ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ
Մայիսի 16-ին աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Ի տարբերություն Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների հետ մինչ այդ տեղի ունեցած հանդիպումների, այս բանակցություններն աչքի ընկան իրենց փակ բնույթով: Հայտնի է միայն, որ կողմերը տարաձայնություններ են արձանագրել Կոսովոյի խնդրի լուծման մոտեցումների, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման ամերիկյան ծրագրերի վերաբերյալ, սակայն պայմանավորվել են հրապարակային բանավեճերի տոնայնությունը երկուստեք ավելի զուսպ դարձնել, քանի որ երկու երկրներում էլ հաջորդ տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Թե՛ ամերիկյան եւ թե՛ ռուսական մամուլը գրեթե չեն անդրադառնում բանակցությունների ընթացքում արծարծված մյուս թեմաներին, միայն ակնարկվում է, որ քննարկվել են նաեւ Իրաքի եւ Իրանի հետ կապված խնդիրները:
Տրամաբանական կլինի ենթադրել, որ Կոսովոյի խնդրի հետ միասին` հենց այս հարցերն են եղել բանակցությունների հիմնական թեմաները: Բանն այն է, որ մինչեւ Մոսկվա մեկնելը ԱՄՆ պետքարտուղարը մի շարք այլ բանակցություններ է վարել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Եգիպտոսի Շարմ աշ-Շեյխ հանգստավայրում նա մասնակցել է Իրաքի հարեւան երկրների, այսինքն` գրեթե ամբողջ տարածաշրջանի պետությունների արտաքին գործոց նախարարների խորհրդակցությանը, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել մասնավորապես Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլիմի հետ:
Շարմ աշ-Շեյխում Ք.Ռայսը, անձամբ չհանդիպելով Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, ղեկավարել էր ամերիկյան եւ իրանական դիվանագետների բանակցությունները, որոնց արդյունքում ձեռք է բերվել չափազանց կարեւոր պայմանավորվածություն` Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ սկսել երկու պետությունների միջեւ ուղիղ բանակցություններ դեսպանների մակարդակով, ինչը կարելի է գնահատել որպես վաղուց սպասված, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր անակնկալ: Ճիշտ է, ամերիկյան կողմն իր պաշտոնական տեղեկատվության մեջ հատուկ ընդգծում է, որ բանակցությունների ընթացքում շոշափվող հարցերի շրջանակը սահմանափակվելու է միայն Իրաքին առնչվող թեմաներով, սակայն նույնիսկ այդ պարագայում նման սահմանափակման մասին հայտարարելն ավելի շատ կարելի է գնահատել որպես ամերիկյան հասարակությանն ուղղված արդարացում (տարիներ շարունակ ԱՄՆ-ը քարոզել է Իրանի ահաբեկչական բնույթը, իսկ ներկայումս այդ ահաբեկիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ է նստելու):
Մյուս մանրամասնություններից հայտնի է միայն, որ բանակցություններ վարելու համար լիազորված է Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Քրոքերը: Ամերիկյան դիվանագետները հետեւյալ կերպ են մեկնաբանում այս որոշումը. «Իրանցիները հայտարարում են, որ իրենք ցանկություն ունեն Իրաքում կոնստրուկտիվ դերակատարություն ունենալ, եւ որ իրենք ուզում են նպաստել Իրաքում կայունության ամրապնդմանը: Հաշվի առնելով մտքերի փոխանակությունը, որը տեղի ունեցավ Հարեւանների համաժողովի ժամանակ, մենք ուզում ենք փորձարկել այդ առաջարկությունը»: Պետդեպարտամենտը նշել է նաեւ, որ բանակցությունները կապված են լինելու Շարմ աշ-Շեյխում արդեն իսկ քննարկված հարցերի հետ. սահմանների հսկողության խստացում, զինյալների եւ զենքի` Իրաքի տարածք թափանցելու հնարավորությունների կանխում, իրար հետ պայքարող իրաքյան կողմերին օժանդակության դադարեցում:
Իրանա-ամերիկյան բանակցություններն անցնելու են Բաղդադում: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեյսին նշել է, որ չնայած երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1979թ., սակայն մի քանի անգամ օգտագործվել են դիվանագիտական խողովակները տեսակետներ փոխանակելու եւ նույնիսկ համագործակցելու նպատակով: Այդպես է եղել, օրինակ, 2001թ. Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումից հետո: Բաղդադում կայանալիք բանակցությունները նույն բնույթի են, նշել է ամերիկյան դիվանագետը:
Հատկանշական է, որ արդեն մայիսի 8-ին Վաշինգտոնում կայացավ Ք.Ռայսի հանդիպումը Իրաքի փոխվարչապետ Բարհամ Սալիհի հետ, որի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարն իրաքյան ղեկավարին հանձնարարեց մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել (թվարկված հանձնարարականները նման են այն ծրագրերին, որոնք առաջարկվել էին ԱՄՆ Հանրապետական կուսակցության` նախագահի պաշտոնի թեկնածու դառնալու հավակնող քաղաքական գործիչների վերջերս կայացած հայտնի բանավեճի ընթացքում): Դրանք են` ընդունել օրենք նավթային եկամուտների բաշխման վերաբերյալ (վերոհիշյալ բանավեճի ընթացքում առաջարկվել էր այդ եկամուտները բաժանել երեք մասի, որոնցից առաջինը տրամադրել Իրաքի դաշնային բյուջեին, երկրորդը` մարզերի կամ նահանգների բյուջեին, երրորդը` հավասար բաշխել Իրաքի բոլոր քաղաքացիների մեջ, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել վերջիններիս շահագրգռվածությունը` երկրում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում), նախապատրաստել իրաքյան բոլոր նահանգներում նոր ընտրություններ(բանավեճի ժամանակ առաջարկվել էր, որպեսզի բոլոր նահանգներում ընտրվեն ինքնուրույնության մեծ աստիճան ունեցող համապատասխան նահանգային կառավարություններ. ենթադրվում է, որ այդ դեպքում շիաները կղեկավարեն շիաներին, քրդերը` քրդերին, սուննիները` սուննիներին, եւ այդպիսով հնարավոր կլինի վերջ դնել միջէթնիկ եւ միջկրոնական բախումներին), կառավարման գործընթացների մեջ ընդգրկել ԲԱԱՍ կուսակցության նախկին անդամներին, որոնց նկատմամբ ներկայումս գործում են սահմանափակումներ (բանավեճի ընթացքում նշվել էր, որ նրանց առավել փորձառու եւ բանիմաց հատվածին, որը նաեւ վայելում է բնակչության հարգանքը, անհրաժեշտ է դարձնել լոյալ ամերիկյան քաղաքականության նկատմամբ), ապահովել օրենքի արդար կիրառումը` անկախ էթնիկ եւ կրոնական պատկանելությունից եւ այլն:
Հասկանալի է, որ Իրաքում այս կարեւոր քայլերի իրականացումը պահանջում է օժանդակություն եւ փոխըմբռնում եվրոպացիների, չինացիների, ռուսների, արաբական տարբեր երկրների եւ հատկապես իրանցիների կողմից:
Այս առումով, պետք է կարծել, որ մոսկովյան իր այցի ժամանակ Ք.Ռայսը, Իրանի հետ կապված, կարծիքներ է փոխանակել եւ, հնարավորության դեպքում, ընդհանուր տեսակետներ ձեւավորել ռուսաստանյան իր գործընկերների հետ: Հիմնական խնդիրը, անշուշտ, Թեհրանի միջուկային ծրագիրն է, որն անշեղորեն իրականացվում է եւ, ինչպես եզրակացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, մոտ է իր ավարտին: Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը անմիջապես հայտարարեց, որ եթե Իրանը մեկ ամսվա ընթացքում չկանգնեցնի ուրանի հարստացման ծրագրի իրականացումը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ստիպված կլինի քննարկել այդ հարցի վերաբերյալ այնպիսի որոշման նախագիծ, որով նախատեսվում են ավելի խիստ պատժամիջոցներ: Ըստ Ն.Բերնսի, Միացյալ Նահանգներն առաջարկելու է արգելել Իրանին զենք վաճառել, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրերի հետ առնչվող պաշտոնյաներին` այլ երկրներ այցելելու համար մուտքի արտոնագրեր տրամադրել: Նա նաեւ կոչ է արել խստացնել Իրանին առնչվող ֆինանսական սահմանափակումները, կրճատել առեւտուրն այս երկրի հետ, մերժել նրան արտահանական վարկեր տրամադրելու խնդրանքները:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի տեղակալ Ռոբերտ Քիմիտը Վաշինգտոնի Միջինարեւելյան քաղաքականության ինստիտուտում կայացած իր ելույթում հատուկ անդրադարձել է այն արդյունքներին, որոնք տալիս են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Նա նշել է, որ միջազգային հասարակայնությունը սկսել է գիտակցել, թե ինչ վտանգներ է պարունակում իրանական ընկերությունների հետ համագործակցելը: Մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ճապոնիան վերջին ժամանակաշրջանում կտրուկ կրճատել են Իրանին տրամադրվող վարկերի ծավալները: Հատկապես կարեւոր է նրա մյուս հայտարարությունը. «Մենք գտնում ենք,–ասել է Ռ.Քիմիտը,–որ իրանական հասարակության խավերը, բացառությամբ նախագահ Ահմադինեժադի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այդ թվում նաեւ առեւտրական խավերին օժանդակող մոլլաները եւ ազատական ուժերը հասկանում են իրենց երկրի մեկուսացման վտանգները եւ նրա վարքագիծը փոխելու անհրաժեշտությունը»:
Կարելի է ենթադրել, որ մոսկովյան այցելության ժամանակ Ք.Ռայսը փորձ է կատարել համոզել Կրեմլին` մայիսի վերջին կայանալիք ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ամերիկյան նախագծին կողմ քվեարկել, ինչը, մեծ հաշվով, բխում է նաեւ ՌԴ շահերից. Ռուսաստանը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, որ դեմ է Իրանի այնպիսի միջուկային ծրագրերի իրականացմանը, որոնք կարող են հանգեցնել ձեւավորված ուժերի հաշվեկշռի խախտմանը:
Ինչեւէ, կարելի է եզրակացնել, որ մինչեւ նախագահական ընտրությունները մնացած մոտ մեկ եւ կես տարվա ընթացքում Միացյալ Նահանգների քաղաքականությունը նոր իմաստներ եւ երանգավորումներ կստանա` դառնալով ավելի ճկուն եւ նախաձեռնող նաեւ մյուս տարածաշրջաններում:
Այս ամենը բնավ չի բացառում հաղթական կարճատեւ հարվածներն այն թիրախներին, որոնք ամերիկյան հասարակության ընկալումներում արտահայտված են որպես սպառնալիք, սակայն այս հնարավորությունը, այնուամենայնիվ, ավելի տեսական բնույթ է կրում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]