
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
Ավելի քան 5 տարի հայաստանյան հետազոտողներն իրականացնում են Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականության համակարգված և շարունակական ուսումնասիրություններ՝ հիմնվելով համացանցային լրատվամիջոցներով տարածվող ադրբեջանական քարոզչության նյութերի վրա։ Այս իմաստով ադրբեջանական լրատվադաշտը հատկապես հագեցած է Ադրբեջանում հայտարարված հիշատակի օրերին, ինչպիսին են, օրինակ, Խոջալուի զոհերի հիշատակի օրը՝ փետրվար 26-ը և դրան նախորդող ու հաջորդող օրերը։ Նշենք, որ տարիների ընթացքում այս օրը նախ հիշատակվում էր իբրև Խոջալուի դեպքեր կամ ողբերգություն, իսկ այժմ ադրբեջանական պրոպագանդան այն պիտակավորում է իբրև ցեղասպանություն։ Այս և այլ միտումները դիտարկելու, ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական քարոզի կիրառվող առանցքային մեխանիզմների նոր կողմերը վերհանելու և 2009-2010թթ. մեր իրականացրած հետազոտության արդյունքների1 հետ համեմատելու նպատակով որակական դիտարկման ենք ենթարկել ադրբեջանական 10 առցանց ԶԼՄ2 վերոնշյալ օրերի 386 թեմատիկ հոդվածներ:
Այսպիսով, Խոջալուի հիշատակի օրերին ադրբեջանական մամուլը լցվում է հակահայ բովանդակությամբ նյութերով, առավել պատկերավոր են երևում ադրբեջանական պրոպագանդայի գրեթե բոլոր նրբությունները։ Զանգվածային լրատվամիջոցների ազդեցության տեսություններից հայտնի են լսարանի մանիպուլյացիայի նպատակով կիրառվող տարբեր մեթոդներ3։ Հայտնի մանիպուլյացիոն տեխնիկական տեսակներից առավել տարածվածներն ադրբեջանական քարոզչության մեջ կներկայացվեն ստորև։
Կրկնության հնարքը հաճախ օգտագործվում է ադրբեջանական քարոզչության մեջ։ Տեխնիկայի հիմնական իմաստն այն է, որ անհրաժեշտ ինֆորմացիան լսարանի մեջ ամրապնդելու համար հարկավոր է շարունակ կրկնել այն։ Մեթոդը կիրառվում է ինչպես տեքստերում, այնպես էլ տեսաշարերում։ Մեր դիտարկած բոլոր լրատվամիջոցները փետրվարի 26-ին առնչվող հոդվածներում իբրև համատեքստի նկարագրություն զետեղել են բառացիորեն նույն տեքստը։ Սա ակնհայտ է դարձնում մեկ կենտրոնից մշակված և բոլոր լրատվամիջոցներին ուղարկվող տեքստի առկայությունը, որն էլ տարածվում է բոլոր կայքերում և թեմային առնչվող բոլոր հոդվածներում։ Ինչ վերաբերում է տեսաշարերին, ապա այն արտահայտվում է պատկերների ու տեքստերի կրկնությամբ։ Օրինակ, Խոջալուի դեպքերի մասին նկարահանված ֆիլմերում կամ հոլովակներում կարելի է նկատել նույն պատկերների պարբերական կրկնություն, հատկապես կրկնվում են հուզական իմաստով առավել ազդու կադրեր (օրինակ, մահացած երեխաների և ծերերի դիակներ, խոշտանգված մարմիններ, ինչը վերագրվում է հայկական կողմին)։
Ականատեսների վկայություն։ Հաճախ Խոջալուի իրադարձությունների մասին տեքստերում որպես աղբյուր հանդես են գալիս ականատեսները, ինչն առավել հավաստի և համոզիչ է դարձնում հաղորդված տեղեկությունը լսարանի համար։ Այսպես, օրինակ, «Խոջալուի բնակչուհի Սարիա Թալիբովան պատմում է, որ հայի գերեզմանի վրա գլխատել են 4 թուրք մսխեթցու և 3 ադրբեջանցու։ Այնուհետև, նաև հանել են 2 ադրբեջանցու աչքերը»4)։ Ականատեսներին հղում կատարող այս և այլ տեքստերում նկատելի է գերհուզականությունը՝ համոզիչ լինելու նպատակով, ինչը, սակայն, հաճախ վերածվում է գեղարվեստականության և ակներև դարձնում հորինվածքի շերտը։ Օրինակ, Խոջալուի բնակիչ, փախստական Վալեհ Հուսեյնովը պատմում է քաղաքի մատույցներում տեղի ունեցած իրադարձությունների և հայերի մոտ պատանդ եղած ժամանակահատվածի մասին։ Տարբեր լրատվամիջոցներում առկա այս հարցազրույցում նշվում են տարբեր փաստեր, որոնք իրար հակասում են, օրինակ՝ contact.az-ում5 նշվում է, որ Վալեհ Հուսեյնովն անցկացրել է «պատանդության սարսափելի ամիսներ», մինչդեռ 1news.az-ում խոսվում է պատանդության 27 օրվա մասին6:
Թշնամու կերպարի ձևավորում։ Թշնամի հայի կերպարի ձևավորումն ադրբեջանական քարոզչության անբաժանելի տարրերից է։ Հայի՝ որպես թշնամու, կերպարի ամրապանդումը ամրագրվում է բացասական բնութագրիչներով, որոնք վերաբերում են ինչպես հայ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին, արժեհամակարգի խեղաթյուրմանը, այնպես էլ գործողություններին։ Մեր ուսումնասիրած տեքստերում հանդիպել են «շովինիստ», «անջատողական», «հանցագործ», «մարդասպան», «արյունարբու դահիճ», «օկուպանտ», «ցեղասպանություն իրագործողներ», «ահաբեկիչներ», «բարբարոսներ», «հարևան երկրների հողերի հավակնություններ ունեցող» բնութագրիչները։ Այս հարցում ադրբեջանական քարոզչությունը չի մնում միայն սեփական երկրի սահմաններում և հայերի հանդեպ ատելության քարոզը տարածում է աշխարհի տարբեր երկրներում։
Հակադրության սկզբունք։ Այս մեթոդը նույնպես կիրառվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից։ Ի հակադրություն «բոլոր բացասական հատկանիշներով օժտված հայերի»՝ հանդես են գալիս «խաղաղասեր, հանդուրժող, հայրենասեր, ավանդույթներին հավատարիմ, հանուն հայրենիքի և ընտանիքի իրենց կյանքը զոհելու պատրաստ» ադրբեջանցիները։ Հակադրության էֆեկտն ավելի ցայտուն դարձնելու համար համեմատություններն արվում են նույն տեքստի շրջանակներում։
Աղբյուրների բազմազանեցման պատրանքի ստեղծում։ Հակահայկական տեղեկատվություն տարածող աղբյուրները կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի՝ ադրբեջանական աղբյուրներ, օտարերկրյա աղբյուրներ, հայկական աղբյուրներ։ Ադրբեջանի դիրքերից հանդես են գալիս հիմնականում պաշտոնյաները, մշակույթի գործիչները, լրագրողները, ինչպես նաև ականատես հորջորջվող անձինք։ Օտարերկրյա աղբյուրների ընդգրկումն օգտագործվում է իբրև հակահայկական տեղեկատվական գործողությունների լեգիտիմացման միջոց: Այս դեպքում դա ապահովում է թվացյալ օբյեկտիվություն7։ Ադրբեջանական լրատվամիջոցները դիմում են նաև հայկական աղբյուրներին՝ մեջբերելով միայն իրենց անհրաժեշտ տեսանկյունը և այդպիսով կիրառելով մանիպուլյացիոն թյուր տեղեկատվության և կես-ճշմարտությունների ներկայացման տեխնիկան։ Այսպես, օրինակ, հղում կատարելով Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ ադրբեջանական լրատվակայքերից մեկը նշում է. «Մանվել Գրիգորյանը, որը ժամանակին զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 2014թ. ապրիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստովանեց, որ հարյուրավոր ադրբեջանցիներ գերի են վերցրել և սպանել, իսկ նրանցից մեկին՝ մանկահասակ գերուն, նա ստիպել է 2 տարի շարունակ իր տանն աշխատել»8։ Գերու մասին պատմությունն իրականում աղմուկ էր առաջացրել հայկական մեդիա-դաշտում, և լրագրողների հետևողական հարցապնդումներից պարզ է դառնում, որ Մ.Գրիգորյանը խոսել է 100-ից ավելի գերիների, բայց ոչ նրանց սպանության մասին։ Ըստ նրա պարզաբանումների, պատանդը պատանի չէր, այլ պատրաստված հատուկ ջոկատային զինվորական։ Պատանդի հետագա ճակատագրի մասին ևս տեղեկատվություն է տրամադրվում. 1995թ. նա հանձնվել է Կարմիր խաչին և փոխանակվել հայ ռազմագերիների հետ, այնինչ ադրբեջանական մեդիայում դրա մասին տեղեկատվությունը բացակայում է։
Այսպիսով, չնայած աղբյուրների թվացյալ բազմազանությանը, որպես կանոն, բոլոր դեպքերում տեղեկատվությունն արտահայտում է միայն մեկ տեսակետ։
Ժանրի բազմազանություն։ Ադրբեջանական մեդիան լսարանի ուշադրությունը գրավելու նպատակով կիրառում է և՛ տեքստային բազմազան միջոցներ՝ հարցազրույցներ, հոդվածներ, բաց նամակներ, և՛ տեսողական միջոցներ՝ երաժշտական կամ գովազդային հոլովակներ, լուսանկարների հրապարակումներ, փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի հեռարձակումներ և այլն։
Նկատելի է, որ բազմազան միջոցների կիրառությունը հատուկ է ոչ միայն մեդիա-շրջանակին, այլև հակահայ ինֆոքաղականությանն առհասարակ։ Ադրբեջանական պրոպագանդան թիրախային լսարաններին ուղղված տեղեկատվությունը հնարավորինս լայն սփռելու և այդպիսով առավել չափով հասանելի դարձնելու նպատակով կիրառում է ֆոտո և թեմատիկ կտավների ցուցահանդեսները, թատերական բեմադրությունները, դասական համերգները, արտասահմանցի կոմպոզիտորներին պատվիրված՝ Խոջալուին նվիրված երաժշտական ստեղծագործությունները9, երրորդ կողմի երկրների քաղաքային միջավայրում գովազդային հոլովակները10, գովազդային վահանակների վրա Խոջալուի մասին պատմող պաստառները11, ֆլեշմոբերը։ Այս միջոցառումները տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Գերմանիա, Իսրայել, Վիետնամ և այլն։ Որպես արտասահմանում անցկացվող այս ակցիայի նախաձեռնողներ հանդես են գալիս տարբեր երկրների ադրբեջանցիների հասարակական կազմակերպությունները, երիտասարդական կազմակերպությունները, որոնք ակտիվորեն ներգրավված են պաշտոնական քարոզչության աշխատանքներում։ Այս բոլոր միջոցառումները մի կողմից նպաստում են միջազգային հանրության կարծիքում Ադրբեջանի համար ցանկալի տեսակետների և Խոջալուի «ցեղասպանության» գնահատականի ամրագրմանը, մյուս կողմից՝ տարածում են հայատյացության միջազգային քարոզչությունը։
Չափազանցություններ վերնագրերում։ Չափազանցված վերնագրերի կիրառությունը մեծ խնդիր է ժամանակակից անբարեխիղճ առցանց լրատվամիջոցներում։ Սակայն Ադրբեջանի թիվ մեկ քարոզչական թեմաներից մեկի դեպքում վերնագրի չափազանցումը պարզապես լրացուցիչ դիտում ապահովելու նպատակ չէ, որ հետապնդում է, այլ զուտ վերնագրեր կարդացող լսարանի վրա տպավորիչ ազդեցություն ունենալու միտում ունի։ Օրինակ՝ «Россия 24» հեռուստաալիքը Խոջալուի ցեղասպանության մասին տեսաշար է պատրաստել» վերնագրից տպավորություն է ստեղծվում, որ հատուկ ռեպորտաժ է պատրաստվել Խոջալուի դեպքերի մասին, այն որակվում է ցեղասպանություն, այնինչ բուն տեքստից պարզ է դառնում, որ «Россия 24»-ը պարզապես ներկայացրել է Ադրբեջանի նախագահին կից Երիտասարդների հիմնադրամի կողմից Բաքվում կազմակերպված երթի տեսանկարահանումը՝ առանց որևէ մեկնաբանության։
2009-2015թթ. համեմատական դիտարկումներ
Համեմատելով 2009թ. և 2010թ. համանման հետազոտությունների արդյունքները՝ ստորև ներկայացնում ենք Խոջալուի դեպքերի քարոզչության միտումների որոշ դիտարկումներ։
1. Եթե նախկինում Խոջալուի մատույցներում տեղի ունեցած իրադարձություններին ադրբեջանցիները տալիս էին տարբեր ձևակերպումներ (դեպքեր, իրադարձություններ, հանցանք, ոճրագործություն, ոճիր) և քարոզչության նպատակն էր դրա՝ որպես «ցեղասպանություն» որակման հասնելը, ապա այժմ տրվում է միանշանակ «ցեղասպանություն» ձևակերպումը՝ որպես բացարձակ ճշմարտություն, որը քննարկման ենթակա չէ։ Այդ նպատակով Խոջալուի դեպքը ներկայացվում է աշխարհում արդեն իսկ ճանաչված ցեղասպանությունների հետ նույն շարքում (Հոլոքոստ, Ռուանդայի ցեղասպանություն և այլն)։ Այժմ գերազանցապես քննարկվում են «ցեղասպանության մեղավորներին» պատժի ենթարկելու, ֆինանսական փոխհատուցման (ադրբեջանական կողմի հաշվարկներով՝ 140 մլն մանաթ կամ $170 մլն12) հարցերը։ Այս հարցում կարևոր դերակատարություն ունի Լեյլա Ալիևայի գլխավորած «Արդարություն Խոջալուին» միջազգային քարոզարշավը, որը 2009թ. նոր ձևավորվաված շարժում էր, իսկ այժմ կարող ենք խոսել 7 տարիների ընթացքում գրանցված արդյունքների մասին՝ փաստագրական ժանրի ֆիլմերի ստեղծման և ցուցադրության նախաձեռնություն, գրքերի հրատարակում և տարածում, հիշատակի և այլ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև իրավաքաղաքական այնպիսի լուրջ արդյունք, ինչպիսին է 8 երկրների13 օրենսդիր մարմինների և ԱՄՆ 16 նահանգների կողմից Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելը։
2. Նոր վկաներ։ Խոջալուի դեպքերի մասին նյութերում հանդես են գալիս նոր վկաներ։ Նախկինում ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում էր հիմնականում Խոջալուի դեպքերի 2 վկայի անուն՝ Անար Յուսուբով, Զաուր Ալիև, որոնք հանդես էին գալիս որպես Խոջալուից փախստական ականատեսներ, իսկ այժմ բացակայում են մեդիա-դաշտից։ Այժմ շրջանառվում են նոր վկաների անուններ՝ Վալեհ Հուսեյնով, Սարիա Թալիբովա, որոնց մասին հոդվածները և նրանց հարցազրույցները կարելի է տեսնել միաժամանակ տարբեր լրատվամիջոցներում, ինչը կրկին վկայում է ականատեսների ուղղորդված և կազմակերպված ներկայացման մասին։
3. «Հիմնավորված» սպառնալիքներ։ Թեև նախկինում ևս հնչում էին հատուցման, «մեղավորներին» պատժելու սպառնալիքներ, սակայն դրանք ավելի շատ Ադրբեջանի ցանկությունն արտահայտող հուզական հայտարարություններ էին։ Մինչդեռ այժմ դրանք առավել հաստատուն են դարձել, քանի որ հղվում են այս ուղղությամբ կատարված և կատարվող կոնկրետ իրավական և քաղաքական քայլերին։ Օրինակ՝ միջազգային ատյաններում տարբեր հանրագրերի ներկայացումը, 8 երկրների օրենսդիր և ԱՄՆ 16 նահանգների կառավարման մարմինների կողմից Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելը, երրորդ կողմի հեղինակների, գիտնականների և պաշտոնյաների կողմից հնչեցված ադրբեջանամետ տեսակետները։
4. Խոջալու բնակավայրի կարևորության մասին դիսկուրս։ Մեր դիտարկած նյութերում որպես նոր միտում հանդիպել են Խոջալուի՝ որպես բնակավայրի, կարևորության մասին քննարկումներ։ Դա վերաբերում է ոչ միայն բնակավայրի դիրքի ռազմավարական նշանակությանը պատերազմական համատեքստում, այլ նաև պատմական և մշակութային կարևորությանը։ Խոջալուն ադրբեջանցիների կողմից բնորոշվում է որպես «ուրույն մշակույթ ունեցող, ադրբեջանական ժողովրդի պատմական մշակութային ավանդույթները ներկայացնող քաղաք, որը դարձավ հայկական վանդալիզմի (վայրագության) զոհը»14։ Խոջալուի՝ որպես բնակավայրի, քաղաքակրթական նշանակության բարձրացումով ադրբեջանցի քարոզիչները ձգտում են կարևորություն հաղորդել դրա հետ կապված ցանկացած տեղեկատվության։
5. Ռուսաստանի և ռուսների հասցեին հնչած մեղադրանքների ավելացում։ Ռուսական կողմին մեղադրելու ուժգնացումը կապվում է Խոջալուի դեպքերին ռուսական 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ «Խոջալու քաղաքի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության հետ»։ Այս մեղադրանքը ներկայացվում էր նաև նախկինում, սակայն այժմ այն ավելի սուր բնույթ է ստացել։ Հանդիպում են բավական կտրուկ ձևակերպումներ. «Ռուսական կայսրությունն իր գոյության բոլոր ժամանակներում ադրբեջանական պետականությունը, մասնավորապես մյուս թյուրքական պետությունների հետ նրա միությունը համարում էր լուրջ սպառնալիք կայսերական շահերի համար»։ «Ռուսական կայսրությունը Խոջալուի կոտորածին իր «աջակցությունը» ցուցաբերելով՝ իր հզորությունը ցուցադրեց անկախությունը նոր վերականգնած Ադրբեջանին՝ դրանով իսկ բացահայտելով իր իրական մտադրությունները։ Խոջալուի ցեղասպանությունն իրականում համաշխարհային թյուրքիզմին նետված կայսերական «ձեռնոց» է»15)։
6. «Համամարդկային արժեքների պահապաններ»։ Խոջալուի դեպքերը ներկայացնելով որպես «աշխարհի և համայն մարդկության դեմ ուղղված 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս համամարդկային արժեքների համար «պայքարող» և աշխարհին հայերից և «հայկական ֆաշիստներից ու ահաբեկիչներից» «պաշտպանողների» դիրքերից16։
Ամփոփելով նշենք, որ Խոջալուի թեմային առնչվող մանիպուլյացիոն որոշ հնարքներում ադրբեջանական կողմը շարունակում է պարզունակ և անփույթ գործելաոճ ցուցադրել։ Այնուամենայնիվ, 2009թ. համեմատ այն բավական հղկված և ավելի համակարգված է դարձել։ Հատկանշական է, որ ընդհանուր հակահայ ինֆոքաղաքականության մեջ գրանցված նշանակալի իրավական և քաղաքական հաջողություններն անհնար կլինեին առանց մեդիա-ուղղորդման։
1 «Նորավանք» ԳԿՀ-ն 2009թ. իրականացրել է ադրբեջանական հակահայկական ինֆոքաղաքականության համակարգի, մեթոդաբանության, ադրբեջանական մեդիա-տարածքում «թշնամի հայի» կերպարի ձևավորման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների համալիր վերլուծություն, որի արդյունքներն ամբողջացվել են «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը» գրքում (http://www.noravank.am/upload/pdf/book.pdf)։
2 Day.az, Trend.az 1news.az Aze.az Apa.az Contact.az Oxu.az Haqqin.az Bakupost.az Vesti.az:
3 С.А. Зелинский, «Манипуляции массами и психоанализ. Манипулирование в СМИ», http://psyfactor.org/lib/zel3.htm
4 Трагедия XX века: прошло 23 года со дня Ходжалинского геноцида, http://news.day.az/politics/559091.html
5 Ходжалинский пленник или история Валеха, http://contact.az/docs/2012/Want%20to%20Say/112900019857ru.htm#.VRVJCo6iHCM
6 http://www.1news.az/interview/143/20141108110758599.html
7 Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» ԳԿՀ, 2009թ., էջ 47։
8 http://1news.az/interview/20150226062159024.html
9 Ֆրանսիացի երգահան Պիեր Տիլուա՝ «Խոջալու 613», http://news.day.az/politics/559430.html, ռուս երգահան Ալեքսանդր Չայկովսկի՝ Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություն, http://news.day.az/politics/558694.html։ Ի դեպ, հանրահայտ ազգանուն ունեցող (Չայկովսկի) երգահանին ստեղ-ծագործություն պատվիրելը միտումնավոր քայլ է ադրբեջանցիների կողմից՝ ոչ լավատեղյակ լսարանում շփոթ ստեղծելու ակնկա-լիքով։
10 На общественном транспорте Дрездена прокручивается видео о геноциде в Ходжалы, http://vesti.az/news/238851
11 http://news.day.az/society/559356.html
12 http://ru.apa.az/news/287537
13 Պակիստան, Մեքսիկա, Պերու, Չեխիա, Կոլումբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ռումինիա, Սերբիա, http://news.day.az/politics/559430.html
14 http://www.trend.az/azerbaijan/karabakh/2368086.html
15 «Геноцид в Ходжалы – автопортрет армянского фашизма», http://news.day.az/politics/559323.html
16 Տե՛ս օրինակ, http://news.day.az/politics/559323.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[14.11.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[02.07.2018]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[21.02.2018]
- ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[26.12.2017]
- ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[19.05.2017]
- ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[09.01.2017]
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ[16.09.2016]
- «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարբեր երկրների փորձը)[01.07.2016]
- «ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ[06.05.2016]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ[13.10.2015]