• am
  • ru
  • en
Версия для печати
02.07.2018

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018


Դիանա Գալստյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Նախիջևանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ՆԻՀ) ներկայացվածությունն ադրբեջանական մեդիա-դաշտում շրջանառվող տեղեկատվական հոսքերում, պարզել այն հիմնական համատեքստերը, որտեղ հանդես է եկել Նախիջևանը։ Այդ նպատակով դիտարկվել են ադրբեջանական 1news.az, day.az, haqqin.az լրատվական կայքերի և Interfax.az գործակալության ադրբեջանական բաժնի («Интерфакс-Азербайджан»)1՝ Նախիջևանին առնչվող նյութերը 2017թ. հունվար - 2018թ. մայիս ժամանակահատվածում։

Թեմատիկ նյութերում, բացի «Նախիջևան» (ադրբեջանական տեքստերում՝ Нахчыван), «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» ձևակերպումից, օգտագործվել են նաև հետևյալ ձևակերպումները՝ «ադրբեջանական պատմական շրջան», «հնագույն ադրբեջանական հող», «պատմական վայր», «հնագույն քաղաքակրթության բնօրրան», «արագ տեմպերով զարգացող Նախիջևանի ԻՀ», «ռազմավարական նշանակության դիրք ունեցող Նախիջևան» և այլն։

Դիտարկված ժամանակահատվածում Նախիջևանին առնչվող նյութերում գերակշռել են տեղեկատվական բնույթի, պաշտոնական լրահոսի նյութերը, որոնք պայմանականորեն խմբավորել ենք ըստ ոլորտների հետևյալ կերպ.

Ռազմական ոլորտի վերաբերյալ նյութեր (մասնավորապես՝ տարբեր զորավարժությունների, նոր զորամասի բացման մասին, զինատեսակների ձեռքբերման, ուժի ցուցադրության միջոցառումների մասին նյութեր)։ Այստեղ ընդգրկված են նաև սահմանային իրավիճակին վերաբերող նյութեր։

Տնտեսական և էներգետիկ թեմաներով նյութեր, մասնավորապես՝ ներկայացվել է այդ ոլորտներում գրանցված առաջընթացը։

Պաշտոնական այցեր։ Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց (օրինակ՝ Իրանի արտգործնախարարի, Թուրքիայի վարչապետի) այցերի մասին նյութեր։

Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին կարճ, տեղեկատվական բնույթի նյութեր։ Հիմնականում այդ նյութերն առնչվում են նոր հուշարձանների, թանգարանների, նոր կառուցված դպրոցների, հիվանդանոցների բացմանը և այլն։

Ինչպես տեղեկատվական նյութերը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի՝ այցելությունների ժամանակ ունեցած ելույթները քարոզչական բնույթ են կրում, որոնք լսարանին ներկայացնում են «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ որպես արագ տեմպերով զարգացող, ռազմական ներուժ ունեցող, տնտեսական զարգացման տեսանկյունից առաջընթաց գրանցած, ծաղկման շրջանում գտնվող ինքնավար հանրապետություն»։ Նախիջևանի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ոլորտների իրադարձությունները լուսաբանվում են միայն դրական երանգավորմամբ, դիտարկված ժամանակահատվածում չեն հանդիպել Նախիջևանում առկա խնդիրների մասին նյութեր։ Որպես ՆԻՀ միակ խնդիր ներկայացվել է «հայերի կողմից իրականացվող շրջափակումը, որը, սակայն, խոչընդոտ չի հանդիսանում զարգացման համար, և շուտով այդ հարցն էլ լուծում կստանա»2։

Ուսումնասիրված նյութերի վերլուծության արդյունքում փորձել ենք առանձնացնել նաև իմաստային այն հիմնական համատեքստերը, որտեղ ներկայացվել է Նախիջևանը։ Դրանք հետևյալն են.

«Նախիջևանը որպես հնագույն քաղաքակրթության բնօրրան»։ Այն կապված է Նոյի (ադրբեջանական տեքստերում՝ «Нух» - «Նուխ») և համաշխարհային ջրհեղեղի հետ։ Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են անցկացված միջոցառումների, հրատարակված գրքերի մասին տեղեկություններ (ինչպես, օրինակ, վերջերս տեղի ունեցած Աղի թանգարանի և Նոյի արձանի բացման արարողության կամ մայիսի 21-24-ին «Նախիջևանը քաղաքակրթության բնօրրան» խորագրով 4-րդ միջազգային գեղարվեստական փառատոնի անցկացման մասին տեղեկությունները)։

«Նախիջևանը որպես բնիկ ադրբեջանական հող»։ Ադրբեջանական տեքստերում Նախիջևանը ներկայացված է որպես «Ադրբեջանի անքակտելի մաս, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն»։ Սա, ըստ էության, կապ ունի նախորդի հետ։ Ադրբեջանական քարոզչությունը նպատակ է հետապնդում ապացուցել, որ «Ադրբեջան պետությունը» և «ադրբեջանցի ժողովուրդը» դարերի պատմություն ունեն։

Նախիջևանը որպես հարուստ մշակութային ժառանգության կենտրոն (հուշարձաններ, գորգեր)։ Այս համատեքստում որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն ներկայացված է ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական մշակութային ժառանգությունը։ Ընդ որում, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը՝ Նոր Ջուղայի գերեզմանատան խաչքարերը (ադրբեջանական տեքստերում՝ խաչդաշ), վերագրվում են Կովկասյան Աղվանքի ժողովրդին՝ դրանց հետագա ադրբեջանականացումը հիմնավորելու համար3: Քրիստոնեական և իսլամական հուշարձանների գոյության հանգամանքը Նախիջևանում Ադրբեջանը վերջին տարիներին օգտագործում է նաև «մուլտիկուլտուրալիզմի (բազմամշակութայնության) ադրբեջանական մոդելի» շուրջ կառուցվող քարոզչությունում՝ անվանելով այն «մուլտիկուլտուրալիզմի լաբորատորիա»։

Նախիջևանը որպես արագ տեմպերով զարգացող ինքնավար հանրապետություն։ Այս համատեքստում ներկայացվում են վերջին տարիներին գրանցված հաջողությունները։ Որպես փաստարկ բերվում է ադրբեջանական Caspian Energy International Media Group-ի կողմից պատրաստված՝ Ադրբեջանի տարբեր շրջանների տնտեսական ներդրումների վերաբերյալ ամենամյա վարկանիշային զեկույցը, որը 2017թ. գլխավորել է ՆԻՀ-ը։

Նախիջևանը որպես զբոսաշրջության զարգացման կենտրոն։ Նախիջևանի՝ որպես զբոսաշրջության կենտրոնի մասին նյութերում գերակշռել են հիմնականում բժշկական և կրոնական տուրիզմի վերաբերյալ նյութերը։

Մյուս կողմից՝ վերջին տարիներին ներքին քարոզչության, լրատվամիջոցների վերահսկողության ուժգնացումն Ադրբեջանում, որոշ փորձագետների կարծիքով, առավել խստորեն արտահայտվել է Նախիջևանում։ Իրավապաշտպան Մալախաթ Նասիբովայի4 կարծիքով՝ «Նախիջևանը այն վայրն է, որտեղ մշակվում են բռնաճնշումների մեթոդները, իսկ այնուհետև դրանք տարածվում են Ադրբեջանի ողջ տարածքում։ Օրինակ՝ Նախիջևանում մարդուն կարող են ազատազրկման դատապարտել իր իրավունքները պաշտպանել ցանկանալու համար, իսկ այլախոհության, ավելորդ ակտիվության համար կարող են նաև հոգեբուժարան ուղարկել։ Այս մեթոդը մասնավորապես կիրառվում է Նախիջևանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների, պաշտոնատար անձանց այցելությունների ժամանակ»5։

Տարբեր փորձագետներ և իրավապաշտպաններ փաստում են, որ Նախիջևանում չկան անկախ կամ մասնավոր լրատվամիջոցներ։ ՆԻՀ-ում գործում են 2 հեռուստաընկերություն (Naxçıvan Dövlət Televiziyası - Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական հեռուստաալիք և «Канал 35»6), 2 ռադիոկայան («Naxcivan Dövlət Radiosu» - Նախիջևանի պետական ռադիո, «Naxçıvanın səsi» - «Նախիջևանի ձայն») և 9 թերթ («Şərq qapısı» - «Արևելքի դարպասներ»7, «Serurun Sesi» - «Շարուրի ձայնը», «Yeni Hayat» - «Նոր կյանք» և այլն), ինչպես նաև 2018թ. ապրիլին գործարկված Nuhcixan.az. լրատվական գործակալությունը, որոնք պետական են։ Թերթերի հիմնադիրներ և ղեկավարներ են հանդիսանում ՆԻՀ տարբեր շրջանների գործադիր մարմինները։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ լրատվամիջոցները գտնվում են ՆԻՀ իշխանությունների տոտալ վերահսկողության տակ, և նման պայմաններում լսարանին մատուցվում է միայն իշխանությունների համար ցանկալի ինֆորմացիան։

Նախիջևանի վերաբերյալ տեղեկատվության համար որպես այլընտրանքային աղբյուր մեր կողմից ուսումնասիրվել են նաև միջազգային կազմակերպությունների տարբեր տարիների զեկույցները, ադրբեջանցի և արտասահմանցի իրավապաշտպանների հոդվածները և հարցազրույցները8։ Նշված նյութերն առնչվում են 2009-2014թթ., քանի որ ավելի թարմ տեղեկատվությունը բացակայում է։ Դա պայմանավորված է վերջին տարիներին Ադրբեջանում, նաև Նախիջևանում միջազգային լրատվամիջոցների և կազմակերպությունների աշխատանքների խոչընդոտման հանգամանքով9։

Հելսինկյան կոմիտեի Նախիջևանին նվիրված զեկույցում10 (2009թ.) այն անվանվում է «Ադրբեջանի սև կղզի»։ Այդ նյութերում Նախիջևանը ներկայացվում է որպես բազմաթիվ խնդիրներ, ավտորիտար ռեժիմ ունե-ցող ինքնավար հանրապետություն, որտեղ չկան անկախ լրատվամիջոցներ, ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ հետապնդվում են ընդդիմադիր և այլախոհական գործիչները։ Արգելված են իշխանությունների վերաբերյալ քննադատական բովանդակությամբ հոդվածների հրապարակումը, հանրային ելույթները, խստորեն վերահսկվում է Ադրբեջանի այլ հատվածներում հրատարակված ընդդիմադիր բովանդակությամբ թերթերի տարածումը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՆԻՀ տնտեսական ոլորտում Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի և նրա մերձավորների մենաշնորհային դիրքերին և սահմանած վերահսկողությանը։

minval.az կայքում զետեղված հոդվածում11 Յանա Մադաթովան Վ.Թալիբովին համեմատել է Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ՝ վկայակոչելով տարբեր ոլորտներում կիրառվող վերահսկման մեխանիզմները և արգելքները (օրինակ՝ պետաշխատողները պարտադիր կերպով պետք է մասնակցեն շաբաթօրյակներին, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից)։ Բացի պետաշխատողների համար նախատեսված հագուստից, ուսուցիչները, տաքսու վարորդները նույնպես պետք է կրեն հատուկ համազգեստներ։ Արգելվում է օգտագործել համաշխարհային տեխնիկայի և հագուստի հայտնի ապրանքանիշերի անվանումները։

Վերջին շրջանում այդպիսի հրամանների օրինակ է Վ.Թալիբովի 2017թ. օգոստոսի 29-ի հրամանով սահմանված պարտադիր ընթերցանության գրքերի ցանկը12։ 2017թ. նոյեմբերին ՆԻՀ նախարարների կաբինետը սահմանեց գերեզմանաքարերի տեղադրման նոր կարգ, որի համա-ձայն՝ պետք է տեղադրվեն միանման գերեզմանաքարեր, արգելվեց «ճոխ» գերեզմանաքարերի տեղադրումը13։

Յ.Մադաթովայի հոդվածում նշվում էր, որ Նախիջևանում արգելված է տեղի ռադիո- և հեռուստատեսության եթերով արտասահմանյան երաժշտության հեռարձակումը։ Նշենք նաև, որ մեր կողմից կատարված՝ ադրբեջանական հեռուստաալիքների ծրագրային ցանցի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՆԻՀ պետական հեռուստաընկերության եթերով չեն հեռարձակվում արտասահմանյան երաժշտություն, սերիալներ, սիթքոմներ14։ Նախապատվություն է տրվում ազգագրական հաղորդումներին, դասական և ժողովրդական երաժշտությանը, ինչպես նաև ադրբեջանական արտադրության ֆիլմերին։

Փաստորեն, Նախիջևանի՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հետևողականորեն ստեղծված պատկերը բավական տարբերվում է այլընտրանքային աղբյուրների նյութերում ներկայացված պատկերից։

Այսպիսով, Նախիջևանի մասին ադրբեջանական հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սա թեմա է, որի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան կառուցում է իր տեղեկատվական քաղաքականությունը՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին։ Ամփոփելով նշենք, որ դիտարկված ադրբեջանական լրատվամիջոցներն Ադրբեջանի պետության հզորության և ադրբեջանական բանակի ռազմական գերիշխանության տեսակետների ամրագրման տրամաբանությամբ առաջ են տանում նաև Նախիջևանի՝ որպես Ադրբեջանի անքակտելի մասի, տնտեսական զարգացման և ռազմական պոտենցիալի հզորացման քարոզչությունը։

1 1news.az-ը, day.az-ն ընտրվել են որպես ադրբեջանական հիմնական լրատվական կայքեր, haqqin.az-ը՝ ըստ լսարանի վրա ունեցած ազդեցության, Interfax.az–ը՝ որպես տարածաշրջանային լրատվական գործակալություն։

2 Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այժմ ընթանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 3 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա Նախիջևանին ցամաքային կապ ունենալ Ադրբեջանի հետ, https://news.day.az/politics/1005611.html

3 Հատկապես ուշագրավ են Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդների (հայեր, դաղստանալեզու և պարսկալեզու ազգություններ) պատմամշակութային ժառանգության և տարածքների ալբանական-նախաադրբեջանական պատկանելության մասին հակագիտական պատմաքաղաքական հայեցակարգի հորինումն ու տարածումը («Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք» ԳԿՀ, 2009թ., էջ 29)։

4 Իրավապաշտպան և լրագրող Մալախաթ Նասիբովան և նրա ամուսինը՝ Իլգար Նասիբովը, 2002թ. հիմնեցին «Դեմոկրատիայի և ՀԿ զարգացման ռեսուրս» կենտրոնը, թեև իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին այդ կենտրոնի գործունեությանը։ 2003թ. Մ.Նասիբովան աշ-խատանքի անցավ նաև «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես Նախիջևանի թղթակից։ Իրենց աշխատանքային գործունեության հետևանքով ամուսինները պարբերաբար հետապնդումների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների էին ենթարկվում։ 2014թ. Իլգար Նասիբովի վրա կատարված հարձակումից հետո իրավապաշտպան ամուսինները միջազգային կազմակերպությունների օգնությամբ բնակություն հաստատեցին Նորվեգիայում, http://m.kavkaz-uzel.eu/articles/185626/?full_page=true; https://haqqin.az/news/121467

5 Нахичеван – полигон для подавления демократических свобод, http://m.kavkaz-uzel.eu/articles/185626/?full_page=true

6 «Канал 35»-ը համարվում է մասնավոր հեռուստաընկերություն, սակայն տեղեկությունների համաձայն՝ այն պատկանում է ՆԻՀ Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի եղբորը։

ՆԻՀ մեջլիսի տպագիր օրգան։

7 Азербайджан: Независимые журналисты в тяжёлом положении, https://amnesty.org.ru/sites/default/files/az_eur550042009rus.pdf

8 Свобода медиа в странах Восточного партнерства-2013 http://ypc.am/wp-content/uploads/2015/ 03/EaP-Media-Freedom-Landscape-2013_RU.pdf

9 Օրինակ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ), որը Հարավային Կովկասի երկրներում 2004-ից ի վեր իրականացնում է հանրային կարծիքի հետազոտություններ, 2013թ. սկսած՝ հետազոտություն է անցկացնում միայն Վրաստանում և Հայաստանում։

10 Azerbaijan's Dark Island: Human Rights Violations in Nakhchivan http://nhc.no/no/publikasjoner/rapporter/Azerbaijan%27s+Dark+Island%3A+Human+Rights+Violations+in+Na.... 9UFRvI45.ips

11 Հոդվածն այժմ հասանելի չէ minval.az կայքում։ https://www.panorama.am/ru/news/2014/03/08/nakhichevan-tabu/335638

12 https://haqqin.az/news/109211

13 http://www.1news.az/news/mogily-v-nahchyvane-budut-vyglyadet-tak---foto

14 Ս.Մանուկյան, Դ.Գալստյան, «Մշակութային-լուսավորչական-դաստիարակչական հաղորդումները Հայաստանի և Ադրբեջանի հիմնական հեռուստաալիքներում», http://noravank.am/upload/pdf/Manukyan_Galstyan_Globus_3_2018.pdf



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր