
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2018
Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Ցանկացած երկրի տեղեկատվական քաղաքականությունը ձևավորվում է միջազգային որոշակի չափանիշների և սեփական երկրի առանձնահատկությունների համաձայն։ Ինֆոքաղաքականության իրագործումը բազմաշերտ խնդիր է, որը պարունակում է նորմատիվային-իրավական, տեխնիկական-տնտեսական և սոցիալական (այդ թվում՝ կրթական) բաղադրիչներ1։ Ադրբեջանի ներքին տեղեկատվական քաղաքականության իրականացման հիմնական նպատակն է սեփական տեղեկատվական տարածքի պաշտպանությունն արտաքին տեղեկատվական հոսքերից, ինչպես նաև վերահսկողությունը։ Սույն հոդվածում կանդրադառնանք Ադրբեջանի տեղեկատվական դաշտը կարգավորող օրենքներին և վերահսկման որոշ մեխանիզմների։
ԶԼՄ ոլորտը կարգավորող օրենքներ վերահսկման իրավասություն ունեցող մարմիններ
Տեղեկատվական քաղաքականությունը դիտարկվում է որպես քաղաքական ազդեցության՝ քաղաքական նպատակների հասնելու միջոց։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր են այդ քաղաքականության հիմնական ուղղությունների հստակեցումը, տեղեկատվական քաղաքականության օբյեկտ հանդիսացող զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների ստեղծումը և օրենքների ընդունումը։ Տեղեկատվական անվտանգության ոլորտը կարգավորող նորմերը և սկզբունքներն ամրագրված են ինչպես Ադրբեջանի Ազգային անվտանգության հայեցակարգում, այնպես էլ առանձին օրենքներով, ինչպես, օրինակ, 1998թ. ընդունված «Տեղեկատվության, տեղեկատվայնացման, տեղեկատվության պաշտպանության» մասին օրենքը, 1999թ. ընդունված «ԶԼՄ-ի մասին օրենքը», 2002թ. ընդունված «Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքը», 2004թ. ընդունված «Պետական գաղտնիքի մասին օրենքը» և այլն։ Այս օրենքներում պարբերաբար փոփոխություններ և լրացումներ են կատարվում, վերջին տարիներին արձանագրվում են այդ օրենքների խստացումներ։
2000թ. նախագահի հրամանով լուծարվեց Մամուլի և տեղեկատվության նախարարությունը, ինչը մեկնաբանվեց որպես «ԶԼՄ-ի նկատմամբ պետության կողմից վերահսկողության վերացմանն ուղղված քայլ»։ 2003թ. Ադրբեջանի լրագրողների առաջին համագումարից հետո հիմնադրվեց «Մամուլի խորհուրդը», որն ուներ հասարակական կազմակերպության կարգավիճակ և պետք է դառնար ԶԼՄ ինքնակարգավորող մարմին։ Նույն տարի ԶԼՄ ոլորտը համակարգելու և պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը: Հետագայում՝ 2008թ., հաստատվեց Ադրբեջանի Հանրապետությունում ԶԼՄ զարգացման աջակցման պետական հայեցակարգը, որի շրջանակներում էլ 2009թ. Ադրբեջանի նախագահին կից ստեղծվեց «ԶԼՄ զարգացման աջակցության պետական հիմնադրամը: Ազգային տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության սպառնալիքների կանխարգելման նպատակով 2012թ. Ադրբեջանի նախագահի հրամանով Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կից ստեղծվեց Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը։ Այս մարմինների միջոցով էլ հիմնականում կարգավորվում է ԶԼՄ ոլորտի գործունեությունը։
Ադրբեջանի սահմանադրությամբ ամրագրված են խոսքի, մտքի և տեղեկատվության ազատության կանոնադրությունները, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու և տարածելու մասին քաղաքացու իրավունքը, անկախ լրատվամիջոցների ստեղծման իրավունքը։ Այսինքն, ինչպես նշում են պաշտոնական և դրանց մոտ կանգնած աղբյուրները, «Ադրբեջանում ստեղծվեցին բոլոր պայմանները լրատվամիջոցների անարգել գործունեության, զարգացման համար։ Լրատվամիջոցները վայելում են պետական աջակցություն, պետությունը խրախուսում է անկախ լրատվամիջոցների գործունեությունը»։ Սա հռչակված պաշտոնական տեսակետն է, սակայն գործնականում իրավիճակը հետևյալն է. ադրբեջանական իշխանությունները վարում են կոշտ տեղեկատվական քաղաքականություն ներքին դաշտում։ Ինչպես նշում են միջազգային տարբեր կազմակերպություններ (Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպություն, Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ - IREX, լրագրողների պաշտպանության եվրոպական կոմիտե - CPJ Europe) տարբեր տարիների իրենց զեկույցներում2, զանգվածային լրատվամիջոցները գտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ։ Բոլոր կառույցները, ընդունված օրենքները, որոնք ստեղծվել էին և պետք է նպաստեին ոլորտի բարելավմանը, աջակցեին ԶԼՄ անարգել գործունեությանը, գործնականում վերածվեցին դրանց աշխատանքները սահմանափակող օրենքների, դրանք վերահսկող մարմինների։ Այսպես, օրինակ, «Մամուլի խորհուրդ»-ն իր վրա վերցրեց «ռեկետային լրագրության» դեմ պայքարելու գործառույթը։ Այն ստեղծեց Ադրբեջանի համար անցանկալի լրատվամիջոցների, լրագրողների ցանկ, որը պարբերաբար թարմացվում է, այդ ցանկում ընդգրկված են 80-ից ավելի լրատվամիջոցներ3։ Վերջերս «Մամուլի խորհրդի» նախագահ, պատգամավոր Աֆլաթուն Ամաշովը ներկայացրեց խորհրդին իրավական կարգավիճակ շնորհելու և լիազորությունների ընդլայնման առաջարկը՝ այն պատճառաբանությամբ, որ «Խորհուրդը, հանդիսանալով հասարակական կազմակերպություն, հաճախ չի կարողանում անհրաժեշտ միջոցների դիմել»4։
Վերահսկողության, գրաքննության տեսակները և դրսևորումներն Ադրբեջանում. Չնայած Ադրբեջանում 1998թ. չեղարկվեց գրախոսության մասին օրենքը, սակայն դա բոլորովին չէր նշանակում գրախոսության վերացում, դրանով այլ գործընթացի սկիզբ դրվեց։ Գրաքննությունը և ԶԼՄ գործունեության սահմանափակումներն արտացոլվեցին ոլորտը կարգավորող այլ օրենքների դրույթներում։ Մասնավորապես, 2015թ. ճշգրտումներ արվեցին Քրեական օրենսգրքի «Պետական գաղտնիքի տարածման» մասին հոդվածում, որի համաձայն՝ «պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիայի հրապարակման համար (եթե այն չի պարունակում պետական դավաճանության նշաններ), սպառնում է 3-6 տարի ազատազրկում (նախկինում՝ 2-5)»։ Իսկ ըստ «ԶԼՄ-ի մասին օրենքի», «եթե այդ գործողությունները ծանր հետևանքներ են ունեցել, այդ դեպքում՝ 4-8 տարի ազատազրկում, նախկին 3-7 տարվա փոխարեն»։ Բացի այդ, Քրեական օրենսգրքում մեկ այլ փոփոխություն կատարվեց. այն համալրվեց ևս մեկ հոդվածով, որի համաձայն՝ «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կամ իրերի բռնի ուժով կամ հարկադրման, խաբեության, գողության կամ տեխնիկական միջոցներով ձեռք բերելու համար նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում»5։
Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով պատիժներ սահմանվեցին սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտություններ անողներին, որոնց համար նախատեսվում է մինչև $1000 տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով: Օրենքի փոփոխությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է չսահմանափակվել միայն համացանցով, այլ պատիժներ կիրառել նաև հրապարակային ելույթների ընթացքում, համացանցում, լրատվամիջոցներում Իլհամ Ալիևի արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող անձանց նկատմամբ6։
Օրենսդրական փոփոխության մեկ այլ օրինակ են 2015թ. փետրվարին «ԶԼՄ-ի մասին օրենք»-ում կատարվող փոփոխությունների առաջարկները, որոնք արժանացան նախագահի հավանությանը. համաձայն դրանց՝ «ցանկացած լրատվական կազմակերպություն կարող է փակվել այն դեպքում, եթե ֆինանսավորում է ստանում արտերկրից կամ տարվա մեջ 2 անգամ մեղադրվում է զրպարտության, կողմնակալ տեղեկատվության տրամադրման մեջ»7։
Բացի օրենսդրական դաշտում իրականացվող քայլերից, գրանցվեցին իշխանությունների կողմից անկախ ԶԼՄ և ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողների նկատմամբ կիրառվող և աստիճանաբար ավելի խստացվող գրաքննության դեպքեր։
Լրատվամիջոցների գործունեության կասեցում, կայքերի արգելափակում. Միայն 2017թ. մայիսին «Էլեկտրոնային անվտանգության կենտրոնի ներկայացրած հայցի համաձայն՝ արգելափակվեցին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի, «Аzadliq» լրատվամիջոցի, ընդդիմադիր «Meydan TV» ինտերնետ-հեռուստաընկերության կայքերը, ինչպես նաև «Turan TV» վիդեոալիքի և «Azərbaycan saatı» («Ադրբեջանի ժամ») կայքերը8, որոնք հասանելի են միայն այլ երկրներից մուտք գործելու դեպքում։ 2017թ. հետապնդումներ սկսվեցին նաև անկախ համարվող «Turan» լրատվական գործակալության նկատմամբ. հարկեր չվճարելու պատրվակով իրավապահ մարմինները խուզարկություններ իրականացրին գործակալության գրասենյակում։ Արդյունքում՝ սառեցվեցին գործակալության բանկային հաշիվները։ 2017թ. օգոստոսին «Turan» գործակալության ղեկավարի ձերբակալությունից հետո ժամանակավորապես կասեցվեցին գործակալության աշխատանքները։ Թեև հետագայում այն վերաբացվեց, այդուհանդերձ, գործակալության և դրա ղեկավարի նկատմամբ հետապնդումները չդադարեցին։
Լրագրողների և կայքերի խմբագրերի հետապնդումներ, ձերբակալություններ. Ադրբեջանում բազմաթիվ են անկախ լրագրողների հետապնդումների, ձերբակալությունների դեպքերը։ Բաքվում 2014թ. ձերբակալվել է «Zerkalo.az» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, որը մեղադրվել է Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ9: Մեկ այլ օրինակ է «Turan» գործակալության ղեկավար Մեման Ալիևի ձերբակալությունը (2017թ.)10, կամ՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը 2014թ.11։
Լրագրողներին մեղադրում են «զրպարտության», «պետական դավաճանության», «պետական գաղտնիքի տարածման» մեջ, նրանց հետապնդում և ձերբակալում են։ Բացի այդ, լրագրողներին և գործակալությունների ղեկավարներին առաջադրվում են հարկեր չվճարելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երբեմն նաև թմրանյութերի տարածման մեղադրանքներ, մինչդեռ ձերբակալությունների իրական պատճառն առնչվում է լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Հետապնդումների են ենթարկվում մասնավորապես լրագրողական հետաքննություններ անցկացնող, ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանությունների մասին քննադատական, մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տեղեկատվություն ներկայացնող լրագրողները։ Լրագրողների նկատմամբ ուժային կառույցների կողմից իրականացվող գործողությունները ստիպում են ԶԼՄ ներկայացուցիչներին խուսափել երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող սուր թեմաների բարձրաձայնումից։
Վերահսկողություն խրախուսման միջոցով. Այս ուղղությամբ աշխատանքներ է տանում հիմնականում ԶԼՄ զարգացման աջակցության պետական հիմնադրամը։ Ազգային մամուլի օրվա առթիվ նախագահ Ի.Ալիևի կողմից լրագրողներին հատկացվել է 255 բնակարան։ Այդ նույն օրը տրվել է ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը12: Անկախ լրագրողներն այս քայլը ևս համարում են վերահսկողություն սահմանելու և լրագրողներին ազատ գործելու իրավունքից զրկելու միջոց։ Խրախուսման մեկ այլ օրինակ է նույն հիմնադրամի կողմից հայտարարված «Լավագույն լրագրողական էսսե» մրցույթը (2016թ.) և հաղթողներին մրցանակների շնորհումը։
Հարկ է նշել, որ իշխանությունները պարբերաբար նաև ֆինանսական մեծ միջոցներ են հատկացնում այն մասնավոր լրատվամիջոցներին, որոնք աջակցում են պետական տեղեկատվական քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ «ոչ ցանկալի լրատվամիջոցների» նկատմամբ կիրառվում է տնտեսական սահմանափակումների քաղաքականություն (սառեցվում են բանկային հաշիվները, սահմանափակվում են գլխավոր եկամուտի աղբյուր հանդիսացող գովազդի տեղադրման հնարավորությունները, արգելվում է ֆինանսավորումն արտերկրից)։
Այսպիսով, չնայած Ադրբեջանի իշխանությունները հռչակում են, որ «պետությունը բոլոր հնարավորությունները ստեղծել է ազատ մամուլի ձևավորման և գործունեության» համար, գործնականում տարբեր մեխանիզմների միջոցով տոտալ վերահսկողություն սահմանելուն միտված քայլեր են ձեռնարկվում։ Բացի օրենսդրական և տնտեսական վերահսկման ձևերից և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումներից, երկրում գործում են տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ՝ տեղեկատվության ընտրողական տրամադրման և տեղեկատվական հոսքերի ուղղորդման միջոցով, ինչը ևս մեդիա-դաշտի վերահսկման մեխանիզմներից է։
1 Нисневич Ю.А., «Государственная информационная политика», https://lap.hse.ru/data/2012/12/05/1301814905/inf_vlast.pdf
2https://www.panorama.am/ru/news/2016/04/29/IREX-%D0%A1%D0%9C%D0%98-%D0%90%D0%B7%D0%B5%D-1%80%D0%B1%D.... www.bbc.com/russian/news-41062493, https://freedomhouse.org/report/freedom-net/freedom-net-2017
3http://www.presscouncil.az/az/show.page.php?guid=4ff42de6-5936-11df-8837-0022190362dd
4http://novosti.az/politics/14305.html
5 http://www.kavkaz-uzel.eu/articles/258417/
6https://www.azatutyun.am/a/28440683.html
7https://www.rferl.org/a/azerbaijan-alieyv-law-on-mass-media/26829860.html
8http://www.bbc.com/russian/news-39897049
9Լրագրողը 2 տարի բանտում անցկացնելուց հետո՝ 2016թ., ազատ է արձակվել։ Ռ.Միրկադիրովի վեց տարվա ազատազրկման դատավճիռը փոխարինվել է պայմանական պատժաչափով, https://www.azatutyun.am/a/27618981.html
10ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Ադրբեջանում հարկերից խուսափելու մեղադրանքով ձերբակալված և 3 ամսվա ազատազրկման ենթարկված՝ «Turan» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործին և Ադրբեջանի իշխանություններից պահանջել ազատ արձակել նրան: Մեհման Ալիևը ձերբակալությունից մոտ մեկ ամիս անց ազատ էր արձակվել։ http://yerkirmedia.am/region/turan-aliev-azat-ardzakum/
11Խադիջա Իսմայլովան ձերբակալվել էր Ադրբեջանի իշխող վերնախավում կոռուպցիայի փաստերի վերաբերյալ լրագրողական հետաքննություն անցկացնելու պատճառով։ Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդ-յունքում 2016թ. լրագրողի պատիժը, մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո, փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ: https://www.azatutyun.am/a/28757617.html
12https://news.day.az/politics/916489.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[14.11.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[02.07.2018]
- ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[26.12.2017]
- ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[19.05.2017]
- ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[09.01.2017]
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ[16.09.2016]
- «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարբեր երկրների փորձը)[01.07.2016]
- «ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ[06.05.2016]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[13.10.2015]
- ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ[02.06.2015]