• am
  • ru
  • en
Версия для печати
16.09.2016

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ

Руский

   

Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտոնի ղեկավարի տեղակալ
Մարիամ Խալաթյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտոնի փորձագետ

Տեղեկատվական պատերազմների նպատակներից է հակառակորդի տեղեկատվական դաշտ ներթափանցումը, սեփական տեղեկատվական տարածքի վերահսկողությունը, մրցակիցների կողմից հարձակումներից պաշտպանությունը։ Հակառակորդ պետության դեմ տեղեկատվական պատերազմ իրականացնելու միջոցներից է տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, որտեղ առանցքային է ԶԼՄ-ի դերը տեղեկատվության տարածման և հասարակական կարծիքի ձևավորման տեսանկյունից: Ուստի դրանց տիրապետումը թույլ կտա վերահսկել տեղեկատվության տարածման և ուղղորդման գործընթացը մրցակից երկրի հասարակության ներսում։ Սեփական տեղեկատվական դաշտի վերահսկողության մեխանիզմներից է օտարերկրյա կապիտալի սահմանափակմանն ուղղված օրենքների ընդունումը տարբեր երկրներում։ Օրենքի ընդունման կողմնակիցները դրա անհրաժեշտությունը պայամանավորում են այն հանգամանքով, որ ֆինանսական միջոցների տրամադրումն ազդում է մեդիա դաշտի բովանդակության ձևավորման վրա։ Արտասահամանյան ներդրումների, ինչպես նաև լրատվամիջոցների սեփականության հետ կապված խնդիրները տարբեր երկրներում կարգավորվում են հիմնականում «ԶԼՄ-ների մասին օրենքներով», իսկ որոշ երկրներում ընդունված կամ ընդունման գործընթացում գտնվող «օտարերկրյա գործակալների մասին» օրնեքով։ Արտասահմանյան ներդրումների սահմանափակումներ առկա են մի շարք երկրների օրենսդրություններում:

Առաջին խմբին են դասվում այն երկրները, որոնք մասամբ են սահմանափակում ԶԼՄ արտասահմանյան ֆինանսավորումը։ Օրինակ՝ Ֆրանսիայում օրենքը օտարերկրացիներին արգելում է 20% բաժնետոմսեր ունենալ հեռուստա- և ռադիոընկերություններում։ Իսկ տպագիր մամուլի դեպքում ԵՄ անդամ չհանդիսացող երկրները չեն կարող դառնալ թերթերի լիիրավ սեփականատերեր, նրանց մասնաբաժինը չի կարող գերազանցել 20%-ը, սակայն այս սահմանափակումը տարածվում է միայն ֆրանսալեզու թերթերի և օրաթերթերի վրա1։

ԱՄՆ-ը արգելում է օտարերկրյա քաղաքացիներին, կազմակերպություններին և պետական մարմիններին տիրապետել հեռտուստա- և ռադիոընկերությունների 25%-ից ավելի բաժնետոմսերին։ ԱՄՆ-ում օտարերկրյա ֆինանսավորմանն առնչվող ցանկացած գործունեություն կարգավորվում է FARA-ի (The Foreign Agents Registration Act)2 շրջանակներում։ Որոշ բացառություններով օրենքը ստիպում է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ» ԱՄՆ արդարադատության նախարարությունում: «Օտարերկրյա գործակալները» պարտավորվում են իրենց գործունեության, ֆինանսավորման մասին կիսամյակային հաշվետվություն ներկայացնել։ Բացի այդ, տեղեկատվական բնույթի նյութերում պետք է նշված լինի, որ դրանք հրապարակվել և տարածվում են «օտարերկրյա գործակալի» գործառույթներ կատարող կազմակերպության կողմից։ Այս պահանջները չիրականացնելու դեպքում սահմանվում է $10 հազ. տուգանք, որոշ դեպքերում մինչև 5 տարի ազատազրկում: Օրենքում նշվում է, որ որպես «օտարերկրյա գործակալներ» չեն սահմանվում այն թերթերն ու հրատարակչական գործակալությունները, որոնց առնվազն 80%-ի սեփականատեր է հանդիսանում ԱՄՆ քաղաքացին, և որոնց գործունեությունը չի տնօրինվում, վերահսկվում, ֆինանսավորվում օտարերկրյա ղեկավարների կողմից3:

Այս համատեքստում պետք է նշել, որ ԱՄՆ ուշադրության կենտրոնում են նաև այնպիսի միջազգային հեռուստաալիքներ, ինչպիսիք են Russia Today4 և չինական CCTV5 հեռուստաալիքները, որոնք վերջին տարիներին ուժեղացրել են իրենց ներկայությունը միջազգային մեդիա-շուկայում։ Չնայած շատ քննարկումներին՝ Russia Today-ը չի մտնում այս ցուցակի մեջ: ԱՄՆ-ում որպես օտարեկրյա գործակալի գործունեություն իրականացնող ԶԼՄ FARA-ում գրանցված է 4 լրատվական կազմակերպություն՝ ասիական երկու հեռուստացանցեր և չինական երկու պարբերական:

Երկրորդ խմբում ընդգրկված են այն երկրները, որոնցում պետությունը չի կարգավորում արտասահմանյան կապիտալի ներկայութունը ԶԼՄ-ում, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան կամ Գերմանիան։ Այս խմբում մենք դիտարկել ենք նաև այն երկրները, որոնցում վերահսկողությունը սահմանվում է ոչ թե ֆինանսավորումը սահմանափակող կոնկրետ օրենքներով, այլ «անուղղակիորեն»։

Իսրայելում չեն բացառում դրսից, հատկապես արաբական երկրների ծայրահեղական ուժերի կողմից հրապարակումներ պատվիրելու հնարավորությունը։ Օտարերկրյա պատվիրատուների գործունեությունը կարգավորվում է Իսրայելում գործող բավական խիստ՝ զրպարտության օրենքով և գրաքննությամբ։ Իսրայելում, բացի քաղաքական-ռազմական գրաքննությունից, գոյություն ունեն նաև կրոնական, աշխարհիկ, ինչպես նաև բարոյաէթիկական գրաքննության ձևեր6։ Այն պետական բնույթ չի կրում, սակայն դրա հիմքում ընկած են լրագրողների էթիկայի նորմերը, որոնց հետևում են ազդեցիկ ինտերնետ պարբերականները, տպագիր մամուլը և հեռուստաընկերությունները։

Երրորդ խմբում առավել խիստ սահմանափակումներ ունեցող երկրներն են, ինչպես, օրինակ, Չինաստանը, որտեղ հատուկ վերահսկողություն են իրականացնում ԶԼՄ-ի նկատմամբ, մասնավորապես՝ արգելելով արտասահմանյան ներդրումները ԶԼՄ-ում։ 2016թ. մարտի 10-ից Չինաստանում գործում է օտարերկրյա ԶԼՄ գործունեությանն ուղղված արգելքը, որի համաձայն՝ օտարերկրյա, ինչպես նաև համատեղ սեփականության սկզբունքով գործող բոլոր ինտերնետ-հրատարակչություններին չի թույլատրվում հրատարակել իրենց նյութերը համացանցի չինական սեգմենտում: Հոդվածներից զատ, արգելքի տակ են դրվում նկարները, խաղերը, մուլտիպլիկացիոն, աուդիո- և վիդեոֆայլերը, միևնույն ժամանակ՝ չինական ԶԼՄ-ին հրահանգվում է մանրամասն հետևել իրենց հրատարկած նյութերի բովանդակությանը:

Չինաստանում լրատվամիջոցները կարող են տնօրինել միայն Չինաստանի քաղաքացիները, խմբագրությունը և տեխնիկական անձնակազմը ևս պետք է Չինաստանի քաղաքացիներից կազմված լինի: Բոլոր սարքավորումները և սերվերները պետք է գտնվեն ՉԺՀ տարածքում: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լրատվամիջոցները վերագրանցվում են հատուկ վերահսկվող մարմիններում, որոնք հետագայում պետք է իրականացնեն ԶԼՄ գործունեության ամենամյա ստուգումներ: Հրատարակչությունները համացանցում նաև հրապարակում են նյութեր խիստ ինքնագրաքննության պայմաններում, իսկ լրացուցիչ վերահսկողության համար բոլոր նորությունները, հոդվածները և տեսանյութերը վերահսկվում են տեղական իշխանական մարմինների կողմից: 2015թ. հուլիսին ՉԺՀ-ում օրենք ընդունվեց նաև կիբեռանվտանգության մասին: Անհատական տվյալների ապահովության պատրվակով տեղական իշխանությունները ծրագրում են վերահսկողություն հաստատել ոչ միայն ինտերնետ պրովայդերների, այլև հայտնի օնլայն-հարթակների սեփականատերերի և ադմինիստրատորների նկատմամբ: Նման վերահսկողություններն օտարերկրյա ԶԼՄ գործունեության նկատմամբ պետության կողմից իրականացվող հստակ ռազմավարություն է, որն ուղղված է չեզոքացնելու արևմտյան մշակույթի ազդեցությունը Չինաստանի տարածքում։

Ռուսաստանում 2012թ. հունիսի 29-ին «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը ներկայացվեց Ռուսաստանի Պետդումա, իսկ հուլիսի 6-ին այն գրեթե միաձայն անցավ և նոյեմբերից արդեն գործնական կիրառական ուժ ստացավ: Օրենքը վկայում է այն մասին, որ արտերկրից ֆինանսավորում ստացող՝ քաղաքական գործունեություն ծավալող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ»7:

2016թ. հունվարի 1-ին վերոնշյալ օրենքն արդեն սկսեց տարածվել նաև ԶԼՄ-ի վրա: Դրանք եռամսյակը մեկ պարտավորվում են տեղյակ պահել իրենց արտասահմանյան ֆինանսավորման մասին Роскомнадзор-ին: Տեղյակ չպահելու դեպքում տվյալ լրատվամիջոցը կտուգանվի 30.000-50.000 ռուբլի (մոտ 500-800 դոլար)։ Մեկ տարվա ընթացքում երեք անգամ օրենքը խախտելու դեպքում նրանց գործունեությունը կկասեցվի: Վերոնշյալ օրենքը չի տարածվում գովազդի թողարկման համար տրվող ֆինանսավորման վրա, եթե այն չի գերազանցում 15.000 ռուբլին (մոտ 250 դոլար):

2017 թվականից Ռուսաստանում օրենքը կարգելի արտասահմանցիներին կամ երկքաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիներին դառնալ լրատվական կառույցների հիմնադիր8, իսկ օտարերկրյա կազմակերպությունների կապիտալը չպետք է գերազանցի 50%-ը: Նշենք, որ 2008-ից այս սահմանափակումները տարածվում են միլիոնից ավելի տպաքանակ ունեցող թերթերի և ամսագրերի վրա: Նման ներդրումներ անելիս օտարերկրացիները պետք է համաձայնության գան տեղի պետական հանձնաժողովի հետ:

ԶԼՄ-ի հետ կապված օրենքի նոր փոփոխությունները սահմանափակում են օտարերկրացիներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինել ցանկացած ռուսական ԶԼՄ բաժնետոմսերի 20%-ից ավելիին: Այս օրենքը տարածվում է այն ֆիզիկական անձանց (այդ թվում նաև երկքաղաքացիություն ունցող ՌԴ քաղաքացիների), կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, ինչպես նաև ռուսական իրավաբանական անձանց վրա, որոնց գործունեությունը 1/5-րդ մասով վերահսկվում է օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Օրինագծի հեղինակները գտնում են, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում, և ռուսական ԶԼՄ-ն անհրաժեշտ է պաշտպանել օտարերկրյա կապիտալի ազդեցությունից9: Օրենքը գործում է 2016-ից, սակայն մինչև 2017թ. մեդիա-ընկերությունները պետք է իրենց հիմնադիրների և ղեկավարների ցանկից հանեն այն կազմակերպություններին և անհատներին, որոնց վրա տարածվում է օրենքը, այլապես օրենքը խախտողները կզրկվեն կորպորատիվ, ղեկավարման և քվեարկելու իրավունքից10: Օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ հեղինակները քննարկումներ են ծավալում, մասնավորապես՝ այն կետերի շուրջ, որ ռուսական ԶԼՄ 49%-ը տնօրինեն օտարերկրյա ղեկավարները, 51%-ը՝ ռուս, ինչպես նաև օրենքը տարածեն միայն հասարակական-քաղաքական ուղղվածություն ունեցող տպագիր մամուլի վրա՝ չտարածելով ժամանցային թերթերի վրա: Սակայն այս կետերը դեռ քննարկման մակարդակում են:

Ամփոփելով նշենք, որ ԶԼՄ-ն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է երկրի տեղեկատվական քաղաքականության ձևավորման հարցում։ Այդ պատճառով էլ ԶԼՄ գործունեության, ֆինանսավորման, մեդիայի բովանդակությունը կարգավորող նորմերը գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, արտացոլված են բազմաթիվ օրենքներում: Այս հոդվածի շրջանակներում մենք անդրադարձանք ԶԼՄ գոյության նախապայման հանդիսացող ֆինանսավորման խնդիրներին, մասնավորապես՝ մեդիա-տիրույթում արտասահմանյան կապիտալի առկայությանն առնչվող օրենքներին։ Այդ օրենքների գործնական կիրառությունը միանշանակ չէ, կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների։ Այսպես, օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակող օրենքներն ուղղված են ոչ միայն արտաքին ազդեցությունից, արտաքին տեղեկատվական հոսքերից սեփական տեղեկատվական դաշտը պաշտպանելուն, այլ նաև ներքին դաշտը վերահսկելուն, կարող են օգտագործվել որպես կոնկրետ լրատվամիջոցի վրա ճնշում գործադրելու լծակ, որը արդյունքում կարող է հանգեցնել գործունեության կասեցմանը։

1 Как за рубежом регулируют владение СМИ иностранцами, http://www.kommersant.ru/doc/2573912

2 Մանրամասն տե՛ս https://www.fara.gov/

3 When Is a TV Channel a Foreign Agent?

http://www.theatlantic.com/international/archive/2015/04/rt-lobbyist-russia-putin-media/390621/

4 RT-ն եթեր է դուրս եկել 2005թ.՝ դառնալով շուրջօրյա ռուսական լրատվական հեռուստաալիք անգլերենով: Այսօր RT-ում են միավորվում 4 լրատվական հեռուստաալիքներ` արաբերենով, իսպաներենով, անգլերենով, ինչպես նաև RT America-ն ու FreeVideo-ն:

5 Հեռուստաալիքը եթեր է հեռարձակվել 2009թ. սեպտեմբերի 10-ից, Chinasat 6B և EB-9A արբանյակներից։ Հեռուստաալիքի ծածկույթը տարածվում է ԱՊՀ և Մերձբալթյան, Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը հասնում է 300 միլիոնի։

6 Մանրամասն տե՛ս http://chidag.ru/bezopasnost/obschestvo-smi-internet/cenzura-v-izraile.html

7 ՌԴ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ այնտեղ գործում է 123 «օտարերկրյա գործակալ»։

8 Список российских СМИ, получающих иностранное финансирование,

http://topwar.ru/94519-spisok-rossiyskih-smi-poluchayuschih-inostrannoe-finansirovanie.html

9 Վերջին շրջանում աղմուկ բարձրացավ «Дождь» և «РБК» հեռուստաալիքների հետ կապված, որոնք մեղադրվում են արևմտյան ֆինանսավորում ստանալու մեջ։

10 Как устроен закон об иностранцах в СМИ?, https://meduza.io/cards/kak-ustroen-zakon-pro-inostrantsev-v-smi


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր