• am
  • ru
  • en
Версия для печати
11.02.2008

2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Руский

   

Դավիթ Հովհաննիսյան

2007 (small) Ցանկացած վերլուծաբանի կողմից իրադարձությունների կարեւորումը պայմանավորված է նրա դիրքորոշմամբ, իսկ դիրքորոշումը ձեւավորվում է երկու հիմնական կատեգորիաների` ժամանակի եւ տարածության ազդեցությամբ: Հասկանալի է, որ տեսականորեն հայաստանցի փորձագետի համար կարող են շատ հետաքրքիր լինել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի քաղաքական հայացքները, նրա ընդունած որոշումները, հարաբերությունները Միացյալ Նահանգների, Իսպանիայի եւ Կուբայի ղեկավարների հետ: Սակայն առաջին հայացքից դրանք ՀՀ ոչ արտաքին եւ ոչ էլ ներքին քաղաքականության հետ կապ չեն կարող ունենալ, ուստի` ակտուալ չեն: Բայց այդպես է թվում միայն առաջին հայացքից:

Բանն այն է, որ գործընթացների փոխկապակցվածությունը ներկայիս տեղեկատվական համակարգերի շնորհիվ այնքան մեծ է դարձել, որ նույնիսկ Հայաստանից այդքան հեռու գտնվող երկրում կատարվող դեպքերը եւ զարգացող գործընթացներն իրական ազդեցություն ունեն նաեւ մեզ վրա, ընդ որում այդ ազդեցությունն ունի տարբեր դրսեւորումներ` արժեքային, գաղափարական, աշխարհաքաղաքական եւ այլն: Եթե վերը ձեւակերպված միտքը հիմնավորման կարիք ունի, ապա բավական է հիշել միայն երկու փաստ` Վենեսուելան եւ Բելառուսը լայն տնտեսական համագործակցության ծրագիր են իրականացնում (հիշեցնենք, որ Բելառուսը ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ է, այսինքն` այն համագործակցության եւ անվտանգության համակարգերի, որոնց անդամն է նաեւ Հայաստանը), Վենեսուելան եւ Իրանը, բացի համագործակցությունից բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ-ում եւ ՕՊԵԿ-ում, նույնպես իրականացնում են լայնածավալ տնտեսական համագործակցություն, իսկ Իրանը մեր անմիջական հարեւանն է:

Այս առումով բավական դժվար է առանձնացնել այն բոլոր կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ` 2007թ. ընթացքում, քանի որ դրանք բոլորն էլ այս կամ այն չափով ազդում են մեզ վրա եւ առնչվում մեզ հետ: Անշուշտ, ամենաէական չափանիշը այն ազդեցությունն է, որ այդ իրադարձություններն ունեցել են Հայաստանի, հայաստանցիների եւ հայության հետ կապված էական խնդիրներում:

Այս տեսակետից, իր հետագա դերակատարության եւ ազդեցության առումով, հավանաբար, ամենանշանակալիցը Կոսովոյի հարցի ակտուալացումն էր: Միացյալ Նահանգների նեոպահպանողական ղեկավարության եւ նրա եվրոպական գործընկերների ջանքերը բալկանյան հանգույցներից վերջինի լուծման ուղղությամբ նշանավորում են «Ազատության սահմաններ» լայնորեն գովազդված ծրագրի ավարտական փուլը: Կոսովոյի անկախության արձանագրումը եւ ճանաչումը համաշխարհային քաղաքականության տեսանկյունից նշանակում է «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայի քարտեզի վերջնական ձեւավորում, որից հետո ձեռք բերված քաղաքական եւ տնտեսական համասեռությունն ավանդականորեն ընկալվող անվտանգության համակարգի առումով հստակ է դարձնում Եվրամիության հեռանկարները (խոսքն, անշուշտ, չի վերաբերում միգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հիմնախնդիրներին):

Մյուս կողմից` Կոսովոյի հիմնահարցի նշված եղանակով լուծումը «երեք ծովերի համակարգ» ամերիկյան ծրագրի կարեւոր տարրերից է:

Այն, որ Կոսովոյի անկախության ձեռքբերման դեպքում շատ բան է փոխվելու մյուս հակամարտությունների հետ կապված մոտեցումներում` փաստ է, որքան էլ որ տարբեր արեւմտյան երիտասարդ դիվանագետներ հայտարարեն, թե Կոսովոյի դեպքն ունիկալ է: Իրականում ոչ մի ունիկալություն էլ չկա, տարբերվում են միայն հակամարտություններում ուղղակիորեն չընդգրկված ուժերի դասավորվածությունը եւ հարաբերակցությունը: Այս տարբերությունն ընդգծում է նաեւ բավական հեղինակավոր ադրբեջանցի քաղաքագետ Սեյիդովը, որի տեսակետից Կոսովոյի հիմնախնդրի առանձնահատկությունն այն է, որ «հակամարտության անմիջական կողմ է հանդիսանում ՆԱՏՕ-ն` ամենակարող եւ այսօր այլընտրանք չունեցող ռազմաքաղաքական կազմակերպությունը: Միջազգային իրավունքի կիրառումը Կոսովոյի դեպքում չի կարող իրականացվել առանց հյուսիսատլանտյան դաշինքի հեղինակությանը հարված հասցնելու, եւ Արեւմուտքի համար միայն այս փաստարկը բավական է, որպեսզի միջազգային կանոններից բացառություն կատարվի»:

Գանք Ռուսաստանին, որտեղ եւս անցած տարվա ընթացքում բավական լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել: Վերջին տասնամյակներին Ռուսաստանը երբեք այնքան կայուն եւ վստահ չի եղել, որքան անցած տարվա ընթացքում, որի սկիզբն արդեն նշանավորվեց ՌԴ նախագահ Վ.Պուտինի մյունխենյան ճառով: Ֆինանսատնտեսական եւ սոցիալական կայունությունը ներկայումս հնարավորություն է տալիս Կրեմլին բազմաչափ սակարկությունների մեջ մտնել աշխարհի ուժեղների հետ: Նավթագազային եկամուտներն այսօր թույլ են տալիս Մոսկվային թարմացնել իր ռազմական եւ քաղաքական զինանոցները, որի հիմնական նպատակն է` վերականգնել Ռուսաստանի ազդեցությունն իր կենսական շահերի գոտիներում: Մոսկվան այսօր ավելի ճկուն է իր քաղաքական նպատակներին հասնելու միջոցներում. այն օգտագործում է թե՛ իր էներգետիկ ռեսուրսներից մյուսների կախվածությունը, թե՛ այլ պետությունների տարածք ֆինանսական եւ տնտեսական թափանցման հնարավորությունները եւ թե՛ ռազմական ներկայությունը: Այս վերջին գործոնի օգտագործման տեսանկյունից հատկանշական է ռուսական նավատորմի հայտնվելը Միջերկրական ծովում, ինչը տեղի չէր ունեցել Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Այս քայլը խորհրդանշում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը երկրագնդի ռազմավարական առումով, թերեւս, ամենակարեւոր տարածաշրջանում եւ ակնարկում է այս երկրի` «երեք ծովերի համակարգ» ամերիկյան ծրագրի իրականացմանն ընդդիմանալու վճռականության մասին:

Ռուսաստանի կայունությունը եւ քաղաքականության շարունակականությունն ապահովող քայլ է համարվում Դ.Մեդվեդեւին պաշտոնականորեն «թագաժառանգ» նշանակելը` մի քայլ, որը, չնայած նախագահ Վ.Պուտինի բարձր վարկանիշին, հենց Ռուսաստանի ներսում միանշանակ չի ընկալվում, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ Պուտինը կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը:

Ինչեւէ, Ռուսաստանը ներկայումս կարողանում է հաջողությամբ հակազդել իրեն մեկուսացնելու եւ շրջանցելու բոլոր ծրագրերին, ինչն արտահայտվում է, օրինակ, Կասպյան ավազանի նավթային եւ գազային պաշարների համար պայքարում ռուսական ծրագրերի բարեհաջող ընթացքով:

Ռուսաստանի ազդեցության աճը հատկապես լուրջ է իրեն զգալ տալիս մեր հարեւան պետությունների` Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի հետ կապված հիմնախնդիրներում:

Անցած` 2007թ. նոյեմբերի դեպքերից հետո Վրաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հնարավոր եղավ մեղմացնել միայն նախագահ Մ.Սահակաշվիլու` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշմամբ (ամերիկյան խորհրդականների շնորհիվ), ինչը նշանակում էր, որ «վարդերի հեղափոխությունից» հետո առաջին անգամ երկրում ձեւավորվել է իշխանություններին հակադրվող լուրջ ուժ: Անշուշտ, վրացական ընդդիմությունը չափազանց խայտաբղետ է, եւ նրա մաս կազմող ուժերը` իրարից տարբերվող, սակայն նրանց գործողությունների շնորհիվ պետությունն ավելի խոցելի է դառնում, ինչը հնարավորություն է տալիս ռուսներին վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ փորձել ամրապնդել իրենց ազդեցությունն այս երկրում: Վրաստանը Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է ոչ միայն բոլորին հասկանալի եւ բազմիցս նշված պատճառներով` ԱՊՀ եւ ՀԱՊԿ ամբողջականացում, կոմունիկացիոն ընդհատված ուղիների վերականգնում, ՆԱՏՕ-ի ընդլայնման կասեցում եւ այլն, այլ նաեւ սեւծովյան ռազմավարական դիրքերի վերականգնման տեսակետից: Եթե Վրաստանը ՆԱՏՕ-ի միջամտությամբ կարողանում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ապա Սեւ ծովը դառնում է գրեթե ամբողջովին նատոյական, ինչը զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի ռազմավարական դիրքը եւ նվազեցնում «երեք ծովերի համակարգի» ծրագրին վերջինիս դիմակայելու հնարավորությունները:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս, չնայած Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հրեական լոբբիի դիմադրությանը, ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի գնահատականի հրապարակումից հետո (համաձայն որի` Թեհրանը դեռեւս 2003թ. աշնանը կասեցրել էր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը) բավական լավ հնարավորություններ է ձեռք բերել իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակից առանց մեծ կորուստների դուրս գալու համար: Ներկայումս, երբ Միացյալ Նահանգներում ծավալվում է անկանխատեսելի նախագահական մրցավազք, կարելի է գրեթե բացառել ռազմական բախման հնարավորությունը: Սա նշանակում է, որ Իրանը հնարավորություն է ստանում ավարտին հասցնել իր միջուկային ծրագրի առաջին փուլը, որը, սակայն, չի ներառում ուրանի հարստացման տեխնոլոգիայի ամբողջականացումը: Հետաքրքիր եւ հատկանշական է, որ այս պայմաններում ռուսական աղբյուրները թույլ են տալիս մի չափազանց մեծ նշանակություն ունեցող ինֆորմացիայի արտահոսք: Այն վերաբերում է Իրանի եւ ՌԴ միջեւ արդեն գրեթե կնքված պայմանագրին` Թեհրանին հինգ դիվիզիոն S-300 հրթիռային համալիրներ վաճառելու վերաբերյալ: Հակաօդային պաշտպանության նման հնարավորությունները (եթե պայմանագիրն, իհարկե, կնքվի) կարող են թույլ տալ Իրանին շատ ավելի վստահորեն բանակցել իր ընդդիմախոսների հետ:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները 2007թ. ընթացքում շարունակում էին մնալ լարված, ինչի ոչ ուղղակի վկայությունը եղավ այն, որ ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախումբն ընդունեց Ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւը: Միացյալ Նահանգները եւ Թուրքիան տարբեր լծակներ են օգտագործում միմյանցից զիջումներ պոկելու համար: Թուրքիան չափազանց կոշտ արտահայտություններ էր թույլ տալիս իրեն` Իրաքում ամերիկյան քաղաքականության հասցեին, ինչը հասկանալի է, քանի որ Անկարան, բացի քրդական վտանգից պաշտպանվելը, բավական մեծ հույսեր ունի իրաքյան Քուրդիստանում գտնվող նավթի պաշարների կամ գոնե դրանց մի մասի նկատմամբ իր հսկողությունը հաստատելու հետ կապված: Այս հակասությունների ուղղակի արտահայտությունը եղան թուրքական բանակի գործողություններն Իրաքի տարածքում, ինչն ամերիկյան քաղաքական ղեկավարությունը ստիպված էր հանդուրժել` գնահատելով Թուրքիայի նշանակությունը տարածաշրջանում եւ նրա հնարավորությունները ամերիկյան ծրագրերի իրականացմանը դիմադրելու տեսակետից:

Հակասությունները Իրաքով չեն սահմանափակվում: Թուրքական քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը կտրականապես դեմ է արտահայտվել Սեւ ծովում ամերիկյան ռազմական ներկայության հնարավորության վերաբերյալ:

Միացյալ Նահանգներին մտահոգում են արագորեն զարգացող ռուս-թուրքական քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարաբերությունները: Վաշինգտոնյան քաղաքական ծրագրավորման մասնագետները թուրք-ամերիկյան հարաբերություններում իրավիճակը շտկելու առումով, ի թիվս այլ քայլերի, կարեւորում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

2007թ. ընթացքում, ինչպես եւ միշտ, տեղի են ունեցել բազմաթիվ մեծ եւ փոքր իրադարձություններ, որոնց հիմնական տրամաբանությունը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. աճել է լարվածությունը, դաշինքների տրամաբանությանը վերադառնալու միտում է նկատվում, ինչը, սակայն, դեռեւս լուրջ դիմադրության է հանդիպում, կասեցվել են կայունությունն ապահովող մի քանի պայմանագրեր, իրենց մասին նորից խոսել են տալիս ձախ սոցիալիստական գաղափարախոսության տարբեր մոդիֆիկացիաներ: Սակայն, ըստ մեզ, ամենակարեւոր եւ լուրջ հետեւանքներ ունեցող իրադարձությունները եւ գործընթացները վերը նշվածներն էին:

Հայաստանի արտաքին քաղաքական նշանակության աճի առումով չափազանց կարեւոր են Իրան–Հայաստան գազամուղը, ուրանի արդյունահանման եւ նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը, որոնց շնորհիվ մեր երկիրը կարող է մնալ այս տեխնոլոգիային տիրապետող սակավաթիվ պետությունների շարքում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր