• am
  • ru
  • en
Версия для печати
17.10.2012

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը և հակահայկական գործունեությունը ազգային անվտանգության և ռազմավարության տեսանկյուններից մեծ կարևորություն է ներկայացրել և շարունակում է ներկայացնել ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված Ադրբեջանի Հանրապետության պետականաշինության գործում Թուրքիայի դերակատարումը միշտ մեծ է եղել։ Տարիների ընթացքում պետականորեն հռչակվեց ադրբեջանա-թուրքական բարեկամության «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։

«Եղբայր պետություններին», ի թիվս այլ ընդհանրությունների, միավորում է, ինչպես իրենք են որակում, «ընդհանուր թշնամու» գոյությունը՝ ի դեմս հայերի, և այդ համագործակցության կարևոր մաս է կազմում հակահայ գործունեությունը տարբեր մակարդակներում։

Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ, զինադադարի կնքումից հետո ևս Թուրքիան ամեն կերպ միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։

Թուրք-ադրբեջանական արտասահմանյան կառույցները հետևողական գործունեություն են ծավալում միջազգային հանրության շրջանում հայերի բացասական կերպարի ձևավորման ուղղությամբ, ինչն էլ հիմք է հանդիսանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի խափանման և ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային իրավական դաշտում ադրբեջանամետ բանաձևերի ընդունման համար։

Հաճախ խոսելով հակահայկական քաղաքականության մասին՝ շատ հետազոտողներ զատում են ադրբեջանական քաղաքականությունը թուրքականից։ Որոշ դեպքերում ոչ բացահայտ, իսկ հաճախ բացահայտորեն դրանք կապված են միմյանց հետ, և դրանք իրարից զատ դիտարկելով՝ ի սկզբանե սխալ են կառուցվում մեր մոտեցումները հակահայ քաղաքականությանը դիմագրավելու առումով։

Պետական մակարդակով իրականացվող հակահայ գործունեության ոլորտում երկուստեք ներդրվել և ներդրվում են զգալի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։ Այնպես որ, հակահայ գործունեությունը կրելու է երկարատև բնույթ, և Հայաստանի համար կարևոր խնդիր է համապատասխան ռազմավարության մշակումը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված որոշ քայլերին, դեռևս շատ անելիքներ ունենք հակահայ դաշինքին հակազդելու համար։

Արդյունավետ հակազդեցության համար հատկապես պետք է հիմնվել այն ոլորտների վրա, որտեղ մենք առավելություն կարող ենք ունենալ։ Հոդվածում դիտարկում ենք հնարավոր երեք մակարդակները` իրավական, քարոզչական և քաղաքական՝ կենտրոնանալով վերջինիս վրա։

Իրավական ոլորտում փաստարկների ճիշտ ներկայացման դեպքում կարող ենք առավելություն ունենալ։ Անհրաժեշտ է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերը տեղափոխել իրավական դաշտ և դրանցում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ: Այս մակարդակում կարելի է գործունեությունն իրականացնել՝ կապված Ցեղասպանության հարցը միջազգային ատյաններում, օրինակ՝ ՄԱԿ միջազգային դատարանի քննությանը հանձնելու հնարավորության1, հայկական պատմամշակութային ժառանգության և հայկական խորհրդանիշերի հանդեպ ադրբեջանական և թուրքական ոտնձգությունները՝ մշակութային ցեղասպանությունն2 իրականացնելու համար Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորության, 1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի օրինականության խնդրի հետ3։

Այս մակարդակում հակազդեցություն կազմակերպելու համար անհրաժեշտ է տեղում պատրաստել միջազգային իրավունքի մասնագետներ, ինչպես նաև համագործակցել սփյուռքի իրավաբանների4 հետ, որոնք արդեն այս խնդիրներում որոշակի հաջողությունների են հասել։

Քարոզչական առումով կարևոր է ներքին դաշտի կանոնակարգումը, ինչպես նաև մեր տեսակետները և դիրքորոշումները ներկայացնող գիտաքարոզչական հոդվածների տպագրությունն արտասահմանյան թերթերում, օտարալեզու գրականության ստեղծումը, համացանցի միջոցով դրանց տարածումը. այդ ճանապարհով հայկական տեսակետները կմատուցվեն միջազգային լսարանին։

Այս մակարդակում թուրք-ադրբեջանական քարոզչությանը դիմագրավելու ուղղությամբ մեր կողմից արդեն իսկ որոշ քայլեր արված են. հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր5, նկարահանվել են փաստավավերագրական ֆիլմեր6 ՝ քողազերծելու ադրբեջանական և թուրքական կեղծիքները։ Քարոզչական մակարդակում կարևոր քայլը համապատասխան կայքերի ստեղծումն է, քանի որ այժմ հենց համացանցն է հանդիսանում ինֆորմացիայի գլխավոր աղբյուրը։ Այդպիսի կայքերից կարելի է նշել Այլատյացության կանխարգելման նախաձեռնության կողմից OpenArmenia.com ֆորումի մասնակիցների հետ համագործակցությամբ ստեղծված 7 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, պարսկերեն) Xocali.net և Xocali.tv, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) քառալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն) genocide-museum.am, եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) maragha.org, կայքերը։ Իր տեսակի մեջ հետաքրքիր կայք է 2012թ. մայիսից գործող երկլեզու (ռուսերեն, անգլերեն) azerichild.info կայքը7:

Քաղաքական մակարդակում հակառակորդին հակազդելու համար կարևոր է նրա խոցելի կետերի հայտնաբերումը. այս դեպքում այդպիսին կարող են լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների վերհանումը։ Առաջին հայացքից թվում է, թե «երկու եղբայրների» միջև հակասություններ և խնդիրներ չկան, սակայն ավելի խոր ուսումնասիրությունը թույլ տվեց բացահայտել որոշ խնդիրներ։

Հայ-թուրքական արձանագրությունները և Ադրբեջանը։ 2008թ. սկիզբ դրված հայ-թուրքական երկխոսությունն ակնհայտորեն վրդովեց Ադրբեջանին, լարվածություն ստեղծեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ճգնաժամը ստացավ «դրոշների պատերազմ»8 («դրոշների ճգնաժամ») անվանումը։ Երկու երկրներում արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը հանդարտեցրեց իրավիճակը, այնուամենայնիվ, Հայաստանի կողմից այս գործընթացի ակտիվացումը կրկին կարող է սրել իրավիճակը։

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները և Թուրքիան։ Երբեմնի դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում 2008թ. ի հայտ եկած լարվածությունից հետո Թուրքիան պահանջեց Ադրբեջանին համարժեք պատասխան տալ և վերանայել իր դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ ինքը կանգնել էր եղբայրական Ադրբեջանի կողքին և փակել Հայաստանի հետ սահմանը, ուստի եղբայր պետության խնդիրը պետք է լինի նաև Ադրբեջանի խնդիրը։ Ադրբեջանի երկընտրական դրությունը կարող է շահավետորեն օգտագործվել Հայաստանի դիվանագիտության և առհասարակ քաղաքականության մեջ։

Քրդական գործոնը։ Շատ փորձագետների կարծիքով՝ քրդական հարցը Թուրքիայի ցավոտ խնդիրներից է։ Այնինչ, Ադրբեջանը քրդական ուժերի հետ համագործակցության քայլեր է անում։ Այսպես, համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ 2006-2008թթ. Իրաքից և Թուրքիայից Ադրբեջանի տարածք տեղափոխվեց մոտ 70 հազար քուրդ, որոնց բնակեցրին Ղազախում, Գանձակում (Գյանջա), Խանլարում, Նախիջևանում և այլուր9։ Ադրբեջանում, տարբեր տվյալների համաձայն, քրդերի թիվը տատանվում է 200-500 հազարի սահմաններում10։ Այս ճանապարհով Ադրբեջանը լուծում էր իր ժողովրդագրական խնդիրները:

Վերջին տարիներին ադրբեջանական մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է «Ադրբեջանի քրդացման» մասին: Հարևան երկրի մի քանի տարածաշրջաններում, այդ թվում` Գյանջայում և հարակից տարածքներում, «քրդերն ունեն ազդեցիկ բիզնես-հենարաններ»: Տեղեկություններ կան նույնիսկ, որ Ադրբեջանում «PKK-ն ունի հարկահավաքության սեփական ցանց»: Թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա քրդական խնդրի մասին վկայող փաստ է «Մոնիտոր» հանդեսի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը։ Վարկածներից մեկն այն էր, որ իշխանությունները Հուսեյնովից վրեժխնդիր են եղել PKK-ի և կառավարող վարչախմբի կապերի մասին լրագրողական հետաքննության համար11:

Հյուսիսային Կիպրոսի ճանաչման խնդիրն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա չլուծված մեկ հարց ևս։ Ադրբեջանը պարբերաբար մեղավոր կեցվածք ընդունելով՝ արդարանում է, որ, չնայած Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու մեծ ցանկությանը, պաշտոնապես չի կարող դա անել։ «Եթե մենք ճանաչենք Հյուսիսայն Կիպրոսը, 10-15 երկիր կարող են ճանաչել Լեռնային Ղարաբաղը», 2011թ. հուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը»12։ Այս խնդիրը Հայաստանի դիվանագիտական և տեղեկատվական քաղաքականության համար լուրջ պոտենցիալ ունի։

Թուրքիայի քաղաքականությունը և Նախիջևանը: Փաստերը ցույց են տալիս, որ հատկապես վերջին տասնամյակում Թուրքիան կարողացել է ապահովել քաղաքական ու տնտեսական զգալի ներկայություն Նախիջևանի ինքնավարությունում13, ինչը պետք է որ լրջորեն մտահոգի Բաքվի իշխանություններին, քանի որ Բաքուն աստիճանաբար կկորցնի առանց այն էլ թույլ վերաhսկողությունն այս տարածքների նկատմամբ։ Այս հարցը զգայուն է հատկապես Իրանի վարած «ճնշման» քաղաքականության պայմաններում, ինչից կարող է օգուտներ քաղել նաև Հայաստանը. 2012թ. մայիսի 22-ին Իրանը սահմանափակել է ադրբեջանական բեռնատարների մուտքն իր տարածք, իսկ բենզինի և դիզվառելիքի բեռնատարներն ընդհանրապես մուտք չունեն:

Ադրբեջան-Թուրքիա. տարաձայնություններ գազի գնի շուրջ։ Բաքուն և Անկարան երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ Թուրքիա արտահանվող գազի գնի հետ կապված։ Անկարան բողոքել էր, որ ադրբեջանական գազի դիմաց իր կողմից վճարվող գինը անարդարացի է: Բանակցությունները ծավալվում են դեռևս 2008թ. ապրիլից։ Բազմափուլ բանակցություններից հետո համաձայնության չգալով՝ Իլհամ Ալիևը 2009թ. հոկտեմբերին հայտարարեց, որ «Բաքուն դիտարկում է արտահանման այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ գազի արտահանում Ռուսաստան, Իրան և Բուլղարիա»14: 2011թ. հոկտեմբերին երկու երկրները կարծես թե համաձայնության եկան այս հարցի շուրջ։ Նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ նաև ապագայում, և ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրանք արդյունավետ օգտագործելու համար։

Ֆրանսիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և Ադրբեջանը։ Թուրքիան բոլորովին այլ վերրաբերմունք էր ակնկալում Ադրբեջանից՝ կապված այս օրինագծի հետ15։ Որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով խնդրին, նշեցին, որ Ադրբեջանն իրեն «եղբորը» վայել վերաբերմունք ցույց չտվեց։ Թեև ԱԳՆ-ն և մեջլիսը, ինչպես նաև ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչները, հանդես եկան համապատասխան հայտարարություններով, այնուամենայնիվ, նախագահ Ալիևը «անհայտ պատճառներով լռություն պահպանեց»։ Hurriyet պարբերականի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի կարծիքով՝ «Թուրքիան իրավունք ունի ակնկալել Ադրբեջանի աջակցությունը, քանի որ հենց Ադրբեջանի պատճառով մենք վերջին պահին հրաժարվեցինք հայ-թուրքական արձանագրություններից։ Եթե դրանք կյանքի կոչվեին, Ֆրանսիայի Սենատն այդ օրինագիծը չէր ընդունի»16։ Ավելին, օրինագծի ընդունման օրը Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության և Ֆրանսիայի տնտեսական զարգացման գործակալությունների միջև համաձայնագիր կնքվեց՝ կապված Ադրբեջանում FIA (Federation Internationale de L’Automobile) ընկերության գործունեության հետ17։ Այս քայլը զայրացրել է Անկարային, որը պատրաստվում էր պատժամիջոց կիրառել Ֆրանսիայի նկատմամբ։ Ցանկացած այդպիսի առիթի դեպքում Թուրքիան չի զլանում Ադրբեջանին հիշեցնել, որ հենց նրա պատճառով է փակ պահում սահմանը Հայաստանի հետ՝ քաղաքական ճնշման ենթարկելով Ադրբեջանին։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա են հակասություններ, որոնք, ի վերջո, կարող են լուրջ հետևանքներ ունենալ, թուլացնել այդ միությունը։ Չնայած երկու երկրները տեղեկատվական դաշտում շրջանառում են էթնիկ, հոգևոր-մշակութային կապի, «ընդհանուր պատմական անցյալի» մասին նյութեր, այնուամենայնիվ, դրանք ունեն իրենց ազգային շահերը և հավակնությունները։ Մի կողմից՝ Թուրքիան իր «եղբորը» չի պատկերացնում հավասար դիրքերում, ինչը հատկապես երևում է միջազգային հարթակում, մյուս կողմից՝ Ադրբեջանում ձևավորվել է, այսպես ասած, «փոքր եղբոր» բարդույթը։

Այս խնդիրը քննարկման թեմա է դարձել ադրբեջանական ֆորումներում։ Օգտատերերից մեկի կարծիքով՝ պատճառն այն է, որ «Ադրբեջանը, ազատվելով «մեծ եղբորից»՝ ի դես ԽՍՀՄ-ի, ձեռք բերեց մեկ այլ «ավագ եղբայր»՝ ի դեմս Թուրքիայի, որին պետք է իր ազդեցության գոտու ընդլայնում, սպառման շուկա իր արտադրանքի համար և հեշտ կառավարվող «փոքր եղբայր»18։

Թուրքիան ներկայացված է Ադրբեջանի բոլոր ոլորտներում. այս փաստը վկայում է այն մասին, որ Թուրքիան լուրջ վերահսկողության տակ է պահում Ադրբեջանին և լծակներ ունի Ադրբեջանի վրա ներազդելու համար։ Ադրբեջանն այժմ բոլոր բնագավառներում էքսպանսիայի է ենթարկվում Թուրքիայի կողմից. չկա ոլորտ, որտեղ Թուրքիան իր ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը չունենա՝ ռազմականից մինչև մշակութային։

Թուրքիան դեռևս կարողանում է Ադրբեջանին համոզել, որ այն, ինչ անհրաժեշտ է իրեն, շահեկան է նաև Ադրբեջանի համար։ Այնինչ, հաճախ Ադրբեջանին աջակցելու քողի տակ հետապնդում է սեփական շահերը։ Սակայն ի վերջո Ադրբեջանը կարող է հոգնել մշտապես Թուրքիայի ստվերում գտնվելուց, կառավարվող պետություն լինելուց։ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում իր կամքն է թելադրել Ադրբեջանին, սակայն այն արդեն նորաստեղծ պետություն չէ, ինչպիսին էր 20 տարի առաջ. Ադրբեջանն իր էներգառեսուրսների հսկայական պաշարների շնորհիվ կարող է մեծ հավակնություններ ունենալ, ձգտել առավել մեծ ինքնուրույնության։ Այս հարցում, սակայն, Ադրբեջանը բախվում է տարածաշրջանի մեկ այլ կարևոր դերակատարի՝ Իրանի հետ, որին դիմագրավելու համար անհրաժեշտ է հենց Թուրքիայի աջակցությունը։

Այս պայմաններում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի այնպիսի քայլերի մշակումը, ինչը թույլ կտա մեզ օգուտներ քաղել այս հակասություններից։

Մեզ համար առաջնահերթ խնդիր է ճիշտ ռազմավարության մշակումը, համախմբված գործունեությունը։ Անհրաժեշտ է կարևորագույն հարցերի՝ Ցեղասպանության, Թուրքիայի նկատմամբ պահանջատիրության, ղարաբաղյան հակամարտության, Նախիջևանի հիմնախնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների և հայեցակարգի, հայկական կողմի փաստարկների և հակափաստարկների ոչ միայն մշակումը, այլև արդյունավետ տարածումը։

Միջազգային ատյաններում ՀՀ և ԼՂՀ ընտրանու՝ ԼՂՀ-ի և Ցեղասպանության վերաբերյալ գործողությունները պետք է բխեն մեկ ընհանուր ռազմավարության տրամաբանությունից։

Մեր կողմից հակազդեցությունն արդյունավետ կլինի Հայաստանի, ԼՂՀ և սփյուռքի հանրության ներգրավման պայմաններում։ Հայրենիքի և սփյուռքի կարողությունների, քաղաքական և մտավոր ռեսուրսների համախմբման, հակազդման միասնական ռազմավարության մշակման և գործադրման արդյունքում հնարավոր է հարվածներ հասցնել թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականությանը և լոբբիստական գործունեությանը:

1 Մանրամասն տե՛ս Վլադիմիր Վարդանյան, Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները (դրանց հավանական ազդեցությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության վրա), Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները», գիտական զեկուցումների ժողովածու (գիտագործնական միջազգային գիտաժողով), Կիպրոս-Նիկոսիա, 18-19 ապրիլի 2008թ., Երևան, 2009թ.։

2 Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողություններն ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է:

3 Արա Պապյան, Հայոց պահանջատիրության հիմնախնդիրներն ու հեռանկարները, Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները, գիտական զեկուցումների ժողովածու (գիտագործնական միջազգային գիտաժողով), Կիպրոս-Նիկոսիա, 18-19 ապրիլի 2008թ., Երևան, 2009թ.։

4 Նրանցից է Վարդգես Եղիայանը, որը «Վարդգես Եղիայան և փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավարն է։ Նա նախաձեռնել է ցեղասպանության զոհերի ժառանգների իրավահաջորդների ցուցակների ստեղծումը և հետամուտ եղել դատական կարգով ձեռք բերելու նրանց հասանելիք գումարները: http://www.aravot.am/2012/06/29/86427

5 Այդպիսի գրքերի շարքին կարելի է դասել՝ Левон Мелик-Шахназарян, Гайк Демоян, «Ходжалинское дело: Особая папка» (2002г.), Гайк Демоян, «Турция и Карабахский конфликт в конце XX – начале XXI веков» (2006г.), «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք» ԳԿՀ (2009թ.), Ալեքսանդր Մանասյան, «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքերը (2010թ.), Հայկարամ Նահապետյան, «Թուրք-ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը» (2010թ.)։

6 Մարինա Գրիգորյանի «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի երեք ֆիլմերից առաջինը պատմում է Սումգաիթի, ապա Բաքվի և երրորդը` Մարաղայի հայերի ջարդերի մասին և չորրորդ՝ «Սովորական ցեղասպանություն. Արցախ» վավերագրական ֆիլմը պատմում է 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին «Օղակ» գործողության մասին Ղարաբաղի հյուսիսային` Շահումյանի շրջանում:

7 Կայքում ներկայացված են ադրբեջանական կայքերից վերցված հեքիաթներ, մանկական գրականություն, որոնք ընդունված են Ադրբեջանի կրթության նախարարության կողմից որպես ուսումնական նյութ, ներկայացված են նկարներ, որոնք ադրբեջանցի երեխաներն են նկարել։ Կայքի նպատակն է ցույց տալ, որ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացություն սնուցող քաղաքականության հասցեատերը նաև երեխաներն են։

8 Ցյուրիխյան հանդիպումից մի քանի օր հետո` 2009թ. հոկտեմբերի 14-ին, Բուրսայում տեղի ունեցավ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Համաձայն ՖԻՖԱ-ի կայացրած որոշման, արգելվեց մարզադաշտ բերել ադրբեջանական դրոշներ: Շուտով ադրբեջանական էլեկտրոնային պարբերականներով տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են թուրք ոստիկանները պատռում ադրբեջանական դրոշները և նետում դրանք աղբամանը: Որպես պատասխան՝ հաջորդ օրը Բաքվում Շեհիդների ծառուղում գտնվող թուրք զոհվածներին նվիրված հուշարձանից հանվեցին թուրքական և ադրբեջանական դրոշները, նույն բանը կատարվեց նաև Թուրքիայի հոգևոր գործերով կցորդության շենքի մոտ: Դրանից հետո կողմերը մտան դիվանագիտական նախազգուշացումների և բանակցությունների փուլ, որը տևեց մինչև հոկտեմբերի 29-ը, երբ մի շարք երկկողմ հանդիպումներից և պայմանավորվածություններից հետո կեսգիշերին թուրքական և ադրբեջանական դրոշները կրկին հայտնվեցին իրենց նախկին տեղերում:

9 Грант Мелик-Шахназарян, Курдский фактор в Азербайджане, http://karabah88.ru/press2009/01/0120_6.html

10 1979թ. մարդահամարի ժամանակ քրդերը ներկայացվել են որպես ադրբեջանցիներ։ (http://kurd.university.kg/index.php?option=com_content&view=article&id=52:2011-10-12-07-59-05&catid=34:2011-10-12-07-15-17&Itemid=37)

11 Էլմար Հուսեյնովը, համադրելով մի շարք աղբյուրներից հայտնաբերած անուղղակի տեղեկությունները, եկել էր այն համոզման, որ Հեյդար Ալիևը խորհրդային հատուկ ծառայությունների կողմից «գործուղված է եղել Իրաք և Թուրքիա, որպեսզի ստեղծի PKK-ն»: Նա պնդել էր, որ Հեյդար Ալիևը «ազգությամբ քուրդ է, և այդ պատճառով է, որ ՊԱԿ ընտրությունը կանգ է առել նրա վրա»: Տե՛ս http://www.azg.am/AM/print/2012050410

12 Баку объяснил, почему не может признать Северный Кипр, http://regnum.su/news/fd-abroad/azeri/1428148.html

13 Կարեն Վերանյան, Նախիջևան. թուրք-ադրբեջանական հակասություններ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=453&print=Y, Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի նախաձեռնությունները Նախիջևանում, http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=4877

14 Азербайджан: Баку вступил в противоречия с Турцией по вопросу экспортных тарифов на газ http://russian.eurasianet.org/node/30857

15 2012թ. հունվարի 24. Ֆրանսիայի Սենատն այսօրվա լիագումար նիստում ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 2012թ. փետրվարի 29-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը հակասահմանադրական է ճանաչել այն։ Սակայն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի կողմնակից պատգամավոր Վալերի Բոյերը հայտնել է, որ այժմ իր կողմից աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ նախապատրաստելու համար։ http://www.panorama.am/am/law/2012/06/27/valerie-boyer/

16 Турецкие журналисты: Если бы не Азербайджан, то французский Сенат такого законопроекта не принял бы http://mmfaom.faom.faom.faom.nnk.am/mir/30578-tureckie-zhurnalisty-esli-by-ne-azerbaydzhan-to-francuzskiy-senat-takogo-zakonoproekta-ne-prinyali-by.html

17 СМИ: Азербайджан нанес Турции удар в спину http://arunion.info/news/turcija_i_ee_mladshij_brat_azerbajdzhan_bjutsja_v_isterike/2011-12-23-1153

18 Туркофобия некоторых азери, http://www.disput.az/index.php?showtopic=1730

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր