
ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՎԵՐՀՈՒՇ
1918թ. սեպտեմբերի 14-ին Բաքվի բազմազգ ու տարաբնույթ ինքնապաշտպանական ուժերից կազմված ռազմաճակատը փլուզվեց։ Քաղաքը լքեցին իշխանությունը՝ «Ցենտրոկասպյան դիկտատուրան», ոչ մեծաթիվ անգլիական զինուժը և անգամ բանտարկված բոլշևիկ կոմիսարները։ Սակայն չկարողացավ փախչել 88.673 մարդուց բաղկացած հայ բնակչության գերակշիռ մասը՝ 57.380 հոգի։ Մեկ օր անց Բաքուն անձնատուր եղավ և հանձնվեց հակառակորդի՝ թուրքական դիվիզիաների և Ադրբեջանական Հանրապետության մուսավաթական կառավարության «ողորմածությանը»։ Այն, ինչ կատարվեց բաքվահայոց հետ հետագա երկու ամսվա ընթացքում, կարելի է բնութագրել մեկ բառով՝ ցեղասպանություն։ Ցեղասպանդ, որը Մեծ եղեռնի օրգանական շարունակությունն էր, թուրքական հայաջնջումի «արտահանված» տարբերակ։ Թուրք զինվորի և ադրբեջանցի խուժանի ձեռքով ոչնչացվեց առնվազն 30.000 մարդ՝ երեխաներ, կանայք, ծերեր, հարուստներ ու աղքատներ, հիվանդներ ու ռազմագերիներ, որոնք ունեին մեկ ընդհանուր «դժբախտություն»՝ հայ էին։
Ստորև ներկայացնում ենք այդ դժոխային օրերի ականատեսների վկայություններ՝ առանց մեկնաբանությունների։
ԲԱԽՇԻ ԻՇԽԱՆՅԱՆ
ազգային-քաղաքական գործիչ
...Երեք օր շարունակ` սեպտեմբերի 15-ից (առաւօտուանից) մինչև 17-ը (երեկոյեան), կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերը, քաղաքի դրութեան նոր տէրերը համարւում էին կազմակերպուած մարդասպանների, աւազակների, թալանչիների բազմաթիւ և բազմատեսակ բանդաները, բաղկացած տաճկական կանոնաւոր զօրքից և Բագուի ու շրջակայ գիւղերի թաթարական տարրից: ...Քաղաքի տէրերը սանձակոծ և արիւնարբու պօգրօմշչիկներն էին: Նուրի և Մուրսէլ փաշաներին մի կողմից, Խոյսկի և Ջեվանշիր խաներին միւս կողմից հաճելի է եղել չափած-ձևած նախահաշիւներով, որ երեք օր շարունակ և անդադար Բագու քաղաքի և նրա շրջանի ողջ հայկական էլեմենտի կեանքն ու գոյքը յանձնուի բանդաների և պօգրօմշչիկների խնամքին:
Որքան կարող են թող կոտորեն ու ջարդեն, յափշտակեն ու բռնաբարեն, կողոպտեն ու թալանեն դա թոյլատրւում է նրանց. դա թողնւում է նրանց ոյժին, եռանդին և ընդունակութեան:
Բագուի սեպտեմբերեան ողբերգութիւնը - հայկական ողբերգութիւն էր` իր ողջ ծաւալով ու խորութեամբ: Հայ լինելը ինքնին վերցրած յանցանք էր տաճկի և թաթարի աչքում. և, իր ցեղային պատկանելիութեան համար, «յանցագործ» հայը արժանի էր վիրաւորանքների, զրկանքների, տանջանքների այն բոլոր տեսակներին, որոնց յղացման ընդունակ է եղել երբևիցէ արևելեան բռնակալութիւնը և որոնց ամենայն հետևողականութեամբ ու սիստեմատիկորէն գործադրել են հայերի դէմ Սուլթանների ու Չինգիզ-խաների հազարերորդ շառաւիղները 20-րդ դարում:
Գերիները - դրանք տներից դուրս քաշած և փողոցներում մասսայական շուրջկալութեամբ հաւաքած հայ խաղաղ ու անզէն քաղաքացիներ էին` ամէն հասակի, դիրքի ու սեռի, որոնց «մեղքը» նրանց հայ լինելու փաստն էր, իսկ գերելու դրդապատճառները հայկական տարրը ճնշելու և խեղդելու քաղաքականութեան մէջ պիտի որոնել: Գերութիւնը - հալածանքի և բնաջնջման քաղաքականութեան մեթոդներից մէկն էր, որ սիստեմատիկօրէն կիրառւում էր Բագուի հայութեան դէմ երկու ամսուայ ընթացքում :
Եղել են բազմաթիւ դէպքեր, երբ միևնոյն անձնաւորութիւնը (օրիորդ թէ կին) բռնաբարուել է մի քանի անգամ և` մի քանի մարդկանցից - կամ կողոպտիչների միևնոյն խմբի և կամ տարբեր խմբերի մարդկանց կողմից: Եղել են դէպքեր, երբ դեռահաս աղջիկներ - 9, 12, 14 տարեկան, բռնաբարուել են ծնողների ներկայութեամբ: Եղել են դէպքեր, երբ մորը և աղջիկներին բռնաբարել են միաժամանակ և իրար ներկայութեամբ: Եղել են դէպքեր, երբ սրի են անցրել ընտանիքի տղամարդ անդամներին և նրանց դիակների կողքին բռնաբարել կին անդամներին. մօրը, դուստրերին, քոյրերին և այլն:
Անորակելիօրէն լկտիացած բանդաները դիւային քրքիջով օրգիաներ էին սարքում արիւնաներկ դիակների վրայ:
Ոչ զոհերի նոյնիսկ մաթեմաթիկօրէն ճիշտ թիւը, ոչ նիւթական վնասների և կորուստների անգամ մինչև վերջին կոպէկի թուաբանական անսխալ հաշիւները անկարող են անցած օրերի ողբերգական խորութիւնը վերարտադրել, եթէ այդ բոլորն անհրաժեշտ են նրա համար, որպէսզի կարելի լինի որոշ գաղափար տալ օտարներին և առհասարակ ոչ-ականատես եղածներին այն դրութեան և ապրումների մասին, որ Բագուի հայութիւնը ունեցել է երեքօրեայ կոտորածների և պոգրոմների ժամանակ և երկամսեայ բարբարոսական րեժիմի շրջանում:
Մայեր գերմանացի մայոր
Ինչպես երևում է, թուրքերն ու հատկապես ադրբեջանցիները զգում են, որ ամբողջ աշխարհի առաջ այլանդակ խարան են կրելու։ ...Համընդհանուր է այն կարծիքը, որ տեղի է ունեցել հայերի պարբերաբար ոչնչացում, այսինքն, քաղաքի գրավումից առնվազն 24 ժամ անց զորքին տրվել է լիակատար ազատություն... Ես կարծում եմ միայն, որ հնարավոր չի եղել ազատվել այն դևից, որին կանչել էին, և որ ճակատամարտի հաջորդ օրը զորքը պիտանի չի եղել ոստիկանական նպատակներով օգտագործելու համար, այլ պարզապես ցրվել է։ Մեղավոր է ոչ այնքան չար կամքը, որքան թուրքական ռասայի թաքուն բարոյական թերարժեքությունը։
բարոն ֆոն դեր Գոլց
Թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվի գրավման ժամանակ տեղի ունեցած դեպքերին իրազեկ ականատեսների կարծիքով պարզապես կասկածից վեր է, որ թուրքական հրամանատարները հայերին բնաջնջելու և նվաճված քաղաքը կողոպտելու համար թաթարներին 3 օրով լիակատար ազատություն էին տվել:
Պարակեն
գերմանական բանակի փոխգնդապետ
Գազանությունները մեծ մասամբ կատարվում էին տների ներսում: Այդ պատճառով փողոցներում համեմատաբար քիչ դիակներ կային: Դրանք գերազանցապես անկյուններում էին դարսված, այնպես որ հաճախ միայն հոտից կարելի էր իմանալ: Մի տեղում ես իրար վրա դարսած 7 դիակ տեսա` այդ թվում մի քանի երեխա...
Գրեթե բոլոր դիակները ծածկված էին կապտուկներով, որոնք առաջացել էին հրացանների խզակոթերի հարվածներից և խողխողումներից: Նկուղներից դիահոտ էր փչում:
Սերգեյ Ռաֆալովիչ
գրական գործիչ
Օրեր շարունակ մեծ սայլերով ու բեռնատարներով քաղաքից դուրս էին բերվում դիակները։ Ջարդից դեռևս ութ օր անց քաղաքի կենտրոնական և կայարանամերձ մասերում, ուր անձամբ եղել եմ փողոցներում ու տներում, տիրում էր դիակների անտանելի հոտ։ Հիմնահատակ ավերված բնակարաններում ես տեսել եմ բռնաբարված ու սպանված կանանց, ծծկեր երեխաների արնաշաղախ դիակներ։ Ես կարող եմ մատնացույց անել տները, բնակարանները և տնային կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, որոնք ինձ հետ միասին կատարել են այդ շրջայցերը և կհաստատեն իմ ամեն մի խոսքը։
Սիրանույշ և Շուշանիկ Մկրտչյան քույրեր
Քաղաքը գրավելուց հետո, Նուրի փաշայի հրամանով, թուրք-թաթարական ավազակախմբերը 3 օր աներևակայելի գազանություններ էին գործում քաղաքի հայ բնակչության նկատմամբ: Զոհերի թիվն առնվազն 30.000 է: Գազանությունների պատկերը սարսափելի է` չէին խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին: Ամեն բակում կար 80-100 դիակ, փողոցները լի էին դիակներով, ջրում լողում էին դիակները դժբախտ երեխաների, որոնց սպանել էին ափին և նետել ծովը... Խոսքեր չկան նկարագրելու այն գազանությունները, որոնց ենթարկվում էր անպաշտպան բնակչությունը. սպանությունները սարսափելի բնույթ ունեին, գնդակահարում էին միայն ծանակումից ու պղծանքից հետո` կտրում էին ականջները, լեզուն, մարմնի մասեր, ապա նոր սպանում: Շուրջկալներ էին սարքում աղջիկների նկատմամբ. նրանց բռնաբարումները սովորական երևույթ էին:
Սանիտարական ջոկատի անձնակազմ
Երբ հասանք ափին գտնվող փայտաշեն կառույցներին` տեսանք ընդարձակ գերեզմանոց կամ, ավելի ճիշտ, սպանդանոց: Աջ ու ձախ ընկած էին այլանդակված, կիսամերկ, կիսով չափ հողի մեջ թաղված դիակներ, դիակներ` առանց ոտքերի կամ ձեռքերի, առանձին ընկած գանգեր... Այդպիսի դիակները տասնյակներ էին: Պահակի խոսքերով, ծարավից տանջվող գերիները գնում էին ծովափ, որպեսզի գոնե ծովի ջրով հագեցնեն պապակը, և շատերին գնդակահարում էին ջրի ափին:
Բագրատ եպիսկոպոս Վարդազարյան
Բաքվի հայոց Ազգային խորհրդի պատվավոր նախագահ
Գազանային զանգվածային կոտորածը երբեմն իրականացվում էր այնպիսի դաժանությամբ, որ դժվար է անգամ հավատալ այդպիսի մոլագարության հնարավորությանը: Դեպքեր են եղել, երբ ցնորված հայերի աչքի առաջ դահիճները դանակներ էին սրում և համակվելով ինչ-որ հրեշավոր սադիզմով` իրենք իրենց ոգևորում էին, դժբախտներին թվարկելով ու նկարագրելով այն կտտանքները, որոնց ենթարկվելու էին:
Բալախանում` Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի խորհրդի հիվանդանոցում, մորթել են բոլոր հայ հիվանդներին, բոլոր հայ ծառայողներին ու երեք հայ բժիշկներին, ընդ որում՝ ծանր հիվանդներին ոտքերից քարշ տալով տարել էին բակ:
Փախստականների մանկական որբանոցում կատաղությամբ բռնում էին վախից խելագարված երեխաներին և չորրորդ հարկից նետում փողոց:
...Նրանց մեռցնում էին քաղցից, կտտանքների էին ենթարկում, անխնա ծեծում էին, սպանում, ընդ որում՝ այդ ամենն անում էին կատաղաբար ու դաժանությամբ: Նրանցից շատերը, որոնցից ասկյարները բռնի խլել էին հագուստն ու ոտնամանները, մերկությունը ծածկելու համար հագնում էին կեղտոտ պարկեր և այդ տեսքով ոտաբոբիկ դուրս գալիս ստիպողական աշխատանքների: Նրանց շարք էին կանգնեցնում և ծեծով ու տանջանքներով ստիպում բարձրաձայն կրկնել, որ իրենք գյավուր շներ են: Լծում էին ծանր բեռնավորված սայլերին ու արաբաներին, իսկ ասկյարները քաղաքացիների աչքի առաջ մտրակներով խփում էին նրանց և գրաստի նման քշում` նրանց հետ վարվելով ավելի վատ, քան կվերաբերվեին անասուններին: Հիվանդ ու սովալլուկ գերիներից շատերին փակում էին արտաքնոցներում և ստիպում ձեռքերով հանել կղկղանքը ու մաքրել զուգարանները:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ[25.09.2009]
- «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ՝ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ [27.02.2009]
- ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում) [28.01.2009]
- -ԲՆԱԿ ԲԱՂԱԴՐՅԱԼՈՎ [27.01.2009]
- «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ[15.01.2009]
- Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը «ՌԱԴՈ-Ս-ԳՐՈՒՊ»[16.06.2008]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ[12.06.2008]
- ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ[06.06.2008]
- Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին[04.06.2007]
- Թուրքական քարոզչություն՝ փոխհատուցման դիմաց[23.04.2007]