• am
  • ru
  • en
Версия для печати
14.11.2018

ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018


Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Բազմամշակութայնությունը (մուլտիկուլտուրալիզմ) և գլոբալ քաղաքացիական հասարակության ձևավորումը համարվում են աշխարհի զարգացման ունիվերսալության (լիբերալիզմ) և առանձին մշակույթների ու քաղաքակրթությունների զարգացման առանձնահատկության (կոմունիտարիզմ) սուր հակասությունը հաղթահարելու ամենակարևոր միջոցները:

Մուլտիկուլտուրալիզմի կոնցեպտը գիտական շրջանառության մեջ է մտել 1960-ական թթ. Կանադայում, հետագայում՝ 1980-ականներին, լայն տարածում է գտել Եվրոպայում։ Ռուս հետազոտող Ե.Պանինը տերմինը բնորոշում է որպես «թարմ» կոնցեպտ, որը հստակ սահմանված չէ, տարբեր երկրներում օգտագործվում է տարբեր համատեքստերով։ Չնայած իր անորոշությանը՝ տերմինի հանրամատչելիության հիմնական կանխադրույթը մնում է այն, որ երկրի (տարածաշրջանի, ամբողջ աշխարհի) մշակութային տարբերությունն ընդունվում է որպես արժեք, ինչպես նաև անհնարին է դառնում մշակույթների դասակարգումն ըստ բարձր–ցածր, առաջնային–երկրորդական, պետականաշինական և այլ սկզբունքների։ Բազմամշակութայնության նպատակն է նոր հասարակական և քաղաքական հարաբերությունների կառուցումը՝ հաղթահարելու համար խոր արմատացած անհավասարությունը, որը պահպանվել է խտրականության ֆորմալ վերացման արդյունքում։ Կոնցեպտուալ տեսանկյունից նշանակում է, որ ազգ հասկացությունը վերիմաստավորվում է ոչ թե որպես «ցեղակիցների» ամբողջություն, որն ունի ընդհանուր անցյալ, արմատներ և այլն, այլ որպես քաղաքացիների համախումբ, ովքեր կարող են միմյանցից տարբերվել մշակութապես, լեզվով, տոնել տարբեր տոներ, նույնիսկ դավանել այլ կրոններ1։ Տերմինն օգտագործվում է հաճախ հանդուրժողությանը (տոլերանտությանը) զուգահեռ` մատնանշելով հասարակությունում առկա կոնկրետ խմբերի, օրինակ՝ Եվրոպայում այն օգտագործվում է հիմնականում միգրանտների մասին խոսելիս, Կանադայում` ֆրանկոֆոնների և այլն։

Վերջերս մեդիայում ակտիվ քննադատվում է Եվրոպայում մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը։ Խոսվում է վերջինիս անկման մասին՝ հղում անելով տարբեր քաղաքական գործիչներին։ 2010թ. միջազգային կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելը հայտարարել է, որ մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը Գերմանիայում տապալվել է2։

Եվրոպայում բազմամշակութայնության քաղաքականության խնդրայնության դիսկուրսին զուգահեռ՝ ադրբեջանական մեդիայում շրջանառության մեջ են դրվում նյութեր «Ադրբեջանի մուլտիկուլտուրալիզմի մոդել»-ի մասին3։ 2013-2014թթ. ակտիվանում են որպես մուլտիկուլտուրալ երկիր դիրքավորվելու Ադրբեջանի փորձերը։ Դրա մասին են վկայում այս ուղղությամբ իրականացված քայլերը և տեղեկատվական ուղղորդումը։ Արհեստականորեն ստեղծված «մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդել»-ը որոշակիորեն հակադրվում է եվրոպական կամ այլ երկրների «ձախողված» մոդելներին։ Ադրբեջանում վերջին մի քանի տարիներին մուլտիկուլտուրալիզմը հռչակվել է պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Ըստ ադրբեջանական տեսակետի՝ «մուլտիկուլտուրալիզմի սեփական մոդելն ավելի կայացած և արդյունավետ է, որ Ադրբեջանը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար»4։

Իրականացված քայլեր և միջոցառումներ. «Մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելի» տարածմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս առանձնակի զարկ տրվեց 2014թ. փետրվարի 28-ին։ Ի.Ալիևի հրամանագրով ստեղծվեց ԱՀ ազգամիջյան հարցերի և մուլտիկուլտուրալիզմի և կրոնական հարցերով պետական խորհրդականի ծառայությունը։ Նույն թվականի մայիսին հիմնադրվեց Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնը։ Կենտրոնի անմիջական նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումների լայն շրջանակ՝ տարբեր կառույցների հիմնադրում, հումանիտար և միջազգային ֆորումներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ, մրցույթներ, ցուցահանդեսներ, գրքերի հրատարակություն, ներկայացումներ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնը տարին երկու անգամ կազմակերպում է ամառային և ձմեռային դպրոցներ, որոնց ընթացքում 30-40 ուսանող տարբեր երկրներից հնարավորություն է ստանում այցելել Ադրբեջան։ Այդ դպրոցներն ամեն անգամ անց են կացվում Ադրբեջանի տարբեր շրջաններում։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի մասնաճյուղեր են գործում ԱՄՆ-ում, Մոլդովայում, Իսրայելում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ղազախստանում։

«Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ» առարկան դասավանդվում է Ադրբեջանի 38 և արտասահմանյան 19 համալսարաններում՝ Գերմանիայում, Իտալիայում, Չեխիայում, Բելառուսում և այլն։ Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմի մոդելին ծանոթանալուց զատ, «...ուսանողներին ներկայացվում են նաև Ադրբեջանի պատմությունը և մշակույթը»։ Կրթական ոլորտում, մուլտիկուլտուրալիզմի քաղաքականության շրջանակներում Բաքվի Սլավոնական համալսարանում բացվել է Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմի ամբիոն, իսկ 2017թ. հուլիսին հրատարակվեց համանուն ուսումնական ձեռնարկը։

«Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմը» որպես քարոզչություն. Ադրբեջանում տարբեր ազգերի ներկայացուցիչների բնակության փաստը իշխանությունները ներկայացնում են որպես բացառիկ երևույթ, զուտ Ադրբեջանին բնորոշ հանդուրժողականության դրսևորում։ Ադրբեջանական իշխանությունները պաշտոնական ելույթներում նշում են, որ իրենց երկիրը մուլտիկուլտուրալ քաղաքականության դրական փորձ ունի, քանի որ «երկրում խաղաղ ապրում են ազգային փոքրամասնություններ5, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ տիտղոսակիր ազգը» 6։

Որպես ասվածի հիմնավորում ներկայացվում է Բաքվում պահպանված հայկական եկեղեցու փաստը, չնայած հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ադրբեջանական նյութերից տպավորություն է ստեղծվում, թե հայկական եկեղեցին գործող եկեղեցի է, սակայն չի նշվում, որ այն մի քանի անգամ լուրջ վնասվել է և բացակայում է գմբեթի խաչը, իսկ 2002 թվականից այն օգտագործվում է որպես Ադրբեջանի նախագահի գործերով վարչության գրադարանի գրապահոց, որի մուտքը փակ է7։

Թեև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին դրույթներն ամրագրված են ինչպես Ադրբեջանի սահմանադրությունում, այնպես էլ Ադրբեջանի ստորագրած միջազգային համաձայնագրերում (ինչպիսին է, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան»), սակայն իրականում այն հաճախ դեկլարատիվ բնույթ է կրում։ Քիչ չեն ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման և ոտնահարման օրինակները8. երեխաների անունների ընտրությունը պետք է համաձայնեցվի համապատասխան պետական մարմինների հետ, ազգանունները ձևափոխվում են՝ ստանալով «թյուրքական հնչողություն»9։ Չնայած հռչակված է, որ Ադրբեջանում ապրող բոլոր ազգերը, անկախ էթնիկ ծագումից, ունեն հավասար իրավունքներ, սակայն տարբեր մեթոդներով խոչընդոտվում է փոքրամասնությունների քաղաքական գործունեությունը, օրինակ՝ իրականացվում է կուսակցությունների և կազմակերպությունների գրանցման գործընթացի խոչընդոտում կամ քաղաքական գործիչների ձերբակալություններ այլախոհության մեղադրանքով10։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դրսևորած ցանկացած ակտիվություն, որն ուղղված է մշակութային և լեզվական ինքնության պահպանությանը, ադրբեջանական իշխանությունների կողմից գնահատվում է որպես անջատողականություն։ Այսպես, օրինակ, տարրական դասարաններում մայրենի լեզվի դասավանդման որոշակի սահմանափակումներ կան. դասագրքերի սղություն, դասավանդող ուսուցիչներն այլ առարկաների ուսուցիչների համեմատությամբ ավելի ցածր են վարձատրվում11։ Բացի նշված իրավախախտումներից, նաև փոքրամասնությունների թվաքանակի մասին կեղծ տվյալնել են ներկայացվում։ Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մաս են կազմում ազգային փոքրամասնությունների պատմության խեղաթյուրված ներկայացումը, նրանց պատմամշակութային ժառանգության արժեքների յուրացումը12։ Այսպես, օրինակ, «Ներկայացուցչություններ չունեցող ազգերի և ժողովուրդների կազմակերպություն» ՀԿ-ի կողմից 2013թ. սեպտեմբերին Եվրախորհրդարանում ներկայացված զեկույցում նշվում է, որ «Ադրբեջանում բնակվող լեզգիների թիվն իրականում հասնում է 500-700 հազարի, մինչդեռ պաշտոնական տվյալներում ներկայացվում է մոտ 180 հազ., իսկ լեզգիների մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանները ներկայացվում են որպես ադրբեջանական»13։

Ըստ էության, մուլտիկուլտուրալիզմը պետական քաղաքականությունից վերածվել է պետական քարոզչության։ Մուլտիկուլտուրալ Ադրբեջանի շուրջ կառուցվող քարոզչությունն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարաններին։ Ներքին լսարանի դեպքում այն նպատակ ունի ամրապնդել ադրբեջանականության գաղափարախոսությունը, որի հիմքում ոչ թե էթնիկ ծագումն է, այլ քաղաքացիական արժեքները։

Արտաքին լսարանի դեպքում Ադրբեջանը փորձում է ստանձնել իսլամական և քրիստոնեական աշխարհների միջև այսպես կոչված կամրջի դերը՝ ձգտելով դառնալ քաղաքակրթությունների երկխոսության պլատֆորմ, հանդես գալ որպես «ոչ միայն նավթ և գազ, այլ «տոլերանտության գաղափարներ արտահանող» պետություն»14։ Այս քաղաքականության ամրապնդմանն ուղղված քայլերից էին, օրինակ, 2016 թվականը Ի.Ալիևի կողմից որպես «Մուլտիկուլտուրալիզմի», իսկ 2017թ.՝ «Իսլամական համերաշխության» տարի հայտարարելը և համապատասխան միջոցառումների անցկացումը։ Մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելի շուրջ կառուցվող քարոզչությունն ուղղված է նաև սեփական երկրի ցանկալի կերպարի ստեղծմանը, միջազգային վարկի բարձրացմանը, այդպիսով նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջազգային աջակցության ապահովմանը։ Այն ուղեկցվում է Հայաստանը վատ լույսով ներկայացնելու փորձերով, մասնավորապես՝ գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ հնչում են «ինչպես ադրբեջանական, այնպես էլ այլ ժողովուրդների դեմ «կատարած հանցանքներում» հայությանն ուղղված մեղադրանքներ։ Օրինակ, 2016թ. հունիսին Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Տեռոր մուլտիկուլտուրալիզմի դեմ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Գիտաժողովի ընթացքում ադրբեջանական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որ «հայկական ահաբեկչությունը կրում է համակարգային բնույթ և ուղղված է համայն մարդկության դեմ», հնչել են «այլ ժողովուրդների դեմ «կատարած հանցանքներում հայությանն ուղղված մեղադրանքներ»։ Այս համատեքստում է Ադրբեջանը հանդես եկել «հայ ահաբեկիչներից մարդկությանը պաշտպանողի» և «համամարդկային արժեքների պահապանի» դիրքերից15։

Այսպիսով, բազմամշակութայնություն անվան տակ իրականացվող տարաբնույթ միջոցառումները՝ սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, կայքերի գործարկում, գրքերի հրատարակում, համերգներ16 և այլն, ծառայում են ադրբեջանական տեսակետների տարածմանը և հակահայկական քարոզչությանը։ Նշենք, որ նման քարոզչությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի և հայության համար, քանի որ առկա է հնարավորինս մեծ լսարանում բացասական, հայատյաց պատկերացումներ ձևավորելու միտում։

1 Уилл Кимлика, Взлет и падение мультикультурализма?, Дискурс-Пи: науч. журн. / Ин-т философии и права Урал. отд-ния Рос. акад. наук, 2013, вып. 11-12, 318 с.

2 Меркель заявила о провале мультикультурализма, https://www.bbc.com/russian/international/2010/10/101016_merkel_multiculturalism_failed

3 Ադրբեջանական լրատվական դաշտում վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել այս թեմայով նյութերի հետևյալ ձևակերպումներով. «մուլտիկուլտուրալիզմը պետական քաղաքականություն է և կենսակերպ», «Ադրբեջանը չի տեսնում այլընտրանք մուլտիկուլտուրալիզմին», «Ադրբեջանը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է իր տոլերանտությամբ և մուլտիկուլտուրալ ավանդույթներով», «Մուլտիկուլտուրալիզմը վերածվում է պետության բրենդի» և այլն։

4 Президент Ильхам Алиев: Азербайджан играет уникальную роль между цивилизациями, религиями и континентами, http://1news.az/news/v-baku-prohodit-konferenciya-2017-god-islamskoy-solidarnosti-religii-i-mezhkul-...

5 Ադրբեջանում ապրում են լեզգիներ, ռուսներ, հրեաներ, թալիշներ, թաթեր, ուդիներ և այլն։

6 http://www.azerbaijan.az/portal/General/Constitution/doc/constitution_r.pdf

7 https://armeniasputnik.am/society/20180408/11321545/azerbadjan-surb-grigor-lusavorich-haykakan-ekexe...

8 Այս առումով ավելի մեղմ է վերաբերմունքը ռուսական համայնքի նկատմամբ՝ գործում են ռուսական դպրոցներ։

9 Азербайджан сегодня: от неравноправия к шовинизму, http://flnka.ru/politika/475-azerbaydzhan-segodnya-ot-neravnopraviya-k-shovinizmu.html

Информвойна против лезгин и талышей, http://flnka.ru/aktualnoe/3109-informvoyna-protiv-lezgin-i-talyshey.html

10 Տե՛ս Коренные народы Азербайджана: колокол звонит по нам, http://flnka.ru/digest-analytics/1730-korennye-narody-azerbaydzhana-kolokol-zvonit-po-nam.html, Фахраддин Абосзода: В Азербайджане проводится политика этноцида в отношении коренных народов, http://novostink.ru/azerbaijan/69451-fahraddin-aboszoda-v-azerbaydzhane-provoditsya-politika-etnocid...

11 Азербайджан сегодня: от неравноправия к шовинизму, http://flnka.ru/politika/475-azerbaydzhan-segodnya-ot-neravnopraviya-k-shovinizmu.html

12 http://flnka.ru/aktualnoe/3109-informvoyna-protiv-lezgin-i-talyshey.html

13 Фахраддин Абосзода: В Азербайджане проводится политика этноцида в отношении коренных народов, http://novostink.ru/azerbaijan/69451-fahraddin-aboszoda-v-azerbaydzhane-provoditsya-politika-etnocid...

14 http://www.1news.az/news/v-baku-izdana-kniga-o-modeli-azerbaydzhanskogo-mul-tikul-turalizma-foto

15 Состоялся первый международный «круглый стол» на тему «Армянский террор и азербайджанский мультикультурализм», https://azertag.az/ru/xeber/Sostoyalsya_pervyi_mezhdunarodnyi_kruglyi_stol_na_temu_Armyanskii_terror...

16 2013թ. նոյեմբերի 22-ին Փարիզի Ադրբեջանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ադրբեջան. տոլերանտության տարածություն» ֆոտոցուցահանդեսը։ 2016թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունցավ «Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ» կայքի և էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը։ 2017թ. ապրիլի 27-ին Հելսինկիում տեղի ունեցավ «Մուլտիկուլտուրալիզմ և կրոնական հանդուրժողականություն. Ադրբեջանի փորձը և դրա նշանակությունը Եվրոպայի համար» խորագրով կոնֆերանս։ 2018թ. հունվարին Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելի մասին» գրքի շնորհանդեսը։ 2018թ. մայիսին Ադրբեջանի Լեզվաբանական համալսարանում լույս տեսավ «Հեյդար Ալիև. մուլտիկուլտուրալիզմ, տոլերանտության գաղափարախոսություն» գիրքը։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր