ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

Թերեւս, առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակներում տեղի է ունենում ռուս-ամերիկյան հարաբերությունների նորովի իմաստավորման փորձ: Ամերիկյան արտաքին քաղաքականության վերջին տարիների բացահայտ անհաջողությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ մի շարք հարցերում ԱՄՆ-ը ներկայումս զգում է Ռուսաստանի աջակցության կարիքը, ակտուալացրել են այդ հարաբերությունների վերիմաստավորումը, ինչը երկար ժամանակ ամերիկյան քաղաքական էլիտային անհանգստացնող հարցերի շրջանակից դուրս էր:
Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ռուս-ամերիկյան հարաբերությունները բնութագրեց որպես բարդ եւ հակասական: Նրա կարծիքով, այս հարաբերություններում երեք հիմնական հարթություններ կան` համագործակցություն գլոբալ նշանակություն ունեցող հարցերում, առնչություններ հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանի ներքին քաղաքականության վաշինգտոնյան ընկալումը: Եվ եթե առաջին հարցի վերաբերյալ պետքարտուղարի տպավորությունները դրական են («Մենք Ռուսաստանի հետ հաստատել ենք բավական դրական համագործակցություն գլոբալ ահաբեկչության եւ գլոբալ միջուկային սպառնալիքների հետ պայքարի ոլորտում: Նույնը կարելի է ասել մեր համատեղ աշխատանքի մասին Հյուսիսային Կորեայի ուղղությամբ եւ, անկեղծ ասած, նաեւ Իրանի...»), ապա մյուս երկու հարթություններում կողմերը հեռու են փոխըմբռնումից:
Վերջերս ամերիկյան հեղինակավոր «Foreign Affairs» ամսագրում հրապարակած իր հոդվածում ամերիկյան վերլուծաբան Դ.Սայմսը փորձում է պարզաբանել այս երկու երկրների հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը: Նրա տեսակետից, Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանին վերաբերվել որպես պատերազմում պարտված երկրի: Փաստորեն, Դ.Սայմսը բարձրաձայնում է այն դիրքորոշումը, որը վերջին տարիներին, թեեւ ոչ նման հստակությամբ եւ շեշտակի ձեւակերպմամբ, սակայն հետեւողականորեն հնչեցրել են ռուսաստանյան տարբեր տիպի «դերժավնիկները», եւ որի իմաստն այն հիմնական պնդումն է, թե Ռուսաստանի Դաշնությունն ունի «մեծ տերության» կարգավիճակ եւ պետք է իր քաղաքականությամբ (խոսքն, իհարկե, հիմնականում վերաբերում է արտաքին քաղաքականությանը) հաստատի այն:
Անշուշտ, սառը պատերազմն ավարտվեց Ռուսաստանի պարտությամբ, ինչի հետեւանքներն ունեցան նաեւ այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է հաղթող կողմի ռազմական ներկայությունը պարտվողին նախկինում պատկանող տարածքներում: Դ.Սայմսը գրում է, որ ամերիկյան զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղակայվեցին Գերմանիայում եւ Ճապոնիայում` օկուպացնելով այդ երկրները, ինչը տեղի չունեցավ սառը պատերազմի ավարտից հետո: Սակայն նա մոռանում է նշել, որ այն ժամանակ ո՛չ Գերմանիան եւ ո՛չ էլ Ճապոնիան չունեին միջուկային զենքի հսկայական զինանոց, որի առկայությունն անհնար կդարձներ որեւէ այլ տիպի գլոբալ պատերազմ, բացի դրա «սառը» տարբերակից: Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ռազմական խարիսխներն ու ստորաբաժանումները տեղակայվեցին Խորհրդային Միության եւ նրա դաշնակից երկրների տարածքներում: Դժվար է ենթադրել, որ այս ամենը հայտնի չէ ամերիկյան փորձագետին, ուստի միակ եզրակացությունը, որն իրական իմաստ է ստանում, այն է, որ նա իր բավական մեծ արձագանք ստացած աշխատության մեջ փորձում է նոր գաղափարական մոտեցում առաջարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համար:
Այս նոր մոտեցման ձեւավորման դրդապատճառները հասկանալի են. դրանք մակերեսի վրա են: Միացյալ Նահանգները չափազանց մտահոգ է մի շարք խնդիրներով` Իրաքում եւ Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումներով, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում հակաամերիկյան ուժերի իշխանության գալու պրոբլեմով, Միջին Արեւելքի մի շարք հիմնահարցերում` ամերիկյան շահերի տեսակետից քաղաքական գործընթացների ոչ նպաստավոր զարգացումներով, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային ծրագրերով եւ այլն: Այս պայմաններում Միացյալ Նահանգները, բնականաբար, պետք է ձգտի Ռուսաստանի հետ հակասությունները հնարավորինս հարթել եւ համագործակցության հիմքերն ավելի նպաստավոր դարձնել:
Ռուսաստանի հետ հարաբերություններում, հավանաբար, հասունացել է այն պահը, որ ամերիկյան քաղաքական էլիտան իր կողմից հաստատի վերջինիս կարգավիճակը` որպես «մեծ տերություն»: Այստեղից, սակայն, չի բխում երբեմն արծարծվող հնարավորության մասին կարծիքը, թե Միացյալ Նահանգները կարող է կամ պետք է ձգտի Ռուսաստանը դարձնել իր դաշնակիցը: Այս վերջինը, թերեւս, կարող է հնարավոր դառնալ միայն այն դեպքում, եթե Չինաստանը հրաժարվի իր կայուն սկզբունքներից եւ ձեռնամուխ լինի իր բնական աշխարհաքաղաքական արեալից դուրս ագրեսիվ արտաքին քաղաքականության իրականացմանը, ինչը փորձագետների կողմից դեռեւս գնահատվում է որպես քիչ հավանական, սակայն նաեւ` դժվար հաշվարկելի:
Իսկ ռուս-ամերիկյան ներկա հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներն ակնհայտ են. Միացյալ Նահանգների նպատակը` ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկելու Ուկրաինան եւ Վրաստանը, ինչն անխուսափելի է դարձնում ամերիկյան ռազմական ներկայությունը Սեւ ծովում, սպառազինությունների սահմանափակմանն ուղղված մի շարք պայմանագրերի գործողության դադարեցումը, Ռուսաստանը շրջանցելուն ուղղված գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրման ծրագրերը եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնց նկատմամբ նավթագազային եկամուտների շնորհիվ իր տնտեսական ինքնուրույնությունը վերականգնած Մոսկվան ունի խիստ բացասական վերաբերմունք եւ ընկալում է բոլոր նման գործողությունները որպես կոնկրետ իր դեմ ուղղված թշնամական վերաբերմունքի դրսեւորումներ:
Ամենայն հավանականությամբ, ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդող ամբողջ ժամանակաշրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունները կմտնեն թեկնածուների կողմից քննարկվող հարցերի ցանկի մեջ: Չնայած թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական թեկնածուներն արդեն բավական ժամանակ է, ինչ սկսել են իրենց քաղաքական դեբատները, սակայն Ռուսաստանի թեման դեռեւս լրջորեն չի շոշափվել, ինչը վկայում է այս երկրի հետ հարաբերությունների հարցին Միացյալ Նահանգների քաղաքական էլիտայի վերաբերմունքի մասին:
Սակայն Մոսկվայում չափազանց ուշադիր են հետեւում ամերիկյան քաղաքական դաշտի տատանումներին եւ շատ նախանձախնդիր վերաբերմունք դրսեւորում իրենց նկատմամբ ուշադրության պակասի հանդեպ: Ամերիկյան մասնագետները սկսել են հասկանալ ոչ միայն այս մտահոգությունների պատճառները, այլ նաեւ այն լուրջ դրական դերը, որը Մոսկվան կարող է կատարել Աֆղանստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրներում, ահաբեկչական ցանցերի դեմ պայքարում եւ այլն: Սակայն, մյուս կողմից, նրանք նաեւ լավ գիտակցում են, որ ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ազդեցության գոտիներն ընդլայնվեն, իսկ Մոսկվան ձեռնամուխ լինի իր ինքնուրույն քաղաքականության իրականացմանն այն տարածաշրջաններում, որտեղից դուրս էր մղվել Խորհրդային Միությունը: Այս կարեւոր հանգամանքը նորից եւ նորից ստիպում է ամերիկյան քաղաքականության ծրագրավորողներին վերադառնալ սառը պատերազմի ավարտից հետո արձանագրված արդյունքներին եւ շարունակել անտեսել ՌԴ շահերը` խուսափելով միայն միջուկային զենքի հազարավոր միավորներ ունեցող երկրում անկայունությունից: Որպես երկարատեւ քաղաքականության հիմք` այս մոտեցումը, անշուշտ, անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ հենց իրենց` ամերիկացիների համար: Թվացող փակ շրջանից ելքերը նույնպես պարզ են, սակայն պահանջում են շատ ավելի լուրջ քաղաքական պոտենցիալ, քան այն, ինչ այսօր առկա է:
Չնայած դեռեւս անցած դարի 70-ական թվականներին գերիշխող դարձավ այն կարծիքը, թե «գաղափարախոսությունն իր մահկանացուն կնքել է» եւ համաշխարհային քաղաքականության միակ շարժիչ ուժը իրական շահերն են, սառը պատերազմի ավարտին հետեւած բոլոր իրադարձությունները վկայում են այն մասին, որ առանց հստակ գաղափարախոսության եւ այն արտահայտող իդեոլոգեմների` չափազանց դժվար է արտահայտել եւ դրսեւորել ոչ միայն պետական, այլ նաեւ խմբային շահերը:
Այն գաղափարախոսությունը, որն առաջ էր մղում Միացյալ Նահանգների շահերը, հիմնված էր «ժողովրդավարություն» իդեոլոգեմի վրա: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան ինտելեկտուալներն իրոք մտադիր էին արմատավորելով ժողովրդավարական մոդելն ամբողջ աշխարհում, դարձնել այն ավելի կանխատեսելի եւ կառավարելի: Սակայն հենց ամերիկյան հասարակության ներսում ժողովրդավարությունը ոչ այնքան իդեոլոգեմ է, որքան սոցիալական կանոնակարգման եւ կարգավորման գործիք: Ձգտելով արտահանել այս կաղապարը` ամերիկյան քարոզչական մեքենան այդ սոցիալական գործիքը վերածեց ինչ-որ գերբնական փրկության միջոցի, դիցաբանական համակարգի հիմնական միֆոլոգեմի, որն իրականացվում է ոչ այնքան գործառույթների, որքան ծիսակատարությունների միջոցով:
Ռուսաստանում խաղի կանոններն ընդունվեցին, ծիսակատարություններն ընտրությունների եւ այլ ժողովրդավարական գործառույթների իմիտացիայի միջոցով կատարվեցին: Հարցն այն է, որ այդ ամենից հետո եւ այդ ամենի արդյունքում նպատակ կա հատուցում ստանալու` պարտվողների շարքից դուրս գալով եւ, որպես հետեւանք, իրական քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ ստանալով:
Այստեղ Real politic-ը եւ դիցաքաղաքականությունը հստակ հակասության մեջ են մտնում: Ասելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելքներից մեկը Կրեմլի կողմից իրականացվող ներքին քաղաքականությունն է, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ոչ թե փորձում է Ռուսաստանում ժողովրդավարության պակասը որպես ճնշման միջոց օգտագործել պուտինյան վարչակազմի նկատմամբ, այլ իրոք հավատում է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի խառնվելու Ռուսաստանի ներքին գործերին, որպեսզի թույլ չտա «ավտորիտար կապիտալիզմի» (այսպես են բնութագրում ամերիկյան մասնագետներն այն քաղաքական համակարգերը, որոնք հաստատվել են Ռուսաստանում եւ Չինաստանում) ամրապնդումը:
Գրեթե նույն մտայնությունն է իշխում ռուսաստանյան քաղաքական սերուցքի ներկայացուցիչների մոտ, երբ նրանք շրջանառության մեջ են դնում «սուվերեն ժողովրդավարություն» հասկացությունը, որն իր էությամբ փոխզիջումային լինելով («մենք ժողովրդավարություն ենք, ինչպես որ պահանջվել է, սակայն փոխարենը դուք պետք է համաձայնեք մեր սուվերենությանը»), իրականում արտահայտում է այդ սերուցքի ձեւավորվող մտայնությունը` անկախ եւ անկաշկանդ շահույթներ ստանալու: Այս իմաստով` որքան ավելի ազնիվ է «լիբերալ կայսրություն» բնորոշումը:
Եզրափակելով` կարելի է կանխատեսել, որ չնայած հաջորդ տարի Սպիտակ տունը նոր տեր կունենա, որը ստիպված կլինի որոշակիորեն սրբագրված մոտեցումներ դրսեւորել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն այդ հարաբերությունների էությունը պայմանավորող աշխարհայացքային եւ գաղափարական հակասությունները թույլ չեն տա, որպեսզի փոխադարձ վերաբերմունքի բնույթը զգալիորեն փոխվի:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]