիջումների ճանապարհով հարաբերությունների կարգավորումը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]